Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ջանջուղազյանը կարող է հանգիստ քնել, իսկ Փաշինյա՞նը

Ջանջուղազյանը կարող է հանգիստ քնել, իսկ Փաշինյա՞նը
22.06.2018 | 01:44

Կառավարության նիստերից մեկի ժամանակ, երբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անհանգստություն հայտնեց, թե համաներումները կարող են բյուջեի վրա մեծ բեռ լինել, Փաշինյանը հակադարձեց, թե հսկայական ստվերային տնտեսություն կա, որը պետք է հարկային դաշտ բերել: «Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այնտեղ չէ, որտեղ պետք է լինի: Այնպես որ, պարոն Ջանջուղազյան, Դուք կարող եք հանգիստ քնել գիշերը»,- հայտարարեց վարչապետը: Սակայն այս երկրի ֆինանսական հոսքերին ու փողերին միշտ տեղյակ Ատոմ Ջանջուղազյանը չէր կարող հենց այնպես մտահոգություն հայտնել և հույսը դնել ստվերի կրճատման վրա, որն անգամ հաշվարկված էլ չէ, այսինքն, հայտնի չէ` մեր տնտեսության քանի՞ տոկոսն է ստվերը: Բայց ամեն ինչ հերթով:


Հայտարարվեց, որ այսուհետ պարտադիր կուտակային համակարգում պետության միջամտությունը լինելու է 7,5 տոկոս, սա ենթադրում է բավականին մեծ՝ շուրջ 12 միլիարդ դրամի ծախս բյուջեի վրա, այսինքն, պետք է լինի մշտական հոսք պետական գանձարան, որ այդ ծանրաբեռնվածությունը մեղմացվի: Մինչդեռ ոչ ոք կոնկրետ չի ցուցանում, թե որտեղից են լինելու այդ մուտքերը բյուջե: Իսկ բյուջեն պոպուլիստական հայտարարություններով չի կարող լցվել, այն հստակ տրամաբանություն ունի. եթե ավելացնում ես ծախսերը, պետք է ցույց տաս, թե որտեղից ես եկամուտներ բերում:


Հաջորդը. շուտով եկամտահարկի դրույքաչափի իջեցում է նախատեսում կառավարությունը, որը կրկին բյուջեի համար լրացուցիչ բեռ է: Իսկ եթե այս ամենին գումարենք նախարարից մինչև վարչապետ մշտապես հնչած այն հայտարարությունները, թե թոշակ, նվազագույն աշխատավարձ պետք է բարձրացնենք, իրավապահ համակարգին, հարկայինին, ուսուցիչներին, դասախոսներին... բոլորին պետք է շատ վճարենք, որ զերծ մնանք կոռուպցիոն դրսևորումներից, հարց է առաջանում՝ ի՞նչ միջոցներով, որտե՞ղ են այդ գումարները: Մեկ նկատառում ևս. երբ հանրապետականները քննադատում էին կառավարության ծրագրում թվեր չլինելու հանգամանքը, շատ տնտեսագետներ դա բացատրեցին այն հանգամանքով, որ նոր կառավարությունը դեռ հստակ չի գնահատել ստվերը, դրա համար էլ թվերը բացակայում են: Ասել է՝ եթե չեն գնահատել ստվերը, չունեն նաև դրա կրճատման մեխանիզմները: Իսկ մեկ սուպերմարկետի` 5 տոկոս շրջանառության հարկ վճարելը հարցը հաստատապես չի փակում, անգամ 20 տոկոսի դեպքում էլ իրավիճակն արմատական փոփոխության չի ենթարկվի: Դա ո՛չ պետական ապարատի աշխատավարձերի, ո՛չ էլ թոշակների բարձրացման հնարավորություն չի տալիս: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի հույսը թալանած միջոցները պետական բյուջե բերելն ու այս հարցերը կարգավորելն է, այս առումով էլ մեծ խնդիր կա: Իսկապես, թալանի մասշտաբները շատ մեծ են եղել մեր երկրում, և եթե նոր վարչապետին հաջողվի ողջ թալանն «առգրավել» ու բերել բյուջե, դա միայն որոշակի ժամանակի ու որոշակի խնդիրներ լուծելու համար է։ Իսկ այն ծախսերը, որ նրանք հայտարարում են, ենթադրում են միջոցների շարունակականություն, բյուջեի մշտական հոսքեր: Գողացված կամ թալանված միջոցներով բյուջե լցնելը մեկ «ակտով» իրականացվող գործողություն է, ինչ-որ նպատակի կծառայի և վերջ, այնինչ այն ծախսերը, որ բյուջեն իր վրա է վերցնում, անընդհատություն են ենթադրում: Ասենք, բյուջեից թալանած գումարները հետ բերելով մեկ տարի թոշակ ու աշխատավարձ բարձրացրին, հետո՞:


Անշուշտ, շատ լավ է, որ նոր ղեկավարությունը «գեներալնի ուբորկա» է սկսել երկրում, բայց, զուտ տնտեսական հաշվարկների առումով, կառավարության խոստացած փոփոխությունները հնարավոր են ոչ թե թալանածը հետ բերելով, այլ տնտեսական աճ և լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովելով, այլապես բյուջեն կոլապսի կենթարկվի: Մեծ հարց է նաև՝ արդյոք կառավարությունը գնահատե՞լ է, թե Հայաստանում որքան պոտենցիալ հարկունակ ոլորտներ կան կամ գործունեության տեսակներ, որոնք ստվերում են և բյուջեի ամենամյա լրացուցիչ եկամուտների աղբյուր կարող են լինել:


Այնպես որ, Ատոմ Ջանջուղազյանը կարող է հանգիստ քնել, իսկ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը դեռ պետք է բացատրի, թե բյուջեի ինչ հոսքերով են իր խոստումները կյանքի կոչվելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ