Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն (մաս 2-րդ)

Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն (մաս 2-րդ)
29.10.2013 | 00:03

(սկիզբը` այստեղ)

ԳՅՈՒԼԵՆԸ ԵՎ ԿՀՎ-Ն
Մոտ մեկ տարի առաջ Նուրետտին Վերենը` Գյուլենի նախկին գլխավոր խորհրդականը, որն ավելի ուշ խզեց կապերը աղանդի հետ, մի մերկացուցիչ գիրք գրեց այդ կազմակերպության գործունեության մասին։ Նա հանցանշաններ է բերել հօգուտ այն բանի, որ Գյուլենը փող է ստանում ԿՀՎ-ից, պատմել է այն ավերիչ գործունեության մասին, որ 1990-ականներին կազմակերպությունը ծավալել էր Միջին Ասիայում։ Այդ գրքի շնորհիվ հանրությունն իմացավ նաև, որ նրա միջազգային կրթական ցանցի դպրոցներում աշխատում են ԿՀՎ-ի կադրային գործակալներ։ Եթե մենք վերլուծելու լինենք Գյուլենի աղանդի տարածման աշխարհագրությունը, ապա կհամոզվենք, որ այն ներկայացված է բոլոր այն երկրներում, ուր Ամերիկան շահեր ունի` Թուրքիայում, Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում ու Սուդանում։ Թուրքական մամուլի տվյալներով, Գյուլենի դպրոցներ ու հիմնադրամներ են գործում Եմենում, Քաթարում, Վիետնամում, Բանգլադեշում, Կամբոջայում, Սինգապուրում, Ռուսաստանում, բոլոր թուրքալեզու երկրներում։ Գյուլենի հետևորդներն աշխատում են երիտասարդության հետ` ստեղծելով դպրոցներ, համալսարաններ, հանրակացարաններ։ Ֆինանսավորմանն ակտիվորեն մասնակցում են իսլամական խոշոր հոլդինգներ, ինչը թույլ է տալիս կրթաթոշակ վճարել ուսանողներին։ Միայն Թուրքիայում այդ կազմակերպության հովանու ներքո գործում են երեք համալսարան, 200 հատուկ դպրոց, 500 հանրակրթական հաստատություն` հանրակացարաններով, 60 հազար դասընթաց ու տեխնոլոգիական լեկտորիում, որոնց համար կազմակերպված են հազարավոր «Լուսավորության տներ»։ Այդ հիմնարկներում դաստիարակվում է Գյուլենի կայսրության ակադեմիական վերնախավը։ Բացի այդ, որոշ տեղեկությունների համաձայն, Թուրքիայի Հանրապետության պետական դպրոցների դասատուների 40 %-ը Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդ է։ Մի ժամանակ աղանդն իր հեռուստատեսությունն ուներ նաև նախկին խորհրդային տարածությունում, օրինակ` Ադրբեջանում («Սամանյոլու» հեռուստաալիքը)։ «Նուրջուլարը» (Ռուսաստանում գրանցում չունեցող թուրքական միջազգային կրոնական կազմակերպության և «Նուր» շարժման գաղափարախոս Սայիդ Նուրսիի հետևորդների աշխարհասփյուռ բջիջների անվանումը) Ադրբեջանում հայտնվեց երկրի անկախության հռչակումից անմիջապես հետո։ Թուրքական MIT հատուկ ծառայության զեկույցի համաձայն այդ հոսանքի առաջին տարածողները Ադրբեջանում հայտնվեցին 1992-ին։ Հենց այդ ժամանակ էլ բացահայտվեց նրանց մասնակցությունը Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի դեմ նախապատրաստվող մահափորձին։ Նրանք փորձեցին նաև մահափորձ կազմակերպել ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դեմ։
Վերջերս հրապարակվեցին Թուրքիայի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Օսման Նուրի Գյուդեշի հուշերը Միջին Ասիայում և Ադրբեջանում «Նուրջուլար» ծայրահեղական կազմակերպության հենացանցի ստեղծման ուղղությամբ ԿՀՎ-ի գործակալների և նրանց թուրք գործընկերների համատեղ աշխատանքի մասին։ Գյունդեշի պնդմամբ, միայն Ղրղզստանի և ՈՒզբեկստանի տարածքում գործող «Նուրջուլարի» լիցեյներում աշխատել է ԿՀՎ-ի 130 աշխատակից։ «Թեև արտաքուստ այդ մարդիկ նման էլ էին դասատուների, իրականում նրանք աշխատում էին ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարությամբ»,- գրում է Գյունդեշը։ Նրանք բոլորը ԱՄՆ-ի քաղաքացիներ են, որոնք այդ լիցեյներում ձևակերպված էին որպես «անգլերենի դասատուներ և միաժամանակ դիվանագիտական անձնագրեր ունեին»։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Գյուլենի շարժումը հսկայական քանակությամբ դպրոցներ ու ֆիրմաներ կազմակերպեց Ադրբեջանում, Թուրքմենստանում, ՈՒզբեկստանում, ինչպես նաև Վրաստանում և Ռուսաստանում։ Սուլեյման Դեմիրելը, որն այն ժամանակ Թուրքիայի նախագահն էր, դիմեց իր պաշտոնակիցներին` այդ երկրների նախագահներին, խնդրելով օգնություն ցուցաբերել Գյուլենի դպրոցներին։
Թուրքական քաղաքական վերնախավն այդ տարածաշրջաններում Գյուլենի դպրոցների ու ֆիրմաների գործունեությունը գնահատում է իբրև մշակութային-տնտեսական նվաճողականության եղանակ, որը թույլ է տալիս իր ծիրում ներառել Կովկասը, որտեղ նավթի ու գազի հսկայական պաշարներ կան։
Սակայն կա նաև այլ կարծիք։ Հետաքննությունների դաշնային (ՀԴԲ) նախկին աշխատակցուհի Սիբիլ Էդմոնսը գրել էր, թե Գյուլենի դպրոցները ԿՀՎ աշխատակիցների խնամքով քողարկված թիկունք են և օգտագործվում են տարածաշրջաններում համապատասխան գործողությունների իրականացման համար, ուսուցիչների մեծ մասն ունի դիվանագիտական անձնագրեր։ ԱՄՆ-ը Թուրքիան օգտագործում է որպես ներկայացուցչի, ձգտելով կրոնի և պանթյուրքական ազգայնականության միջոցով ընդլայնել իր ազդեցության գոտին Միջին Ասիայում։
Ռուսաստանի իրավապահ մարմինները հետևողականորեն կալանավորում են «Նուրջուլար» արգելված ծայրահեղական կազմակերպության անդամ ադրբեջանցիներին։ 2008 թ. ապրիլին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հասավ այն բանին, որ Թուրքիայում ստեղծված «Նուրջուլարի» գործունեությունը ճանաչվի որպես ծայրահեղական, և կազմակերպությունն արգելվի երկրի գերագույն դատարանի կողմից։
Ռուսաստանի անվտանգության մարմինները այդ կազմակերպությամբ ակտիվորեն սկսել էին զբաղվել դեռ 1990-ականների վերջերից։ 2002-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Նիկոլայ Պատրուշևը հայտարարեց, որ, գործելով Ռուսաստանի տարածքում, «Նուրջուլարը» լուծում էր հետախուզության շահերից բխող բազմաթիվ խնդիրներ. «Տեղեկություններ էին ժողովվում Հյուսիսային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ռուս երիտասարդությունը պանթուրքական և պանիսլամական մշակման էր ենթարկվում, տեղական իշխանական կառույցներում թուրքօգուտ լոբբիի ձևավորման, իրավապահ մարմիններ և հասարակական միավորումներ ներթափանցման նպատակով ուսումնասիրվում էին հավաքագրման թեկնածուները»։ Ռուսաստանի ԱԴԾ-ի տվյալներով, «Նուրջուլարի» գործակալները շփումներ ունեին չեչեն գրոհայինների թուրք միջնորդների ներկայացուցիչների հետ։ 2002-2007 թթ. լայնածավալ հետաքննությունների շրջանակներում Ռուսաստանից արտաքսվեց Թուրքիայի մի քանի հարյուր քաղաքացի։ Մասնավորապես, Թաթարստանի դատախազության պահանջով երկրից հեռացավ թաթարա-թուրքական լիցեյների 44 թուրք դասատու։ Նրանց մեղադրում էին երեխաներին պանթյուրքիզմի գաղափարներ «պատվաստելու» մեջ։
Եվ ահա վերջերս Թուրքիայի վարչապետը, հեռակա դիմելով ԱՄՆ-ում բնակվող մահմեդական քարոզիչ Գյուլենին, կոչ արեց վերադառնալ։ Օվկիանոսի այն ափից բացասական պատասխան ստացվեց։ Ինչո՞վ էր այդ հեռակա երկխոսությունն այդքան հուզում թուրք հասարակությանը։ Այդ հարցին պատասխանելու համար հարկավոր է մի քանի տասնամյակ հետ գնալ։
Կրոնական «Նուրջու» միաբանության սան Գյուլենն իր քարոզներն սկսել էր կարդալ դեռ 70-ականներին։ Նրա ելույթների աստիճանը կամաց-կամաց հասավ Թուրքիայում շարիաթական պետություն ստեղծելու կոչերին։ 1997 թ. զինվորականները, իշխանությունից հեռացնելով Էրբաքանի իսլամամետ կառավարությանը, դատական հետապնդում սկսեցին իսլամականների նկատմամբ, ու կարճ ժամանակ անց Գյուլենը նախընտրեց «բուժման» մեկնել ԱՄՆ։ Նա կանգ առավ Փենսիլվանիայում` կենտրոնանալով կրոնափիլիսոփայական գրքեր ու հոդվածներ գրելու վրա, որոնցում առաջ է քաշում սկզբնական իսլամի սկզբունքների վրա հիմնված համաշխարհային պետության ստեղծման գաղափարը։ Հենց այդ սկզբնական իսլամն է, նրա կարծիքով, խաղաղության, բարու և արդարության կրողը։ Ընդ որում, բոլոր մարդկանց, ոչ թե սոսկ մահմեդականների համար։ Նրան խորթ չեն նաև պանթյուրքական գաղափարները։ Բարձր պարիսպների մեջ առնված նրա տունը շուտով դարձավ նրա հետևորդների մի ամբողջ կազմակերպության կենտրոն, որոնք ուսուցչի խոսքը տարածում էին աշխարհով մեկ։ Բացի այդ, ԱՄՆ-ում նրա տրամադրության տակ մեծ փողեր հայտնվեցին։
Այդ փողերով գյուլենականներն ամբողջ աշխարհում, այդ թվում ժամանակին նաև Ռուսաստանում, ստեղծեցին «Նուրջուլարի» հարյուրավոր թուրքական դպրոցներ ու լիցեյներ, որոնց սաներին ներշնչվում էր, թե Թուրքիան աշխարհի ամենալավ երկիրն է, իսկ մարդկության ապագան իսլամն է, ընդ որում Ֆեթուլլահ Գյուլենի` «արդիականության խոշորագույն իմաստասերի ու մարդասերի» մեկնությամբ։ Գյուլենը թեև, ինչպես ինքն է պնդում, իսլամական արժեքներ է քարոզում, սակայն երբեք Արևմուտքի դեմ հանդես չի գալիս։ Ընդհակառակը, կոչ է անում բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ։
Գյուլենին պատկանող թուրքական «Զաման» թերթը կապված է ամերիկյան «Վաշինգտոն թայմսի» հետ, որը վերահսկում է Մունի աղանդը։ Գյուլենը «Զամանն» օգտագործում է թուրքական բանակի և ազգային ուժերի դեմ ուղղված հոգեբանական պայքարում։ Փենսիլվանիայի «մենակյացը» իր գաղափարակիցներին ակտիվորեն խցկում է բուն Թուրքիայի պետական կառույցների մեջ` ոստիկանություն լինի, կրթության համակարգ թե դատական մարմիններ։ Այսօր այդ մարմինները մեծ մասամբ Գյուլենի հսկողության տակ են։ Բացի այդ, նրա գաղափարակիցներն են ներկայումս կառավարող արդարության և զարգացման կուսակցության անդամ հիսուն խորհրդարանականներ։ Որոշ փորձագետներ կարծում են, որ «Ֆեթուլլահ էֆենդին» իր մարտավարությունն ու ռազմավարությունը «թխել» է ճիզվիտների միաբանության հիմնադիր Իգնատիուս Լոյոլայից։ Իսկ ի՞նչ են մտածում ներկա բարձրագույն իշխանությունները։ Թուրքիայի կառավարող վերնախավի և «ջամաաթի» (հանրության, համայնքների) փոխհարաբերությունները, ինչպես աշխարհական թուրքերն անվանում են Գյուլենի կազմակերպությունը, միարժեք չեն։


ԳՅՈՒԼԵՆՆ ՈՒ «ԿԱՆԽԻԿ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Թուրքիայում շրջանառվում է մի տեղեկություն (պաշտոնապես չհաստատված), թե 2011 թ. ընտրությունների նախօրեին Գյուլենը որպես իր աջակցության գլխավոր պայման Էրդողանից պահանջել էր կես տարվա ընթացքում փոխել սահմանադրությունը։ Երկուսն էլ կենսականորեն շահագրգռված են, որ բանակը դուրս մղվի քաղաքական ասպարեզից։ Առաջինը` աշխարհիկ պետականության սկզբունքի հանդեպ խոր խորշանքի պատճառով, երկրորդը` որովհետև գեներալակազմը բոլոր վերջին տարիներին միակ քաղաքական ուժն է եղել, որն ընդունակ էր ոտնձգություն կատարելու իր միահեծան իշխանության նկատմամբ։ Հենվելով դատական համակարգի ու ոստիկանության վրա (մեծ մասամբ Փենսիլվանիայից վերահսկվող), Էրդողանին, այնուամենայնիվ, հաջողվեց աննախադեպ զտում կատարել ավանդաբար աշխարհական սպայական կորպուսում. հարյուրավոր գեներալներ ու ավագ սպաներ կալանավորվեցին, իսկ նրանց տեղը գրավեցին արդարության և զարգացման կղերական կուսակցության առաջադրած կադրերը։
Սակայն նոր սահմանադրության ընդունման գործը հանկարծ արգելակվեց։ Երևում է, Թուրքիայի ներկայիս վերնախավը նոր վտանգ է տեսել, որն այս անգամ բխում է Գյուլենի` սրընթաց քաղաքական կշիռ ձեռք բերող «ջամաաթից»։ Այս անգամ արդեն զտումներ սկսվեցին ոստիկանությունում և դատական համակարգում։ Այդ ուղղությամբ վերջին խոշոր գործը դարձավ բանակային միջավայրում հակապետական դավադրությունների նախապատրաստման առավել աղմկալի դատավարություններից տասնյակ «գյուլամետ» դատախազների ու դատավորների հեռացումը։ Շատ փորձագետների կարծիքով, դավադրությունների բուն փաստը ամենևին ակնհայտ չէ։ Ասենք, դա կարևոր չէ, կարևորը հասարակայնության աչքում աշխարհիկ կողմնորոշման բանակային հրամանատարության վարկաբեկումն է։
Սակայն Ֆեթուլլահ Գյուլենի շարժման տարածման ճանապարհի հիմնական խոչընդոտը քրդական ազգային ազատագրական շարժումն է։ Այդ մասին իր հարցազրույցում ուղղակի հայտարարել է քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ղեկավարներից Մուրատ Կապայըլանը. «Ասենք ՔԱԿ-ը ոչնչացվեց։ Դուք գիտեք, չէ՞, թե ինչ կկատարվի տարածաշրջանում։ Այն կդառնա առավել հետադիմական հոսանքների ձգողական կենտրոն»։
Գյուլենը, որին գովում են հանդուրժողականության համար, իրեն կորցնում է, երբ խոսք է բացվում կոմունիստների մասին, և ոչ միայն. նա չի կարողանում հանգիստ լսել քրդերի ու ալավիների մասին։ Բնակչության այդ մասի իրավունքների մասին Գյուլենն այսպես է արտահայտվում. «Եթե այդ քաղաքացիներն իրենց թուրք են համարում, ապա մեզ ոչինչ չի բաժանի»։ Ղուրանի քրդերեն թարգմանությունը, որ արվել է Թուրքիայի Հանրապետության կրոնի գործերի նախարարության պատվերով, պարզորոշ ցույց է տալիս, թե քրդական խնդրի ինչ լուծում է առաջարկում Գյուլենը։ Քրդերին որպես ազգ ճանաչելու փոխարեն, ավելի ճիշտ այն մասի, որն իսլամադավան է, նրանց ուզում են «հանգստացնել» և թուրքական պետությանը կապել` որոշ մշակութային իրավունքներ տալով։ Ազգությամբ քուրդ, Տեխասի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս Ալանդ Միզելն ուղղակի հայտարարում է. «Գյուլենի դպրոցները հիմնված են օսմանյան գաղափարախոսության վրա, որի նպատակը քրդերի ձուլումն է»։ Միզելի կարծիքով, ըստ Գյուլենի, քրդերը պետք է իրենց համարեն ոչ թե առանձին ազգ, այլ օսմանյան թուրքեր։
Ահա այս պայմաններում էլ հետևեց Թուրքիա վերադառնալու` Գյուլենին հասցեագրված հրավերը։ Էրդողանի այդքան անսպասելի որոշման երկու հնարավոր պատճառ է նշվում.
ԱՌԱՋԻՆ-«փենսիլվանիանյան ծերուկը» լուրջ հիվանդ է և, վերադառնալով հայրենիք, ուղղակի ֆիզիկապես չի կարողանա (կամ չի հասցնի) դառնալ կղերական ուժերի ձգողական կենտրոն երկրի ներսում։ Իսկ նրա հանդեպ արված լայն ժեստը ներկա վարչապետին կօգնի համակրանք կորզելու նրա կրոնական կողմնակիցներից։
ԵՐԿՐՈՐԴ- նրա ներկայությունը կնստեցնի արմատական կողմնակիցների «փուքը», որոնց հետ փաստորեն բացահայտ առճակատումը (այդ թվում նաև` ներկուսակցական) ավելի ու ավելի է անհանգստացնում կառավարող վերնախավին։ Գյուլենի շուրթերից հնչած «ոչ»-ը փորձագետների մեծամասնությունը հակված է բացատրելու նրանով, որ քարոզիչը լրջորեն մտադիր է պայքարել երկրում իշխանությունը նվաճելու համար, իսկ դա հեռվից ավելի անվտանգ է անել։ Թեև չի կարելի բացառել նաև այն, որ տարեց մարդու առողջական վիճակը պահանջում է ամերիկյան և ոչ թե թուրքական բժշկության ուշադրությունը։
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ