ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արևմուտք-Արևելք՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ

Արևմուտք-Արևելք՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ
14.02.2017 | 00:36

Երևան-Էջմիածին ճանապարհը մայրաքաղաքից դուրս գալուց հետո հայտնվեց մշուշի մեջ՝ փետրվարի 10-ի առավոտյան գնում էի Էջմիածին՝ «Ընդհանուր քաղաքակրթական ընտրություն ապագա սերունդների համար» միջազգային կոնֆերանսին մասնակցելու, որ հրավիրվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Կազմակերպիչներն էին Ազգային բարեգործական հիմնադրամը և Աֆոն սուրբ լեռան ռուսական սրբությունների աջակցության բարեգործական հիմնադրամը: Ծրագիրը հագեցած էր ու խոստանում էր ընդհանուր քաղաքակրթական ընտրության բազմազան ուսումնասիրություն:

«Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը բացելով կոնֆերանսը՝ շնորհակալություն հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին՝ հյուրընկալության և ուշադրության համար: Նա շեշտեց, որ Հայաստանի և Ռուսաստանի գիտնականների, հասարակական գործիչների, փորձագետների, ուսանողների մասնակցությամբ կոնֆերանսի նպատակն է ուղիներ գտնել հաջորդ սերունդներին կուտակված փորձը փոխանցելու համար և հնարավորություն ստեղծելու պահպանել քաղաքակրթական արժեքներն ու համատեղ երկխոսությունը: ԱԺ գիտության, մշակույթի, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկաներին փոխանցեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքը և արդյունավետ աշխատանք մաղթեց: ԱԺ նախագահը վստահ է, որ նման միջոցառումները դրական դեր են խաղում համամարդկային ու ազգային արժեքների ամրապնդման գործում: ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Արտյոմ Կավինովը հայկական օրհնյալ հողում գտնվելը որակեց լավ հնարավորություն քննարկելու կարևորագույն հարցեր, նա շեշտը դրեց երիտասարդության ընդգրկմանը արժեքային խնդիրների ուսումնասիրման ու գնահատման մեջ, նշելով, որ բազում նախագծեր կան, որ պիտի կյանքի կոչվեն: Արտյոմ Կավինովը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ նորից Հայաստանում էր, ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իրենց պատվիրակությունը քննարկում էր ԱՊՀ շրջանակներում գործակցությունը: Հայաստանը միշտ է աջակցել ԱՊՀ-ին՝ 25 տարի շարունակ, այսօր անհրաժեշտ են փոխգործակցության նոր ինստիտուտներ, այդ թվում՝ միջկրոնական համագործակցության մակարդակում:

«Խնդիրը ոչ միայն շփումն է, այլև տեղեկատվության տարածումը: 2017-ը հայտարարված է ընտանիքի տարի, երբ մեծ ուշադրություն է դարձվում ընտանիքի հարցերին ու արժեքների պահպանությանը՝ բոլոր միջոցառումները այդ գլխավոր ուղերձն ունեն: Սակայն մենք հասկանում ենք, որ նոր ժամանակներ են գալիս, տեղեկատվության նոր ընկալում, և հասկանում ենք, որ պետք է նոր վեկտորներ, աշխատանքի ձևեր գտնել, և այս միտքը հետևողականորեն իրականացնելու ենք: Մեր օգտակար նախաձեռնությունները պետք է հասնեն հասցեատիրոջը, այլապես նշանակություն չեն ունենա»՝ հայտարարեց Պետդումայի պատգամավորը: Նա համոզված է, որ պատմությունը մեզնից չի սկսվել և մեզնով չի վերջանալու, բայց մենք ենք արժեքների կրողները, որ պարտավոր ենք փոխանցել հաջորդող սերունդներին:


Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական կապերի բաժնի միջքրիստոնեական հարաբերությունների գծով քարտուղար Ստեֆան Իգումնովը քննարկման թեման հատկապես կարևոր համարեց ներկա մարտահրավերների համապատկերում: «Մեր ժողովուրդների հարաբերությունները երբեք չեն ընդհատվել և այսօր էլ ակտիվ զարգանում են: Այսօրվա կոնֆերանսի թեման ընդգրկում է հարցեր, որոնց մասին միշտ պետք է խոսել»,- նշեց նա: Ստեֆան Իգումնովի խոսքով՝ ընտանիքի ու ավանդական արժեքների պահպանությունը մշտապես քննարկվող թեմաներ են ամենաբարձր հոգևոր մակարդակում՝ քրիստոնեական ամենամեծ եկեղեցիների հոգևոր հովիվները բարձրաձայնում են, որ աշխարհն առաջին անգամ չէ անդունդի եզրին և պետք է ընտրություն կատարել հօգուտ ավանդական ընտանեկան արժեքների բարոյական հարթության մեջ՝ քաղաքակրթական ընտրություն հօգուտ ավանդական արժեքների:

Նա շնորհակալություն հայտնեց Մայր Աթոռին ու միաբանությանը՝ կոնֆերանսը հյուրընկալելու ու համագործակցության համար: Երևանում գիտության և մշակույթի Ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը փոխանցեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի ողջույնի խոսքը: Դեսպանը քննարկվող թեման շատ կարևոր էր որակել ոչ միայն Ռուսաստանի ու Հայաստանի, այլև համաշխարհային հանրության համար: «Ռուս ուղղափառ եկեղեցին և Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ կանգնած են եղել համամարդկային արժեքների պահպանության համար»՝ նշել էր դեսպանը: Նկատելով, որ Ռուսաստանին հաճախ են մեղադրում ոչժողովրդավարության մեջ՝ դեսպանը հիշեցրել էր պատրիարք Կիրիլի խոսքերը. «Վերջին ժամանակներս «ժողովրդավարություն» բառը դառնում է ինչ-որ գաղափարական խրտվիլակ և արևմտյան արժեքային համակարգին հավատարմության կամ անհավատարմության ցուցիչ: Իրականում ժողովրդավարությունը ներդաշնակեցման միջոց է, բայց երբ ժողովրդավարության համար պայքարում մարդկանց մեկ խումբը զրկում է մյուս խմբին բոլոր իրավունքներից, երբ մեկ պատմափիլիսոփայությունը, մեկ քաղաքական դոկտրինը, ապացուցելով իր ճշմարտությունը, դիմում է զենքի, արդեն ժողովրդավարություն չէ»:


ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը խոսեց «Հայաստանը և եվրասիական ինտեգրումը՝ քաղաքակրթական տեսանկյունից» թեմայով: Նա կարծում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը քաղաքակրթական ընտրության առաջ են: 20-րդ դարը մարքսիզմի դարն էր, սակայն պարզվում է, որ լիբերալիզմն ունիվերսալ չէր և շատ դեպքերում փակուղի է տանում: Աշխարհի շատ երկրներ չեն ընդունում լիբերալ գաղափարները արևմտյան ընկալումով, և առաջին պլան է մղվում քաղաքակրթական տեսությունը: Իսկ դա գաղափարախոսություն է, որ ձևափոխվում է ընդհանուր աշխարհընկալման եվրասիական տարածքում: Վլադիմիր Լեպեխինը մի քանի հասկացություններ էր առանձնացրել, որ նրա գնահատմամբ առանցքային են եվրասիական հանրության համար:

«Հիմնական կատեգորիաներից մեկը աշխարհաքաղաքական ընտրությունն է: Ցանկացած քաղաքականություն կապված է ժողովուրդների, պետությունների և էլիտաների մշտական ընտրության հետ, բայց որոշ երկրներ իրենց պատմության որոշ շրջաններում բախվում են իրավիճակի հետ, երբ պետք է ոչ միայն ընտրել զարգացման ճանապարհ, այլև ժողովրդի, պետության ու ազգի ճակատագիր»՝ ասաց Վլադիմիր Լեպեխինը՝ հավելելով, որ Ռուսաստանն ու Հայաստանը պարբերաբար հայտնվում են քաղաքակրթական ընտրության անհրաժեշտության առաջ՝ քաղաքակրթական մարտահրավերներին հաճախակի բախվելու պատճառով: Հայաստանը շրջապատված է Թուրքիայի ու Իրանի պես պետություններով, վերջին ժամանակներս երկրի վրա լուրջ ճնշում է գործադրում Եվրոպան, Հայաստանը առանցքային պետությունների հետաքրքրությունների շրջանակում է՝ նրանց թվում և Չինաստանի, որ հավակնում է Կովկասը վերահսկել: Իսկ Ռուսաստանը, որ մշտապես է Արևմուտքի ճնշման տակ, քաղաքակրթական հինգ ընտրություն է ունեցել և հիմա վեցերորդի առաջ է հայտնվել. «Ռուսական պատմության բոլոր շրջաններում, երբ մեր ժողովրդի առաջ դժվար ընտրություն է եղել, առանցքային դեր է խաղացել ուղղափառ եկեղեցին: Ես վստահ եմ, որ Հայաստանի դեպքում էլ եկեղեցին միշտ վճռական դեր է ունեցել և դրա շնորհիվ պահպանվել է անկախությունը, ինքնատիպությունն ու եզակիությունը»: Վլադիմիր Լեպեխինն այն կարծիքին է, որ Հայաստանն ու Ռուսաստանը միասնական քաղաքակրթական դաշտում են և ռուս ուղղափառ ու հայ առաքելական եկեղեցիների կրոնական մերձությունը միակ կամուրջը չէ երկու ժողովուրդների համար, որ ունեն միասնական արժեքներ ու ավանդույթներ, որոնց հիմքում ընտանիքն է: «Մենք, հետևելով Արևմուտքին, տագնապի կոչ ենք հնչեցնում, որ ավանդական արժեքները պետք է պահպանեն, նախ և առաջ դա վերաբերում է ընտանեկան արժեքներին»:


«Ընտանիք, սեր, հայրենիք» միջտարածաշրջանային հասարակական շարժման նախագահ Լյուդմիլա Ռյաբիչենկոն անդրադարձավ «Ընտանիքի ապասրբազնացմանը որպես աշխարհաքաղաքական պատերազմի և ազգերի ոչնչացման մեխանիզմներից մեկի»: Նա խոսեց աշխարհաքաղաքական մարտահրավերների ու տեղեկատվական պատերազմների մասին՝ շեշտելով, որ աշխարհաքաղաքական հակառակորդը մշտապես դիվայնացնում է պետությունը հասարակական գիտակցության մեջ: Պետական կառավարման մեխանիզմների ոչնչացումը՝ կրթություն, գիտություն, առողջապահություն, տեղեկատվական ոլորտ իրականացնում է պատմության միֆականացում ու ձևախեղում՝ ինչպես եղավ ՈՒկրաինայում: Տեղեկատվական պատերազմների գլոբալ պատվիրատու նա անվանեց տրանսազգային ընկերություններին, որ ուզում են հասնել ազգային պետությունների վերացմանը:

Քաղաքակրթության կառավարման գլոբալ համակարգը իրեն իրավունք է վերապահում ոչ միայն քաղաքական կառուցվածքը որոշել, այլև արժեքային համակարգերը: Առաջ է մղվում ռեսուրսային պայքարի օբյեկտը՝ մարդը: «Ռեսուրսները՝ մարդու համար» կարգախոսը նահանջում է «Մարդը իբրև ռեսուրս» մոդելի առաջ: Մարդը դառնում է օբյեկտ, և նրան օգտագործում են՝ անկախ իր կամքից՝ ապակառուցողական մարտավարություններն առաջ մղելու համար: Բարոյականության փոխարեն ի հայտ է գալիս իրավունքը՝ «Օրինական է այն, ինչ արդար է» մոդելը փոխարկվում է լիբերալ «Արդար է, ինչ օրինական է» մոդելով: Բարոյականության խաթարման, հոգեկան խավարման հետևանք է դառնում ապամարդկայնացումը, որը հանգեցնում է հասարակության մյուս ոլորտների կործանմանը՝ վախեցրեց տիկին Ռյաբիչենկոն և զգուշացրեց, որ հասարակությունը վերածվում է սպառողականի: Գլոբալ մարտահրավեր նա որակեց քրիստոնեական արժեքների ոչնչացումը, երբ զանգվածային գիտակցության մեջ սերմանվում են կեղծ արժեքներ: Ի վերջո՝ ընտանիքի ինստիտուտի վախճանը գալիս է իբրև ահեղ դատաստան: Լյուդմիլա Ռյաբիչենկոն երկար խոսեց յուվենալ արդարադատության մասին, որ հենվում է երեխայի իրավունքների պաշտպանության վրա և սահմանափակում ծնողների իրավունքները:


«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը խոսեց ՀԿ-ների և կրոնական աղանդների մասին Հայաստանում, ներկայացնելով նրանց գործունեության օրենսդրական կարգավորման պրակտիկան: Նրա գնահատականով՝ ՀԿ-ները և աղանդները լուծում են նույն խնդիրը և ունեն ֆինանսավորման նույն աղբյուրը: Հայաստանում 200 կրոնական կազմակերպություններ են գործում, որ բնակչության թվի համեմատ տպավորիչ թիվ է: Արման Ղուկասյանը աղանդը բնորոշեց ֆրանսիական իրավունքի տեսակետից՝ խումբ, որ նպատակ ունի իր գործունեությամբ ստեղծել հոգեբանական կամ ֆիզիկական կախում: Աղանդները զբաղվում են հոգեորսությամբ, իսկ հայկական օրենսդրությամբ հոգեորսությունը ՀՀ տարածքում արգելված է, մինչդեռ տարբեր աղանդների անդամներ փողոցներում հենց այդ գործով են զբաղվում: Ոստիկանությունը չի կարող միջամտել, որովհետև օրենքով սահմանված չէ հոգեորսությունն իբրև գործունեություն և չկա պատիժ: Նա հայտարարեց, որ պետք է լրացվի ու փոփոխվի կրոնի և խղճի ազատության մասին օրենքը՝ արգելելով քարոզչությունը փողոցներում ու դեռահասների շրջանում:
Կոնֆերանսում հնչեցին ևս մեկ տասնյակ ելույթներ, որոնց անդրադառնալը, հարկավ, առավել շահեկան կդարձներ հրապարակումը: Թեմայով հետաքրքրվողների համար դա հնարավոր է՝ soyuzinfo.am կայքում շուտով կտեղակայվեն ելույթները, կհրապարակվի կոնֆերանսի ելույթների ու քննարկումների ժողովածուն՝ ինչպես խոստացան կազմակերպիչները: Չունենալով այդ առաքելությունը՝ ուզում եմ անդրադառնալ համարյա բոլոր ելույթներով անցնող հիմնաթեմային՝ Արևմուտքը կործանում է ընտանիքը, պետությունը, անհատին, միակ պատվարը Ռուսաստանն է ու եկեղեցին: Մարտահրավերը գլոբալ է, լուծումները՝ լոկալ: Աշխարհաքաղաքական գլխավոր գործընթացները բազմաբևեռ, թե միաբևեռ աշխարհակարգի հաստատման շուրջ են: ԱՄՆ-ը քաղաքական ու տնտեսական առումով տանուլ է տվել, բայց պահպանում է իր գերակայությունն աշխարհում: Տեղեկատվական պատերազմում առաջին խնդիրը ազգային ինքնության վերականգնումն է, ազգային պետության դերի ու անհատի դերի բարձրացումը:


Ինքնին հասկանալի է, որ ընդհանուր քաղաքակրթական ընտրությունը ապագա սերունդների համար չէր կարող քաղաքականությանը չառնչվել, թեկուզ կոնֆերանսը կազմակերպվել էր հոգևոր հովանու ներքո: Մեր օրերում և միշտ եկեղեցին քաղաքականության մեջ է եղել: Թեկուզ նրանով, որ պետության մեջ է, անկախ՝ ինչ հարաբերությունների մեջ է եղել պետության հետ՝ հետապնդվել է, թե խաղաղ գոյակցել աշխարհիկ իշխանության հետ: Քաղաքակրթական ցանկացած ընտրության հիմքում ազգային արժեքներն ու պետության շահերն են՝ դա այբուբեն է ու նորից ապացուցել կամ անվերջ ապացուցելը նույնն է, թե վիճարկել, հետո համաձայնել, որ գոյություն ունեն օրենքներ ու օրինաչափություններ, և դա օբյեկտիվ գործընթաց է ու կախում չունի առանձին սուբյեկտների ընդունել-չընդունելուց: Բայց որևէ օրինաչափություն սահմանելուց առաջ նախ պետք է այդ օրինաչափության մեջ ներառված հասկացությունները պարզապես իմանալ, ոչ թե ընտրել: Խոսվում էր տեղեկատվական պատերազմից, բայց խոսակցությունը ծավալվում էր հենց տեղեկատվական պատերազմի օրենքներով՝ Արևմուտքը ներկայացվում էր համապարփակ չարիքի՝ բարոյազրկումի, համասեռամոլության, հոգևորի ամլացման ու դարերով հաստատված համամարդակային արժեքների չարամիտ գերեզմանափորի կերպարով: Փոխարենն առաջարկվում էին եվրասիական տարածքն ու Արևելքն իբրև փրկության խարիսխ՝ Մոսկվայի կերպարով: Հայաստանին էլ առաջարկվում էր ընտրություն: Կոնֆերանսին մասնակցում էին թե հայ, թե ռուս գիտնականներ ու փորձագետներ, և հետաքրքիր էր, որ հայերն ավելի ռուսամետ էին, քան ռուսները: Նրանք առավել բուռն էին քարկոծում չարանենգ Արևմուտքին, մինչդեռ ռուսներն արձանագրում էին ու քարոզչական-քաղաքական տարբերակներ առաջարկում: Հայերն էին հայտարարում, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որի վրա չի տարածվում ԱՄՆ-ի ազդեցությունը: Հայերն էին հայտարարում, որ Արևմուտքը հնարել է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները՝ իր գաղափարական գերակայությունը ամբողջ աշխարհում տարածելու համար: ՈՒ դա հարվածի տակ է դնում ընտանեկան ու ավանդական արժեքները, որով հպարտանում են Ռուսաստանում ու Հայաստանում: Հարցեր կոնֆերանսը հարուցեց ավելի շատ, քան տվեց պատասխաններ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Հավարտ կոնֆերանսի ընդունվեց բանաձև, որ արտահայտում էր քննարկումների բովանդակությունը, ինձ առավել կարևոր թվաց վերջին կետը՝ 2018-ին անցկացնել ավանդական արժեքների պաշտպանությանը և հայ-ռուսական համագործակցության քաղաքակրթական հիմքերին նվիրված կոնֆերանս: Աղոտ հույսեր ունեմ, որ մեկ տարի հետո հասունացած կլինի գիտակցությունը, որ Արևելքն ու Արևմուտքը ընդհանրական քաղաքակրթության մաս են ու պետք է ոչ թե բաժանարար խրամատներ խորացնել, այլ երկխոսության շանս տալ ժողովուրդներին: Գոնե հանուն արդարության՝ ներկայացնել իրավիճակն ամբողջության մեջ, ոչ թե հատվածավորել:

Արևմուտքն էլ, Արևելքն էլ այսօր արժեքների վերագնահատության ծանր գործընթացում են՝ ընտրությունների ու անխուսափելի փոփոխությունների մեջ ու պետք չէ կանխավ սահմանել՝ ինչն ինչպես է ավարտվելու: Եթե իսկապես ներդաշնակեցում է ժողովրդավարությունը, ներդաշնակության հասնելու համար սկսում են ճանաչումից, հնարավորությունների գնահատումից, կառուցողական ծրագրեր իրականացնելուց ու գաղափարներ առաջ մղելուց: Ոչ թե մերժումից: ՈՒ՝ ոչ միայն խրտվիլակներ այրելուց: Էջմիածնից Երևան վերադարձիս մշուշը ցրվել էր:

Դիտվել է՝ 2910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ