Հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված, ավանդական ռազմական շքերթը Ելիսեյան դաշտերում այս տարի կանցնի համաեվրոպական պաշտպանության նշանի տակ: ԵՄ երկրների ռազմական համագործակցության ամրապնդման թեման Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականության առանցքային կետերից է: Բրեկզիտի և Դոնալդ Թրամփի կառավարման օրոք ԱՄՆ-ի հետ կապերի թուլացման շրջանում Ֆրանսիայի նախագահը ցանկանում է համաեվրոպական պաշտպանության համակարգի կառուցումը դարձնել այլընտանք ՆԱՏՕ-ին: «Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո երբեք Եվրոպան այսքան պահանջարկված չի եղել: Միասնական եվրոպական պաշտպանության կառուցումը, այս տարի 70-ամյակը բոլորող Հյուսիսատլանտյան դաշինքի անմիջական մասնակցությամբ, Ֆրանսիայի համար գերակայություն է» Մակրոնի այս խոսքերը մեջբերված են շքերթի հյուրերի համար պատրաստված բուկլետում: Իբրև պաշտոնական հյուրեր այս տարի տրիբունայում կլինեն եվրոպական բոլոր պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, նրանց թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և դեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
Ֆրանսիացիների հետ Ելիսեյան դաշտերով կանցնեն 9 երկրների զինվորականներ՝ Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Էստոնիայի, Իսպանիայի, Պոտուգալիայի, Ֆինլանդիայի: Ֆրանսիայի նախաձեռնությամբ 2018-ի հունիսին այս երկրները ձևավորել են արագ արձագանքման հատուկ ուժեր (European Intervention Initiative, EII), որոնց նպատակն է՝ առաջին՝ եվրոպական միասնական բանակի ստեղծման ռազմավարություն մշակել, երկրորդ՝ տնօրինության տակ ունենալ համատեղ ռազմական գործողությունների պատրաստ ջոկատներ ճգնաժամային իրավիճակներում: Եվրոպական միասնական բանակի ստեղծման գաղափարն առաջադրել է Ֆրանսիայի նախորդ նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա առաջարկում էր մեծացնել եվրոպական ռազմական համագործակցությունը ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարի շրջանակներում՝ ի պատասխան ԱՄՆ նախագահի՝ ՆԱՏՕ-ի ուժերի ֆինանսավորումը կրճատելու սպառնալիքների: 2017-ի սեպտեմբերիմ Սորբոնում «ընդհանուր Եվրոպային» նվիրված ծրագրային ելույթում Էմանուել Մակրոնը ցանկություն հայտնեց ստեղծել «արագ արձագանքման համաեվրոպական ուժեր արդեն 2020-ին»: 2019-ի հուլիսի 14-ին այդ ուժերը քայլերթը սկսելու են «Միասին պաշտպանենք» նշանաբանով: Մինչև ցամաքային զորքերի շքերթը Ելիսեյական դաշտերի վրայով կթռչեն շքերթի մասնակից երկրների ինքանթիռներն ու ուղղաթիռները: Դեֆիլեին կմասնակցեն 4300 զինվորական, 196 մեքենա, 237 ձի, 69 ինքնաթիռ, 39 ուղղաթիռ, ռոբոտներ ու դրոններ: Համաձայնության հրապարակում հասարակությանը կներկայացվի Colossus ռոբոտը, որ օգտագործել են Փարիզի հրշեջները Նոտր Դամի հրդեհը հանգցնելիս: Շքերթը կավարտվի ի պատիվ բոլոր զինվորների արարողությամբ, որ վիրավորվել են Ֆրանսիայի մասնակցությամբ ռազմական կոնֆլիկտներում վերջին տարիներին:
RFI
Հ.Գ. Ֆրանսիայի ազգային տոնը՝ զուտ եվրոպական, առանց ԱՄՆ-ի, Ասիայի, Աֆրիկայի, Ավստրալիայի պետությունների ղեկավարների մասնակցության: Սա տրենդ է Մակրոնի համար՝ յուրահատուկ «Նախևառաջ Եվրոպան»՝ ի պատասխան Դոնալդ Թրամփի «Նախևառաջ Ամերիկան» կարգախոսի: Կստեղծվի՞ համաեվրոպական բանակ, թե՞ ոչ հարցին նախևառաջ պիտի պատասխանեն ԵՄ-ՌԴ հարաբերությունները: Ումի՞ց է Եվրոպան պաշտպանվում: Տեսանելի միակ թշնամին Ռուսաստանն է, որ իր հերթին պաշտպանվում է Եվրոպայից ու ԱՄՆ-ից միաժամանակ և քանիցս հայտարարել է, որ ոչ մի երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի: Բայց մեքենան թափ է հավաքում ու համաեվրոպական բանակի գաղափարը հաստատ իրականություն կդառնա, եթե Էմանուել Մակրոնը վերընտրվի: Առավել ևս՝ եթե վերընտրվի Դոնալդ Թրամփը, որ նախագահության անցած 3 տարում խզել է բոլոր հնարավոր ռազմական ու առևտրական պայմանագրերը, որ կնքել են իր նախորդները վերջին քառորդ դարում: Երբեմն էլ՝ ավելի երկար ժամանակահատվածում: Եվրոպան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի ռազմական հզորության առաջ խաղաղության պահպանությունը սկսում է դիտարկել իր, ոչ թե ՆԱՏՕ-ի խնդիրը: Իսկ դա ստեղծում է աշխարհաքաղաքական նոր իրավիճակ և գլոբալ անվտանգության նոր հայեցակարգ, որ խաղից դուրս է թողնում ԱՄՆ-ին, Կանադային, Թուրքիային: Հայաստանի համար ևս նոր հնարավորություններ են բացվում՝ ազգային անվտանգության ու պաշտպանության դիվերսիֆիկացման և հուսալիության ամրապնդման առումով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ