ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ապրես, որ ապրեցրել ես»

«Ապրես, որ ապրեցրել ես»
20.03.2018 | 00:32

Կարեն Թումանյանը Մեծն Լոռեցու տոհմից էր: Սրանով կարելի էր սկսել ու ավարտել իր մասին ցանկացած պատմություն, թեպետ իր մասին բոլոր պատմությունները անավարտ ու անվերջ կլինեն, ինչպես իր հետ մեր բոլոր զրույցները: Կարենը մարդկային ու մասնագիտական բոլոր չափանիշների մեջ էր: Նա նույնիսկ վերմասնագիտական ու մարդկային սահմանված հատկությունններից անդին էր, ամեն մեկի հետ յուրովի էր ու ինքնահատուկ, չէր կարող անտարբեր լինել մարդու, մարդկային ցավի հանդեպ: Նրա սիրած արտահայտությունը «ՑԱՎԴ ՏԱՆԵՄ»-ն էր, որովհետև ինքն իրոք ցավ կրող ու ցավ տանող էր: Հիմա նա Ցավը տարավ իր հետ: Իր ու մեր ցավը:


Իսկ նրա ցավը մեր ու իր ցավը չէր, նրա մտահոգությունն ու ցավը, նրա աշխատանքն ու օրակարգը հայ մարդու, հայաստանցու, հայ քաղաքացու ցավն ու ճակատագիրն էին: Բայց նա ոչ թե ցավակիր էր միայն կամ ցավի մասին մտահոգ, այլև դեղատոմս առաջարկող: Նա բոլորին լսում էր: Մի բան, որ պակասում է մեզ, մենք սիրում ենք ցավի մասին խոսել հետին թվով ու թվարկելով նաև մեր ցավերը: Իսկ նա ոգի էր ու խանդավառություն, նա բարություն էր ու ինտելեկտ: Նա հրապարակախոս էր ու հասարակական գործիչ: Նա ընկեր էր, գաղափարական ընկեր: Չէ, «էր»-ը անցյալում է, Կարեն Թումանյանն իր ձայնով, իր յուրահատուկ հայացքով, չհեռացող առարկություններով ու քննադատություններով ՆԵՐԿԱ է, շարունակական, ու մենք, Մեծն Լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ձայնով, իր «չլինելու» էս կատակին հակադարձում ենք բանաստեղծի հանրահայտ խոսքով. «Վատը լավ ես տեսել դու»:
Հանգչիր խաղաղությամբ, Թումանյան Կարեն, որ կա՛ս ու կլինե՛ս՝ հանց շարունակվող զրույց, իբրև Հարթակ, որտեղ մեկտեղված են հիշողությունն ու ցավը, կենարար ուժն ու ապրելու կամքը: Եվ ապրե՛ս, որ ապրեցրել ես:


Արա ԱԼՈՅԱՆ

Դիտվել է՝ 3337

Մեկնաբանություններ