Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում է հարմար գործիք Լեռնային Ղարաբաղում կայուն կարգավորման հասնելու համար, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը:
«Վերջին 30 տարիների ընթացքում Եվրոպան դարձել է ավելի ժողովրդավար, ազատ և հարուստ: Բայց այսօր մենք կրկին պետք է զբաղվենք աճող թվով ճգնաժամերով և հակամարտություններով, այդ թվում՝ Եվրոպայում», - ասել է նա՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը: Ուստի, ըստ նրա, ԵԱՀԿ դերը պահանջված է՝ որպես հակամարտությունների կարգավորման միջազգային, բազմակողմ ֆորում, այդ թվում՝ սովորական սպառազինությունների վերահսկման ոլորտում: Խոսելով կոնկրետ հակամարտությունների մասին՝ նա նշել է Ուկրաինան, որտեղ այս տարի երկարատև զինադադար է կնքվել: Նա խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մասին:
«Մեր տեսանկյունից, Մինսկի խումբը, ինչպես նախկինում, մնում է տեղական բնակչության համար քաղաքական լուծում և կայուն խաղաղություն ապահովելու համար հարմար շրջանակ: Մինսկի խումբն ունի մանդատ, ներուժ ունի մասնակցելու վստահության կառուցմանն ու ենթակառուցվածքների վերակառուցմանը: Բացի այդ, անհրաժեշտ է ուժեղացնել ԵԱՀԿ լիազոր նախագահի ներկայությունը տեղում», - ասել է Մաասը: