38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ընդհանուր գլոբալացման մեր տեխնոլոգիական դարում «մտրակը» և՛ ժամանակավրեպ է, և՛ անարդյունավետ

Ընդհանուր գլոբալացման մեր  տեխնոլոգիական դարում «մտրակը» և՛ ժամանակավրեպ է, և՛ անարդյունավետ
25.01.2013 | 01:02

Դժվար չէ նկատել, որ Ռուսաստանի ու Բելառուսի բուռն «եղբայրական» հարաբերությունների պատմությունը շատ հեռու է գունեղ լինելուց և վաղուց լի է ամեն տեսակի էքսցեսներով` փոխադարձ հանդիմանություններից մինչև վարկաբեկիչ լուրերի տարածում, քրեական հիշեցնող տնտեսական պատերազմներից մինչև ամենասովորական շանտաժ: Ընդ որում, շատ հաճախ Մոսկվան բելառուսական իշխանություններին քննադատելիս ավելի կոշտ է լինում, քան ազատական Եվրոպան:
Բայց երբ «վերևներում կռվում են, ներքևների հոգին է դուրս գալիս», և երկու երկրների մայրաքաղաքներում քչերին է հուզում, որ այդ «բարձրաշխարհիկ պատերազմներում» թե՛ բարոյապես, թե՛ հուզականորեն տուժում են շարքային մարդիկ: Բավական է հիշել, որ, փորձելով խաղարկել ևս մեկ «գազային պատերազմ» և Բելառուսին գազի մատակարարումը կրճատելով 60 տոկոսով, մոսկովյան չինովնիկները պատահաբար թե ինչ-որ չար հումորի հեգնանքով, որոշեցին այդ բանն անել Հայրենական մեծ պատերազմի սկսվելու օրը: Նրանք, կարծես, լրիվ մոռացել էին (դժվար է ենթադրել, թե չգիտեին), որ հենց այդ երկիրն է ոչ միայն ամենից շատ տուժել այն պատերազմում (մարտերում զոհվել է ամեն երեք բելառուսից մեկը), այլև թուլացրել ռուսական գյուղերին ու քաղաքներին հասցված հարվածները: Բայց դե, «պրագմատիզմի» մեր դարում «իշխանական գործամոլներին» նման հոգևոր տվայտանքներն ամենևին չեն հուզում: Ինչևէ, թքեցին բելառուս ժողովրդի հոգու մեջ և «պատերազմ» հայտարարեցին հենց այդ օրը: Հետո էլ Ռուսաստանում զարմանում են, թե ինչու է Բելառուսը «ռուսազերծման» և պատմական կարևորագույն իրադարձությունների վերագնահատման կուրս վերցրել: Ինչու են երկրում սկսել խոսել 1812 թ. պատերազմում «ռուսական օկուպացիայի» և Նապոլեոն Բոնապարտի զորքերի ներխուժման արդյունքում բելառուսների առջև բացվող դրական հեռանկարների մասին: Ինչո՞ւ է երկրի պաշտոնական պատմագրության մեջ «1812 թ. հայրենական պատերազմ» տերմինը վերացված: Ինչո՞ւ էին Բելառուսի իշխանությունները հետևողականորեն իրականացնում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ռուսաց լեզվի օգտագործումը, լեհ-լիտվական ժառանգության մասսայականացումը կրճատելու և այն որպես «բելառուսական» ներկայացնելու միջոցառումների մի ամբողջ համալիր: Ինչո՞ւ են շարունակվում Լիտվական մեծ իշխանության տիրակալների, այդ թվում` նրանց, ովքեր հայտնի են Մոսկվայի վրա իրենց նվաճողական արշավներով, և լեհական մշակույթի գործիչների արձանների տեղադրման աշխատանքները, իսկ Ալեքսանդր Նևսկու արձանների նախագծերը մոտ ժամանակներս չեն քննարկվի: Ինչո՞ւ է ամբողջ թափով ընթանում բնակավայրերի անվանումները ռուսերենից բելառուսերենի փոխադրելու աշխատանքը: Ինչո՞ւ պաշտոնապես կասեցվեց հնագույն միավորման` Մինսկի «Ռուսիա» ռուսական մշակութային ընկերության գործունեությունը: Եվ ամենագլխավորը` ինչո՞ւ «մեղմ բելառուսականացումը» բնակչության շրջանում բողոք չի առաջացնում: Չէ՞ որ ժողովրդի հիշողությունը, պարզվում է, նուրբ և փափկանկատ երևույթ է:
Բայց «կրեմլյան իմաստակներից» ոչ ոք իրեն նեղություն չէր տվել հիշելու դա: Նրանք, ինչպես գրում են բելառուսական լրատվամիջոցները, հիմա «ավելի կարևոր» բաներով են զբաղված: Նրանք ուզում են «մտրակի ու կարկանդակի» միջոցով ինտեգրել Բելառուսը: Եվ, ինչպես միշտ, նրանց խելքին չի հասնում, որ մահակը կամ մտրակը եթե զենք էլ են, ապա կարճ ժամանակով: Այսպես, նորից է տեղեկություն երևացել այն մասին, որ Մոսկվան ծրագրում է կտրուկ կրճատել հում նավթի մատակարարումը Բելառուսին: Հիշեցնենք, ինչպես գրել էինք ավելի վաղ, անցած ամռանից է շարունակվում այդ «լուծողականի վեճը»: Մաքսային միության շրջանակներում Մինսկը ռուսական նավթն ու նավթամթերքն ստանում է առանց մաքսատուրք վճարելու, բայց միաժամանակ Ռուսաստանին պետք է փոխանցի Մաքսային միության սահմանից դուրս մատակարարվող նավթամթերքի ամբողջ արտահանական տուրքը, ընդ որում, հենց ռուսական դրույքաչափով: Սակայն կանոններում ներառված չեն ջրիկացուցիչ, լուծիչ նյութերն ու քսայուղերը: Ինչից և բելառուսները չհապաղեցին օգտվել. ռուսական նավթի գնումներն ավելացան չորս անգամ, մոտավորապես այդքան էլ աճեց լուծիչների ու քսայուղերի արտահանությունը: Հայտնի է, որ Բելառուսում նավթի վերամշակման առաջադիմական տեխնոլոգիաներ են կիրառվում, ինչի շնորհիվ արտադրանքի որակը համեմատելի չէ ռուսաստանյան ձեռնարկությունների մեծամասնության հետ: Մոսկվայում իրենց կորուստները գնահատեցին երկու միլիարդ դոլար: ՈՒ հիմա էլ Ռուսաստանի կառավարությունը քննարկում է ակցիզի և ԱԱՀ-ի հատուցումը չեղարկելու հնարավորությունը նավթամթերքը Մաքսային միության երկրներ արտահանելու դեպքում, ինչպես նաև մտադիր է ուղղումներ մտցնել Մաքսային միության մաքսային օրենսգրքում և մի շարք այլ հիմնարար փաստաթղթերում: Այսինքն, ինչպես և սպասվում էր: Ռուսաստանը մտադիր է իր նպատակներին ու խնդիրներին հարմարեցնել Մաքսային միության ամրագրված կանոնները: Ճիշտ է, իր վրիպումները Մոսկվան նախընտրում է բացատրել ոչ թե Մաքսային միությամբ, այլ Ռուսաստանի ներսում հումքի անբավարարությամբ: Ընդ որում, մեկնաբանելով նավթի մատակարարումը նախկին ծավալներին հասցնելու բելառուսական կողմի ձգտումը, ռուս դեսպանորդը խստորեն նկատում է. «Ցանկանալը վնասակար չէ, բայց նավթ գնել ցանկացողները շատ են առանց Բելառուսի էլ»: Եվ, իհարկե, ինչպես միշտ, հաշվի չի առնվում այն, որ դա խիստ ցավագին հարված է թե՛ Բելառուսի վճարային հաշվեկշռին, թե՛ բելառուսական ռուբլու փոխարժեքին, թե՛ «աշխատատեղերին» և թե՛, իհարկե, շարքային «հարազատ սլավոնացիների» գրպաններին:
Մյուս կողմից, եվրասիական ինտեգրացիան արագացնելու և Բելառուսին վերջնականորեն իրեն կապելու Կրեմլի ցանկությունը կարող է խախտել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության գործոնը: Այդ կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությունից անմիջապես հետո խաղի կանոնները Միասնական տնտեսական տարածության շրջանակներում փոփոխվեցին: Այսպես, մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքը բարձրացնելու Մինսկի խնդրանքներն արձագանք չեն գտնում ռուսական կողմում: Նրանք հայտարարում են, որ ԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանը կպաշտպանի ի՛ր արտադրողների շահերը: ՈՒ միանգամայն բնականորեն, նման հարցադրումների պայմաններում ԱՀԿ-ին Բելառուսի անդամակցության գործընթացն սկսեց ակտիվանալ: Մինսկը թարմացրեց անդամակցության փաստաթղթերը, տարեսկզբի համար արդեն ծրագրել է մի շարք բանակցություններ և հայտարարել է, որ ԱՀԿ-ին երկրի անդամակցությունը կնպաստի «տեխնիկական օգնության միջազգային պայմանագրերի իրացմանը, բիզնես-միջավայրի բարելավման միջազգային փորձին հասու դառնալու հնարավորություն կտա, կմեծացնի ներդրումային գրավչությունը և այլն»: Իսկ դա, համաձայնեք, ուժերի միանգամայն նոր դասավորություն է, և շատ հնարավոր է` ոչ հօգուտ Մոսկվայի:
Այս մթնոլորտում շատ բազմանշանակ երանգներ են ստանում նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունները: Այսպես, եթե «Բոլորը պետք է հասկանան, որ Բելառուսն առհավետ է, մերն է և երբեք այլևս չի լինի ո՛չ լեհական, ո՛չ ռուսական, ո՛չ էլ ամերիկյան կամ գերմանական» խոսքերը կարելի է վարկանիշային համարել, հուզական, ապա այն, որ պաշտոնական Մինսկը հեռու է քաշվել Եվրասիական խորհրդարանի հարցերի քննարկումից, ակնհայտորեն այլ կարգի հարց է: Լուկաշենկոն նշել է, որ առայժմ այդ կառույցը անհրաժեշտ չէ եռյակի շրջանակներում, և հրաժարվել է նախագծի ֆինանսավորումից: Եվրասիական տնտեսական խորհրդի առնչությամբ նա ավելացրել է, որ «կտրականապես դեմ է անօգուտ ու ավելորդ կառույցների ստեղծմանը»: Եվ էլի մեկ նրբերանգ, հնարավոր է` ամենահատկանշականը. Բելառուսում սպասվում է մեծ սեփականաշնորհում, և ընդգծվում է, որ առաջնությունը կտրվի տեղական կապիտալին: Բելառուսում, երևում է, որոշել են ընդօրինակել ՈՒկրաինայի փորձը, ուր հենց խոշոր բիզնեսը և ոչ թե նոմենկլատուրան էր ավելի շահագրգռված տնտեսական ինքնիշխանության պահպանմամբ ու ամրապնդմամբ: Այսինքն, «իմ շապիկն իմ մարմնին ավելի մոտ է» սկզբունքը խորթ չէ նաև բելառուսներին: Ճիշտ է, խորամանկամիտ Լուկաշենկոն որոշել է նոր ուժ ներշնչել խարխուլ ԱՊՀ-ին և անգամ ներգրավել Վրաստանը, բայց թե այստեղ ինչ մաս է կազմում «քաղաքակիրթ ամուսնալուծությունը» և ինչ մաս` իրական միավորումը, դժվար է ասել: Շատ հնարավոր է, որ այդ նախաձեռնությունը կոչված է «թոզ փչելու» և մեղմելու Կրեմլի «ինտեգրման մարմաջը»:
Այնպես որ, ինքնիշխանության պահպանման հարցը, ամեն տեսակի «միութենական պաճուճանքներով» հանդերձ, փաստորեն, բելառուսական արտաքին քաղաքականության գրեթե ամենաառանցքային հարցն է: Եվ այստեղ բանն այն չէ, որ երկրի ղեկավարությունը, և առաջին հերթին հենց Ալեքսանդր Լուկաշենկոն, արժևորում են իրենց անձնական ինքնուրույնությունը: Հենց այդ նկատառումով է հաճախ, որ նոր կայսրության ռուս ռազմավարները չեն կարողանում երկրում «վերահսկելի հեղաշրջում» կատարել և, համապատասխանաբար, նախագահին համարում են չարիքների փոքրագույնը: Ճակատագրի հեգնանքով, թեև այսօր Բելառուսի միահեծան տիրակալի իշխանության ձգտումն է հենց անկախության նկատելի և լուրջ երաշխիքներից մեկը, երկրում կլիման նույնպես անշրջելիորեն փոխվում է: Այսօրվա դրությամբ Բելառուսում ընդգծված ռուսամետ ուժ չկա, իսկ դրա ստեղծման երկարատև գործընթացի համար Մոսկվան ո՛չ կամք ունի, ո՛չ միջոցներ: ՈՒրեմն, ինքնիշխանության «հանձնման» քաղաքական իրագործելի նախադրյալներ չկան: Բացի այդ, ինչպես նշում են Բելառուսի, փաստորեն, բոլոր փորձագետները` իշխանականից մինչև ընդդիմադիր, անկախությունը որոշակի արժեք է դարձել ժամանակակից Բելառուսում: Ե՛վ բնակչությունը, և՛ իշխանությունը բացահայտորեն շահագրգռված են անկախությամբ: Արդեն վերջին հարցումների տվյալներով, բնակչության մեծ մասը չէր ցանկանա միավորվել Ռուսաստանին, իսկ հարցվածների կեսն էլ առհասարակ հանդես է գալիս Եվրամիությանը միանալու օգտին:
Այնպես որ, մնում է մեկ անգամ ևս հիշեցնել, որ Կրեմլը, ի տարբերություն խորամանկ Արևմուտքի, կարկանդակն առանց մտրակի բաժանել չի ուզում, իսկ ընդհանուր գլոբալացման մեր տեխնոլոգիական դարում «մտրակը» և՛ ժամանակավրեպ է, և՛ անարդյունավետ: Եվ այն, ինչ այսօր նկատվում է Մոսկվայի հանդեպ ամենաբարեհաճ երկրում` Բելառուսում, կարծես, նորմ է դառնում բոլոր նախկին խորհրդային պետությունների համար:

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ