ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Շրջանակային համաձայնագիրը ճանապարհային քարտեզ չէ ...

Շրջանակային համաձայնագիրը ճանապարհային քարտեզ չէ ...
18.08.2009 | 00:00

ՄԻ՛ ՄՈՌԱՑԵՔ ԱՄՐԱԳՈՏԻՆԵՐԸ
Աստծո անցած յոթ օրում եղավ` ինչ լինելու էր, ու աշխարհն անշեղորեն գնաց այն ճանապարհով, որի քարտեզն իրեն տրված էր:
Գինեսի գրքի հայկական ներդրումը շատ է ինքնատիպ, համարյա անհավանական, ափսոս միայն, որ այդ ներդրումը մնում է չգրանցված: Օրինակ, անցած շաբաթ ուղղակի ֆենոմենալ հայտարարություն արեց սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը` կենսաթոշակային հիմնադրամի ոլորտում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդեցություն չի ունեցել: Հնարավո՞ր է գլոբալ աշխարհում նման լոկալ օազիս: Ըստ Վազգեն Խաչիկյանի` այո՛, որովհետև «Առայսօր որևիցե լարվածություն կենսաթոշակի վճարման հետ կապված մենք չունենք, որպես այդպիսին չենք ունենա նաև մինչև տարեվերջ»: Համենայն դեպս` նա չի ժխտել, որ այս տարի ունենք տնտեսական անկում ու 15000 գործազուրկ տարեսկզբից ավելացել է:
Հայաստանի դեմ պայքարի նոր ճակատ է բացել Ադրբեջանը «Եվրատեսիլ 2009»-ից հետո, որի հաղթողին որոշում են քվեարկությամբ: Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները 43 անձից կազմված ցուցակով սեփական քաղաքացիների հետաքննություն են վարում` պարզելու` ինչո՞ւ են նրանք քվեարկել թշնամու օգտին: Իհարկե, նույնիսկ ադրբեջանցիները չփրկեցին Ինգա ու Անուշ Արշակյանների անտաղանդ ելույթը, բայց հետաքրքիր է` ինչո՞ւ հայերը նման խնդիր չեն բարձրացնում իրենց ադրբեջանաերկրպագու հայրենակիցների նկատմամբ` չէ՞ որ Ադրբեջանին 1 միավոր տալը վկայում է, որ նրանք ևս մասնակցել են քվեարկությանը: Հաստատ` համապատասխան կառույցներն իրենք իրենց պատժել չեն ուզում:
Ամբողջ հուլիսին ռուսական լրատվական ծրագրերը մանրամասնորեն ու համառորեն ներկայացնում էին ճանապարհատրանսպորտային պատահարները, շեշտելով զոհերի ու վիրավորների թիվը, որ մի քանի անգամ գերազանցում է անբուժելի հիվանդություններից մահացությունը: Հետո հանդես եկավ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու պահանջեց փոխել աշխատաոճը, խստացնել կարգապահությունն ու վերահսկողությունը: Այսինքն` աշխատեց շատ ճիշտ մոդել. ներկայացվեց խնդիրը, հետո նախագահը հանդես եկավ իր հոգատարությամբ ու լուծումներով: Հայաստանում մի քիչ այլ է: Ճանապարհներին տրանսպորտային վթարների պատճառով զոհերի ու վիրավորների թիվը, բնակչության թվի համամասնություններով, պակաս չէ, բայց առանց նախապատրաստական աշխատանքի, միանգամից ՀՀ վարչապետը կառավարության նիստում պահանջեց... կապել ամրագոտիները: Ելնելով ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման անհրաժեշտությունից` ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ և Երևանի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունը և հինգ տարվա գործողությունների ծրագիրը, երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումների 2009 թ. ժամանակացույցը: «Անվտանգության կանոնները չենք պահպանում: Անհրաժեշտ է, որ մենք առաջին հերթին լինենք խստապահանջ, որ մեր վարորդները պահպանեն անվտանգության կանոնները: Դուք պարտավոր եք պահանջել ձեր վարորդներից, որպեսզի նրանք անպայման օգտագործեն ամրագոտիներ, որոնք այսօր համատարած չեն կիրառվում: Ցանկալի կլինի, որ ոստիկանությունը հենց ինքն իրենից սկսի: Ոստիկանները պետք է օգտագործեն ամրագոտիները, որ իրավունք ունենան մնացած վարորդներից պահանջելու նույնպես ամրագոտիներ օգտագործել: Ամրագոտիների օգտագործումն էապես կրճատում է և մահացության թիվը, և մարմնական վնասվածքները չեն լինում ծանր: Դա տարրական քաղաքակիրթ կանոն է, որը եթե պահպանենք, ապա և զոհերի թիվը, և այլ հետևանքները կտրուկ կնվազեն,- լավատեսորեն ասաց վարչապետը և հավելեց,- մենք մինչև սեպտեմբերի 1-ը պետք է կարողանանք և հեռուստատեսությամբ, և մամուլով ներկայացնել այս խնդրի կարևորությունը և այստեղ նշված միջոցառումների կարևորությունը պետք է հասցնենք մեր քաղաքացիներին»:
2011 թ. երկրագնդի բնակչության թիվը կհատի 7 միլիարդի սահմանագիծը: Իսկ 9 տարի առաջ մենք 6 միլիարդ էինք: Ծնելիության ամենաբարձր մակարդակը աֆրիկյան երկրներում է գրանցվում: Պարզ են, չէ՞, հետևանքները` սոված մանուկներ...
Սեպտեմբերի 15-ին լրանում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության երկարացված ժամկետը, Սամվել Նիկոյանը պետք է ներկայացնի հանձնաժողովի զեկույցը մարտի 1-2-ին Երևանում ծավալված իրադարձությունների ու դրանց հետևանքների մասին: Իսկ մինչ այդ կանխատեսելի ակտիվություն են դրսևորում լուծարված փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները: ՀԱԿ-ի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը և «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն իրենց չորրորդ զեկույցն են նախապատրաստում, նախորդ երեքը թարգմանվել ու ուղարկվել են եվրոպական կառույցներ: Նրանք օգտվում են ԵԽ 1677 բանաձևով տրված իրավունքից` փաստահավաք խմբի յուրաքանչյուր անդամ առանձին զեկույցով հանդես գալու հնարավորություն ունի: Իհարկե, այդ զեկույցներն առաջինն ուղարկվում են ժամանակավոր հանձնաժողովին, որն առայժմ համեստորեն լռում է:
Սեպտեմբերի 30-ին ավարտվում է համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշման կատարման ժամկետը, արդեն ազատ է արձակվել 301 մարդ: Իհարկե` ոչ բոլորը, ամիսուկես ժամանակ դեռ կա:
Բացառված չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովին կփոխարինի ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, իսկ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային` Թինա Քեյդենաուն, որ նշանակվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական: Գրիգորի Կարասինը զբաղվել է Աբխազիայի անկախության հարցով, Թինա Քեյդենաուն` Կոսովոյի: Փորձի պակաս երկուսն էլ չունեն, վճռականություն` նույնպես: Նրանց նշանակումները, եթե դառնան փաստ, կվկայեն նոր փուլ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ:
Իսկ մինչ այդ Մեթյու Բրայզան շարունակում է... մնալ Մեթյու Բրայզա: Կովկասյան հրաժեշտի նրա վերջնակետը Բաքուն էր, բնականաբար նա չէր կարող չհանդիպել Ադրբեջանի նախագահին և կարծիքներ չփոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման, ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ու էներգետիկ համագործակցության, այլ հարցերի շուրջ: Ասուլիսում նա հայտարարել է. «Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման գործընթացը շատ դրական փուլում է: Մինսկի խմբի ակտիվության շնորհիվ նախագահները մոտ են համաձայնության: Մինսկի խմբում մեր աշխատանքը միշտ եղել է արդարացի և կառուցողական: Մինսկի խումբը օգնեց երկու նախագահներին մոտեցնելու դիրքորոշումները հարցերի շուրջ, որոնք կօգնեն լուծելու հակամարտությունը»: Բրայզան Բրայզա չէր լինի, եթե նաև չասեր այն, ինչ պիտի չասեր կամ ասեր` ով գիտի, դեռ ինչեր նա գիտի. հակամարտության հաղթահարման ընթացիկ փուլի մասին խոսելով, նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները մոտ են շրջանակային համաձայնագիր ստորագրելուն: «Մեր դիրքորոշումը միանշանակ է` Լեռնային Ղարաբաղից դուրս 7 շրջանները պետք է ազատվեն, իսկ մնացած հարցերը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչպես հայտարարել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները, և ենթադրում են մադրիդյան սկզբունքները, իրենց լուծումը կգտնեն հետագա փուլերում»` ահա այսպես ըստ Բրայզայի: Խելքի մոտ ու հավանակա՞ն է, հազիվ թե: Շրջանակային համաձայնագիրը ճանապարհային քարտեզ չէ, որն էլ, ի դեպ, չի գործում, այն ստորագրելու համար բոլոր հարցերը պիտի լուծված լինեն գոնե պայմանավորվածությունների մակարդակով: Իսկ հասարակական ընկալման մակարդակով նույնիսկ մադրիդյան սկզբունքները լրիվ բացահայտված ու փոխհամաձայնեցված չեն:
Հերթական հերթապահ հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլին` Թուրքիան վճռական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում, բանակցություններն ընթացքի մեջ են: Կովկասում Թուրքիայի քաղաքականությունն է` բարելավել հարաբերությունները ոչ միայն Հայաստանի հետ, այլև նորմալացնել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները: «Մենք պետք է խուսափենք տարածաշրջանային և գլոբալ հակամարտությունների ռիսկերից Սև ծովի և Կովկասի տարածաշրջաններում», ասել է նա: Ի՞նչ է դա նշանակում: Ոչի՛նչ: Դիվանագիտական հերթական անհրաժեշտություն է, որ պարտադրում է գոնե խոսել, երբ չի արվում ոչինչ: Իսկ եթե արվում է, ապա ավելի քան պարտադիր է ասել ինչ-որ բան:
Fitch Rating-ի տվյալներով` ՀՆԱ-ի անկումը Հայաստանում տարեվերջին կկազմի 15 տոկոս, դա երրորդ ամենավատ ցուցանիշն է և վկայում է տնտեսության խոցելիությունը, անբավարար ու նեղ բազան, ուղղակի կախվածությունը տրանսֆերտներից: Իհարկե, արտաքին վարկատուները զանգվածային ճգնաժամից օգնել են խուսափել, բայց դա բացասաբար է ներգործում տնտեսության կայունության վրա:
Ի՞նչ է սպասում մեզ աշնանը: Միայն թվարկում:
1. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոխություն, ուրեմն և, համապատասխանաբար, կամ` դադար, կամ` նոր արագություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Եվ քանի որ Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրներն այնքան սերտ են շաղկապված, որ որևէ սահման հնարավոր չէ հստակ ուրվագծել, մնում է սպասել, թե ինչպես դա կանդրադառնա երկրի ներքին կյանքում ու արտաքին կյանքում միաժամանակ: Եթե պարզվի, որ ԱՄՆ-ը մինչև հունվար հարցը լուծված տեսնելու հաստատակամություն ունի, ժամանակները կարագանան, եթե պարզվի, որ Ռուսաստանն էլ ԱՄՆ-ի այդչափ ներկայությունը տարածաշրջանում իր շահերի հետ հակասություն է համարելու, արագությունը կնվազի: Ի՞նչ են ուզում Բարաք Օբաման ու Դմիտրի Մեդվեդևը տեսնել Հարավային Կովկասում: Հարցի պատասխանը միանշանակ է` իրենց շահերի առավել պաշտպանվածություն: Եվ այս միանշանակության մեջ պետք է խոշորացույցով գտնել Լեռնային Ղարաբաղն ու իր հակամարտությունը հնարավոր լուծումներով:
2. Ֆուտբոլային դիվանագիտության վերջնախաղ` հոկտեմբերին կգնա՞ Սերժ Սարգսյանը Թուրքիա, թե՞ ոչ: Այսինքն` տեղաշարժ կլինի՞ հայ-թուրքական հարաբերությունների կայացման հարցում: Եթե այո, ի՞նչ և ո՞ւմ է դա ձեռնտու: Եթե ոչ, ինչպե՞ս հաղթահարել բացասական հետևանքները:
3. ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը մարտյան իրադարձությունների վերաբերյալ, սա հարց է, որի պատասխանը ՀՀ երկրորդ նախագահը թողել է երրորդին, իսկ երրորդն ուզում է վերագրել առաջինին: Այս թնջուկը գործնականում լուծում չունի, բայց հասարակական լարվածության խտացման ուժանակ է, որ ցանկացած պահին պայթելու է պատրաստ: Մի քանի պատճառներով, որոնցից առաջինն ու հիմնականը մնում է արդարության ծարավը, երկրորդը` քաղաքական իշխանության լեգիտիմության ու կայունության պահանջը, երրորդը` իրավական գնահատականների անհնարինությունը դատաիրավական համակարգի այս վիճակում, երբ կայացածության պարտադիր պայման ունենալով անկախությունը` համակարգը գործում է լիովին ու բացառապես կախյալ վիճակում, չորրորդը` որևէ գնահատականի անհրաժեշտությունը, որ պարտադրում է հասարակության երկփեղկվածության հաղթահարման կարևորությունը:
4. ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում վերստին քննարկվելու է Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևերի կատարման ընթացքը: Իհարկե, այլևս նախկին վերաբերմունքը ԵԽԽՎ-ի նկատմամբ Հայաստանում չկա, և եվրաչինովնիկների ուղղակի գինն էլ վաղուց հայտնի է, բայց եվրակառույցներում Հայաստանին առնչվող որևէ հարց միշտ դառնում է Հայաստանում քննարկումների առանցք` թեկուզ հայտնի ու կանխատեսելի ընթացքով:
5. Սեպտեմբերի 18-ին նախատեսված է ՀԱԿ-ի հանրահավաքը: Ինքնին` դա համաշխարհային կարևորության իրադարձություն չէ, բայց Հայաստանի իշխանությունները վերստին փակելու են ճանապարհները, նախորդ ու հաջորդ մի քանի շաբաթները եթերն ու թերթերը հեղեղվելու են ընդդիմության անցյալ, ներկա ու ապագա բոլոր քայլերի քննադատությամբ, իսկ դա անվրեպ է աշխատում` հօգուտ ընդդիմության:
6. Արձակուրդներն ավարտվում են, ուզես-չուզես արդեն պիտի լուծես այն խնդիրները, որ ամռանը կարող էիր հետաձգելու շքեղությունը քեզ թույլ տալ: Ինքնաբերաբար գրեթե մեծանում է մարդկանց ակտիվությունը, նաև` քաղաքական:
7. Ամենակարևորը` ֆինանսատնտեսական ճգնաժամը, որ սոցիալական լարվածությունը կարող է գագաթնակետին հասցնել, որովհետև քաղաքականության մասին կարող ես մի քանի օր չմտածել, բայց երեխաներիդ չկերակրել չես կարող:
Իսկ Ազգային ժողովում վերստին երգում են ու պարում: Այս անգամ Արտո Թունջբոյաջյանի դուդուկի տակ ու Հասմիկ Պողոսյանի ծափահարության:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2025

Մեկնաբանություններ