ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աստծով է ամենայն շնորհ և մխիթարություն՝ թե՛ յուրաքանչյուր մարդու, թե՛ շենի, թե՛ երկրի համար

Աստծով է ամենայն շնորհ և մխիթարություն՝ թե՛ յուրաքանչյուր մարդու, թե՛ շենի, թե՛ երկրի համար
25.08.2009 | 00:00

ԽՆԴՐԱՆՔ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԻՆ
Անշուշտ, շատերի նման մենք ևս գոհ ու երախտապարտ ենք, որ մեծ երկրաշարժից հետո Սպիտակում և շրջակա մի շարք գյուղերում եկեղեցիներ կառուցվեցին ու գործում են, որովհետև ոչինչ չի կարող աղետ տեսած մարդու համար առավել մխիթարական լինել, քան Աստված՝ Իր եկեղեցու միջոցով՝ սերմանելով հավիտենական կյանքի սեր: Ցավոք, մեր գյուղն այդ մխիթարությունից զուրկ մնաց, և Նալբանդի հավատացյալ ժողովրդի անունից մեր խնդրանքն ենք ուղղում Մայր Աթոռին, որ մեր գյուղում էլ գործող եկեղեցի ունենանք: Երկու եկեղեցի ունեինք, որոնցից մեկի հիմքերը 5-րդ դարից են, մյուսը 1840 թվի կառույց է, որ Մայր Աթոռի արտոնությամբ վերակառուցվել է 1903 թ., և երկրաշարժի ժամանակ երկուսն էլ հիմնահատակ ավերվեցին: Բնականաբար, այն դիմումներին, որ եկեղեցիներից գոնե մեկը կրկին կառուցվի և լինի գործող, պատասխանում էին, թե գյուղացիներն իրենց ուժերով թող անեն: Իսկ երբ երկրաշարժի ժամանակ գյուղի բնակչությունից երեք հարյուրից ավելի մարդ զոհվեց, և գյուղում գրեթե կանգուն տուն չմնաց, և մինչև այսօր էլ դեռ անտունների հարցը գյուղում չի լուծվել, բնականաբար, օգնության հասնող ձեռք է պետք, և ոչ միայն... Ինչ-որ տեղ, գուցե արժանի հանդիմանանք, թե՝ ելեք, ձեր եկեղեցին ինքներդ կառուցեք: Ինչ-որ տեղ արժանի հանդիմանանք, բայց որպես հաշմված գյուղի, կխնդրեինք Մայր Աթոռի ներողամտությունն ու հովանին և ոչ թե անտարբերությունը, երբ գյուղն ի զորու չէ իր եկեղեցին ինքը կառուցելու:
Գյուղը խոշոր ունևոր անհատներ չունի, որ խնդիրը կարողանան լուծել: Եվ կամ հայոց մեր ազգին օգտակար եղած պատկառելի մեծ այրեր, որ հանուն նրանց անվան հարգանքի՝ հոգևոր մխիթարությունից այդչափ չանտեսվեր: Որովհետև, եթե այնտեղ Վիկտոր Համբարձումյանը ծնված լիներ կամ Ավետիք Իսահակյանը, կամ մեր մեծերից մեկ այլ նշանավոր այր, անշուշտ, այդ մեծերի հանդեպ հարգանքից դրդված՝ գյուղը հոգևոր մխիթարությունից չէր անտեսվի: Բայց ահա վերջին տարիներին իշխանությունն սկսեց առավել ուշադրություն դարձնել գյուղին, և հայոց նախագահը, բազմիցս լինելով այնտեղ, տներ է կառուցում՝ հատկապես հաշվի առնելով, որ երկրաշարժի աղետն իր չափով այստեղ էր ամենամեծը, և հարկ է, ուրեմն պատշաճ ուշադրություն և հոգածություն ամենաշատ տուժածներին: Բայց, ցավոք, հոգևոր մխիթարությունը, որ գործող եկեղեցիով պիտի լիներ, գուցե դեռ նախատեսված էլ չէ, այլ, ասես, մեր Մայր Աթոռի հոգևոր մեծ այրերը սպասում են, թե գյուղը երբ պիտի ունևորներ ունենա, որ եկեղեցու կառույցը նրանք իրականացնեն: Լավ չէ՞ արդյոք, որ հայոց իշխանության հոգածության նման, ծանր հիվանդին բժշկելու հարթության մեջ, հոգևոր իշխանությունն էլ նույնն աներ: Վեհափառը գյուղ այցելեր և, որպես շնորհ ու ողորմածություն, դներ վերակառուցվող եկեղեցու հիմքը:
Իսկ գյուղն իր եկեղեցիով՝ հանուն Հայաստանի նշանավոր մշակ որդիներ ունեցել է և ամուլ չէ։ Նրանցից հիշենք գեներալ-գնդապետ Խաչիկ Համբարյանին, ՌՍՖՍՀ ժողովրդական նկարիչ Ջոնիկ Պապիկյանին և նշանավոր թարգմանիչ Համբարձում Մազմանյանին: Թե՛ զարմանք և թե՛ հիացմունք է պատճառում նալբանդցի թարգմանչի կատարած հսկայածավալ աշխատանքը: Ռուսերենից թարգմանած-հրատարակած 94 հատոր, որոնց մեջ են Դոստոևսկու «Ոճիր և պատիժը», Շոլոխովի «Խաղաղ Դոնը», Տուրգենևի «Որսորդի հիշատակարանը», (վերջինիս թարգմանությունը Ստեփան Զորյանի հետ է իրականացրել), Ժյուլ Վեռնից մի շարք գործեր, Գոգոլից՝ մի քանի հատոր, Չեխովի պատմվածքների մի մասը, Մաքսիմ Գորկուց` «Պառավ Իզերգիլը» և այլ գործեր, Տոլստոյի 10 հատորների ստեղծագործությունների թարգմանության որոշակի մասը կրկին Համբարձումինն են: Օստրովսկու «Փոթորկածինները», Ֆուրմանովի «Չապաևը», Շապիրովսկու «Գարիբալդին», Պուշկինի հատորների որոշակի մասը, Գորբատով, Ցվայգ, Գրին, Կուպրին, Լերմոնտով, տասնյակ այլևայլ գրքեր էլ, որոնց մի մասը՝ ստվարածավալ, բազմահատոր: Սրանք ամենքն էլ նալբանդցի աստվածապաշտ Համբարձումի ձեռքով են հայերենացվել-հրատարակվել՝ Տիրոջ օգնությամբ: Եվ թվում է՝ մեկ մարդու համար գրեթե անհնարին մշակութային աշխատանք է մարդն արել ամենքիս համար և սերունդների: Միայն այս մարդու հայրենանվեր աշխատանքների համար էլ, թվում է, կարելի է Նալբանդ-Շիրակամուտի հավատավոր մտավորականներիս խնդրանքը հարգել և եկեղեցին վերահիմնել, որովհետև եկեղեցու զավակ լինելով է այս մարդն իր շնորհներն ստացել ու գործադրել: Ընտրյալ այս նալբանդցին 1913-ին ավարտել է Երևանի հոգևոր սեմինարիան: Այսինքն՝ նախ գյուղի եկեղեցուց է շնորհի հիմքն ստացել, ապա հոգևոր ուսումով հաստատվել ու ամբողջացել և դարձել բեղմնավոր բարի մշակ՝ հանուն հայոց: Այսինքն` երբ գյուղը կրկին եկեղեցի ունենա, ապա վստահ ենք, որ Համբարձում մշակի և մյուս մեր բարի մշակների նման մշակներ էլի կծնվեն ու առաջ կգան, որովհետև գիտենք, որ Աստծով է ամենայն շնորհ և մխիթարություն՝ թե՛ յուրաքանչյուր մարդու, թե՛ շենի, թե՛ երկրի համար:
ՈՒստի և խնդրելով խնդրում ենք մեր Վեհափառին և հոգևոր Գերագույն ժողովին, որ քննության ենթարկեն մեծ աղետի էպիկենտրոնի՝ Նալբանդի եկեղեցու խնդիրը և ամենաբարի որոշմամբ լուծում տան: Այն հույսով, որ եկեղեցի արգանդով՝ գյուղը վաղն էլի բարի ու արժանավոր մշակներ կծնի՝ հանուն մեր հայոց ազգի:
Նալբանդ-Շիրակամուտի մի խումբ հավատավոր մտավորականներ

Հ. Գ. -Այն վստահությունն ունենք, որ բազմաթիվ անվանի մարդիկ, եթե մեր գյուղից էլ չեն, իրենց ստորագրությունը կդնեին մեր դիմում-խնդրանքի ներքո: Եվ քանի որ այս խնդրանքը գրեցինք Տիրամոր Վերափոխման հիշատակի օրը, ապա Տիրամոր բարեխոսությանն էլ դիմում ենք, որ Աստծո օգնությամբ մարդկային խոչընդոտները խնդրի շուրջ բացառվեն:

Դիտվել է՝ 2872

Մեկնաբանություններ