Վրաստանում բռնկված հուզումների կապակցությամբ կարելի է հասկանալ եղբայր վրացիների ռուսատյացության ըմբոստ դրսևորումների ենթատեքստերը: Ինչպես իրենք են ասում, ռուսների մեղքով կորցրին սեփական տարածքի 20 տոկոսը՝ ահռելի մի թիվ փոքր պետության համար: ՈՒրիշ հարց է, թե ինչու մեր հավատակիցները չեն ուզում ընդունել, որ իրենց հակառուսական քաղաքականությունը՝ «ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը», միայն չարիք է բերում վրաց երկրին ու ժողովրդին: Վրաստանի ընդդիմությունը ներկա իշխանություններին մեղադրում է թուլության, անդեմության, վախկոտության և նմանատիպ այլ մեղքերի մեջ: Մինչդեռ տպավորություն է ստեղծվում, որ գործող իշխանությունները, հասկանալով խրոնիկական ագրեսիվ ռուսատյացության կատարյալ վնասաբերությունը պետության համար, գոնե փորձեր են անում ինչ-որ ձևով կանոնավորելու հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Ի՞նչ տվեց դժգոհության նոր ալիքը վրացիներին: Ոչինչ, ռուսները կանգնեցրին զբոսաշրջիկների հոսքը Վրաստան, ինչն ավելի կվատթարացնի երկրի տնտեսական վիճակը: Անիմաստ է ակն ընդ ական և ատամն ընդ ատաման հակամարտության մեջ մտնել աշխարհաշրջանում իր ռազմաստրատեգիական ավանդական-պատմական շահերը պաշտպանող հարևան հզոր գերտերության հետ, հույսը դնելով մի այլ, ինչ-որ տեղ վերացական գերտերության կամ մայրցամաքային միավորման վրա: Չափից դուրս անհամատեղելի են երկու պետությունների քաշային տարբերությունները բոլոր առումներով: Ի վերուց է հայտնի, որ բոլոր գերտերությունները նույնն են իրենց «եսասիրական» էությամբ փոքր պետությունների հանդեպ:
Այս առնչությամբ տեղին կլիներ վերհիշել քաղաքական մի դրվագ: Ռուս-վրացական պատերազմական հակամարտության 10-ամյակի առիթով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ այն ժամանակ՝ նախագահը, ուղղակի հեռուստահանդիպում ունեցավ լրագրողների հետ և պատմեց, որ վրացական բանակը ջախջախելուց հետո իրենց հաջողվեց շատ արագ կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ: Իսկ երբ ինքը նույն տարվա վերջին պաշտոնապես հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ, ապա մի քանի ժամ տևած բանակցությունների ընթացքում վերջինս ոչ մի անգամ նույնիսկ չի հիշատակել ոչ Վրաստանի, ոչ էլ վրացիների անունը: Ասես նման պետություն ու ազգ գոյություն չունեն ամերիկացիների համար: Իսկ ի՞նչ էր ասում համոզված ռուսատյաց ու անմնացորդ ամերիկասեր Միշիկոն՝ ռուսները չեն համարձակվի հարձակվել, ամերիկացիները մեզ կպաշտպանեն: Պաշտպանեցին:
Ի դեպ, ռուսաստանյան լրատվատարածքում ներկա իրադարձությունների կապակցությամբ առանձնացնում են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն՝ մեջբերելով նրա աննախադեպ բիրտ հակառուսական հայտարարությունները: (Ռուսաստանը մեր թշնամին է, օկուպանտ): Ռուսներն ընդամենը չարախնդացին, երբ Զուրաբիշվիլին «ընկավ իրենց ոտները» և աղաչեց կուլ չգնալ հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի «սադրանքին» և չկիրառել պատժամիջոցներ:
Ի դեպ, ապշեցնում է վերջինիս քաղաքական բոբիկությունն ու սնանկությունը: Բութ է այնքան, որ չի էլ մտածում իր ասածների հետևանքների մասին: Էլ չենք խոսում նրա ցածր բարոյականության մասին, երբ նա առհասարակ կովկասցի տղամարդուն անհարիր, ռուս տաքսիստի բառապաշարով անարգեց Պուտինի վաղուց գերեզմանած մորը:
Եթե Սաակաշվիլին պարզապես խաբվեց իր քաղաքական տկարամիտ հաշվարկներում, ապա Եվրոպայում մեծացած, Ամերիկայում ապրած այս կինը շարունակում է թյուր ու պարզունակ պատկերացումներ ունենալ Ռուսաստանի մասին, գրում է ռուսական թերթերից մեկը: Ի՞նչպես կարելի է ազգային-պետական քաղաքականության բոլոր ձախողումնները արդարացնել Ռուսաստանով: Իսկ դուք որտե՞ղ սխալվեցիք: Ո՞րն էր անհրաժեշտությունը, որ «ազատագրվելով» սովետական բանտից, վրացիները անմոռանալի հումանիստ Գամսախուրդիայի առաջնորդությամբ անմիջապես բռնեցին անսանձ ռուսատյացության, ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության ուղին: Իրո՞ք բանտարկյալ էր Վրաստանը բազմազգ կայսրության կազմում: Լրագրային մի մեջբերում. «1991 թվականին Խորհրդային Վրաստանն ուներ ամենաբարձր կենսամակարդակը երկրում, ամենամեծ դոտացիան միութենական բյուջեից, բարձրագույն կրթությամբ անձանց ամենաբարձր տոկոսը, սննդամթերքների սպառման բարձրագույն մակարդակը, բանվոր դասակարգի նվազագույն տոկոսը, ձրիակերների ամենաբարձր տոկոսը, արտոնյալ դիրքեր արվեստում, սպորտում և այլն»: Ահա և, եթե 1991 թվականին Վրաստանում ապրում էր 341 հազար ռուս, ապա 2018 թվականին այնտեղ մնացել է 26 հազար՝ 13 անգամ պակաս: Ի վերջո, ինչ «անկախ դրախտի» մասին է խոսքը, շարունակում են ռուսները, երբ բնակչության կորստի առումով (2018 թ.) Վրաստանը նախկին խորհրդային, ընդգծում ենք, քրիստոնեական հանրապետությունների մեջ ունի ամենաբարձր ցուցանիշը՝ -31 տոկոս (1 695 000 մարդ):
Բնավ էլ չստանձնելով դատավորի անշնորհակալ դերը երկու երկրների հարաբերությունների ասպարեզում, այդուհանդերձ նշենք ռուսների մի դիտարկում: Վրացիներն իզուր մոռացան, որ իրենց երկիրն էլ մինի-կայսրություն էր իր ինքնավարություններով, ազգային փոքրամասնություններով: Եվ որտեղ երաշխիք, որ Խորհրդային Միության պես ինքն էլ չէր քանդվի: Քանդվեց: Այսուհետ ռուսատյացությունը պիտի դառնա թանկարժեք խաղալիք՝ մատչելի սոսկ քչերին՝ հռչակում է Կրեմլի արտաքին քաղաքական նոր դոկտրինը: Եվ եթե հետևենք ռուսական լրատվամիջոցներին, ապա Վրաստանի վերաբերյալ նյութերում միտումնավոր առաջնակարգ տեղ է հատկացվում վերջին ինքնավարության՝ Աջարիայի խնդրին: Հեռուստահաղորդումները հաջորդում են միմյանց, և «չարախնդական» լեյտմոտիվը մեկն է՝ ի՞նչու են վրացիները «ռուսական ագրեսիայի» դեմ պայքարը դարձրել գերնպատակ, միաժամանակ կույր ձևանալով-չտեսնելու տալով թուրքական բացահայտ նվաճողական քաղաքականությունը Աջարիայում, և առհասարակ թուրք-ազերական ագրեսիվությունը իրենց երկրում: Իսկ շատ բան սկսվում է Էրդողանի 2016 թվականին արած սկանդալային հայտարարությունից. «Ամեն մի օսմանի սրտում Սալոնիկն է, Հալեպը, Մոսուլը, Վառնան և Բաթումը»: Հիրավի, կարդում ես հրապարակումները և սահմռկում մեր դարավոր թշնամու ագրեսիվ-նվաճողական հաջողություններից Աջարիայում՝ եղբայրական Վրաստանում: Եվ Թուրքիան մոտ է իր նեոօսմանական նպատակին, վրացիները պասիվ դիտորդի դերում են:
Վերջին հինգ տարում Անկարան այդ տարածաշրջանում ներդրել է ավելի քան 400 միլիոն դոլար: Մուսուլմանները արդեն կազմում են բնակչության մեկ երրորդը և շարունակում են ակտիվորեն բազմանալ: Բաթումում ավելի շատ լսելի է դառնում թուրքերենը, քան վրացերենը: Մզկիթների թիվն անցնում է 120-ից, որոնք հաճախում են և՛ մուսուլման վրացիները, և՛ ավելի ու ավելի մեծ թվով թուրքեր: Էթնիկ թուրքերի համար կեցության կարգավիճակ ստանալու պայմանները ամենադյուրինն են, և ամեն ամիս հարյուրավոր թուրքեր հայտնվում են Աջարիայում ու զբաղվում ամենատարբեր բիզնեսներով: Բանը հասել է այնտեղ, որ նացիոնալիստ «գորշ գայլերը» ցույցեր են կազմակերպում ի պաշտպանություն «հայրենի քաղաքի»: Բաթումի կենտրոնը փոքրիկ Ստամբուլ է հիշեցնում, որտեղ բույն են դրել թուրքական ռեստորանները, սրճարանները, խանութները, զվարճավայրերը: Գլխաշորով կանայք՝ երեխայաշարով, սովորական են քաղաքի փողոցներում։
Թուրքական նվաճողականությանը զուգահեռ տարածաշրջանում աճում է արմատական իսլամի ազդեցությունը: Թուրք գործակալները ստեղծում են զանազան ծայրահեղական կազմակերպություններ, իրենց շարքերն են ներգրավում երիտասարդությանը և այլն: Վաղ թե ուշ իր «սկզբունքային ձայնը» կբարձրացնի հարյուր հազարների հասնող ազերական համայնքը:
Աջարիայի թրքացման փաստերը բազմաթիվ են: Մինչև 2004 թվականը Բաթումում տեղակայված էր ռուսական ռազմաբազա որպես վրացական երրորդ մեծ քաղաքի և միջազգային խոշոր նավահանգստի ինքնուրույնության երաշխիք: Թբիլիսին փակել տվեց բազան, պայմանավորվեցին ստեղծել համատեղ հակաահաբեկչական կենտրոն, սակայն Սաակաշվիլին տապալեց նաև այդ նախաձեռնությունը: Եվ այսօր Վրաստանը մեն-մենակ է թուրքական նվաճողականության դեմ: Սակայն շարունակում է հակառուսական քաղաքականությունը:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա