ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բլից-զրույց ԲՀԿ առաջնորդ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ հետ

Բլից-զրույց ԲՀԿ առաջնորդ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ հետ
28.04.2009 | 00:00

«ՄԻԱՍՆԱԿԱՆ, ԿՈԱԼԻՑԻՈՆ ՖՈՐՄԱՏՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆՔ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՔԻՆ»
-Պարոն Ծառուկյան, ինչպե՞ս եք գնահատում դաշնակցության` կոալիցիայից դուրս գալու փաստը:
-Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր մոտեցումը: Եթե որևէ կուսակցություն կոալիցիայում է, դա չի նշանակում, թե այն ամենը, ինչ արվում է, պետք է անպայման համաձայնվել դրա հետ: Հիմա` դաշնակցության սկզբունքները ցեղասպանության հետ կապված տարբերվում են, և այդ կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից: Բոլորս գիտենք, որ դաշնակցության սկզբունքը դա է:
-Բա դրանով կոալիցիան չի՞ թուլանում:
-Դե, հիմա ես չեմ կարող ասել` թուլանում է, թե չի թուլանում, բայց ամեն կուսակցություն իր սկզբունքն ունի:
-Խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ն ևս ինչ-որ մի փուլում կմիանա դաշնակցությանը:
-Էդ որտեղի՞ց եք «լսում» էդ խոսակցությունները, շատ հետաքրքիր կլիներ իմանալ:
-Տարբեր:
-Նման խոսակցություններ չե՛ն կարող լինել։ Մենք հենց նոր ԲՀԿ խորհրդի նիստ անցկացրինք, ուր ևս մեկ անգամ հավաստեցինք, որ միասնական, կոալիցիոն ֆորմատով աշխատելու ենք ՀՀ նախագահի կողքին:
-Այսինքն, ոչ մի դեպքում դուք Սերժ Սարգսյանից չեք հեռանալու։ Լավ, քաղաքական ձևակերպում օգտագործեմ. այն, ինչ անում է Սերժ Սարգսյանը, ձեր սրտո՞վ է:
-Այն, ինչ մեր սրտով չէ, մենք արտահայտում ենք։ Մենք ևս ունենք մեր սկզբունքները, որոնք հանրապետության նախագահի հետ միասնաբար քննարկում ենք, անում ենք առաջարկներ և այդտեղ որևէ հարց չենք տեսնում: Ուզում եմ ասել, ոչ թե ինչ ասեն, մենք կատարող ենք, այլ որ` մենք ունենք մեր սկզբունքները, որոնց նկատմամբ շատ հետևողական ենք:
-Դուք ողջունո՞ւմ եք հայ-թուրք-շվեյցարական արտգործնախարարների ստորագրած «ճանապարհային քարտեզը»:
-Ողջունում եմ այն առումով, որ այն կապ չունի ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի հետ, այնտեղ նախապայմաններ չկան առաջադրված: Եվ մենք լիարժեքորեն իրավունք ունենք դիմելու միջազգային դատարան` ցեղասպանությունը ճանաչելու հարցով: Եթե նախապայմաններ կլինեն, մենք նույնպես չենք համաձայնի, ինչպես դաշնակցությունը:
-Հետո էլ ասում եք` «որտեղից էդ խոսակցությունները»։ Դաշնակցականներն ասում են` նախապայմանների «հոտ են զգում», դրա համար էլ դուրս են գալիս, մի ժամանակ էլ նավթի հոտեր էին առնում։ Լավ, անցնենք առաջ։ Իսկ ի՞նչ եք կարծում` ի՞նչ է սպասում դաշնակցությանը` ընդդիմություն դառնալուց հետո:
-Չեմ կարող ասել, ես բախտագուշակ չեմ, ժամանակը ցույց կտա:
-Կմիանա՞ն նրանք Ռոբերտ Քոչարյանին, «Սիվիլիտասին»:
-Դա կարող եք հարցնել իրենց:
-Իսկ ի՞նչ եք կարծում` կոալիցիոն պաշտոնների քվոտաները դաշնակցության դուրս գալուց հետո կփոփոխվե՞ն:
-Ես դա չգիտեմ, երկրի նախագահին պետք է հարցնեք:
-Կհարցնենք: Իսկ դուք ձեր հերթին ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Մենք ոչ մի ակնկալիք չունենք:
-Կուզե՞ք ևս մեկ ԱԺ փոխխոսնակ ունենալ:
-Մենք արդեն ունենք, ինչի՞ մասին է խոսքը:
-Նախարա՜ր եք ուզում։ Ո՞ր նախարարությունը:
-Այդ մասին քանի դեռ երկրի նախագահը չի ասել, ոչինչ չեմ կարող ասել, եթե առաջարկ լինի, մենք կմտածենք։ Մենք բոլոր ոլորտների համար էլ համապատասխան պատրաստի կադրեր միշտ ենք ունեցել:
-Քանի՞ պորտֆելի ակնկալիք ունեք:
-Ոչ մի ակնկալիք չունենք:
-Իսկ ՀՀԿ-ից ինչո՞ւ է արտահոսք տեղի ունենում դեպ ԲՀԿ:
-Չկա նման բան:
-Կա՛:
-Չկա՛:
-Կա՛։ Վարդանյան Հովսեփ, Ամոյան Իշխան, Սնխչյան Արմեն...
-Սնխչյան Արմենը նախկինում եղել է ԲՀԿ անդամ... Նիստն սկսվեց, ես գնացի:
Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1775

Մեկնաբանություններ