Հայկական ճարտարապետության պատմության չգերազանցված և հոյակերտ տաճարը
15.05.2020 | 01:17
Այսօր, հիմնահատակ ավերվելուց և դարեր շարունակ հողի հաստ շերտով ծածկված մնալուց հետո Զվարթնոցի վեհաշուք տաճարի քանդակազարդ սյուների պատառիկներին նայելիս ակամա ապշում ես մարդկային ստեղծագործ մտքի կատարելությունից և հասկանում, թե ինչու պատմիչները հայկական ճարտարապետության և ոչ մի հուշարձան չեն պատկերում այնպիսի հիացմունքով, ինչպես Զվարթնոցը։ Բավական է ընթերցել Սեբեոսի և մյուս հայ պատմիչների խանդավառ նկարագրությունները, համոզվելու համար, որ այն իրոք եղել է իր ժամանակի լավագույն կառույցը թե՛ ճարտարապետական հորինվածքի, թե՛ կոնստրուկտիվ լուծումների, թե՛ դեկորատիվ հարդարման և թե՛ խորհրդաբանական իմաստավորման առումով։ Այն նաև հայկական ճարտարապետության այն եզակի հուշարձաններից է, որոնց մասին հիշատակել են ինչպես նրա կառուցմանը ժամանակակից, այնպես էլ հետագա դարերի գրեթե բոլոր հայ պատմիչները՝ Սեբեոսը (6-7-րդ դդ), Մովսես Կաղանկատվացին (7-րդ դ.), Ղևոնդը (8-րդ դդ.), Հովհ. Դրասխանակերտցին (9-10-րդ դդ.), Թովմա Արծրունին (10-րդ դ.), Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ, 10-11-րդ դ.), Սամուել Անեցին (12-րդ դ.), Կիրակոս Գանձակեցին (13-րդ դ.), Վարդան Բարձրաբերդցին (13-րդ դ.), Մխիթար Այրիվանեցին (13-րդ դ): Եվ չնայած պատմիչների այս աստղաբույլին՝ կարևորագույն շատ հարցեր, այնուամենայնիվ, անպատասխան են մնացել։ Մասնավորապես՝ ե՞րբ է սկսվել և ավարտվել տաճարի շինարարությունը, ո՞վ է եղել ճարտարապետը, ինչպե՞ս է այն քանդվել և այլն։ Մի բան միայն հստակ է.. բոլոր պատմիչները միաբերան վկայում են, որ այն կառուցել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը և կառուցել է հայ ժողովրդի համար պատմական ծանր ժամանակահատվածում, երբ երկիրը ստիպված էր երկարատև և դժվարին պայքար մղել մի կողմից բյուզանդական, մյուս կողմից արաբական նվաճողների դեմ:
Այսպես, VII դարի առաջին տասնամյակներին հարավի անապատներից բարձրացող արաբական զորաբանակները, ներխուժելով Պարսկաստան, կործանում են երբեմնի հզոր Սասանյան կայսրությունը, բյուզանդական զորքերը դուրս են մղում հարավ-արևելյան նահանգներից և, հասնելով Հայաստան, 640 թ. հոկտեմբերի 6-ին գրոհով գրավում են Դվինը։ Արաբական արշավանքների ժամանակ ավերվում է երկիրը, տասնյակ հազարավոր մարդ գերի է տարվում։ Այդ օրերին մահանում է նաև կաթողիկոս Եզրը, և երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է սպարապետ Թեոդորոս Ռշտունու ուսերին, որն ամեն ինչ անում է՝ պաշտպանելու երկիրը։ Ահա այս պայմաններում Թեոդորոս Ռշտունու առաջարկով կաթողիկոս է ընտրվում Հայաստանի հյուսիս-արևմտյան նահանգներից մեկի՝ Տայքի եպիսկոպոս Ներսեսը (641-661 թթ.)։ Այս ընտրությունը, իհարկե, պատահական չէր. ինչպես Ռշտունին, այնպես էլ հայ նախարարները և բարձրաստիճան հոգևորականները պետք է որ լավ ճանաչեին Ներսեսին, որ քաղաքական այդ խիստ ծանր պայմաններում կաթողիկոսի այնքան պատասխանատու պաշտոնի համար առաջադրեին նրա թեկնածությունը։ Իսկ ո՞վ էր նա...
Ըստ Սեբեոսի՝ Ներսեսը Հայաստանի Տայք գավառի Իշխան գյուղից էր։ Պատմագրության մեջ ցեղական ծագումն անհայտ է, բայց պարզ է, որ սերել է ազնվական տոհմից. թերևս իր ազնվական ծագման պատճառով է, որ դեռ մանկուց ապրել է Բյուզանդիայում, այնտեղ կրթություն ստացել, ապա, որպես զորավար, ծառայել բյուզանդական բանակում, շրջել աշխարհով մեկ, հմտացել պատմության, արվեստի, աստվածաբանության, երաժշտության բնագավառներում և այնքան մեծ համակրանքի արժանացել կայսերական տանը, որ, ըստ պատմագիր Կաղանկատվացու, դարձել է Կոստանդին կայսեր հայրագիրը (հոգեհայր), իսկ երբ Հայաստան է վերադարձել, ձեռնադրվել է եպիսկոպոս և ղեկավարել Տայքի հոգևոր համայնքը: Ի դեպ, բնիկ տայեցի լինելը մեծ հավանականություն է ընծայում, որ նա սերել է Մամիկոնյան տոհմից։
Պետք է նշել, որ Ներսեսի անձի վերաբերյալ կարծիքները շատ հակասական են. ոմանք նրան մեղադրում են քաղկեդոնականություն ընդունելու մեջ՝ դիտելով որպես Բյուզանդական կայսրության դրածո, և դատապարտում, մյուսներն էլ նրա «դավանափոխության» դրդապատճառները փորձում են բացատրել նրա մեծ հայրենասիրությամբ։ Օրինակ՝ հայ մեծանուն ճարտարապետ Թորոս Թորամանյանն այդ մասին գրում է. «Մի հունածես հաղորդություն առնելով՝ այդ պահին փրկեց բովանդակ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը և ազատեց սրակոտոր լինելուց՝ արտակարգ կատաղությամբ և վրեժխնդրությամբ լցված, մեծ բանակով Հայաստան եկող կայսեր ձեռքից»։ Բայց ժամանակակիցները և հետագա պատմիչներն ու պատմաբանները ինչպես էլ որակեն նրա արարքները, նրա կյանքի և գործունեության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա գործունյա, լայնախոհ, զինվորական և քաղաքական բարձրագույն կրթությամբ, արևմտյան գերագույն կատարելության հասած գեղարվեստի հետ երկար տարիների շփմամբ նրբացած ճաշակ ունեցող և ուժեղ կամքի տեր անձնավորություն է եղել, որն իր ողջ կյանքը նվիրաբերել է Հայոց եկեղեցուն և հայրենիքին՝ հայ ժողովրդին ժառանգություն թողնելով ճարտարապետական հոյակերտ կոթողներ։
Արաբական արշավանքի պատճառով Դվինը, այդ թվում նաև կաթողիկոսարանը, ավերվել՝ քանդվել կամ այրվել էր։ Եվ չնայած ժամանակի աննպաստ պայմաններին՝ հարկավոր էր նոր կաթողիկոսարան կառուցել։ ՈՒստի երբ երկիրը փոքրիշատե խաղաղվում է, և թվում է՝ վերացել է արաբական արշավանքների վտանգը, Ներսեսը ձեռնարկում է Զվարթնոցի հսկայածավալ շինարարությունը։ Ի դեպ, Ներսեսը ծրագրել էր ոչ միայն եկեղեցի և կաթողիկոսարան կառուցել, այլև հոյակապ տաճարի և կաթողիկոսական տան շուրջը մի նոր քաղաք հիմնել՝ Դվինից, Վաղարշապատից և այլ վայրերից իր շուրջը հավաքելով բնակչության ընտիր դասակարգ։ Ահա թե ինչու է նա որոշում կաթողիկոսարանը Դվինից տեղափոխել Վաղարշապատի առապարը (քարքարոտ տեղ, ուր ազատ և ընդարձակ հող կար) և իր նախընտրությամբ գծագրել իր Նոր քաղաքի հատակագիծը։
Ըստ Դրասխանակերտցու հիշատակության՝ Ներսեսը բարձր և ամուր պարիսպներով շրջապատել է հայրապետանոցը, բնակավայր է հիմնել, ջուր է բերել Քասաղ գետից և Զվարթնոցի տաճարի հարևանությամբ պալատական համալիրի կառուցումից հետո խաղողի այգի տնկել։ Այս մասին Սեբեոսը նույնպես գրում է. «Այն ժամանակ հայոց Ներսես կաթողիկոսը որոշեց իր համար նստավայր շինել այն սուրբ եկեղեցիների մոտ, որ Վաղարշապատ քաղաքում էին, այն ճանապարհի վրա, որտեղ ասում են՝ 301 թ. մեծն Տրդատ Գ թագավորը դիմավորել է Խոր վիրապից դուրս եկած սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Շինեց այնտեղ մի եկեղեցի հանուն երկնային Զվարթունների (երկնային հրեշտակների դաս՝ համաձայն Մովսես Կաղանկատվացու, և խորհրդանշում է Երկնային Երուսաղեմ՝ համաձայն Կոմիտաս կաթողիկոսի մեկնաբանության) երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացել էին սուրբ Գրիգորին։ Կառուցեց այդ եկեղեցին բարձրաշեն, զարմանալիորեն չքնաղ, աստվածային պատվին արժանի։ Աղբյուր բերեց, ջուր անցկացրեց և ողջ քարքարոտ վայրերը մշակեց, տնկեց այգիներ ու ծառաստաններ և նստավայրը շրջապատեց գեղեցկաշար բարձր պարսպով՝ ի փառս Աստծու»։
Եվ իրոք, Զվարթնոցի շրջակայքում և անգամ նրանից բավական հեռու պատահական հողային աշխատանքների ժամանակ հատնաբերվել են բնակելի տների, ինչպես նաև պարիսպների և առանձին կառուցվածքների մնացորդներ, որոնք հաստատվել են 1931 թ. ձեռնարկած պեղումների ժամանակ։ Այդ պեղումների արդյունքում պարզվել է, որ Զվարթնոցի պարիսպն աշտարակներ չի ունեցել։ Տաճարի հարավ-արևելյան կողմում, մոտ կես կիլոմետր հեռավորության վրա, պարիսպն ունեցել է 4 մետր բացվածքով մի մուտք՝ դեպի եկեղեցին տանող ճանապարհով։ Այդ ճանապարհի կողքերին ի հայտ են եկել ավելի նեղ կավակերտ պարիսպներ, որոնք ընդհանուր պարսպի ներսում գտնվող շենքերը բաժանել են թաղերի և վանք տանող ճանապարհն անջատել բնակելի տներից։
Ի դեպ տաճարը «Զվարթնոց» անվանել է միայն Սեբեոսը։ Մյուս բոլոր պատմիչների երկերում այն հայտնի է Վաղարշապատի ս. Գրիգոր եկեղեցի անվամբ՝ պայմանավորված Գրիգոր Լուսավորչի մասունքները Զվարթնոց բերելու և գմբեթակիր չորս մույթերի տակ թաղելու պատմության հետ (ասում են՝ մասունքները Զվարթնոց է տեղափոխել իշխան Գրիգոր Մամիկոնյանը)։ Ճարտարապետ Կարո Ղաֆադարյանը կարծում է, որ այն մտացածին պատմություն է՝ տաճարի հեղինակությունն ավելի բարձրացնելու և նրան առավել զորություն վերագրելու նպատակով, քանի որ այդ մասին առաջին անգամ գրել է պատմագիր Դրասխանակերտցին, իսկ հետագայում այն կրկնել են Մովսես Կաղանկատվացին և Վարդան վարդապետը, մինչդեռ ժամանակակից Սեբեոսը և Ղևոնդ Երեցը, որը գրել է արաբների շրջանի պատմությունը մինչև 788 թվականը, այդ մասին ոչինչ չեն հիշատակել։ Բացի այդ, պեղումների ժամանակ Խաչիկ վրդ. Դադյանը մինչև հիմքերի տակը քանդել է Զվարթնոցի տաճարի հյուսիս-արևմտյան մույթը՝ Լուսավորչի ոսկորները գտնելու համար, սակայն ոսկորներ չի գտել, բայց փոխարենը ոչնչացրել է տաճարի չորս մույթերից մեկը։ Բայց միգուցե իրո՞ք ավելի ուշ շրջանում Լուսավորչի մասունքներն այստեղ են փոխադրել և դրանով է պայմանավորված տաճարի անվանափոխությունը, չէ՞ որ գրեթե բոլոր պատմիչներն էլ ծանոթ են եղել Սեբեոսի պատմությանը, բայց ինչ-ինչ պատճառով տաճարը ոչ թե Զվարթնոց, այլ Սբ Գրիգոր են անվանել։
Տաճարի շինարարությունը, սակայն, այնքան էլ հարթ չի ընթացել։ 650 թ. արաբները նորից են արշավում Հայաստան և սկսում են ասպատակել երկիրը։ Թեոդորոս Ռշտունին, համոզվելով, որ բյուզանդական զորքերի օգնությունը զուտ ձևական բնույթ է կրում, և ձգտելով ազատել հայրենի երկիրը արաբական հրոսակներից, խաղաղության դաշնագիր է կնքում արաբների հետ՝ Հայաստանի համար համեմատաբար ընդունելի պայմաններով, ինչը սառը ցնցուղի պես շանթահարում է բյուզանդական արքունիքը։ Կոստանդին կայսրը նախ հորդորներով, ապա սպառնալիքներով փորձում է հայերին հետ պահել արաբների հետ մերձեցումից, սակայն Թեոդորոս Ռշտունին իր կողմնակից նախարարներով (մոտ 40) հավատարիմ է մնում հայ-արաբական պայմանագրին։ Կայսրը սպարապետությունից հանում է Ռշտունուն (Ռշտունին քաշվում է Աղթամար կղզի, որը նրա կողմից խիստ ամրացվել էր)՝ նշանակելով Մուշեղ Մամիկոնյանին։ Ապա փորձում է ռազմական ուժով ծնկի բերել ընդդիմադիր նախարարներին և բազմահազարանոց բանակի գլուխ անցած՝ շարժվում է դեպի Հայաստան ու սկսում ավերել նրա արևմտյան գավառները։ Ներսես Տայեցին և հայ իշխանները ընդառաջ են գնում Կոստանդինին և խնդրում են չպատժել իրենց ու չավերել Հայաստանը։ Կայսրը, հարկավ, որոշ խոստումներ ստանալով կաթողիկոսից և իշխաններից, որոնց մասին Սեբեոսը ոչինչ չի գրում, արձակում է իր զորքի մեծ մասը և միայն քսանհազարանոց բանակով մտնում է Դվին, իջևանում կաթողիկոսի տանը։ Կայսրը թեև պահում է իր խոստումը և Դվինում կոտորած չի կազմակերպում, բայց զգալով իրեն դրության տերը՝ փորձում է օգտվել իրավիճակից և կյանքի կոչել հայկական եկեղեցին բյուզանդական եկեղեցու մեջ ձուլելու իրենց վաղեմի երազանքը և մի կիրակի օր պարզապես պահանջում է, որ հունական ծեսով պատարագ մատուցվի Դվինի Սբ Գրիգոր կաթողիկե եկեղեցում և հայոց կաթողիկոսն ու բոլոր եպիսկոպոսները հաղորդություն ընդունեն հոռոմ երեցի ձեռքից՝ դրանով ապացուցելով իրենց հավատարմությունը Բյուզանդիային։ Պատարագի ժամանակ միասին հաղորդություն են ընդունում Կոստանդին կայսրը, Մուշեղ սպարապետը, Ներսես հայրապետը և բոլոր եպիսկոպոսները. մի մասը՝ կամովին, իսկ մյուսը՝ ակամա։ Այստեղ կարևորն այն է, որ Ներսեսը հունական ծեսով հաղորդություն է ընդունում ոչ թե իր համոզումներից ելնելով, այլ համայն հայության մահվան երկյուղի տակ, և դրան մասնակից են լինում նաև բոլոր եպիսկոպոսները՝ մի բացառությամբ։ Չէ՞ որ եթե հույների հետ հաղորդություն ընդունելը Ներսեսի բարի կամքով լիներ, նախարարական տների և գավառների եպիսկոպոսներր կարող էին չմիանալ նրան, ինչպես այդ տեղի ունեցավ Եզր կաթողիկոսի օրոք։ Պետք է պարզապես տարբերել Ներսեսի կրոնական հայացքները քաղաքական հայացքներից։ Այո՛, Ներսես Տայեցին իր քաղաքական հայացքներով հունասեր էր, բյուզանդական քաղաքական ազդեցության կողմնակից։ Նա գերադասում էր դաշնակից լինել Բյուզանդիային և ոչ թե արաբական խալիֆայությանը։ Բայց որ նա Հայաստանի ինքնուրույնության ջերմ պաշտպան էր և չէր ուզում, որ հայերը միաձուլվեն հույներին, ապացուցվել է դեռ 648 թ. Դվինում գումարված ժողովի ժամանակ, որին ներկա էր նաև երկրի կառավարիչ Թեոդորոս Ռշտունին։ Այդ ժողովի ժամանակ ժողովականները, Ներսես Տայեցու գլխավորությամբ, միաձայն մերժում են Քաղկեդոնի հունական դավանանքն ընդունելու հույների առաջարկը և հավատո գիր կազմում հայոց եկեղեցու դավանանքի վերաբերյալ։ Եվ վերջապես կայսեր հետ հաղորդվելը Հայոց առաքելական եկեղեցու կողմից արգելված չէր։ Այն իրենց գործողություններով խիստ առարկայական էին դարձնում հույները՝ փորձելով հաղորդվելուց հետո ուժով պարտադրել իրենց սովորությունները, ծեսերը և դավանանքը։ Բայց, ինչպես տեսնում ենք, Հայոց եկեղեցու ծեսերում և սովորություններում ոչինչ չի փոխվում։ Իսկ Ներսեսը, շատ լավ գիտակցելով այդ վտանգը, իր հետագա գործողություններով ցույց է տալիս, որ Հայոց եկեղեցու դավանանքի ջատագովն է։
Խնդիրը, սակայն, միայն դավանաբանական գունավորում չուներ. այն ավելի շատ քաղաքական էր։ Շուտով Կոստանդնուպոլսում խռովություններ են սկսվում, և կայսրը ստիպված է լինում անհապաղ հետ վերադառնալ՝ զորքերի հրամանատարությունը հանձնելով Մորիանոսին։ Եվ արաբները, չներելով հայերի բռնած դիրքը, երկրից դուրս են քշում բյուզանդացիներին, խզում են հայերի հետ կնքած պայմանագիրը և ավելի ուշ՝ 654 թ., «պատժելու նպատակով», շուրջ 1775 մարդու մահապատժի են ենթարկում։ Այլևս ելք չտեսնելով՝ Ներսես Գ Տայեցին ստիպված է լինում ժամանակավորապես թողնել քաղաքական ասպարեզը և հեռանալ Կոստանդնուպոլիս՝ հույս ունենալով ստանալու կայսեր աջակցությունն ու օգնությունը, սակայն հուսախաբ լինելով՝ վերադառնում է իր ծննդավայր Իշխան գյուղ և այնտեղ մնում շուրջ վեց տարի։
Այսպիսով, 654 թ. արաբները վերստին գրավում են Դվինը և 1800 մարդու պատանդ տանում։ Թեոդորոս Ռշտունին, որը ծանր հիվանդության պատճառով քաշվել էր Աղթամար կղզի, փորձում է կրկին հանդիպել արաբ խալիֆա Մուավիային և ինչ-որ ձևով վիճակը կարգավորել, սակայն Դամասկոսի ճանապարհին մահանում է։
659 թ. Ներսեսը, ով, ի դեպ, չէր հրաժարվել ո՛չ հայրապետական իշխանությունից և ո՛չ էլ իրավունքներից, այլ պարզապես ստիպված էր ժամանակավորապես թողնելու միայն քաղաքական ասպարեզը, քանի որ Ռշտունին և նրա կողմնակիցները խիստ զայրացած էին նրա բռնած դիրքից, Ռշտունու մահից հետո վերադառնում է Հայաստան։
Լուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․
- Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․
- Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․
- Զարեհ Մութաֆյանի տեսած Հայաստանը
- Ժամանակին նրա մասին ողջ Փարիզն էր խոսում. Սերովբե-Լևոն Քյուրքչյան
- Մեր կյանքն անցնում է սպասումով
- Միմար Սինան․ Էվկլիդեսի և Միքելանջելոյի հայ համարժեքը
- Հայկական ճարտարապետության պատմության չգերազանցված և հոյակերտ տաճարը
- Հայկական ճարտարապետության պատմության չգերազանցված և հոյակերտ տաճարը
- Մեր պատմության մետաղյա ասպետները
- Գեթսեմանի մատուռի հետքերով
- Դամիրյան-Թադևոսյան մանկավարժական տոհմի դարավոր պատմությունը
Մեկնաբանություններ