«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սպասված գիրքը-2

Սպասված գիրքը-2
03.11.2022 | 10:57

Պահեստազորի սպաների միությունն ընթերցասերի դատին է պատրաստվում հանձնել իր շուրջ մեկուկես տարվա գործունեության արգասիք գիրք-ընտրանին: Մեր նախորդ հրապարակումը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հուշերից էր: Այսօրվա Ձեր զրուցակիցը պահեստազոր գեներալ-լեյտենանտ ՎՐԵԺ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ է իր հուշերից մեկին անդրադարձով:


Հեղաշրջում ԱԱԾ-ում
...1994-1995թթ․ Հայաստանի ազգային անվտանգության պետական վարչությունը (ԱԱՊՎ) գլխավորեց Դավիթ Գուրգենի Շահնազարյանը։ Նա նույնպես կադրային աշխատակիցների թվից չէր, սակայն պետք է նշեմ, որ Դավիթ Գուրգենովիչն այդ ժամանակ բավականին եռանդուն երիտասարդ էր, անկեղծորեն ցանկանում էր ուժեղացնել պետվարչությունը, վերածել այն տարածաշրջանում հզորներից մեկի։ Չգիտեմ՝ գուցե այդ գաղափարի օրիգինալ իրականացման կամ այլ մղումներ էին ընկած 1994 թվականին նրա ղեկավարման սկզբնական փուլի իրադարձությունների հիմքում, սակայն դրանք երբեք չեն ջնջվի պետվարչության աշխատակիցների հիշողությունից։


Երևի ճակատագրի հեգնանքով էր, որ այդ տարվա հունվարի 13-ին ես էի նշանակվել պետվարչության պատասխանատու հերթապահ։ Երեկոյան, մոտավորապես 9։30-ին, քաղաքացիական հագուստով երկու անձի ուղեկցությամբ, ինքնաձիգներով զինված, իմ աշխատասենյակ մտավ ԱԱՊՎ նախկին պետ, գեներալ-մայոր Վ․ Պողոսյանը։ Կարճ դադարից հետո ասաց․ «Վրեժ, հավաքիր իրերդ ու գնա տուն»։
Պատկերացնում ե՞ք իմ վիճակը։


Աշխատելով տիրապետել ինձ ու հավաքվելով մտքերով՝ ես հարցրեցի․ «Վալերի Վաղարշակովիչ, ի՞նչ է այս ամենը նշանակում։ Ինչպե՞ս կարող եմ գնալ տուն։ Չէ՞ որ ես պատասխանատու հերթապահն եմ։ Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս հասկանալ այս ներխուժումը»։
Աշխատելով հանգստացնել ինձ՝ նա կրկնեց․ «Վրեժ, հավաքիր իրերդ, գնա տուն։ Հետո ամեն ինչ կիմանաս»։


Սակայն ճնշող անորոշությունը տանջում էր ինձ, ու ես որոշեցի զանգել, այս ամենի մասին զեկուցել ԱԱՊՎ պետի առաջին տեղակալ, գնդապետ Նավասարդ Մնացականի Մինասյանին․ «Զինված երկու անձի հետ իմ աշխատասենյակում է գեներալ Պողոսյանն ու պահանջում է, որ լքեմ շենքը։ Ի՞նչ է կատարվում, Նավասարդ Մնացականովիչ»։
Աշխատելով պահպանել հավասարակշռությունն ու սառնասրտությունը՝ Նավասարդ Մնացականովիչը հեգնալից կտրեց խոսքս․ «Հեղաշրջում է»։
Ես շվարեցի ու, աշխատելով չկորցնել ինձ, հարցրեցի․ «Ի՞նչ հեղաշրջում», ինչին նա պատասխանեց․ «Վրեժ, ինձ մոտ նույնպես հյուրեր են, հանգիստ գնա տուն։ Ամեն ինչ նորմալ կլինի»։


…Իրականացնելով Նավասարդ Մնացականովիչի ցուցումը՝ ես գնացի տուն, սակայն ինձ չէր լքում շփոթը։ Քնել չէի ուզում։ Ասենք՝ հնարավոր էլ չէր։ Ողջ ընթացքում ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչպե՞ս է եղածը հնարավոր, ինչպե՞ս մի վայրկյանում, մի հրահանգով կարող է փակվել մի ամբողջ երկրի հատուկ ծառայություն։ Փորձում էի մտաբերել որևէ այլ երկրի օրինակ։ Ապարդյուն ջանքեր...


(շարունակելի)

Դիտվել է՝ 7668

Մեկնաբանություններ