ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը

Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը
23.12.2020 | 14:28

Ֆրանսիայի Իսի-Լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը դեկտեմբերի 10-ի նիստին ներկայացրել է բանաձև Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ: Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը: Առողջապահական, տնտեսական և սոցիալական աննախադեպ ճգնաժամի առջև կանգնած աշխարհը 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ 25 տարվա ապարդյուն դիվանագիտական ջանքերից հետո, ականատես եղավ Արցախի տարածքում հակամարտության կտրուկ վերսկսմանը: Թուրքական և ջիհադիստական ուժերի աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակի և արյան հեղեղ թափվեց այս տարածքի վրա, որը քրիստոնեության բնօրրան է, պատմական Հայաստանի արևելյան հատվածի մի մասը և հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: Մի կողմից հայերի և մյուս կողմից ադրբեջանցիների, թուրքերի և ջիհադիստների միջև վեց շաբաթ տևած անխնա բախումներից հետո Երևանը ստիպված եղավ համաձայնվել ստորագրել 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը Ռուսաստանի միջնորդությամբ: Այնուամենայնիվ, խնդրին լուծում չի տրվել: Ինչպես այդ մասին խոստովանել է նաև Ֆրանսիան, համաձայնագիրը ոչ մի կերպ չի լուծում Արցախի կարգավիճակի հարցը: Մարտերից փախած 120 000 հայ փախստականներին պետք է հնարավորություն տրվի վերադառնալ իրենց տներ: Թուրքիայի կողմից ուղարկված սիրիացի 2000 վարձկանները պետք է անհապաղ լքեն տարածաշրջանը: Բացի այդ, հարցականներ են մնում Հայաստանի տարածքային ամբողջականության և պետության ինքնիշխանության վերաբերյալ` պայմանավորված Ադրբեջանին և Նախիջևանի ինքնավար մարզին կապող ճանապարհային միջանցքով:


«Աշխարհի բոլոր հայերի համար նման ագրեսիայի դրսևորումները, քաղաքացիական խաղաղ բնակչության թիրախավորումը, էթնիկ և կրոնական զտումների իրականացումը արթնացնում են 1915-ի ցեղասպանության սարսափելի հուշերը: 1920-ականներին Իսի-լե-Մուլինո քաղաքը իր դռները բացեց բազմաթիվ հայ փախստականների առջև և այդպիսով ստեղծվեց Իլ-դը-Ֆրանսում ամենամեծ համայնքներից մեկը: Հետևաբար, Իսի-լե-Մուլինոյի ինքնությունն ու պատմությունը մեկ դար շարունակ անքակտելի են եղել հայոց հարցից: Իսի-լե-Մուլինոյի ներկան և ապագան միշտ կապված են Հայաստանի հետ, ինչի մասին վկայում են բարեկական հարաբերությունները և համագործակցության ծրագրերը, որոնք ավելի քան 30 տարի կապում են Իսի-լե-Մուլինոն իր հայկական քույր քաղաք Էջմիածնին: Հետևաբար, անսասանորեն հավատարիմ իր արժեքներին՝ ժողովրդավարությանը, համերաշխությանը, պատասխանատվության ոգուն, և առերեսվելով 1915-ի ցեղասպանության պատասխանատու և միևնույն ժամանակ դա մինչ օրս ժխտող Թուրքիայի ակտիվացմանը Կովկասում, Իսի-լե-Մուլինոյի քաղաքային իշխանությունները հրավիրում են կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը»,-ասված է բանաձևում: Արցախի ճանաչումը նպատակ ունի հաստատել կայուն խաղաղություն, քանզի այլևս տապալվել է Ֆրանսիայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի պաշտպանած անկողմնակալության պահանջը: Սենատը դա լավ հասկացավ, քանի նոյեմբերի 25-ին դարձավ առաջին արևմտյան խորհրդարանական մարմինը, որը ճանաչեց ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը:

Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևը նաև կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը տրամադրել զանգվածային մարդասիրական օգնություն, պահանջել միջազգային հետաքննության իրականացում պատերազմական հանցագործությունների վերաբերյալ և հաստատում է տեղահանվածների վերադարձի իրավունքը, հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու անհրաժեշտությունը:
«Այս ամենից ելնելով, որպեսզի Արցախի և Հայաստանի հայերը ազատ ու խաղաղ ապրեն իրենց պապենական հողերում, Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը կոչ է անում, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը՝որպես իր բնակչության անվտանգություն և տարածաշրջանային ու միջազգային կայունության երաշխիք: Քաղաքային խորհուրդը, հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր օրենսգիրքը և մասնավորապես Լ. 2121-29 հոդվածը, հիմք ընդունելով քաղաքային խորհրդի ներքին կանոնակարգը և մասնավորապես 9-րդ հոդվածը, սույն զեկույցը լսելուց և այն քննարկելուց հետո, ընդունում է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) ճանաչման բանաձեւ, որոշում է ծանուցել սույն բանաձեւի մասին Էջմիածնի քաղաքապետ տիկին Դիանա Գասպարյանին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ պրն Հովհաննես Գևորգյանին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պրն Ջոնաթան Լաքոթին»,-ասված է բանաձևում:

Դիտվել է՝ 2807

Մեկնաբանություններ