38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ով պիտի կերակրի «փարավոնների երկիրը»

«Ով պիտի կերակրի «փարավոնների երկիրը»
22.01.2013 | 00:56

Այնպես է ստացվել, որ մարդկության պատմության ամեն օրացուցային շրջափուլ կանոնավորապես ուղեկցվում է գաղափարախոսական հին հայացքների փլուզմամբ և հասարակական նոր կեցության ծնունդով։ Այսպես, ուղիղ երկու տարի առաջ, երբ Եգիպտոսը ժողովրդական ցասման ճարակ էր դարձել, իսկ Կահիրեի Ազատության հրապարակում` Թահրիրում, թևածում էին «ժողովրդական լսողությանն» այնքան հաճելի Ազատություն, Արդարություն, Հավասարություն պահանջները, ես առիթ ունեցա մի շարք հոդվածներում կասկածի ենթարկելու դեպքերի առաջադիմական լինելը և ենթադրություն անելու, որ ամբողջ «արաբական գարունը» շուտով կփոխի «համամարդկային մոտեցումները» ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև այդ տարածաշրջանի սահմաններից շատ հեռու։ ՈՒ հիմա ակնհայտ է, որ «Եգիպտոսի դասերը» հարկ կլինի դեռ երկար յուրացնել և ուսումնասիրել։ Բացի այդ, համարձակվում եմ հուսալ, որ մոլորակի «քաղաքական ճարտարապետները» համապատասխան հետևություններ կանեն։ Որքան էլ արաբական հեղափոխությունների օրերին արևմտյան որոշ ազատականներ ու քաղկոռեկտության ջատագովներ ցանկանային բոլոր դեպքերը ներկայացնել իբրև ազատության և ժողովրդավարության պայքար, այնտեղ ամենուրեք թունելի վերջում կանգնած էր չալմայով ու մորուքով, ավտոմատը ձեռքին մարդը, որի ընկալումները բարու և չարի մասին ոչ միշտ են համընկնում միջազգային իրավունքի նորմերին։
ՈՒ բանը միայն այն չէ, որ, ինչպես և ենթադրվում էր, «հավատի պաշտպանները» հերթական անգամ և շատ արագ սկսեցին ոտնձգությունները համաշխարհային ժառանգության հնամյա հուշարձանների նկատմամբ։ Եգիպտոսում առայժմ, փառք Աստծո, միայն խոսքով են կոչ անում ավերելու Գազայի բուրգերն ու սֆինքսները, քանի որ դրանք «կռապաշտության խորհրդանիշներ» են, և դրանց ոչնչացումը «յուրաքանչյուր մահմեդականի պարտքն է»։ Քարոզիչները խորհրդարանի պատերի ներսում հայտարարում են, թե «Ալլահը Մուհամեդ մարգարեին կարգադրել է ոչնչացնել նման կուռքերը, ու մենք պարտավոր ենք ոչնչացնել բոլոր հուշարձանները, որոնցով լեփ-լեցուն է Եգիպտոսը»։ Իսկ Մալիի Տոմբուկտու քաղաքում, որը համարվում է «333 սրբերի քաղաք», արդեն լիովին ոչնչացվել են եզակի, աշխարհում առաջին հողաշեն իսլամական դամբարանները։ Նկատենք, որ վերջին տարիներին իսլամականները, հետևելով իրենց առաջնորդների արմատական հանձնարարականներին, ոչնչացրել են Իրաքի, Մալայզիայի, Թունիսի, Մալիի պատմական հուշարձանները։ Նման գործողությունների շարքում ամենադատապարտելիներից մեկը Սամիանի հովտում Բուդդայի երկու վիթխարի արձանների ոչնչացումն է աֆղանական թալիբների կողմից։ Սակայն աշխարհում, որքան էլ տարօրինակ լինի, դեռևս մոռանում են, որ պատմամշակութային տեսարժան վայրերին վնաս պատճառելը մեկնաբանվում է իբրև «պատերազմական հանցագործություն»։ Վրդովմունքի ձայներ հազիվ են լսվում, իսկ ազատական աշխարհը շարունակում է մխիթարել իրեն նրանով, որ Եգիպտոսի իշխանություններն առայժմ չեն արձագանքում նման հայտարարություններին, և նախագահ Մուրսին «արմատական միջոցներ չի ձեռնարկում»։ Ընդ որում, լրատվամիջոցներն ուրախությամբ հաղորդում են, որ «նույնիսկ բացվել է Քեոփսի բուրգի հարևանությամբ գտնվող Մերեսնահ 3-րդ արքայադստեր` Քեոփս փարավոնի թոռնուհու դամբարանը», որ դամբարանը, լինելով ամենագեղեցիկներից և լավ պահպանվածներից մեկը, դարձել է զբոսաշրջային նոր ձգողական վայր, այնպես որ, եգիպտական նոր վարչակազմը, նրանց կարծիքով, ընդհանուր առմամբ, միանգամայն համարժեք է ու խելամիտ։
Եվ բանն անգամ այն չէ, որ արդեն ակնհայտ է դառնում, որ դեռ բավական երկար ժամանակ Եգիպտոսը դատապարտված կլինի քաոսի։ Ասենք, «արաբական գարնան» բոլոր երկրներն էլ արդեն մտել են մի նոր, էլ ավելի ահավոր ու արատավոր շրջան, որպիսին չի եղել նախորդ վարչակազմերի օրոք։ Հուզումները Թունիսում ու Եմենում, ահաբեկիչների անդադրում գործողությունները Լիբիայում, նորից բորբոքվող կրքերը Եգիպտոսում, հիմա արդեն սահմանադրական հանրաքվեի պահանջով, ամենայն հավանականությամբ, վերջնականորեն կքայքայեն հասարակությունը։
Ազատության ու արդարության պահանջով նորից Թահրիր են դուրս եկել «հեղափոխականները», բայց հիմա դրանք «Մահմեդական եղբայրների» ու Մուհամեդ Մուրսիի հակառակորդներն են։ Նրանցից ոմանք, ինչպես երկու տարի առաջ, համոզված են, որ արդարության կարելի է հասնել միայն նախագահին վերացնելով, ուրիշները սահմանափակվում են ավելի համեստ առաջարկություններով ու խնդրանքներով. «Հեռացիր, Մուրսի, փասափուսադ հավաքիր»։ Բայց և արևելյան ամենադաժան վիրավորանքների գործադրմամբ «նրանք ուղղափառ մուսուլմանուհիների վրայից պոկում են հագուստը, բռնությունների են ենթարկում եվրոպական հագուստ կրող կանանց», «չեն հարգում ծերերին, իրենց թույլ տալով «փետել» ուղղահավատների մորուքները, հարձակվում են մեր ակումբների, սրճարանների, ցուցասրահների ու հրատարակչությունների վրա»։ Նոր իշխանության հանդեպ ընդդիմադիր Մոհամեդ ալ-Բարադեյը գրում է, որ «Մուբարաքի վարչակազմի տապալման համար մարտնչած հեղափոխականները հիմա միավորվել են այդ վարչակազմի մնացորդների հետ` դիմակայելու նախագահ Մուհամեդ Մուրսիի ու նրա կողմնակիցների իսլամիստական նախագծին»։ Իսկ մահմեդական եղբայրության պարագլուխները հայտարարում են, որ Մուրսիի հակառակորդ հակահեղափոխականները, որոնք ուզում են վերադարձնել «Մուբարաքի աստվածուրաց վարչակազմը, մի բուռ ավազակներ են, որոնց նպատակն է իրենց անաստված կարգուկանոնը պարտադրել երկրին»։ Ընդ որում, հասարակության պառակտումն սկսվեց «քաղաք-գյուղ» սկզբունքի և քաղաքների ինքնավար կամ անկախ կարգավիճակի հռչակմամբ։ Այսպես, Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոն Մահալլա քաղաքում բողոքողները քաղաքից քշել են վարչակազմը և հայտարարել «մահմեդական եղբայրների» կողմից կառավարվող պետությունից «ֆաբրիկա քաղաքի» անկախության մասին։ Մի շարք այլ քաղաքներում, այդ թվում` Ալեքսանդրիայում, հանրահավաքներում քաղաքների անկախություն է հռչակվել, և հանրահավաքների մասնակիցներն ավերել ու հրկիզել են «մահմեդական եղբայրների» գրասենյակները։ Ի պատասխան, Մուրսիի հակառակորդների վրա են հարձակվել, այսպես կոչված, «իսլամական միլիցիայի» անդամները։ Զարմանալի չէ, որ անվտանգության, սպառնալիքների ու ատելության այս մթնոլորտում ի հայտ են գալիս դավադրությունների նոր տեսություններ։ Օրինակ, «չարագործները մտադիր են առևանգել նախագահ Մուրսիին» կամ «նրա դեմ մահափորձ կազմակերպել», քանի որ «նախագահը Աֆղանստանից, Չեչնիայից, Բոսնիայից, Սոմալիից, Իրանից երկիր է հրավիրել երեք հազար ջիհադամարտիկների, նպատակ ունենալով ստեղծելու «իսլամական բանակ»` իսլամականների, Եգիպտոսի բանակի ու ոստիկանության ընդդիմադիրների դեմ պայքարելու համար։ Եվ այս իրադարձությունների պայմաններում ակնհայտ է նոր իշխանությունների ձգտումը` գործի դնելու կառավարման ավտորիտար մեխանիզմներ։ Շատերն այն կարծիքին են, որ նախագահի ներկայացրած Սահմանադրության նախագիծը հենց սրա արտացոլումն է։
Այնպես որ, այստեղ քաղաքական կառավարման առումով ամեն ինչ ակներևաբար «դարձ է ի շրջանս յուր»։ Առավել ևս, որ եգիպտական հասարակությունը ծայրագույն աղքատության մեջ է (երկրի բնակչության ավելի քան 50 տոկոսն ապրում է աղքատության նշագծից ցածր պայմաններում) և պահանջում է առավելագույն կարճ ժամկետներում բարձրացնել կենսամակարդակը։ Ընդ որում, բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է երեք հազար դոլար, վերջին 20 տարում բնակչության թիվն աճել է 50 միլիոնով և տարեկան ավելանում է 1,7 միլիոնով։ Նկատենք, որ Եգիպտոսի տարածքի 97 տոկոսն անապատ է, երկիրն ինքնապահովում է պարենամթերքի ընդամենը 40 տոկոսը, իսկ մնացածը ներմուծում է և ստանում միջազգային օգնության ձևով։ Գովաբանված զբոսաշրջությունը տարեկան տալիս է 6-7 մլրդ դոլար, ու հիմա այն ևս սպառնալիքի տակ է։ Եգիպտոսն արդյունահանում է տարեկան 45 մլն տոննա նավթ, բայց գրեթե լրիվ ինքն էլ օգտագործում է, իսկ գազի արտահանումը լավագույն դեպքում չի անցնում տարեկան 8 մլրդ խմ-ից։ Այնպես որ, այն հարցը, թե «ով պիտի կերակրի «փարավոնների երկիրը», առաջվանից պակաս օրախնդիր չէ։ Առայժմ պարզ չէ, թե Մուրսին որքան երկար կարող է հետևել կողմնակիցների ու ամբոխի կոչերին և խզել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Չէ՞ որ հարաբերությունների սառեցումը, ըստ երևույթին, կանդրադառնա ոչ միայն ռազմական համագործակցության ոլորտի, այլև կազդի տնտեսական օգնության ծավալների վրա, որը մինչև վերջին ժամանակներս կազմում էր տարեկան ավելի քան 2 մլրդ դոլար։ Բայց դա, այնուամենայնիվ, բավական զարգացած Եգիպտոսն է, իսկ մյուսներում վիճակն ավելի վատ է։ Այնպես որ, ինչպես և ենթադրվում էր, արաբական երկրներում «հաղթական հեղափոխություններից» հետո բնակչությունն արագորեն հասկացավ, որ էլի ապրում է նույնքան աղքատ ու քաղցած, որ աշխատանք ինչպես չկար, այնպես էլ չկա։ Ավելին, արաբական աշխարհում ժողովրդավարություն երբեք չի եղել ու հիմա էլ չկա, ուրեմն և «բարեփոխումներն» այստեղ վերստին հանգեցրել են անվերահսկելիության և նոր կոռուպցիայի։
Սակայն այդ ամբողջ «հետհեղափոխական մղձավանջը», այնուամենայնիվ, տեղական կարգի երևույթ է, մինչդեռ «արաբական գարունների» հետ կապված այդ բոլոր պատմություններից արվող որոշ այլ հետևություններ ավելի համապարփակ բնույթ են կրում։ Ռուսաստանի գլխավոր իսլամական ռազմավար Ջամալը շարունակում է պնդել. «Մուրսին աշխատում է մի նախագծի վրա, որի մասին ԱՄՆ-ը բարձրաձայն չի խոսում, բայց խնամքով, քայլ առ քայլ, այսպես ասած, իրականացնում է։ Դա Իսրայելի մեկուսացումն է, արաբական այն երկրների հետ հարաբերությունների մակարդակի բարձրացումը, ուր շեշտադրվում է իսլամական գործոնը»։ Սակայն մի ամբողջ շարք իրադարձություններ, մասնավորապես, ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակումը, կարծես, ցույց տվեցին, որ եթե անգամ Սպիտակ տունը կասկածելի հակաիսրայելական դավադրություն նյութում էլ է, ապա այսօր ոչ միշտ է հաջողվում ժամանակին և համարժեք արձագանքել իրադարձություններին։ Բացի այդ, ամեն ինչ չէ, որ հարթ է նաև Օբամայի քաղաքականության պաշտպանության առումով։ Ինչպես ցույց է տվել հասարակական կարծիքի հարցումը, ամերիկացիների 58 տոկոսը համարում է, որ Վաշինգտոնը պետք է մեծ զգուշավորություն հանդես բերի մերձավորարևելյան խնդիրներին միջամտելիս։ Իսկ հանրապետականները դեռևս խիստ դժգոհ են, որ Եգիպտոսի իրադարձությունները, ինչպես իրենք էին կանխատեսում, այդուամենայնիվ, իսլամական հեղափոխություն էին` նման այն բանին, ինչ Իրանում տեղի ունեցավ 1979-ին, և որն սկզբում դարձյալ պաշտպանում էր ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարտերը, ի դեպ, ամերիկացիների կարծիքով, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենավատ նախագահը։ Դրա հետևանքով Կոնգրեսում խնդիրներ են ծագել Եգիպտոսին օգնություն ցուցաբերելու որոշումը հաստատելու հարցում։ Այսինքն, ԱՄՆ-ի, որպես «համաշխարհային կարգավորողի» կամ եթե որևէ մեկին ավելի հարմար է` «համաշխարհային ոստիկանի» դերն անշեղորեն թուլանում է, և պարզ չէ, թե ով կամ ինչն է փոխարինելու նրան։ ՈՒ էլի մեկ հետևություն։ «Արաբական գարնան» արդյունքներն արդեն ակնհայտ են դարձրել այն փաստը, որ «համընդհանուր ժողովրդավարության» գաղափարը նույնքան ուտոպիական է, որքան ամբողջ մոլորակում կոմունիզմի հաղթանակի գաղափարը, որ «ժողովրդավարությունը» կամ ժողովրդի իշխանությունը տարբեր երկրներում և տարբեր մշակույթներում միանգամայն տարբեր ընկալում ունի։ Այսպես, համաշխարհային վերնախավերի անգամ պնդաճակատ ներկայացուցիչներին պետք է հասկանալի լիներ, որ իսլամական երկրներում ժողովրդավարությունը բնավ էլ եվրոպական նմուշի ժողովրդի իշխանություն չէ։ Եվ, ինչպես կանխատեսվում էր, արաբական իրողությունների պայմաններում, ազատականության ու ժողովրդավարության մասին խոսակցությունները դատարկ խոսքեր են. այդ հասկացություններն այստեղ չեն գործում։ Եվ այդ հանգամանքները, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կթելադրեն ամբողջ համաշխարհային քաղաքականության կանոնները։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ