ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անկարայում չարտասանելով «ցեղասպանություն» բառը` Օբաման վտանգում է իր վստահելիությունը («Կալիֆոռնիա կուրիեր», ապրիլի 9, 2009 թ.) Հարութ Սասունյան

Անկարայում չարտասանելով «ցեղասպանություն» բառը` Օբաման վտանգում է իր վստահելիությունը («Կալիֆոռնիա կուրիեր», ապրիլի 9, 2009 թ.) Հարութ Սասունյան
10.04.2009 | 00:00

ՀՆԱՐՔ
Արդեն մի քանի ամիս է, ինչ ես ուշադրություն եմ հրավիրում Թուրքիայի կառավարության հնարքի վրա, որով նա այն կեղծ տպավորությունն է ստեղծում, թե Անկարան լուրջ բանակցություններ է վարում Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Թուրքիան օգտագործում է սահմանը բացելու մոլորեցնող խոստումը, որպեսզի Հայաստանին ստիպի մի շարք հարցերում զիջումներ անել` միաժամանակ տապալելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագահ Օբամայի խոստումը:
Թուրք պաշտոնյաները նախագահ Օբամային պարբերաբար նախազգուշացնում են, որ նա Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն չանի` պնդելով, որ այդ քայլը կխափանի Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունները: Ցավոք, «Քաղաքակրթությունների դաշինքի» հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Ստամբուլ մեկնելու որոշումը եկավ հիմնավորելու թուրքական կառավարության այն փաստարկը, թե երկու երկրների միջև գործերը լավ են ընթանում:
Մյուս կողմից` Ադրբեջանի նախագահը, իր ազգի շահերը պաշտպանելիս, լի էր դիրքորոշումը չփոխելու վճռականությամբ: Երբ նախագահ Ալիևը տեղեկացավ, որ Անկարան մտածում է Հայաստանի հետ սահմանը բացելու մասին, նա գնահատեց դա որպես «եղբայրական Թուրքիայի» կողմից դավաճանություն Ադրբեջանի նկատմամբ: Նա անհապաղ հետաձգեց իր ծրագրված ուղևորությունը Ստամբուլ: Ալիևը նույնիսկ սպառնաց դադարեցնել բնական գազի վաճառքը Թուրքիային, եթե վերջինս իրականացնի սահմանը բացելու իր հայտարարած ծրագիրը: Նա ցանկանում էր, որ թուրքական սահմանը փակ մնա, որպեսզի ստիպի Հայաստանին տարածքային զիջումներ անել Արցախի (Ղարաբաղի) հարցում: Ադրբեջանական լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Ալիևը մերժել է Ստամբուլ այցելելու` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ինչպես նաև Թուրքիայի նախագահի և վարչապետի անձնական հրավերը: Ալիևն անտարբեր մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ նրան առաջարկեցին առանձին հանդիպում ունենալ Միացյալ Նահանգների նախագահի հետ:
Պարզ չէ, թե արդյոք նախագահ Օբամային մոլորեցրե՞լ են թուրքերի նախազգուշացումները, որպեսզի երրորդ կողմերը չմիջամտեն հայ-թուրքական բանակցություններին: Հնարավոր է, որ նա նպատակահարմար է համարել հաշվի նստել Թուրքիայի առարկությունների հետ, որպեսզի առավելագույնի հասցնի այն զիջումները, որ ցանկանում էր կորզել Թուրքիայից Իրաքի և Աֆղանստանի հարցում:
Անկարայում երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում ահա թե ինչպես պատասխանեց նախագահ Օբաման այն հարցին, թե արդյո՞ք նա փոխել է իր տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում. «Իմ տեսակետները հայտնի են, և ես դրանք չեմ փոխել: Ինձ շատ է ոգևորել նորությունը, որ նախագահ Գյուլի առաջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի է ունենում բանակցությունների շարք, գործընթաց, որը պետք է լուծի վաղեմի խնդիրների մի ողջ շարք, այդ թվում` այս խնդիրը: Ես ցանկանում են հնարավորինս խրախուսել այս բանակցությունները, որոնք առաջ են ընթանում և կարող էին շատ արագ ու շատ կարճ ժամանակում արդյունք տալ: Հետևաբար, այն, ինչ ուզում եմ անել այս պահին, ոչ թե իմ, այլ թուրք և հայ ժողովուրդների տեսակետների վրա կենտրոնանալն է: Եթե նրանք կարողանային առաջ շարժվել և քննարկել դժվար ու ողբերգական պատմությունը, այդ դեպքում, կարծում եմ, ամբողջ աշխարհը կքաջալերեր նրանց: Այսպիսով, նախագահին ես այսօր ասացի, որ ցանկանում եմ հնարավորինս կառուցողական դեր ունենալ այս հարցերում արագ առաջընթացի հասնելու գործում: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ դրանք արագորեն առաջ են ընթանում: Որպես Միացյալ Նահանգների նախագահ, ես չեմ ուզում կանխել որևէ հնարավոր պայմանավորվածություն կամ համաձայնություն, որը կարող է ձեռք բերվել մոտ ապագայում: Ես պարզապես ուզում եմ ասել, որ մենք գործընկերոջ դեր կկատարենք այս հարցերի լուծման գործընթացում այնպես, որ ամենակարևոր կողմերը` թուրքերն ու հայերը, վերջապես կառուցողական համաձայնության գան»:
Երբ լրագրողն ուղիղ հարց տվեց նրան «ցեղասպանություն» եզրը չօգտագործելու վերաբերյալ, նախագահ Օբաման կրկնեց Թուրքիայի կողմից առաջ քաշվող փաստարկները. «Այն, ինչ կցանկանայի` քաջալերել նախագահ Գյուլին, որպեսզի նա շարունակի շատ արդյունավետ բանակցությունները: Եվ ես չեմ ուզում, որ Միացյալ Նահանգներն այս կամ այն կերպ շեղի այս բանակցությունները, քանի դեռ նրանք օգտակար քննարկումներ են անցկացնում»:
Հետո ելույթ ունեցավ նախագահ Գյուլը և իր երկարաշունչ պատասխանում կրկնեց Հայոց Ցեղասպանության` Թուրքիայի սովորական ժխտումները:
Նույն օրն ավելի ուշ Թուրքիայի խորհրդարանին ուղղված իր ուղերձում նախագահ Օբաման կրկին զգուշորեն խուսափեց «ցեղասպանություն» եզրն օգտագործելուց: «Մարդկության ձգտումն իր բնույթով անկատար է: Պատմությունը հաճախ է ողբերգական լինում, բայց երբ այն չլուծված է մնում, դա կարող է մեծ ծանրություն լինել: Յուրաքանչյուր երկիր պետք է հաշտվի իր անցյալի հետ: Անցյալի հետ հաշվի նստելը կարող է օգնել մեզ` ունենալու ավելի լավ ապագա: Ես գիտեմ, որ այս դահլիճում 1915 թ. սոսկալի դեպքերի վերաբերյալ ամուր տեսակետներ կան: Ու չնայած իմ տեսակետների վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ են արվել, իրականում դա այն մասին է, թե ինչպես են թուրք և հայ ժողովուրդները քննարկում իրենց անցյալը: Թուրք և հայ ժողովուրդների համար առաջ շարժվելու լավագույն ձևն այն գործընթացն է, որը պարզաբանում է անցյալը ազնիվ, բաց ու կառուցողական ճանապարհով»:
Հաշվի առնելով այս զարգացումները` կարևոր է, որ Հայաստանի կառավարությունն անմիջապես դադարեցնի բոլոր բանակցությունները Թուրքիայի ղեկավարության հետ, որպեսզի սահմանափակի արդյունավետ բանակցությունների պատրանքի շարունակական շահագործումից հասցված վնասը: Ավելին, Հայաստանի ղեկավարությունը պետք է խստագույնս դատապարտի նախագահ Գյուլի կողմից Հայոց ցեղասպանության ամոթալի ժխտումը Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որն ուղիղ եթերում հեռարձակվում էր ամբողջ աշխարհի հեռուստացանցերով:
Միաժամանակ, ամբողջ աշխարհի հայերը պետք է հեղեղեն Սպիտակ տան «Մեկնաբանությունների գիծը» հեռախոսազանգերով, որոնք նախագահ Օբամային կհիշեցնեն, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Անկարայում արած իր հայտարարություններում նա բավականաչափ հեռու չի գնացել և չի կատարել այս կարևոր հարցի վերաբերյալ տված իր հանդիսավոր խոստումը: Խնդրում ենք զանգահարել 1-202-456-1111 և հաղորդագրություն թողնել: Մինչև Սպիտակ տունը չլսի այդ մասին անմիջապես մի մեծ խումբ հայերից, նախագահը և նրա խորհրդականները կարող են կարծել, թե Անկարայում նախագահի արած հայտարարությունները գոհացնում են հայերին: Այդ դեպքում նախագահը գուցեև հայտարարություն չհրապարակի ապրիլի 24-ի կապակցությամբ, կամ էլ կարող է օգտագործել նույն այն անընդունելի բառերը, որ օգտագործեց Թուրքիայում:
Վերջապես, նախագահ Օբաման պետք է հասկանա, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոստումը պահելու կարևորությունը դուրս է գալիս միայն այս հարցի սահմաններից և ուղղակիորեն ազդում է նրա ընդհանուր վստահելիության վրա: Անկարայում նրա ելույթից մի քանի ժամ անց Politifact.com կայքը կասկածի տակ դրեց նրա ազնվությունը` եզրակացնելով, որ նա դրժել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոստումը` մեկն այն 511 նախընտրական խոստումներից, որոնց կատարմանը հետևում է կայքը, որպեսզի ստուգի նախագահի վստահելիությունը:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի
Արտասահմանյան մամուլի տեսություն էջից

Դիտվել է՝ 1859

Մեկնաբանություններ