ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քարոզարշավի առաջին օրը. ՀՀԿ-ի «դաշնակցական» մեկնարկը

Քարոզարշավի առաջին օրը. ՀՀԿ-ի «դաշնակցական» մեկնարկը
06.03.2017 | 11:03

Երեկ պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Մեր կայքն ամեն օր անդրադառնալու է դրան, սակայն ոչ թե փաստագրության կամ խրոնոլոգիայի, այլ` ուշագրավ հրապարակային առիթների, հայտարարությունների, իրադարձությունների համատեքստում:

Օրինակ, ինչպես անտեսես այն փաստը, որ ՀՀԿ-ն երեկ «Դինամո» մարզադահլիճում իր քարոզարշավի մեկնարկը տվեց դռնփակ ռեժիմով: Սա, թերևս, աննախադեպ է աշխարհի մասշտաբով, որովհետև նույնիսկ ավտորիտար երկրներում քարոզարշավի ժամանակ կուսակցությունները «բացվում» են: Հազիվ թե ՀՀԿ-ն «վարակված» լինի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի կոնսպիրատիվ «վիրուսով»: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը երեկ դարձյալ մեկ-երկու «թթու խոսք» է ասել չսանձվող ռեյտինգայիններին:


Բովանդակային առումով` կարևորվում է Սարգսյանի երեկվա խոսքի մի հատված. «Մեր ընդդիմախոսների և մրցակիցների հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ մենք՝ հանրապետականներս, հավատում ենք, որ մենք կհաղթենք՝ կհաղթենք, որովհետև հավատում ենք մեր երկրի ապագային, որովհետև հավատում ենք մեր ժողովրդի մեծ ներուժին»,-ասել է նախագահը: Ցանկացած կուսակցության ղեկավար, բնականաբար, պետք է հավատա իր թիմի հաղթանակին, սակայն Հայաստանի տիպի երկրներում` նախագահի այս խոսքը կարող է դիտվել իշխանությանը հասցեագրված հանձնարարություն` ապահովել ՀՀԿ հաղթանակը: Ի դեպ, երեկ հնչել են նաև իշխանափոխության պահանջներ: Այդ բառին վերջապես «հարմարվել» է ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը: Այս դեպքում հասարակությունը գուցե չհավատա ՊՆ նախկին նախարարի անկեղծությանը:

Նույն հասարակությունն անկեղծորեն հավատում է, որ «ԵԼՔ»-ի առաջին եռյակի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը ձգտում է իշխանափոխոխության, սակայն այս պարագայում էլ մարդիկ չեն հավատում, որ իսկապես գաղափարական այս դաշինքն առաջինը կլինի ընտրություններում:
Փոխարենը խիստ իրատեսական է թվում «ԵԼՔ»-ի արտաքին քաղաքական ծրագիրը: Այս դաշինքը, ի տարբերություն «Ազատ դեմոկրատների», անընդհատ չի շեփորահարում իր արևմտամետությունը, բայց խոստանում է սկսել բանակցություններ Եվրամիության հետ՝ Ասոցացման պայմանագիր կնքելու համար: Սա Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունն արմատապես վերանայելու հայտ է:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը բացառապես հույսը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգության վրա ու, խաղաղության ծրագրից բացի, խոստանում է, որ իրենց իշխանության գալով վերականգնվելու է նախագահական-խորհդարանական սահմանադրական մոդելը:


Տեր-Պետրոսյանի գաղափարական հակառակորդ ՀՅԴ-ն, ընդհակառակը, խանդավառված է խորհրդարանական համակարգով, սակայն բավականին անհարմար է հնչել Արմեն Ռուստամյանի երեկվա հայտարությունը, թե ժողովրդի 70 տոկոսը տեղյակ չէ՝ ինչ համակարգային փոփոխություններ են տեղի ունեցել երկրում, ինչ են դրանք բերել և ինչ են բերելու իրենց կյանքում։ Սա անուղղակի խոստովանություն է, որ 2015-ի սահմանադրական հանրաքվեն, մեղմ ասած, լեգիտիմ չէ:


Վերջում արձանագրենք, որ քարոզարշավը դեռ չի մեկնարկել Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ի ու կոմունիստների համար:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 2318

Մեկնաբանություններ