ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Մենք կոչված ենք հավատքի մասին խոսելու և երկնքի արքայություն առաջնորդելու»

«Մենք կոչված ենք հավատքի մասին խոսելու և երկնքի արքայություն առաջնորդելու»
13.02.2009 | 00:00

«ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՕՏԱՐ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է»
Հայտնի ճշմարտություն է, որ արվեստը գնահատելու համար գոնե պետք է տեղյակ լինել արվեստից, պետք է գրքեր կարդացած, լավ ֆիլմեր դիտած լինել։ Մեր երեխան պետք է գեղեցիկ ու մաքուր փողոցներով գնա դպրոց, համալսարան, աշխատանքի, պետք է սովորի օգտվել այգիներից, թատրոններից, թանգարաններից, որպեսզի կարողանա ընկալել այն ժառանգությունը, որ ստացել է նախորդներից։ Հակառակ դեպքում ընկալումներն աղավաղվում են, աղավաղվում են արժեքային համակարգը, մտքերն ու մարդկային փոխհարաբերությունները։ Տարեկան տնտեսական աճով կամ ֆինանսական ճգնաժամով մտահոգվելուն զուգահեռ հանրապետության կառավարությունը գուցե փորձեր առաջնահերթությունների թվում պարտադիր համարել կենցաղային մշակույթի կանոնների սերտումը և հանրամատչելի դասընթացներ անցկացներ կուլտուրան զանգվածների մեջ ներարկելու համար։
Հասարակության հոգևոր անկման, տարրական նորմերի բացակայության, անհանդուրժողականության մասին մասնագետներն ահազանգում են՝ դրանց հետևանքները համարելով խիստ վտանգավոր ազգային անվտանգության տեսանկյունից։ Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի Առինջ գյուղի սուրբ Աստվածածին և սուրբ Հովհաննես եկեղեցիների հոգևոր հովիվ տեր ՍՄԲԱՏ քահանա ՍԱՐԳՍՅԱՆԸ և հոգեբույժ, հոգեվերլուծող, հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միության նախագահ ԱՐԱ ՉԱԼԻԿՅԱՆԸ հասարակությունում հոգևոր և կենցաղային կուլտուրայի անկումը համարում են ոչ պակաս վտանգավոր, քան նույն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Վերջինը հաղթահարելու համար, սակայն, քայլեր ձեռնարկվում են, մինչդեռ հոգևոր ճգնաժամը բոլորի աչքի առջև օրեցօր խորանում է։
«Ցածր, անմակարդակ վարքագիծն այսօր քարոզվում է ամեն վայրկյան բոլոր հեռուստաալիքներով։ Տպավորություն է ստեղծվել, թե զանգվածային լրատվամիջոցները վարում են ոչ թե հայապահպան, այլ հայակործան քաղաքականություն։ Մինչդեռ այսօր ազգի անվտանգությունը միայն սահմանապահներով չի պահպանվում, այլև մեզանից յուրաքանչյուրի ներքին կուլտուրայով։ Եվ դժվար է ասել` այդ ավերածությունները մե՞ր ձեռքի գործն են, թե՞ դրսի ուժերի, որոնք, շատ հմտորեն օգտագործելով մեզ, քայքայում են երկիրը»,- ասում է հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միության նախագահ Արա Չալիկյանը։ Ըստ նրա՝ ցածրաճաշակ հաղորդումները, ոչինչ չասող շոուները, անճաշակ ձևավորումներն ու կասկածելի գրագիտություն ունեցող հաղորդավարները հաճախ ներկայացվում են որպես ազգային արժեք, ինչը կրկնօրինակման առարկա է երեխաների և երիտասարդների համար։ «Հեռուստաեթերից հնչած խոսքը շատ արագ դառնում է թևավոր արտահայտություն,- մտահոգվում է հոգեբույժը,- և ցավն այն է, որ այլընտրանք չկա, մրցակցություն, որը կբերի զարգացման, գոյություն չունի։ Իսկ մրցակցության բացակայությունը հանգեցնում է լճացման։ Իհարկե, կան կիրթ, բանիմաց մարդիկ, ովքեր, սակայն, ամեն կողմից քարկոծվում են. դուրս են գալիս շքամուտք՝ քարկոծվում են հարևանի կողմից, նույնը՝ փողոցում, խանութում, աշխատավայրում։ Եվ այդ մարդն ուղղակի «կճաքի»՝ ստանալով հոգեմարմնական հիվանդություններ, ինչն այսօր համատարած է։ Իսկ կիրթ մարդիկ, որպես կանոն, նուրբ են ու փխրուն»։ Ըստ հոգեբույժի՝ հոգեկան ներքին լարումը հանգեցնում է օրգան համակարգի խախտումների։ Մեկի մոտ դա սրտանոթային համակարգն է, մյուսի` թոքերը, ենթաստամոքսային գեղձը։ Ալերգիաները, ստամոքսի խոցը, քաղցկեղը, որոնք նույնպես հոգեմարմնական հիվանդությունների թվին են դասվում, բավականին տարածված են։
Ա. Չալիկյանի կարծիքով՝ և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանն այսօր այլ խնդիրներ են հուզում, և այդ խնդիրները կարծես Հայաստանի հետ կապ չունեն։ Գուցե Հայաստանի առիթով են, բայց երկրին չեն ուղղված։ Ցածր կուլտուրայի սերմանումը ձեռնտու է ոմանց. ինչքան մարդկանց մակարդակը ցածր լինի, այնքան հեշտ է նրանց կառավարելը։
Տեր Սմբատ քահանա Սարգսյանն առանձնացնում է լեզվի խնդիրը. «Հայերի համար ամենաօտար լեզուն հայերենն է։ Ցավոք, այսօր կան հայերեն չիմացող, բայց հայերեն խոսող մարդիկ։ Այդ իմաստով մեր հասարակության մեջ կա մեծ բացթողում։ Տուժում է մեր ազգային մշակույթը, և մենք դադարում ենք հայրենական ժառանգության փոխանցողը լինելուց»։ Այս հարցում մեծ անելիք ունի նաև եկեղեցին, որն այսօր, տեր Սմբատի խոսքով, վերականգնման փուլում է. «Խորհրդային իշխանության տարիներին այս կամ այն պատճառով որոշակիորեն վնասվել էր եկեղեցու վարկը։ Այսօր մենք կանգնած ենք մի փաստի առջև, որ հոգևորականի նկատմամբ, որպես այդպիսին, չկա վերաբերմունք։ Որոշակի տրամադրություններ ունեցող մարդկանց մեջ այն մտայնությունը կա, թե հոգևորականը տերտեր է, իր գործն է անում, և այդ գործը կարծես թե իրենց չի վերաբերում։ Այդ իմաստով իրենց հասկացած տերտերն այս հասարակության լիարժեք, լիիրավ անդամը չէ, այլ ինչ-որ օտարածին տարր»։
Տեր Սմբատը հատկապես ընդգծում է աղանդավորների ավերիչ ազդեցությունը մեր ազգային ժառանգության փոխանցման գործում։ Աղանդավորական շարժումը միտում ունի թուլացնելու մեր ազգը, որպեսզի հեշտությամբ ենթարկվենք արևմտյան քաղաքականությանը։ Հոգևոր հովիվը համաձայն չէ ՀՀ սահմանադրության ձևակերպման հետ, ըստ որի՝ եկեղեցուն վերապահված է մշակույթի պահպանման բացառիկ նշանակություն. «Սա ի՞նչ է նշանակում, մենք միայն մշակութայի՞ն կազմակերպություն ենք։ Իհարկե՝ ո՛չ։ Եվ եթե եկեղեցին, որպես այդպիսին, ունենանք, ապա արդարացված կլինի աղանդավորական կազմակերպությունների մուտքը մեր հասարակություն։ Մենք կոչված ենք հավատքի մասին խոսելու և երկնքի արքայություն առաջնորդելու։ Եկեղեցին հոգևոր կազմակերպություն է, հավատքի օրրան և Աստծո դուռ, որով և մարդիկ երկնքի արքայություն են մտնում»։ Այսօրվա մեր հասարակության կրթության հիմքը կարող է լինել եկեղեցաճանաչությունը և եկեղեցու ճանաչության միջոցով ազգային արժեքների իմացությունը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3395

Մեկնաբանություններ