ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ռուսաստանը հետաքրքրված է ղարաբաղյան հիմնախնդրի «պսևդոլուծմամբ»

Ռուսաստանը հետաքրքրված է ղարաբաղյան հիմնախնդրի «պսևդոլուծմամբ»
30.01.2009 | 00:00

ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ
Ներկայումս Ռուսաստանն ու Թուրքիան դեռ որոշակի պատկերացումներ չունեն իրենց փոխհարաբերությունների ռազմավարական զարգացման վերաբերյալ։ Տարբեր բանակցություններն ու խորհրդատվությունները երկու պետությունների միջև տեղի են ունենում շատ մակարդակներում` ներառյալ պաշտպանական և հետախուզական գերատեսչությունները։ Այդ հարաբերությունները ներառում են բազմաթիվ պրոբլեմներ ինչպես սկզբունքային, այնպես էլ մարտավարական բնույթի, և դրանց լուծումը կարճ ժամկետում թվում է անհնարին։
Անցած 17 տարիների ընթացքում Թուրքիան ոչ քիչ քաղաքական և նյութական ռեսուրսներ է ծախսել Եվրասիայում նոր կարևոր դիրքեր գրավելու համար, և հիմք չկա կարծելու, թե նա պատրաստ է զգալի զիջումների, որպիսիք պահանջում է Ռուսաստանը` իր ռազմավարական շահերի պաշտպանության համատեքստում։ Ռուսաստանը, հատկապես վերջին տարիներին, փորձում է բացառել Թուրքիայի որոշ մոնոպոլ կարգավիճակը գեոտնտեսական և աշխարհառազմավարական հարցերում։ Կան տվյալներ, որ 2008-ի գարնանը Ռուսաստանի հատուկ ծառայություններն իրականացրել են մի շարք մասշտաբային միջոցառումներ Թուրքիայի հետախուզական ջանքերը Ռուսաստանի տարածքում կանխելու ուղղությամբ։ Անկարայի հետախուզական և հատուկ գործունեությունը ԱՊՀ-ի տարածքում ձեռք է բերել այնպիսի զանգվածային բնույթ, որ կենտրոնասիական պետությունների ղեկավարները և նույնիսկ ՈՒկրաինան հնարավոր են համարում որոշակի համագործակցությունը Ռուսաստանի հետ` Թուրքիայի այդ ազդեցությունը հաղթահարելու համար։ Կան նախանշաններ, որ ավանդական թուրքական ռազմավարությունից, ամենից առաջ պանթուրքիզմի դոկտրինից բացի, Անկարան նոր գաղափարաբանական միջոցներ է կիրառում Եվրասիայում, Բալկաններում ու Մերձավոր Արևելքում իր ազդեցության տարածման համար, և դրանք տեղավորվում են նեոօսմանիզմի ու նեոպանթուրքիզմի գաղափարական ձևաչափում։
Թուրքիան չի բավարարվում արդիական և կառավարող էլիտաների վրա ձեռք բերված ազդեցությամբ, աշխատանք է տարվում բնակչության լայն զանգվածների հետ, օրինակ, «Նուրչուլյար» ցանցային ծրագրի շրջանակներում։ Այս հանգամանքները չէին կարող չանդրադառնալ ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Առկա իրատեսական գնահատականներով տարբեր մակարդակների բանակցություններում Անկարան ու Մոսկվան հանգում են հետևության, որ հնարավոր չէ փոխհարաբերությունների հաջող զարգացում, պայմանավորվածությունների ու պարտավորությունների համակարգի կառուցում, քանզի շարունակաբար վերադառնում են կուտակված պրոբլեմներին։ Մինչդեռ պետք է կանգ առնել դրանցից ամենակարևորների վրա։
Այնուհանդերձ, ռուս-թուրքական հարաբերություններն այնքան հաջող չեն դասավորվում, ինչքան կցանկանային կողմերը, և անավարտության պատճառն այն նպատակներն ու խնդիրներն են, որ սերտ կապված են երկու պետությունների քաղաքականության հակաամերիկյան վեկտորի հետ։ Քանզի հնարավոր չէ կառուցել հաջող երկկողմ փոխհարաբերություններ ԱՄՆ-ին հակազդելու անհրաժեշտ ու համակարգված ձևաչափի բացակայության պայմաններում։ Ինչպես Անկարան, այնպես էլ Մոսկվան պատրաստ չեն և հազիվ թե կարողանան նախապատրաստվել վարելու փոխպայմանավորված քաղաքականություն ԱՄՆ-ի դեմ, որը հենված կլիներ հստակ ձևակերպված պայմանավորվածությունների վրա։ Ինչպես դաշինքներ ձևավորելու մի շարք այլ դեպքերում, Թուրքիան չի ցանկանում պատասխանատվություն վերցնել Ռուսաստանի պրոբլեմների համար, Մոսկվան էլ իր հերթին չի ուզում խոր ներթափանցել թուրքական պրոբլեմների լուծման մեջ։ Հարկ է ընդգծել, որ երկու երկրների քաղաքական դասակարգը, հատկապես զինվորական և հետախուզական շրջանակները, խոր անվստահությամբ են վերաբերվում միմյանց, ինչը չի կարող չդրսևորվել կոնկրետ հարաբերություններում տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ամերիկյան ու բրիտանական փորձագետների գնահատմամբ, ռուս-թուրքական դաշինքն առայժմ ավելի շատ վիրտուալ է, քան իրական։
Դիտարկելով ներկայիս ռուս-թուրքական հարաբերությունները` կարելի է հանգել եզրակացության, որ երկու երկրներն էլ չեն կարողանում գտնել ղարաբաղյան հարցի իրենց համար ընդունելի լուծում, եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չգնա կիսատ լուծումների ընդունման ճանապարհով, այլ շարունակի մնալ նախկին դիրքերում։ Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում քաղաքական զարգացումների գլխավոր սյուժեն բոլորովին էլ վրաց-օսական հակամարտությունը չէ, այլ ԱՄՆ-ի մտադրությունների հետ կապված նոր ստեղծված իրավիճակը, երբ Վաշինգտոնը փորձում է ամրապնդել ազդեցությունը սևծովյան ավազանում։ Քանի որ այս խնդիրն անմիջականորեն առնչվում է Հայաստանին, անցկացվել են որոշ հետազոտություններ տարբեր երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում ու Բալկաններում` կոնկրետ որոշումներ ու մտադրություններ ձևավորելու համար։
Առաջին. մինչև 2008-ի օգոստոսյան իրադարձությունները ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան չունեին որոշակի ու վերջնական որոշումներ Սև ծովում իրենց ռազմական ներկայության ծավալների, ձևաչափի ու նպատակների վերաբերյալ։ Թեկուզ և կային մշակված ծրագրեր, և համապատասխան աշխատանք էր իրականացվել ՆԱՏՕ-ում ու Եվրամիությունում, ինչպես նաև Բուլղարիայի, Ռումինիայի, ՈՒկրաինայի ու Վրաստանի հետ ռազմական բազավորման հարցերի վերաբերյալ։ Կոնցեպտուալ առումով ԱՄՆ-ը միաժամանակ մտադիր է լուծել երկու ռազմավարական խնդիր` կոմունիկացիաների վերահսկողությունը և Ռուսաստանի, Թուրքիայի, Եվրամիության միջև աշխարհառազմավարական պատնեշի ստեղծումը։ Այս ծրագրերին աջակցել ու մասամբ նախաձեռնող է հանդիսացել Մեծ Բրիտանիան։ Միաժամանակ ԱՄՆ-ը որոշումներ չի կայացրել այս խնդիրների իրագործման բազմաթիվ բաղադրիչների հետ կապված և առայժմ գտնվում է ծրագրերի իրագործման ձևաչափը որոշելու փուլում։
Երկրորդ. օգոստոսյան իրադարձություններից հետո ԱՄՆ-ը խրախուսեց որոշումների ընդունումը` սևծովյան նախագծի հետ կապված, ըստ էության, սկսելով այդ ծրագրի իրագործումը։ Եվ եթե ավելի վաղ Վրաստանին այդ նախագծով վերապահված էր երրորդական դեր, ապա հիմա այն նկատելիորեն աճել է ռազմական բազավորման և դրա սպասարկման մասով։ Կան տեղեկություններ, որ ԱՄՆ-ը մտադիր է վերանայել Ռումինիային, Բուլղարիային ու Վրաստանին տրամադրվելիք օգնության ծավալները, ինչպես նաև նպաստել ՈՒկրաինայում քաղաքական գործընթացների արագացմանը` նպատակ ունենալով ապահովել քաղաքական-իրավական հարցերի արագ լուծումն այս երկրում ռազմական բազավորման իմաստով։ Վաշինգտոնը մտադիր է նաև վերանայել իր ռազմաօդային ուժերի բազավորման ձևաչափը սևծովյան ավազանում, և հնարավոր է համարվում առաջնային բազավորման ծավալումը։
Միաժամանակ ԱՄՆ-ի ծրագրերն ակնհայտորեն ավելի հավակնոտ են, և Սև ծովը, որպես այդպիսին, չի մնա նրա շահերի ապահովման ամենահեռավոր ֆորպոստը։ ԱՄՆ-ը բավականին միջոցներ ու ժամանակ է ծախսել Կովկասյան-Կասպյան տարածաշրջանում ներդրվելու համար, որպեսզի հնարավոր լինի հետագայում հրաժարվել իր ներկայությունն ընդլայնելուց։ ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ ռուս-թուրքական կայուն դաշինքի ձևավորումը, ոչ էլ նրանց համար «օտարացման զոնայի» ստեղծումը` հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների մասով։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ի ջանքերն իզուր կլինեն։ ԱՄՆ-ն անմիջապես արձագանքեց պարտավորեցնող հարաբերությունների «պլատֆորմ» ձևավորելու ռուս-թուրքական նախաձեռնություններին տարածաշրջանում, նաև ղարաբաղյան հարցի կարգավորման առումով, թույլ չտալով, որ այդ նախաձեռնությունները որոշակի տրամաբանություն ու իմաստ ձեռք բերեն։ Վաշինգտոնը հետագայում էլ կաշխատի բացառել բանակցությունների որևէ ձևաչափ Մինսկի խմբից դուրս և կօժանդակի հակառակ միտում ունեցող նախաձեռնություններին։ Ներկայումս ԱՄՆ-ի դիրքորոշումը շատ կարևոր է Հայաստանի համար ուժերի և շահերի հավասարակշռության ապահովման տեսանկյունից ամբողջ Հարավային Կովկասում։ Պարզվում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրն ԱՄՆ-ի համար աշխարհառազմավարական առումով ավելի կարևոր է, քան համարվել է մինչ օրս։ Իրադարձությունները Սև ծովում ու Վրաստանում ուժեղացրել են ԱՄՆ-ի հետաքրքրությունն Ադրբեջանում իր ազդեցության ամրապնդման առումով։ Վերջին տարիներին ԱՄՆ-ն իրագործել է Ադրբեջանը Թուրքիայից բաժանելու հետևողական քաղաքականություն, աշխատելով մեկուսացնել Թուրքիան իրեն շրջապատող երկրներից, նվազեցնելով Անկարային Եվրամիություն խցկելու էնտուզիազմը, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ջանքերը` վերջնական մոռացության տալով Մեղրու միջանցքի մասին թեզը։
ԱՄՆ-ը Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում նոր աշխարհառազմավարական ուղեգիծ է ձևավորում` բացառելով Թուրքիայի ակտիվ մասնակցությունն ու աշխատելով ստեղծել Թուրքիայի ու Ռուսաստանի միջև գտնվող պետություններից իրեն լոյալ գոտի։ Բնութագրական է այն, որ չնայած Պենտագոնի ու թուրքական զինվորականների երկկողմ միջպետական հարաբերությունները կարգավորելու անկեղծ ցանկությանը` նոր բազաների և պաշտպանական ծրագրերի ընդգրկումով, մերձեցում չի ստացվում, և պատճառները միանգամայն հասկանալի են։ Բրիտանական ու ամերիկյան ռազմաքաղաքական փորձագետների գնահատմամբ, թուրք-ամերիկյան հարաբերությունները փլուզման փուլում են, և ԱՄՆ-ը գտնվում է այլընտրանքային գործընկերների որոնման մեջ առնվազն միջնաժամկետ հեռանկարով։
Այս պայմաններում դիտարկելով ուժերի հավասարակշռության պահպանման այդպիսի հեռանկարը, անթույլատրելի է հավանություն տալ ղարաբաղյան խնդրի կարգավորման ինչ-որ արագացված տարբերակների, մանավանդ որ ձևավորվում է կարգավորման իմիտացիայի նոր հեռանկար։ Ռուսաստանը հասկանում է, որ տարածաշրջանում ստեղծվել է «կեղծ պաուզա», և առկա է տարածաշրջանային պետությունների մտադրությունների վերանայում։ ՈՒստի փորձում է ժամանակ չկորցնելով որոշակի պայմանավորվածությունների հանգել Թուրքիայի հետ ԱՄՆ-ին տարածաշրջանից դուրս մղելու հարցում։ Դրա համար էլ Ռուսաստանը հետաքրքրված է ղարաբաղյան հիմնախնդրի «պսևդոլուծմամբ», երբ հայկական կողմի զիջումների հաշվին Ադրբեջանին կվերադարձվի ԼՂՀ-ի ներկա տարածքի 70 տոկոսը, իսկ հայկական կողմը չի ստանա ո՛չ կարգավիճակ, ո՛չ էլ անվտանգության երաշխիքներ։ Խաղաղապահ զորակազմի մուտքը, որը կազմված կլինի միայն ռուսական զորքերից, աղետ կդառնա Ղարաբաղի հայ բնակչության համար։ Ըստ էության, Ռուսաստանը փորձում է իրագործել ղարաբաղյան հարցի լուծման ամերիկյան սցենար` խաղաղապահ ուժեր ներգրավելով ու վերահսկողություն հաստատելով տարածաշրջանային և էներգետիկ կոմունիկացիաների վրա։
Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այս պահին չունի անհրաժեշտ քաղաքական ռեսուրսներ` խիստ վտանգավոր սցենարները կանխելու համար, ապա այդ ռեսուրսները կան ժամանակի մեջ։ Պետք է որդեգրել սպասողական մարտավարություն, չարձագանքել առաջարկներ պարտավորեցնող պատասխաններով։ Իսկապես էլ, Հարավային Կովկասում ձևավորվում է ուժերի նոր հավասարակշռություն, և խնդիրը միայն ժամկետների մեջ է։ Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը հայտնվել է շատ դժվարին, փակուղային վիճակում, քանի որ չի կարող վերսկսել ռազմական գործողությունները` իրեն դնելով կասկածելի և խոցելի իրավիճակում միջազգային ասպարեզում։ ԱՄՆ-ը, ինչպես երբեք, շահագրգիռ է ղարաբաղյան հակամարտության սառեցմամբ` ելնելով ռուս-թուրքական բոլոր նախաձեռնությունները տարածաշրջանում տապալելու անհրաժեշտությունից։ Թուրքիան ցույց է տալիս, որ շահագրգիռ չէ ղարաբաղյան պրոբլեմի արագ լուծմամբ և չի պատրաստվում իր վրա վերցնել անիրագործելի պարտավորություններ։ Իրանը, ինչպես նախկինում, հետաքրքրված է միայն ստեղծված իրավիճակի սառեցմամբ։ Եվրոպական միությունն ու այլ եվրոպական կառույցներ այլևս չեն փորձելու հանդես գալ Արևելյան Եվրոպայում նման հակամարտությունների լուծման նախաձեռնություններով։ Ելնելով իրենց այն «սկզբունքներից», որ տարածաշրջանում տեղի չունենա հակադրության է՛լ ավելի խորացում ու լարվածության մեծացում։ Եվրամիությունը դեռևս հեռու է հակամարտությունների մարման սեփական քաղաքականության ձևավորումից, չունի համապատասխան գործընթացների կառավարման օպերացիոն համակարգ։
Հայկական քաղաքական դասակարգն ու հասարակությունն ամբողջությամբ պետք է վերաիմաստավորեն ղարաբաղյան հիմնախնդրի զարգացման հեռանկարներն ու էությունը` ելնելով նոր իրողություններից, որ առաջացել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Թուրքիայի ակտիվ քաղաքական նախաձեռնությունների հետևանքով Հարավային Կովկասում և Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում։ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման թեզը որոշակի նշանակություն ուներ հիմնախնդրի զարգացման որոշակի փուլում, երբ անհրաժեշտ էր սկզբունքային դիրքորոշում դրսևորել Հայաստանի ու ԼՂՀ-ի կողմից, պատրաստակամություն ցուցաբերել անկախության հասնելու հարցում։ Ներկայումս «անկախության ճանաչումը» կորցրել է իր նախկին նշանակությունը` իբրև պետական զարգացման և ազգի գոյության կարևորագույն նախապայման։ Աշխարհում արդեն վաղուց ձևավորվել են երկու «բևեռներ», որոնք էլ սկզբունքորեն նախաձեռնում են նոր պետությունների ստեղծումը։ Դրանք ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են։ Նախկինում ենթադրվում էր , որ Ռուսաստանն առաջ կանցնի ԱՄՆ-ից այդ գործընթացում, բայց դա տեղի չունեցավ։ Ալբանական Կոսովոն ճանաչելով, ԱՄՆ-ը ստեղծեց նախադեպ և հայտ ներկայացրեց «վերևից» նոր պետությունների ճանաչման առումով, բացառելով անկախացումը և ժողովուրդների կողմից ինքնուրույն կերպով իրենց անկախության հռչակումը։
Միաժամանակ այս նախաձեռնության առաջնայնության առումով ուշանալով, Ռուսաստանը ձեռնարկեց միջազգային նշանակության բոլորովին այլ ակցիա` գործնականում ճանաչելով ինքնահռչակ պետությունները, և աշխարհում արդեն ստեղծվել է ժողովուրդների անկախացման երկու մոդել։ Բայց հնարավոր է, որ ստեղծվեն և ուրիշներ, որոնք 2001-ից մշակել է ԱՄՆ-ի վարչակազմը, ավելի կոնկրետ` անվտանգության խորհրդում ու Պետդեպարտամենտում։ Միանգամայն պարզ է, որ նոր պետությունների ճանաչման կարևորագույն նախապայմանը, այս կամ այն ձևով կամ մոտեցմամբ, հանդիսանում է տվյալ պետության քաղաքական, հասարակական, տնտեսական որոշակի ինքնաբավությունը։ Միաժամանակ անկախության իրացման ճանապարհին ամենավնասակար մոտեցումը հանդիսանում են անթույլատրելի զիջումները, երբ ազդանշան է տրվում զիջելու անկախության մի մասը կամ կատարելու բացարձակապես չհիմնավորված տարածքային զիջումներ։ Եվ որպես հետևանք լինում են էթնոժողովրդագրական փոփոխություններ, որ հանգեցնում են անշրջելի պարտվողական, հասարակական տրամադրությունների։
ԼՂՀ-ի հետ կապված նպատակների ու խնդիրների վերաիմաստավորումն այն է, որ ստեղծված պայմաններում Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները պաշտպանելու այն թեզը, թե Ղարաբաղի անկախության ճանաչումն ինքնանպատակ չէ, և ոչ թե Հայաստանի ու ԼՂՀ-ի, այլ միջազգային հանրության պրոբլեմն է, որը թույլ է տալիս հայ ժողովրդի մի մասի մարդկային ու քաղաքական իրավունքների անտեսումը։ ԼՂՀ-ի անկախության ճանաչման թեզի անընդհատ շեշտադրումը միանգամայն ձեռնտու է Ադրբեջանին ու բոլոր արտաքին ուժերին, որովհետև հնարավորություն է տալիս որոշակի ճնշում գործադրելու Հայաստանի վրա` քաղաքական սպեկուլյացիաներ իրագործելու նպատակով։ Հայաստանը պետք է ԼՂՀ-ի «ճանաչման» քաղաքական կուրսը փոխարինի նրա զարգացման և անվտանգության ապահովման քաղաքականությամբ` իբրև միջազգային պրոբլեմ։ Այդ մոդելը Ռուսաստանը սկսեց իրագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի պարագայում անմիջապես այն բանից հետո, երբ ճանաչվեց Կոսովոյի անկախությունը։ Ռուսաստանը լուրջ մտադրություններ ուներ` փաստացի անջատել այդ հանրապետությունները Վրաստանից` գործադրելով քաղաքական, իրավական և տնտեսական լծակները։ Աբխազիան ու Հարավային Օսիան իրեն ինտեգրացնելով, Ռուսաստանը շահագրգիռ էր նաև նրանց ինտեգրացիայով միջազգային գործընթացներում։ Հարկ է ընդգծել, որ դա լուրջ անհանգստություն առաջացրեց Վրաստանում, սակայն միանգամայն ձեռնտու էր ԱՄՆ-ին ու Եվրամիությանը, քանի որ նրանց ուսերից վերցնում էր այդ խնդիրների լուծման պատասխանատվությունը։ Ժամանակի ընթացքում, միգուցե շատ ավելի արագ, քան թվում է, միջազգային հանրությունը և ամենից առաջ առաջատար ուժային կենտրոնները կփոխեն իրենց վերաբերմունքը չճանաչված պետությունների նկատմամբ և կընդունեն այդ պետությունների, նրանց բնակչության իրավունքներն իբրև միջազգային հանրության մաս։ Այսպիսով, ԼՂՀ գոյությունը, իբրև չճանաչված պետություն, պետք է գիտակցվեն Հայաստանի և ԼՂՀ-ի հասարակությունները։ Վրացական իրադարձություններից հետո չճանաչված, բայց իրականում գոյություն ունեցող պետության գաղափարի իրագործման հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են։ Ներկայումս ավելի կարևոր է չխորացնել «կարգավորման» ծրագրերը, որ առաջ են քաշում Ռուսաստանն ու Թուրքիան։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3453

Մեկնաբանություններ