Ինչպե՞ս կարելի է բնութագրել մեր պետության այսօրվա վիճակը: Երկիր, որը դեռ չի հաղթահարել Սպիտակի երկրաշարժի հետևանքները: Երկիր, որ հաղթելով արցախյան պատերազմում, դրան հաջորդած տարիներին տանուլ է տվել հակառակորդի հետ առճակատման բոլոր հնարավոր հարթակներում՝ հաշտության պայմանագրի կնքումից սկսած մինչ օրս: Երկիր, որ իր անկախության տասնամյակներից հետո գտնվում է տնտեսական կարողունակության աններելի ցածր շեմում, չի կարողանում լուծել անվտանգային, պարենապահովության, էներգետիկ, բնապահպանական և բազմաթիվ այլ հիմնախնդիրներ, դրանց կծիկն իր հետ քարշ է տալիս իշխանությունից իշխանություն՝ ավելի ու ավելի խճողվելով դրանցում: Կառավարությունից կառավարություն խոստումներ են տվել առանց մտածելու իրենց պատասխանատվության մասին, քանի որ այդպիսի ինստիտուտ գոյություն չի ունեցել:
Պատասխանատվության ինստիտուտի չգոյությունը պայմանավորված է եղել ընտրությունների մասսայական կեղծումներով և ընտրակաշառքներով: Եվ դրանք կատարվել են լիակատար անպատժելիության մթնոլորտում: Մեր բոլոր իշխանություններն իրենց գործունեության առաջին օրվանից մինչ օրս անվերապահորեն կատարել են միջազգային, վերազգային կազմակերպությունների հանձնարարություններն ու պահանջները: Դրանք կոչվել են տնտեսական բարեփոխումներ, կառուցվածքային բարեփոխումներ, արդիականացումներ, ուսումնասիրություններ, խորհրդատվություններ և այլն, և այլն: Դրանց արդյունքում հսկայական գումարներ փոշիացվեցին` միջազգային կազմակերպությունների գումարներ, որոնք պետական պարտքի ձևով որպես դամոկլյան սուր կախվեցին մեր երկրի հեռանկարի վրա: Պետական տարբեր նախագծերը ֆինանսավորող հաստատությունները, մեր իշխանավորներին սովորեցնելով պետությանը հատկացված միջոցները դիտարկել և տնօրինել որպես սեփականը, փոխարենը նրանց հարկադրում էին քայլ առ քայլ սահմանափակել պետության իրավունքները սեփական երկրում, նսեմացնել նրա դերն ու նշանակությունը քաղաքացու ճակատագրին մասնակցության, ազգային նպատակների սահմանման և դրանց հետամուտ լինելու նրա կարողունակության առումով: Պետական ապարատն ամբողջությամբ գտնվում է միջազգային ֆինանսական կապիտալի կարած զսպաշապիկում: Ցանկացած՝ շատ թե քիչ արժեքավոր ծրագիր իրականացնելու համար մեր պետությունը ձեռքը պարզած վազում է այդ հաստատությունների դռները: Կտան, չեն տա:
Նույնն է վիճակը նաև բնակչության առումով: Ողջ երկիրը պարտք է բանկերին. ժողովրդի ողջ ունեցվածքը, սկսած անշարժ գույքից, վերջացրած ոսկեղենով գրավադրված է, գրավադրված է շուկայականից զգալիորեն էժան գներով: Ներդրված են բնակչության ունեզրկման բոլոր միջոցները: Այն չի շրջանցում ոչ մեկին: Հերթով՝ մանր ձեռներեցներից սկսած սնանկանում են արդեն միջին խավի ներկայացուցիչներն ու լրացնում գործազուրկների բանակը:
Դրանց ավելանում է նաև հասարակության բարոյազրկումը որպես տնտեսական փակուղային գործիքների կիրառության հայելային արտացոլումը հասարակության կյանքում: Հարվածի տակ են դրվում դավանանքը, հավատքը, ընտանիքը, սեռը: Հորինված աղանդները, գենդերային հավասարությունը, յուվենալ արդարադատությունը չեն ծառայում մարդու իրավունքների պաշտպանությանը, դրանց իրական նպատակը հասարակության վերջնական տրոհումն է, ազգային, համամարդկային նպատակների ու արժեքների շուրջ համախմբվելու կարողությունից զրկելը: Հատկապես ազգային դիմագիծ, մտածողություն, արժեհամակարգ, մշակույթ ունենալը լիովին հակադրվում է նեոլիբերալ աշխարհի գաղափարախոսությանը: Նրանց վերջնական նպատակն է ամեն ինչ դարձնել տարանջատված, հակադրված, կառավարելի, անդեմ, ճղճիմ: Ստեղծված տեղեկատվական համակարգը ներդրված մեթոդաբանությամբ օրական ահռելի քանակությամբ բռնություններ ու հակամարտություններ, աղետներ ու սպանություններ է ներկայացնում, դավաճանություն ու այլասերում քարոզում: Այլասերումը բնության մեջ, ինչպես և մարդկային հասարակությունում, փոքրամասնություն է կազմում, հատկապես, որ բնությունն ինքը, այլասերումը չբացառելով հանդերձ, այլասերմանը զարգանալու ճանապարհ չի տալիս միևնույն սեռի երկու արարածի զրկելով սերունդ տալու հնարավորությունից: Մինչդեռ այլասերվածի, փոքրամասնության հակաբնական պահանջների պաշտպանությունը հակադրում են ազգային, հասարակական, ընտանեկան արժեքներին, հետևաբար նաև մեծամասնության իրավունքներին, տրոհում հասարակությունը, ընտանիքը, միմյանց դեմ հանելով ամուսիններին, երեխաներին ու ծնողներին: Ամեն օր քաղաքացու ուղեղում կռում են աշխարհի այն պատկերը, որն իրենք սահմանել են որպես նպատակ: Սրանք նեոլիբերալ քաղաքական-տնտեսական համակարգի հմայքներն են, և դրանք հետևողականորեն քայքայում են մեր պետականության հիմքերը թե քաղաքականապես, թե տնտեսապես, թե գաղափարապես ու բարոյապես:
Արդյունքում ունենք ծերացող հասարակություն, պակասող ծնելություն, ավելացող մահացություն, ամուսնությունների պակասում, ամուսնալուծությունների աճ, շարունակվող արտագաղթ:
Պակաս մտահոգիչ չէ այն միգրացիոն քաղաքականությունը, որ իրականացնում են մեր իշխանությունները. մուտքի թույլտվություն ասիական, աֆրիկյան երկրների քաղաքացիներին, միջինարևելյան ոչ հայկական էթնոսների ներկայացուցիչներին: Մեր բազմաթիվ ու բազմաբնույթ հիմնախնդիրներով հանդերձ մեր երկիրը դեռևս հսկայական հնարավորություններ և գրավչություններ ունի այլ, պակաս ապահով և պակաս անվտանգ տարածաշրջանների բազմամիլիոն ազգաբնակչությամբ ժողովրդների համար: Իրենց մասշտաբների համար չնչին միգրացիոն հոսքերը նրանց համար կարող են անգամ աննկատ մնալ, բայց մեր ժողովրդագրական վիճակի և նրա ապագայի համար կարող են ունենալ ճակատագրական նշանակություն: Մենք մեր երկրում կարող ենք հայտնվել ազգային ու կրոնական փոքրամասնության կարգավիճակում կանխատեսելի իր բոլոր հետևանքներով:
Պատկերացրեք իրավիճակը, երբ մեր հարևանները կարողանան գնահատել մեր ներքին կյանքի վրա ազդեցության այդպիսի հնարավորությունը և փորձեն դրսից կառավարել այն:
Նախկին և ներկա կառավարությունները որոշակի ծրագրեր են ձեռնարկել ժողովրդագրական վիճակի բարելավման նպատակով: Դրանք, ինչպես մեզ մոտ սովորաբար լինում է, ուղղված են հետևանքների վերացմանը, բայց ոչ պատճառների: Ծնելությունը խթանելու նպատակով իրականացվող ծրագիրը ցանկալի արդյունք տալ չի կարող: Անապահով ընտանիքների համար այն ինչ-որ առումով թակարդի դեր է կատարում: Հանուն միանվագ գումարի ընտանիքը երեխա է ունենում: Պետության վճարած գումարը բավարարում է պարտքերը փակելու և որոշ ընթացիկ ծախսերի համար: Դրանից հետո ինչպես միայնակ էին, այնպես էլ մնում են միայնակ, մեկ երեխա ավելի պահելու հոգսը ավելացած:
Այն ընտանիքների համար, որոնք երրորդ, չորրորդ երեխա ունենալու դեպքում կարող են առանց պետության օգնության էլ պահել երեխային, պետության կողմից տրվող միանվագ գումարը դեր չի խաղում: Նախ՝ քանի որ ըստ էության այն չնչին գումար է, և երկրորդ՝ այդ ընտանիքի նպատակային ծախսերն իրենց երեխայի վրա շատ ավելի մեծ գումարներ են ենթադրում, և դժվարը հետո դրանք կատարելն է:
Կարող ենք ասել, որ պետությունը շատ չունի, որ շատ տա: Գուցե այդպես է, բայց դա չի նշանակում, որ պետությունն իր հնարավորություններն ու կարողություններն իսկապես բազմապատկելու համար ոչինչ չպետք է ձեռնարկի, սպասելով տնտեսական ակտիվության եռանիշ ցուցանիշների:
Անապահով ընտանիքների համար անլուծելի են մնում ոչ միայն օրվա հացի, հագուստի, կրթության խնդիրները, այլև բնակարանային պայմանների բարելավման: Եթե պետությունը կարողանար հնարավորություններ ստեղծել անապահով բազմազավակ ընտանիքների կենսապայմանների բարելավման, նրանց բնակարանային ապահովության, կրթության ու առողջապահական ծառայությունների հասանելիության առումով, դա շատ լավ կլիներ, բայց բավարար համարվել չէր կարող: Չէ՞ որ ոչ պակաս թվով, բայց անապահով չհամարվող ընտանիքներ նույնպես համակված են այդ նույն հոգսերով, որոնց պետությունն օգնության ձեռք չի մեկնում:
Կա՞ արդյոք հիմնախնդրի լուծում:
Ժողովրդագրական վիճակի բարելավման բանալին աշխատատեղեր ստեղծելու մեջ է, աշխատողին ապրուստի կայուն միջոցով ապահովելու մեջ: Դրանք պետք է լինեն ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ու ռազմարդյունաբերության ոլորտներում: Դրանք աշխատատար արտադրություններն են տնտեսության բազմաթիվ ճյուղերում, որտեղ կարող են աշխատել միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական, պրոֆիլային ուսուցում ստացած, բարձրագույն կրթություն և բարձրագույն որակավորում ունեցող մեր հայրենակիցներն առանց տարիքային սահմանափակումների.
-թեթև, տեքստիլ արդյունաբերություն,
-վերամշակող արտադրություններ,
-գյուղմթերքի արտադրություն, հատկապես հացահատիկի և եգիպտացորենի, որպես պարենային ապահովության և կերի կայուն բազայի ստեղծման նախապայմաններ,
-մսամթերքի և կաթնամթերքի արտադրություններ իրենց վերամշակող արտադրամասերով որպես կաթնապրանքային համալիրներ,
-հսկայական հնարավորություններ կան ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում աշխատատար, տեխնոլոգիական և արդյունավետ արտադրությունների զարգացման համար,
-բարձր տեխնոլոգիական արտադրություններ ունենալու մեր ցանկությունը մեզ համար պարտադիր է դարձնում ճշգրիտ հաստոցաշինության և սարքաշինության զարգացումը, էլեկտրոնային սարքերի ու սարքավորումների արտադրությունները,
-մենք հսկայական հնարավորություններ ունենք երկրի հելիոֆիկացման, բարձրտեխնոլոգիական միջուկային էներգետիկայի զարգացման ուղղությամբ:
Սրանք մեկ տարվա ծրագրեր չեն: Սակայն մի քանի տարիների ընթացքում այս արտադրություններն ունենալով մենք կարող ենք գործնականում լուծել աշխատատեղերի խնդիրը: Միաժամանակ կձևավորենք, ինչպես սիրում ենք ասել, դինամիկ զարգացող բազմավեկտոր տնտեսություն և ճիշտ հարկային քաղաքականությամբ կկարողանանք ապահովել բյուջետային կայուն և բավարար մուտքեր:
(շարունակելի)
Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ