Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Պեկինից սպասվող հարվածը ոչ միայն «ցավոտ», այլև «մահացու» կարող է լինել

Պեկինից սպասվող հարվածը ոչ միայն  «ցավոտ», այլև «մահացու» կարող է լինել
19.07.2013 | 00:44

Վերջին ժամանակներս գազային պատերազմների «ռազմաճակատներից» ստացվող «ամփոփագրերը» արտասովոր լարված են, իսկ երբեմն էլ` պարզապես դրամատիկ։ Դրանք հիմք են տալիս համարելու, որ ռուսական «Գազպրոմի» լուրջ դիմակայությունը, առաջին հերթին Եվրամիությանը, որը համաձայն չէ բիզնեսի վարման նրա մենաշնորհային մոտեցումներին, թևակոխել է եթե ոչ ավարտական, ապա վճռորոշ փուլ։ Ընդ որում, թեև Մոսկվայից դեռևս հոխորտալից նոտաներ են հնչում, իսկ նախկին ԽՍՀՄ երկրներում Ռուսաստանի «ազգային հարստությունն» իրեն տիրոջ նման է պահում, փորձագետները հանգում են այն միասնական կարծիքին, որ «Գազպրոմը», որը մարմնավորում է էներգետիկ գերտերության կոչմանը Ռուսաստանի հավակնությունները, այսօր կորցնում է իր «թափը»։

Այսպես, վերջերս կոնցեռնի ղեկավար Միլլերը հայտարարեց, որ երբեք և ոչ մի պարագայում ընկերությունը գազ չի լցնի ուկրաինական գազամբարները, և դադարեցնում է ՈՒկրաինայի տարածքով գազի տարանցման համար կանխավճարման պրակտիկան։ Ավելին, նախագահ Պուտինը «Գազպրոմին» հանձնարարել է կարճ ժամկետում վերադառնալ «Յամալ-Եվրոպա-2» գազամուղի նախագծին` Բելառուսով Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային մատակարարումներ կատարելու համար` շրջանցելով ՈՒկրաինան։ Սակայն նկատենք, որ ՈՒկրաինայի խողովակաշարային համակարգով է անցնում ռուսական գազի արտահանման 68 տոկոսը, և անգամ «Հյուսիսային հոսքը»` 55 մլրդ խմ կարողությամբ, և «Հարավային հոսքը», որի առաջին ճյուղը կկառուցվի մինչև 2015 թ. դեկտեմբեր, լիովին ի վիճակի չեն լինի լուծելու խնդիրը։ Ավելին, թեև ռուսական կողմի համոզմամբ դրանց գործունեությունը պետք է բարելավի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը և ի չիք դարձնի «ոչ միշտ կանխատեսելի տարանցիկ պետությունների» գործառույթները, Բրյուսելում «Գազպրոմի» այդ կարգի հավաստիացումներին բոլորը չէ, որ հավատում են։ Թե Եվրոպայում ինչպես է ընկալվել այդ ուղերձը, վկայում է Եվրահանձնաժողովի` քննարկման համար նախատեսված աշխատանքային փաստաթուղթը։ Դրանում ընդգծվում է, որ մի շարք երկրներ կախման մեջ են «ռուսական մատակարարից», որի գնային քաղաքականությունը «միշտ չէ, որ համապատասխանում է շուկայական սկզբունքներին»։ Այսինքն, պարզ ասած, Ռուսաստանը ճնշում է գործադրում եվրոպական երկրների վրա, իսկ Եվրամիությունն իր հերթին պատրաստ է արձագանքելու դրան։ Զեկույցի համաձայն, մերձբալթյան երկրները ռուսաստանյան գազի համար վճարում են 35 տոկոսով ավելի, քան, օրինակ, Գերմանիան։ Սակայն, Եվրամիության կանոնների շնորհիվ, նրանք մոտ են Ռուսաստանի մենաշնորհատիրությունը փշրելուն։ Այսպես, Լիտվայի առաջատար էներգետիկ ձեռնարկությունը, ուր «Գազպրոմը» խոշորագույն բաժնետերն է, վերակազմավորվում է. խողովակաշարային ցանցը դարձնում է առանձին պետական տնտեսական ստորաբաժանում։ Դա արվում է գազի մատակարարումն ու փոխադրումը տարանջատելու մասին Եվրամիության օրենքի համաձայն։ Այսպիսով, մինչև 2014 թ. հոկտեմբեր «Գազպրոմը» պետք է վաճառի իր բաժնեմասը խողովակաշարային ընկերությունում։ Բացի այդ, «Գազպրոմի» ուժն այն է, որ նա ոչ միայն մենաշնորհատեր մատակարար է, այլև տեղական էներգետիկ կոնցեռններին իր անդամակցելու հաշվին վերահսկում է բաշխիչ ցանցերը։ Ի պատասխան դրա, Եվրամիությունը մտցնում է կանոնների նոր ժողովածու` «Երրորդ էներգետիկ փաթեթը»։ Այն գազաբաշխիչ ցանցերի օպերատորներին պարտավորեցնում է իրենց խողովակաշարերը գցել այլ մատակարարների համար, իսկ սրանք էլ կարող են հարկադրաբար վաճառել ցանցերը։
Մոսկվայի գազային շահերին, երևի, պակաս լուրջ հարված չեղավ այն, որ ՈՒկրաինան հունիսին Եվրոպայից ներմուծեց գրեթե կրկնապատիկ ավելի շատ գազ, քան մայիսին։ Կիևում համոզված են, որ տեխնիկապես Եվրոպան կարող է վերամատակարարել մոտ 19,1 մլրդ խմ գազ։ Թեև Ռուսաստանում հայտարարում են, որ այդքան ավելորդ գազ այնտեղ ուղղակի չկա, իսկ «Գազպրոմը» համարում է, որ դատարանի միջոցով կարելի է փակել մատակարարումները Եվրամիությունից, այդուամենայնիվ, դա երկիրը զերծ կպահեր ռուսական կախումից։ Արժե նշել, որ ՈՒկրաինան ընթացիկ տարում պետք է Ռուսաստանից գնի միայն 18 մլրդ խմ, ինչն ավելի քան 45 տոկոսով քիչ է անցած տարվա ցուցանիշից։ Ընդ որում, Բրյուսելը որոշ բան արդեն արել է այդ ուղղությամբ Կիևին հետ քաշելու համար. ՈՒկրաինան ընդունվել է Եվրոպական էներգետիկ ընկերակցություն, Եվրոպայի հետ կապերի հաշվին նա հնարավորություն կստանա շուկա հանելու թերթաքարային գազի` իր ենթադրյալ նշանակալի պաշարները և բիզնես անել, օգտագործելով արևմտյան սահմանագլխին գտնվող հսկայածավալ գազամբարները։ Իր հերթին, Կիևը ստանձնեց պարտավորություն, համաձայն որի` մինչև 2015 թ. պետք է երկրում մտցնի էներգետիկ շուկայի եվրոպական կանոնները։
«Գազպրոմի» համար բնավ հաջող չի ընթանում նաև գազի գների հարցը։ Մինչդեռ երկրի ներսում, Կրեմլի ցուցումով, գազի գները ցածր մակարդակի վրա են պահվում (էլեկտրականությունն ու ջերմությունն այստեղ հիմնական իրավունքներ են համարվում, իսկ բարձրացումը հղի է սոցիալական լուրջ պայթյուններով), կոնցեռնն ստիպված է նվազեցնել նաև իր արևմտյան գնորդների համար սահմանված գները։ Այսպես, անցած տարի նա ստիպված էր եվրոպացի գնորդներին վերադարձնել, տարբեր գնահատումներով, 4,25-3,2 մլրդ դոլար։ Օրերս Վիեննայի միջազգային միջնորդ դատարանը կայացրեց մի վճիռ, համաձայն որի` ռուսական գազի մենաշնորհատերը ստիպված կլինի գերմանական RWE էներգետիկ ընկերությանը վերադարձնել վճարումների մի մասը։ Կանխատեսումների համաձայն, դա կարող է կազմել մոտ 390 մլն դոլար։ Դատավարության ընթացքում ընկերության ներկայացուցիչները (այն վերահսկում է Գերմանիայի վառելիքաէներգետիկ շուկայի 17 տոկոսը) պահանջում էին վերանայել նաև գազի գների բանաձևերը։ Այս հարցում ևս դատարանը գերմանական էներգետիկների կողմը բռնեց, եվրոպական մյուս սպառողներին (իտալական ENI և Edison, գերմանական E.ON և RWE և հունական DEPA) ևս «Գազպրոմը» հարկադրված էր զեղչեր անել։ Անցած տարի ռուսական գազի մենաշնորհատիրոջ դեմ հայտեր ներկայացրին Լեհաստանը, Լիտվան ու Չեխիան։ RWE-ի չեխական մասնաճյուղին հաջողվեց շահել վեճը «Գազպրոմից» և չվճարել չկուտակած գազի գծով տուգանքը։
Հարկ է նկատել, որ «Գազպրոմը» հայտարարել է, թե այլևս ոչ մի զիջման չի գնա նավթի գների հարցում։ Բայց մյուս ընկերություններն ավելի մեծ ճկունություն են հանդես բերում, և դրանից շուկայի նրանց բաժինը մեծանում է, մինչդեռ, «Գազպրոմի» վաճառքի ծավալները նվազել են, իսկ արդյունահանումը կրճատվում է։ Ռուսաստանի «ազգային հարստությանը» մի հարված էլ գալիս է, թերևս, այնտեղից, որտեղից չէին սպասում` չին ընկերներից։ Հիշեցնենք, ՉԺՀ-ին գազ մատակարարելու շուրջ Մոսկվայի ու Պեկինի բանակցությունները ձգձգվում են 2004-ից, իսկ վերջերս էլ Կրեմլը հանդիսավորապես հայտարարեց, թե ամեն ինչ արդեն ավարտված է և «բարեկամությունը հաղթեց»։ Բայց չէ՜։ Բանակցությունները ոչ միայն վերստին կարող են սոսկ ձգձգվել, այլև ամբողջ գործարքը կարող է հարվածի տակ դրվել։ Ռուսների համար անսպասելիորեն չինացիներն սկսել են պնդել, որ գնագոյացման բանաձևը բխեցվի ԱՄՆ-ում առկա գազի գներից։ Այն, ինչպես հայտնի է, աշխարհում ամենացածրերից է, և դրան նպաստում են թերթաքարային գազի արդյունահանման հարաճուն ծավալները։ Այսպես, գազի միջին գինն ԱՄՆ-ում հունիսին միջին հաշվով կազմել է 1000 խմ-ն 140-150 դոլար, իսկ «Գազպրոմի» գազի միջին գինը Եվրոպայում տարեսկզբից կազմել է 400 դոլար։ Այնպես որ, եթե հաշվի առնենք չինացիների համառությունը, այն, որ ռուսական գազը նրանց համար լուրջ այլընտրանք ունի, և որ այդ «վատ օրինակը» կարող է գրավիչ դառնալ մնացած բոլոր գնորդների համար, ապա Պեկինից սպասվող հարվածը ոչ միայն «ցավոտ», այլև «մահացու» կարող է լինել։ Արդեն այժմ «Գազպրոմի» ֆինանսական վիճակն առանձին լավատեսություն չի ներշնչում. նրա շահույթն անցած տարի նվազեց 9,5 տոկոսով, և դա առաջին նվազումն էր վերջին ավելի քան տասը տարում։
Եվ, այդուամենայնիվ, մի հարցում «Գազպրոմը», կարծես, կարող է հաղթանակ տոնել։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, «Նաբուկո»-ի փոխարեն կգցվի ավելի համեստ Անդրադրիատիկ գազամուղը։ Ավելին, հաշվարկները ցույց են տալիս, որ ռուսական «Հարավային հոսքը» պետք է որ առաջ անցնի «Հարավային միջանցքի» պլանավորված ճյուղից, որը պետք է Ադրբեջանից Վրաստանի ու Թուրքիայի վրայով հասնի Բալկաններ։ ՈՒ եթե Եվրոպան սկսի գազ ստանալ «Հարավային հոսքով», ապա, օրինակ, ադրբեջանական գազը, որոշ փորձագետների կարծիքով, արդեն ոչ մի շանս չի ունենա, և Ռուսաստանը ստիպված չի լինի կիսելու Եվրամիության խոշորագույն գազամատակարարի իր կարգավիճակը։ Բայց Մոսկվայի այդ հաղթանակն էլ կարող է պյուռոսյան լինել։ Ռումինիայի նախագահ Բեսեսկուն անլուրջ է համարում «Նաբուկո»-ի ձախողման պատճառով երկիրը ռուսական «Հարավային հոսք» գազամուղին միացնելու տարբերակը։ Նա այդպիսի մոտեցումը «երեխայություն» է անվանել, նկատի ունենալով, որ «երկրի նպատակը մատակարարումների աղբյուրների բազմազանեցումն է», և հայտարարել է, որ անհրաժեշտ է արագացնել թերթաքարային գազի և Սև ծովի արդեն հաստատված հանքավայրերից գազի ու նավթի արդյունահանմանն անցնելու գործընթացը։ Բացի այդ, մինչ գազի սպառումը նվազում է, «Հարավային հոսքի» շինարարության արժեքն աննախադեպ բարձր է` 16 մլրդ եվրո։ Որոշ փորձագետներ նույնիսկ կանխատեսում են, որ այն կբարձրանա առնվազն ևս 50 տոկոսով։
Այդ գլոբալ խաղում «Գազպրոմի» համար խաղագումարները մեծ են նաև այն պատճառով, որ կոնցեռնն սկսել է ճնշումների ենթարկվել միանգամից մի քանի ճակատներից, ընդ որում` ոչ միայն արտաքին։ Երկրի ներսում մենաշնորհատիրոջ դիրքերի վրա հարձակումներ են գործում այնպիսի մրցակիցներ, ինչպիսին պետության վերահսկողության տակ գտնվող «Ռոսնեֆտ» նավթային կոնցեռնն է, որը գլխավորում է Պուտինին հավատարիմ մեկը։ Հնարավոր է, այս ամենը մոսկովյան վերնախավի քողարկված պայքարի արտացոլումն է, և առայժմ պարզ չէ, թե ով կհաղթի։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ