Տեխնոլոգիական հանրությունը սպասում է հոկտեմբերի 2-ին, երբ կմեկնարկի ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսը, որ մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Ավելի մեծամասշտաբ էքսպո Հայաստանում դժվար է գտնել։ Մարդիկ գալիս են՝ տեսնելու տեխնոլոգիական ոլորտի նորագույն նվաճումները, իրենց ապագան, լուծումներ, որոնք 1-2 տարի անց մուտք են գործելու կենցաղ։
Դիջիթեքի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Ցուցահանդեսի պլատինե հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը։ ԴիջիԹեքի, ՏՀՏ ոլորտի վերաբերյալ զրուցում ենք «Յուքոմի» տնօրեն ՀԱՅԿ ԵՍԱՅԱՆԻ հետ։
-Պարոն Եսայան, «Յուքոմը» ԴիջիԹեքի պլատինե հովանավորն է։ Ո՞րն է ՏՀՏ այս խոշորագույն միջոցառմանն աջակցելու նպատակը։
-ԴիջիԹեքը ՏՀՏ ոլորտի այն ցուցահանդեսն է, որ տարեցտարի աճ է գրանցում։ Ամեն տարի այն Հայաստանի տեխնոլոգիական դաշտի իրական պատկերն է ցույց տալիս, հնարավորություն է ընձեռում ծանոթանալու ոլորտի ձեռքբերումներին, առկա մարտահրավերներին։ Սա մի հարթակ է, որտեղ ընկերությունները ներկայացնում են իրենց տեխնոլոգիական հզորությունները։ Ստեղծվել է մի մթնոլորտ, որը մարդկանց ձգում է. տասնյակ հազարավոր այցելուներ է ունենում ԴիջիԹեքը, և կարծում եմ՝ այն ցուցահանդեսային նոր մշակույթ է ձևավորում Հայաստանում։
-ԴիջիԹեքը Հայաստանի ամենախոշոր ցուցահանդեսն է` ավելի քան 30 հազար այցելուներով, հարյուրավոր մասնակից կազմակերպություններով։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է մարդկանց այդքան գրավում։
-ՏՀՏ-ն այն ոլորտն է, որ վերջին 10 տարիներին բուռն տեմպերով զարգանում է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Տարբեր ոլորտներ ամենօրյա շփում ունեն այս բնագավառի հետ։ Բացի այդ, դեռևս խորհրդային տարիներից տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում բավականին զարգացած էր։ Ավանդույթները շարունակվում են, այսօր էլ մարդիկ շատ հետաքրքրված են նորարարություններով, զարգացումներով, լուծումներով։ ԴիջիԹեքով ձևավորվում է միջհանրապետական մշակութային մոդել, որը մարդկանց ձգում է՝ գալ-տեսնել հեքիաթն ու իրականությունը։ Ես հիշում եմ, երբ 2009 թվականին «Յուքոմը» ցույց էր տալիս հեռուստատեսության հնարավորությունները, որոնց միջոցով կարելի է ալիքները հետ տալ և նայել հաղորդումը հեռարձակումից հետո, սպառողին դա հեքիաթ էր թվում։ Այսօր այդ ամենն իրականություն է, որ մտել է մեր կենցաղ։ Նման լուծումները գայթակղում են մարդկանց, ովքեր ցանկանում են տեսնել, թե էլ ինչ հնարավորություններ կարող են լինել։
-«Յուքոմը» ԴիջիԹեքում հանդես է գալու առանձին տաղավարով։ Ի՞նչ եք ներկայացնելու այցելուներին։
-Չեմ ցանկանում փակագծերը բացել, սակայն նշեմ, որ «Յուքոմը» կներկայացնի IP հեռուստատեսության ժամանակակից լուծումները, ինչպես նաև չորրորդ սերնդի 4G/LTE ծածկույթի հնարավորությունները։ Մյուս տարվանից «Յուքոմը» կապահովի նոր ծածկույթ, որը շատ որակյալ և հետաքրքիր լուծումներ է առաջարկում։
-Իսկ Ձեր նշած որակյալ ծառայությունները մատչելի՞ են մեր սպառողին։
-Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ծառայությունները բավականին մատչելի են։ Նույն որակի ծառայությունները եվրոպական երկրներում շատ ավելի թանկ են։ Բայց նշեմ, որ մեր օգտագործած սարքավորումները նույնն են, ինչ եվրոպական երկրներում կիրառվողները։ Ընդ որում, հեռահաղորդակցությունը Հայաստանում միակ ոլորտն է, որտեղ վերջին 5-10 տարիներին ծառայությունների սակագներն իջել են։ Այն մշտապես զարգացման փուլում է, իսկ սակագների նվազումը մրցակցության, նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ է։
-ՀՀ իշխանությունները մշտապես շեշտում են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տնտեսության առաջնահերթություններից է։ Իրական աջակցություն, ուշադրություն ոլորտի նկատմամբ կա՞, թե՞ իշխանությունները սահմանափակվում են միայն հայտարարություններով։
-Հեռահաղորդակցության ոլորտն արտադրանք ստեղծելու առումով որոշակիորեն տարբերվում է ՏՏ ոլորտից։ Հեռահաղորդակցական ընկերություններն ավելի շատ օգտագործում են լուծումներ։ Սակայն «Յուքոմն» առանձնանում է նրանով, որ փորձում է հիմնականում հայկական լուծումներ կիրառել, իր թիմերով ստեղծել անհրաժեշտ պրոդուկտները։ Իշխանությունները որոշակի քայլեր անում են։ Մերգելյան ինստիտուտում ստեղծվել են ազատ տնտեսական գոտիներ, որտեղ հարկային շատ լավ հնարավորություններ են, ինչը նպաստում է start-up-երի ձևավորմանը։ Կարծում եմ՝ դա շրջափակման մեջ գտնվող Հայաստանում արտահանման զարգացման շատ լավ մոդել է։ Իրականացվում են աջակցության այլ ծրագրեր ևս։ Հայաստանում ՏՀՏ ոլորտի ընկերությունների թիվն աճում է, և ԴիջիԹեքի կազմակերպիչները նշում են, որ այս տարի բավականին մեծ թվով նորաստեղծ ընկերություններ ներկայացված կլինեն ցուցահանդեսում։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ