ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀՀ նախագահը՝ ստեղծվելիք Համահայկական խորհրդի մասին

ՀՀ նախագահը՝ ստեղծվելիք Համահայկական խորհրդի մասին
19.09.2017 | 07:51

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է տարբեր ուղղություններով թեմատիկ քննարկումներից մեկին՝ Համահայկական խորհրդի ստեղծման և Հայաստան-սփյուռք գործակցության հետագա զարգացման հարցերին նվիրված աշխատանքային խմբի խորհրդակցությանըև ելույթ է ունեցել.


«Հարգելի գործընկերներ,
Սիրով կրկին ողջունում եմ ձեզ: Այժմ հանդիպել ենք արդեն մի շատ հստակ հարցադրում քննարկելու համար: Այն է՝ Համահայկական խորհրդի ստեղծումը և այդ համատեքստում ընդհանուր առմամբ Հայաստան-սփյուռք գործակցության ապագան: Ազգային միասնությունը, իհարկե, շատ կարևոր նպատակադրում է, որը մշտապես գտնվում է յուրաքանչյուր ժողովրդի օրակարգում: Անվիճելի է, որ ընդհանուր ուժերի կենտրոնացումը և այդպիսով եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն անհրաժեշտ է ամեն մի ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար: Սա հատկապես կարևոր հարցադրում է այն ժողովուրդների համար, որոնք սփռված են աշխարհով մեկ: Հայերի պարագայում դրա պատճառը եղել է մեր դեմ իրականացված ցեղասպանությունը և բռնաճնշումները:
Սփյուռքում ծնվելը, ապրելը և գործելը չի եղել այստեղ ներկա գտնվող մարդկանց նախնիների ազատ ընտրությունը: Այն եղել է նրանց հանդեպ իրագործված պարտադրանքի, բռնության, հայրենազրկման ոճրի արդյունք:
Այդ պայմաններում հայերիս համար համազգային միասնության և արդյունավետ համագործակցության կազմակերպման ձևի հարցը մշտապես եղել է օրակարգում: Այն հատկապես սուր է եղել անկախ պետականության բացակայության և ազգային-պետական ինստիտուտների լիարժեք կայացած չլինելու պատճառով:


Գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանում և սփյուռքում ապրող հայ մտավորականների համար դա մշտապես եղել է ամենակարևոր հարցերից մեկը: Սակայն նաև պարզ է, որ աշխարհում տիրող սուր գաղափարական բաժանումը բացարձակապես չէր կարող նպաստել այդ տեսլականի իրագործմանը:
Այսօր՝ Հայաստանի անկախության պայմաններում, մենք արդեն ունենք կայացած պետականություն՝ ավելի բարենպաստ վիճակում ենք այս և նման խնդիրներին անդրադառնալու համար:
Համահայկական միասնության և կազմակերպական ձևի հարցի քննարկման, դրա լուծումների փնտրտուքի շատ հարուստ և բազմաբնույթ փորձ ենք կուտակել, որին, կարծում եմ, այստեղ անդրադառնալու կարիքը չկա: Սակայն անցած ճանապարհից, անշուշտ, կարելի է կատարել մի շարք եզրակացություններ:


Առաջին եզրակացությունը, իմ կարծիքով, այն է, որ յուրաքանչյուր ժողովրդի ամենակարևոր և ամենակենսունակ ինքնակազմակերպման ձևը ժամանակակից ազգային պետությունն է:
Հայաստանն այսօր այդպիսին է՝ դրան բնորոշ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, որոնք, ի թիվս այլ կարևոր գործառույթների՝ այսօր հավուր պատշաճի պաշտպանում են մարդու իրավունքներն ու ազատությունները, ազգային-պետական շահերը և անվտանգությունը:
Այո, Հայաստանի պետությունը թերևս կատարյալ չէ, բայց կան բոլոր հիմքերն այն ամրապնդելու, բարեփոխելու և ավելի լավը դարձնելու համար: ՈՒստի, ինչ կառույց էլ ստեղծենք, այն գալու է փոխլրացնելու, զորավիգ լինելու Հայաստանի պետականությանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները վկայեցին, որ մեր պետությունը պատրաստ է և կարող է ստանձնել առաջնորդողի դերը: Ավելին, այդ առաջնորդությունը սպասված էր նաև սփյուռքում:
Երկրորդը. ինչ կառույց էլ ստեղծենք, այն կոչված չի՜ լինելու փոխարինելու կամ մրցակցելու սփյուռքում արդեն գոյություն ունեցող կազմակերպական կառույցներին: Այս գործընթացի նպատակը ոչ թե արդեն ավանդաբար ձևավորված կառույցների փոխարեն մի նոր կառույց ստեղծելն է, այլ արդեն գոյություն ունեցող կառույցների, սփյուռքի վառ և ճանաչված անհատ ներկայացուցիչների համար ընդհանուր հարթակ ձևավորելը:
Անշուշտ, մենք պետք է գիտակցենք, որ աշխարհասփյուռ հայ ժողովրդի ամենահզոր ռեսուրսը հայ մարդն է՝ իր վառ անհատականությամբ: Ավելին, այդ վառ անհատականություններն ապրում են աշխարհի ամենատարբեր պետություններում՝ հանդիսանալով դրանց լիիրավ և նվիրյալ քաղաքացիներ:


Թող ոչ ոք չմտածի, որ հնարավոր է կամ կարիք կա ստեղծելու կենտրոնաձիգ, բրգաձև ինչ-որ մի համահայկական կազմակերպություն: Բնավ ոչ: Դրա կարիքը բացարձակապես չկա: Նման հարցադրում կատարելը ոչ միայն իրատեսական չէ, այլև, կարծում եմ, վնասակար է:
Հաշվի առնելով հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունը, իմ կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել ցանցային կառույց՝ հիմնված նորարար մոտեցումների վրա: Այդ աշխատանքային ցանցում անհրաժեշտ է ապահովել գաղափարների ազատ փոխանակման և ընդհանուր ծրագրերի մշակման լավագույն հնարավորությունները:
Մենք մոտենում ենք շատ կարևոր հանգրվանի: 2018 թվականի մայիսին տոնելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանները: Կարծում եմ, որ դա լինելու է ամենապատեհ և խորհրդանշական առիթը վերջնական որոշում ընդունելու համար:


Այսքանը՝ որպես այս նիստի ներածություն և իմ մոտեցումների ընդհանուր ուրվագիծ: Արդեն երկար ժամանակ այս հարցի շուրջ ծավալուն աշխատանք է կատարում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Դիտվել է՝ 2039

Մեկնաբանություններ