...Ասեմ ի սկզբանե՝ Վազգեն Սարգսյանի մասին գրում եմ դժվար: Ավելի շատ չեմ գրում, քան գրում եմ ու միշտ մտածում եմ՝ իսկ եթե ինքը կարդա՞ր: Բայց ժամանակ առ ժամանակ լինում են իրավիճակներ, որ Վազգեն Սարգսյանի մասին գրել պարտավոր ես, եթե նրան ճանաչել ես ու հարգում ես ինքդ քեզ: Նկատե՞լ եք, որ Հայաստանի Հանրապետության գոյության ընթացքում չկա որևէ կարևոր դեպք՝ թե մինչև 1999-ը, թե 1999-ից հետո, որ Վազգենի անունը չշոշափվի: Եվ նույն իրադարձությունը ոմանց համար ճիշտ ու անխուսափելի է, որանց համար՝ տրամագծորեն հակառակը: Ինչի մեջ ասես Վազգենին մեղադրել ու մեղադրում են, Վազգենին արածները վերագրում են իրենց ու նրա հաշվին հերոսանում են, հենց նեղն են ընկնում՝ մեղքը Վազգենի վրա են գցում ու արդարանում են: Վազգենով պաշտպանվում ու հարձակվում են իրար վրա: Պատերազմում իրենք են հաղթել, Շուշին իրենք են ազատագրել, ընտրությունների արդյունքները Վազգենն է կանխորոշել, 1996-ին Վազգենն էր պատճառը, որ ԱԺ էին ներխուժում ու գլուխ ջարդում, ՀՀ դրոշը ոտատակ տալիս: Վազգենը, Վազգենը, Վազգենը….
Իսկ որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ դեռ ՀՀ անկախությունից առաջ. 88-ից սկսած Վազգենը սուսուփուս արել է այն գործը, որ եղել է առաջին ամենաանհրաժեշտը՝ սկսած ինքնապաշտպանությունից՝ մինչև բանակ սարքելը, մահապարտների կոչից մինչև հրադադար, սկսած տնտեսությունը աշխատեցնելուց մինչև Ղարաբաղի հարցը: Ու այնպես չէ, որ ամեն ինչ իր սրտով է եղել, այնպես չէ, որ ամեն ինչ հենց ինքն է արել, բայց ստիպված է եղել հանձն առնել, որովհետև ուրիշ մեկը պարզապես չկար: Ուրիշ ո՞վ, եթե ոչ ինքը: Ո՞վ իրավունք ուներ, կարող էր ՙոչ՚ ասել: Եվ ո՞վ կարող էր իրեն ՙոչ՚ ասել: Որ Վազգենի ներկայությամբ ձգվում էին բոլորը, կժխտեն միայն նրանք, որ ստում են առանց աչք թարթելու: Պաշտպանության նախարարը նրա դեպքում միայն բանակի հարցերով զբաղվողը չէր, միայն այն մարդը չէր, որ ամեն գարուն ու աշուն տնից-տեղից կտրում ու բանակ էր տանում 18 տարեկաններին, որ անձնական ու պաշտոնական կապերով բանակ էր զինում, պաշտպանության նախարարը նրա դեպքում սահման էր, որ հնարավոր չէր ատոմային ռումբ գցելով էլ անցնել: Չէր գնվում-չէր վաճառվում, չէր վախենում ու ուներ սեփական կարծիք: Երկրում ու երկրից դուրս: Վազգենը շանթարգել էր Հայաստանի Հանրապետության համար ու քանի նա կար, Հայաստանի հետ խաղեր տալ հնարավոր չէր: Ու նրա ներկայությամբ գեներալը գեներալ էր, զինվորը՝ զինվոր, պաշտոնյան՝ պաշտոնյա: Պետությունը՝ պետություն: Հետո սկսվեց այլասերումը՝ գեներալների, պաշտոնյաների, կուսակցությունների:
Տեսակ փոխվեց: Մտածողության ու գործողության: Հոկտեմբերի 27-ով տեսակի վերացման խնդիր էր լուծվում: Պետական մտածողության: Ինքնիշխանության: Տնտեսության զարգացման: Արտաքին քաղաքականության: Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի տանդեմը քաղաքականապես անխոցելի էր, ժողովուրդը նրանց հետ էր ու նրանք, ի տարբերություն 1998-ին ընտրված նախագահի, լեգիտիմ էին և ձևավորել էին լեգիտիմ Ազգային ժողով ու կառավարություն: Լեգիտիմություն, որ հնարավոր էր վիճարկել միայն նրանց սպանությամբ:
Ու բոլոր նրանք, որ այսօր փորձում են ներկայացնել, որ չի եղել Մեղրիի տարբերակ, կամ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կողմ են եղել, իրենց չե՞ն հարցնում, ինչու՞ նրանք սպանվեցին, ինչու՞ տարածաշրջանում իրավիճակ փոխվեց, ինչու՞ Հայաստանը խրվեց շինարարության ու սպասարկման ոլորտի մեջ, հերթով փակելով արդյունաբերական այն ձեռնարկությունները. որ բացել ու գործարկում էին Վազգեն ու Արամ Սարգսյանները: Ինչպե՞ս Հայաստանը Ռուսաստանից սկսեց հանձնել ոչ միայն գույքը պարտքի դիմաց, այլև ՀԷՑ-երը, Իրանի հետ գազատարը, երկաթուղին ու այն ամենը, ինչ ռազմավարական որևէ կարևորություն ունի Հայաստանի ինքնուրույն տնտեսավարումը ու արտաքին քաղաքական խնդիրները լուծելը կանխելու համար: Մեղավո՞ր էր Վազգեն Սարգսյանը այս ամենի համար: Իհարկե: Որ՝ սպանվեց: Որ՝ հավատաց իրեն հավատարմության երդում տվողներին: Որ կարծում էր՝ բոլորն էլ ուզում են Հայաստանի զարգացումը ու աշխարհը իր սրտի չափ գիտեր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թող ինձ ներեն բոլոր իրական երկրապահները, բայց Վազգենի սպանության առաջին պահից առաջինը հենց նրա ստեղծած ԵԿՄ-ն նրան դավաճանեց: Ու դավաճանությունների երկար-անվերջանալի շղթայի առաջին օղակը դառնալով՝ ավարտեց իր առաքելությունը: 1999-ի հոկտեմբերի 27-ից հետոյի ԵԿՄ պատմությունը իշխանությանը ծառայություններ մատուցելու ու իշխանություններից ծառայություններ պոկելու պատմություն է: Դա է վկայում թե Մանվել Գրիգորյանի նախագահությունը, թե Սասուն Միքայելյանի ընտրությունը ԵԿՄ նախագահ:
Նրանք Վազգենի հետ կապ չունեն, քաղաքականություն մտնելով՝ նրանք մտան մի դաշտ, որտեղից նրանց հեռու էր պահում Սպարապետը: Նրանից հետո արդեն յուրաքանչյուրը իր գլուխն էր պահում: Ժամանակի մեջ ոմանք այնքան հանդուգն դարձան, որ նույնիսկ սկսեցին Վազգենին գնահատականներ տալ, որ մեղմ ասած, գնահատական էր իրենց ու իրենց դատավճիռն է: Վազգենը վերևից նայում ու լիաթոք քրքջում է նրանց վրա, որովհետև այդ նրանք են վազվզում դաշտերում ու արդարանում: Քաղաքական դաշտերում, քրեական ու տնտեսական: Անցյալի դաշտերում: Իսկ ապագայում նրանք չկան ու չեն լինելու: Որովհետև առավելագույնը միայն ներկայում է հնարավոր ստել ու ստերով պաշտպանվել: Վազգենին հասնելու համար պետք է բարձրանալ ու բարձրանալ: Ոչ միայն ոտքով: