ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչն այլևս չկա. նա հանձնել է այն ամենը, ինչ հնարավոր էր. Свободная Пресса

Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչն այլևս չկա. նա հանձնել է այն ամենը, ինչ հնարավոր էր. Свободная Пресса
19.12.2020 | 01:28

Ռուսական Свободная Пресса-ն վերլուծել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը: Վերջին օրերին շատ անհասկանալի բաներ են տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի շուրջ: Նրա քաղաքական գիծը, կարծես, սկսում է հակասել Ռուսաստանի շահերին: Հայաստանում նրա նկատմամբ բազմաթիվ բողոքներ կան: Գլխավորն այն է, որ ընդունելով իր պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտության համար, նա հրաժարվում է պաշտոնաթող լինել: ՌԴ ՊՆ-ն հերքել է Փաշինյանի պնդումը, թե ադրբեջանական զինուժը շրջապատել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում: Մոսկվան նշել է, որ ռուս խաղաղապահների բոլոր ստորաբաժանումները առաջադրանքները կատարում են կանոնավոր ռեժիմով և անընդհատ շփվում են Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի հետ: «Այս պարագայում պետք է վստահել ՌԴ ՊՆ տեղեկատվությանը, և ոչ թե Փաշինյանի խոսքերին, որը, ըստ երևույթին, շուտով չի լինի (իշխանության)», -մեկնաբանել է ռազմական թղթակից Դմիտրի Իվանովը, որը վերջերս է վերադարձել Լեռնային Ղարաբաղից և Երևանից:


«Ազատություն» ռադիոկայանին (ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից) Փաշինյանի հարցազրույցից մի քանի ժամ անց ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի մեղքով «ապակայունացման ռիսկի» մասին: Նրանք Ռուսաստանի ներկայությունը մարտահրավեր են համարել բոլոր պետություններին և կողմերին, որոնք մասնակցում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Ռուսական կողմից պատասխանը եղել է դիվանագիտական: «Ռուսաստանի միջամտության շնորհիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կայունացել է: Իսկ ԱՄՆ-ին խաղաղություն պետք չէ այս տարածաշրջանում: Նրանց պետք է թեժ կետ: Նրանք ԽՍՀՄ-ը չեն քանդել, որպեսզի հետխորհրդային տարածքում հանգիստ լինի», -ասել է Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը: Հայաստանում այս ամբողջ քաղաքական «խառնաշփոթի» մեղավոր Փաշինյանին արդեն մի կերպ են հանդուրժում: Դեկտեմբերի 16-ին այնտեղ տեղի է ունեցել ընդդիմության հզոր երթ: «Երեքշաբթի օրը (դեկտեմբերի 22-ին) մենք սկսում ենք համընդհանուր գործադուլ և զանգվածային բողոքի ցույցեր ամբողջ երկրում, ժամը 12:00-ին շրջապատում ենք կառավարության շենքը»,-ասել է Դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Տեղեկություններ են հայտնվել, որ ՀՀ երկրորդ և Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 17-ին եռօրյա մասնավոր այց է կատարել Մոսկվա: Քաղաքական այս ծանրակշիռ անձի Ռուսաստան այցը, որից այս պահին մեծապես կախված է Հայաստանի ճակատագիրը, չի կարող պատահական լինել: Քոչարյանը Փաշինյանի քաղաքական հակառակորդն է:

«Փաշինյանի հայտարարությունը, թե ռուս խաղաղապահները շրջապատված են, սադրիչ է,- նշել է ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը: -Սա փորձ է արհամարհել մեր խաղաղապահների հեղինակությունը: Պետք է հասկանալ, որ խաղաղապահ գործողությունները երկու տեսակի են լինում. Առաջինը խաղաղության պարտադրումն է, երբ ՆԱՏՕ-ն ռմբակոծում էր Հարավսլավիան, որպեսզի Սերբիային ստիպի համաձայնվել Կոսովոյում արևմտյան ուժերի ներդրմանը: Բացի դրանից կան խաղաղության պահպանման գործողություններ: Դրանք են Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան և այժմ արդեն Լեռնային Ղարաբաղը»: Հայաստանի իշխանությունները շատ են ցանկանում, որ ռուս խաղաղապահները իրենց փոխարեն կռվեն ադրբեջանցիների հետ: Բայց կան միջազգային կանոններ, թե ինչ պետք է անեն և ինչ չպետք է անեն խաղաղապահները: Նրանք չպետք է զենք օգտագործեն հօգուտ կողմերից որևէ մեկի: Խաղաղապահները զենք կարող են օգտագործել միայն իրենց վրա հարձակման դեպքում: Նրանք կարող են հակահարված տալ: Իսկ հակամարտության պայմաններում նրանք պետք է երկու կողմերին առողջ տրամաբանության բերեն իրենց ներկայության բուն փաստով, տեղեկացնեն ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին: Հետևաբար, երբ Փաշինյանը պնդում է, որ ռուս խաղաղապահները շրջապատված են ... ո՞վ կարող է նրանց շրջապատել: Ոչ ոք նրանց հետ չի պատերազմում: Իզուր չէ, որ զորամիավորումը ներկա է միայն պատերազմող կողմերի փոխադարձ համաձայնությամբ (Մոսկվան է պնդել դա): Երբ այդպիսի հայտարարություններ են արվում, դա մի կողմից՝ խաղաղապահության էությունը չհասկանալու փաստ է, մյուս կողմից՝ ինչ-որ սադրանքի մեջ ներքաշելու փորձ` կամ առանց հասկանալու, կամ չարամտորեն»:


ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Գևորգ Միրզայանի խոսքերով՝ Փաշինյանը մեծապես վարկաբեկել է իրեն Ռուսաստանի հետ հարաբերություններում:
«Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչն այլևս չկա: Նա հանձնել է այն ամենը, ինչ հնարավոր էր, և անձնական պատասխանատվություն է կրում հազարավոր զոհերի, հսկայական տարածքների կորստի համար: Եթե նա ժողովրդավար քաղաքական գործիչ լիներ, պետք է հայտարարեր արտահերթ ընտրություններ՝ ժողովրդի վստահությունը հաստատելու կամ հերքելու համար»,-նշել է Միրզայանը:


«Փոխարենը՝ Փաշինյանը սկսում է կառչել իշխանությունից: Նա չի պատասխանում ոչ մի հարցի, որը քաղաքացիական հասարակությունն իրեն տալիս է Ղարաբաղի մասին: Փոխարենը նա սկսում է աշխատել հասարակությունը պառակտելու ուղղությամբ՝ փորձելով իր մեղքը բարդել ուրիշի՝ ՀՀ նախկին իշխանությունների վրա: Միայն թե նախորդ իշխանության օրոք այսպես չէր, և 2016-ին ռազմական գործողությունները պարտության չհանգեցրին: Փաշինյանը հույս ունի, որ այս կերպ կկարողանա պաշտոնավարել: Բայց այս փաստարկը երկար չի գործի: Նա ստիպված կլինի այլ մեղավորներ փնտրել: Եվ միանգամայն հնարավոր է, որ նրա արևմտյան ընկերները նրան ասեն, որ Ռուսաստանին պետք է մեղադրել չօգնելու և, ընդհանուր առմամբ, թուրքերի հետ Լեռնային Ղարաբաղը խլելու համար: Բայց
Փաշինյանն առայժմ չի կարող նման բան ասել՝ հույսը դնելով Պուտինի վրա»,-ասել է Միրզայանը: Հարցին, թե հնարավոր է, որ Մոսկվան ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում է Քոչարյանին, Միրզայանը նշել է.«Քոչարյանը մեծ հարգանք է վայելում Հայաստանում և Ղարաբաղում: Բայց նա ունի նաև շատ հակառակորդներ: Եթե հիմա ինչ-որ մեկին Հայաստանի ղեկավար նշանակեն, նա կլինի առանց այդպիսի քաղաքական անցյալի մարդ, ոչ հներից: Այդպիսի մարդիկ կան: Ըստ ամենայնի, Քոչարյանի խնդիրն է նրանց անունից խոսել Պուտինի հետ: Նա, Բեռլուսկոնիի և Շրյոդերի հետ միասին, Ռուսաստանի նախագահի երեք անձնական ընկերներից մեկն է, որի հետ նա դեռ շփվում է: Եթե Պուտինը ինչ-որ մեկին վստահում է, Քոչարյանն է»-ասել է Միրզայանը:


Հայկական «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը կարծում է, որ Փաշինյանը կփորձի պահել իշխանությունն ԱՄՆ-ի աջակցությամբ:
«Փաշինյանը միանշանակ քաղաքական դիակ է: Նա հեռանկար չունի: Բայց դա չի նշանակում, որ նրա քաղաքական մահը իրավաբանորեն կարձանագրվի: Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել նրա հրաժարականը: Աշխարհաքաղաքական առումով նրա հրաժարականի հարցը ներհայկական չէ: Ամերիկացիներ կան, որոնք այժմ կմեծացնեն իրենց ներկայությունը, չնայած նրանք երբեք ամբողջությամբ դուրս չեն եկել խաղից: Սա Ջո Բայդենի` նախագահի պաշտոնում ընտրության արդյունքն է: Դեմոկրատական վարչակազմը կմեծացնի իր գործունեությունը Հայաստանում և ընդհանրապես Կովկասում: «Ազատություն» ռադիոյին Փաշինյանի հարցազրույցից անմիջապես հետո Պետդեպարտամենտի «հարվածը» առաջին ահազանգերից մեկն է: Մինչ այդ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ: Այս հանդիպումից հետո, մեր տեղեկություններով, խախտվել են որոշակի պայմանավորվածություններ, որոնք նա ավելի վաղ ձեռք էր բերել ռուսական կողմի հետ: Ակնհայտ է, որ Փաշինյանը փորձում է հավասարակշռելով Մոսկվայի և Վաշինգտոնի հակասությունների վրա՝ մնալ իշխանության: Այս դեպքում նա պատրաստ կլինի ամեն ինչի: Ուստի չեմ կարծում, որ դեկտեմբերի 31-ին նա ինքնակամ հրաժարական կտա: Թեկուզ միայն այն պատճառով, որ դա նրան կսպառնա ֆիզիկական մահվամբ: Ես չեմ զարմանա, որ նա պատրաստ լինի գնալ նույնիսկ քաղաքացիական պատերազմ հրահրելու: Այս հարցում նա հույս է դնում Վաշինգտոնի օգնության վրա: Ավելի ու ավելի շատ ազդակներ կան, որ Միացյալ Նահանգները կարող են օգնել: Ընդհանուր առմամբ, իրավիճակը մնում է սուր և անկանխատեսելի»,-նշել է Դանիելյանը:

Դիտվել է՝ 2986

Մեկնաբանություններ