ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երկու իրականության միջև

Երկու իրականության միջև
18.04.2018 | 12:31

Երեկվանից արդեն իրավիճակի տերը Նիկոլ Փաշինյանը չէր` Աժ-ն ընտրեց վարչապետ և անիշխանության շաբաթն ավարտվեց, Աժ նիստից մի քանի ժամ անց նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը: Այսօրվանից Սերժ Սարգսյանն է պատասխանատու իրավիճակի համար: Երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը վերլուծեց անցած օրերը և նոր մարտավարություն հայտարարեց. «Երեկ մտածում էինք, որ նախ Սերժ Սարգսյանից պետք է ազատագրենք Բաղրամյան 19 և Բաղրամյան 26 հասցեները, և հետո միայն ամբողջ Հայաստանը: Բայց մեր պրոցեսը, ինքը իրեն, գնաց ուրիշ ճանապարհով և մենք այսօր ի վիճակի ենք նախ ազատագրել ամբողջ Հայաստանը, վերջում միայն Բաղրամյան 26-ն ու 19-ը: Եվ այս ընթացքում Սերժ Սարգսյանը և հանրապետական պատգամավորները պիտի վախվորած ապրեն այդ փշալարերի ետևում»:

Նա հայտարարեց, որ Հայաստանում սկսվել է ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն: «Վաղը մեր գործողությունները պիտի շարունակվեն նույն տրամաբանությամբ։ Մենք պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, մենք պետք է շրջափակենք ճանապարհները, մենք պետք է շրջափակենք մայրուղիները»: «Առաջիկա օրերին մենք կձևավորենք Հայաստանի Հանրապետությունում թավշյա հեղափոխության կոմիտե: Հեղափոխական կոմիտեներ կստեղծվեն բոլոր մարզերում ու բնակավայրերում ու մենք ավելի կազմակերպված կիրականացնենք պետական գերատեսչությունների շրջափակումները: Շատերը հարց են տալիս, թե որն է լինելու իշխանափոխության մեթոդաբանությունը: Շատ շուտով ՀՀ բոլոր գերատեսչությունները պետք է կատարեն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ժողովրդի անունից լիազորված հեղափոխական կոմիտեների հրամանները՝ այդ է թվում Ոստիկանությունը»:


Փաստացի` Նիկոլ Փաշինյանը փորձում է երկիշխանության մոդել ձևավորել: Ի՞նչ հեռանկարով` հայտնի չէ:
Երեկ ՀԱԿ-ը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը «Ինչպես նրա պաշտոնավարման առաջին երկու ժամկետներում, այս անգամ էլ նա պաշտոնը ստանձնեց՝ շրջապատված փշալարերով, ոստիկանական շղթաներով և հազարավոր ցուցարարների բողոքի ներքո» և արձանագրեց. «Հայաստանում չի կտրվում ժողովրդի ազատ կամարտահայտության մերժմամբ ոչ լեգիտիմ իշխանության ձևավորման արատավոր շղթան, ինչը վտանգում է երկրի զարգացման որևէ հեռանկար»: ՀԱԿ-ը իշխանություններից պահանջեց «գործել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ իրենց սահմանադրական իրավունքը իրացնող խաղաղ ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնություններից և հալածանքներից, հարգել քաղաքացիների ազատությունները»: Համարե՞լ, որ ՀԱԿ-ը միացավ Նիկոլ Փաշինյանին:
Այսօր ժամը 10-ից Ֆրանսիայի հրապարակից Նիկոլ Փաշինյանը երթը սկսեց դեպի Բաղրամյան պողոտա ու ազատ անցավ Սահմանադրական դատարանի, Աժ-ի ու վարչապետի նստավայրի կողքով` փշալարեր չկային, ոստիկաններ կային միայն նստավայրերի շրջակայքում: Վահաններով ոստիկանների առաջ նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը գիշերը հրահանգել է Բաղրամյան պողոտայից փշալարերը հանել իր ելույթից հետո, թե Հայաստանը Սերժ Սարգսյանը պիտի տեսնի միայն փշալարերի հետևից: «Հիմա մենք եկել ենք, որ պատկերը վերականգնվի` Սերժ Սարգսյանը Հայաստանը տեսնի փշալարերի ու ոստիկանների վահանների հետևից»` հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ու ցուցարարներին ուղղեց Բաղրամյանով ներքև` այլ փողոցներ ու հրապարակներ շրջափակելու: Հընթացս ասաց, որ մի օր Սերժ Սարգսյանին շրջափակելու ու այլևս չեն ապաշրջափակելու:


Նիկոլ Փաշինյանի թավշե հեղափոխությունը դառնում է բաց ու պրկված նյարդերի պայքար, իվերջո կարող են նյարդերը տեղի տալ` թե իշխանության, թե ցուցարարների: Թե` շարժման ազատությունից զրկված մարդկանց: Հեղափոխական էյֆորիան երկար չի տևում: Ֆրանսիայի հրապարակից ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին, հետո խոստացան Նիկոլ Փաշինյանին նրանց ազատ արձակել ու կազմակերպել երթը Մաշտոցով դեպի շրջանային: Ու ինչքա՞ն այսպես:


Երեկ խորհրդարանում «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը հիշեցրեց`
ամբողջ Հայաստանը կենտրոնացած չէ ԱԺ դահլիճում ու դրանից դուրս Հայաստան կա։ «Որևէ մեկը չի խոսում հիմա այն մասին, թե ինչ է կատարվում, կարծես միայն այս դահլիճն է Հայաստանը։ Հայաստանը ելք ունի ու այն ոչ միայն դրսում է, այլև այս դահլիճում։ Եթե մենք դրանից հետևություն չենք անելու, ոչ մի բան չի լինելու»:
«Չէ, ժողովուրդ, Հայաստանը ելք ունի, ելքը այս դահլիճում չէ, ելքը նաև դրսում է, եթե մենք դրանից հետևություն չենք անում, ոչ մի 21-րդ դար էլ մերը չի լինելու ուղղակի»,-հայտարարեց Արամ Սարգսյանը:


Իսկ Սերժ Սարգսյանի կեսժամանոց ելույթը վկայում էր, որ նա ունի ու տեսնում է այլ Հայաստան, որտեղ բոլորը հարուստ են, բանկերում ավանդներն են բազմապատկել ու ամեն ինչ նույնն է մնալու: Կտեսնի՞ նա փողոցը` սա է հարցը: Երեկ նա դիմելով Էդմոն Մարուքյանին` խորհրդավոր հայտարարություն արեց` եթե ուզում եք ապրել լուսավոր Հայաստանում, բարգավաճ Հայաստանում, արդար Հայաստանում, պետք է հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն: Ովքե՞ր են «հանգած հրաբուխները»` Ռոբերտ Քոչարյա՞նը, Հովիկ Աբրահամյա՞նը: Պարզ չէ, պարզ է, որ «բզբզողը» Նիկոլ Փաշինյանն է: Իսկ ո՞վ է նրանց «հրաբուխի» կարգավիճակ տվել: Փոխարենը Սերժ Սարգսյանը Ելքին կոչ արեց փողոցից խորհրդարան բերել իրենց գործընկերոջը:


Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին նաև, որ դպրոցների ՀՀԿ-ական տնօրենները ու բուհերի ռեկտորները բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին, ու դա փաստ է, որից հետևություններ պիտի անեն և ՀՀԿ-ն, և Կրթության ու գիտության նախարարությունը, և քաղաքապետարանի կրթության բաժինը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԱՄՆ-ի պետքարտուղարությունը արձագանքել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումներին. «Մենք նկատել ենք, որ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամաարտահայտման և հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք մոտիկից հետևում ենք Երևանի կենտրոնում և Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին»: «Մեզ ոգևորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից և պատասխանատու վարքի դրսևորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության և ցուցարարների միջև երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»: Իսկ ռուսական լրատվամիջոցներն արդեն հայտարարում են, որ Հայաստանի իրադարձությունների հետևում ԱՄՆ դեսպանատունն է: Սցենարը սկսում է ծանոթ գծեր ստանալ: Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պտտվել փողոցներում ու երթևեկությունը խանգարել: Քաղաքական հետևանքներ թավշյա, ժողովրդական հեղափոխությունը դեռ չունի, իսկ կունենա՞: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է` «Քաղաքացին զարթոնք է ապրում»: «Զարթոնքը» փողոցներում պտտվելով չի կարող արդյունքի հասնել:

Դիտվել է՝ 3879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ