ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ռուսները Բաշար Ասադին փոխարինո՞ղ են պատրաստում

Ռուսները Բաշար Ասադին փոխարինո՞ղ են պատրաստում
13.07.2019 | 16:35

«Քանի որ իրավիճակը Սիրիայում այս պահին քարացել է տեղում, ստիպված ենք բանակցել»՝ Atlantico-ին հարցազրույցում ասել է Ալեն Ռոդիեն՝ ֆրանսիական հետախուզության պաշտոնաթող սպա, հետախուզական ուսումնասիրությունների ֆրանսիական կենտրոնի փոխտնօրեն, իսլամական ահաբեկչության և կազմակերպված հանցավորության փորձագետ: «Սիրիայի կառավարական ուժերը թեպետ ենթարկվվում են մշտական հրաձգության, պահում են երկրի արևմուտքը՝ բացառությամբ Իդլիբի դիմադրության օջախի, որ տեղակայված է հյուսիս-արևմուտքում ու Թուրքիայի աջակցությունն է ստանում», բացատրում է փորձագետը: «Ապստամբների այդ անկլավը հնարավոր չէ հնազանդեցնել ռազմական ճանապարհով, որովհետև սիրիական զորքերը, նույնիսկ Թեհրանի ղեկավարած արտասահմանցի աշխարհազորայինների ու ռուսական բանակի աջակցությամբ չունեն այդքան տեխնիկական ու մարդկային միջոցներ: Թշնամին չափազանց ուժեղ է (30- 60000 մարտերում կոփված ակտիվիստներ թաքնվում են 2,5 միլիոն մարդու մեջ դժվարանցանելի տեղանքում), և արտակարգ իրավիճակում կօգնի Անկարան: Թուրքիան արդեն ընդունել է 3 միլիոն փախստականներ և միջոցներ չունի նորերին ապաստան տալու: Սիրիայի կառավարական ուժերի հարձակումն այդ շրջանում աղետալի հետևանքներ կունենա»:


«ԱՄՆ-ը աստիճանաբար դուրս է գալիս Սիրիայից, որովհետև նրանց ուղղակի շահերն այսօր այլ տեղում են: Թուրքիան ձգտում է անվտանգություն պահպանել իր հարավային սահմանին՝ կենտրոնանալով Քուրդիստանի աշխատավորական կուսակցության վրա, Իրանն իր տագնապներն ունի ԱՄՆ պատժամիջոցների, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ լարվող հարաբերությունների պատճառով, նրանք չեն ուզում այդ ճահիճը մտնել: Վերջապես՝ Ռուսաստանը ստացել է իր ցանկացածը (իր ռազմական ներկայությունը 50 տարով): Բոլոր պայմանները միասին վերցրած՝ նպաստում են լուրջ բանակցություններ սկսելուն, բայց՝ առանց Ասադի»՝ գտնում է Ռոդիեն:


«Խնդիրն այն է, որ Մոսկվայի դիտարկած քաղաքական հնարավորությունը պրոբլեմատիկ է, որովհետև Ասադի կլանի հնարավոր թեկնածուները արդեն Արևմուտքի սև ցուցակներում են և հեռանկարում նրանք կարող են կանգնել Միջազգային քրեական դատարանի առաջ հանցագործությունների համար, որ չեն ենթարկվում վաղեմության ժամկետի»՝ ասում է Ռոդիեն:


«Հնարավոր իրավահաջորդ է համարվում գեներալ-մայոր Ալի Մամլյուկը, Բաշար Ասադի մերձավոր խորհրդականը, վախ սփռող օդային հետախուզական ուժերի հիմնադիր ու անդամ: Հուլիսի 7-ին նա նշանակվեց Սիրայի փոխնախագահ անվտանգության հարցերով: Նախկինում նա ղեկավարում էր Անվտանգության ազգային բյուրոն՝ համակարգելով Սիրիայի բոլոր հատուկ ծառայությունների աշխատանքը»՝ գտնում է Ռոդիեն:


«Թեպետ Մամլյուկին ընդհանուր առմամբ արգելված է Արևմուտք գնալ, նրա նախկին պաշտոնը թույլ էր տալիս հանդիպել բազում արտասահմանցի պաշտոնյաների հետ՝ Սիրիայում և այլուր: Նա պաշտոնապես մեկնում էր Մոսկվա, Կահիրե, Աման: Մեծ զգուշավորությամբ նրան, հավանաբար, ընդունում էին Անկարայում, Ջիդայում ու նույնիսկ Հռոմում (նրա համար դա բավականին վտանգավոր կետ էր՝ նրան կարող էին ձերբակալել՝ ինչպես իր մերձավոր գործընկերոջը): Նա հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանի հետ, որ նրան ընդունել է շատ բարյացկամ: Հանրահայտ է, որ թագաժառանգը վայելում է Դոնալդ Թրամփի վստահությունը: Նա լիովին կարող է առանց Եվրոպայի կարծիքի գլուխ հանել (դա առաջին անգամ չէ) համաձայնագրից, որ կարող է ներկայացնել իբրև իր անձնական հաջողություն 2020-ի նախագահական ընտրություններում»՝ ասում է փորձագետը:


«Ռուսները շատ լավ գիտեն գեներալ Մամլյուկին՝ նրա հետ սերտ հարաբերություններ ունեն երկար տարիներ՝ դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ»՝ ընդգծում է Ռոդիեն: «Սիրիական հետախուզության բոլոր ղեկավարները փոխվել են և դա չի կարող պատահական համընկնում լինել: Ոմանք տեսնում են Մոսկվայի ազդեցությունը, որ Սիրիայում ձգտում է առաջ անցնել Իրանից: Հիմա պետք է սպասել՝ մինչև հաստատվի, որ ռուսներն իրոք Սիրիան իրենց ձեռքն են վերցրել: Խնդիրն այն է, որ ինչպես միշտ, քաղաքացիական պատերազմի համար, որ շարունակվում է 2011-ից, վճարում է քաղաքացիական բնակչությունը: Ժամանակն է դրան վերջ դնել»՝ համոզված է Ռոդիեն:
Atlantico


Հ.Գ. Իսկ ինչո՞ւ ոչ: Բնականաբար՝ Բաշար Ասադը կստանա անվտանգության երաշխիքներ իր ու ընտանիքի համար՝ հեռանալու դեպքում: Թուրքիան ստիպված կլինի ընդունել՝ այլապես պիտի բացատրի, թե ինչու չի հեռանում Սիրիայից: Իրանը բնականաբար կձգտի իշխանության պահել Ասադին: Հարց է՝ ի՞նչ որոշում կընդունի Բաշար Ասադը: Եթե Ռուսաստանի ընտրությունը կանգ առնի Ալի Մամլյուկի վրա, Ասադը չի կարող դիմադրել՝ աջակից ունենալով միայն Իրանին: 2020-ի ընտրություններում իսկապես կարող է իրավիճակ փոխվել Սիրիայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ