ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

2.ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է 2016-ի դիվանագիտական տարին

2.ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է 2016-ի դիվանագիտական տարին
01.02.2017 | 10:10

(սկիզբը՝ այստեղ)

Հունվարի 31-ին ԱԳՆ-ում նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է անցած տարին մամլո ասուլիսով, նախախոսքից հետո նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցուպատասխանի առաջին մասն արդեն ներկայացվել է:

Aysor.am. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցից ի՞նչ նորություններ կան, մանավանդ որ վերջին օրերին մամուլի քարտուղարը հայտնել էր, որ արդեն հայտնի է` գլխավոր քարտուղարը լինելու է Հայաստանի ներկայացուցիչը:
Էդվարդ Նալբանդյան. Դա շատ վաղուց էր հայտնի, և դա ընդհանուր որոշում է, որ հաջորդ գլխավոր քարտուղարը լինելու է Հայաստանի ներկայացուցիչը: Այդ կապակցությամբ մի քանի օր առաջ նաև մամուլում տեղեկատվություն հրապարակվեց, որ կայացել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է ընդունվել գլխավոր քարտուղարի պաշտոն ստանձնելու վերաբերյալ, և այդ որոշման նախագիծը ուղարկվել է արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք անհատական կարգով հաստատեն այդ որոշումը, համաձայնություն տան: Դրանից հետո դա կներկայացվի ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովին, որի անցկացման ժամկետները, հուսով եմ, որ շուտով կհստակեցվեն: Խոսվում էր ապրիլի մասին: Պետք է սպասել, որ ժամկետները հաստատվեն: Հուսով եմ, որ այդ գագաթնաժողովի ժամանակ վերջնական լուծում կստանա այդ հարցը:
Արարատ ՀԸ. Վերադառնալով ղարաբաղյան հակամարտությանը. հատկապես ապրիլյան դեպքերից հետո համեմատություններ են տարվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նախկինում և ներկայումս բանակցային տարբերակների միջև: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ համեմատություններին, կա՞ դրանց անհրաժեշտությունը, իրո՞ք ճիշտ է արվում:

Էդվարդ Նալբանդյան. Ինչպես նկատել եք, ընդհանրապես փորձում եմ չարձագանքել այդ կարգի մեկնաբանություններին, հատկապես, երբ համեմատություններ են անում, ես կասեի՝ «պարան քաշելու» ինչ-որ փորձ է արվում:
Միայն ասեմ՝ ակնհայտ է, թե ով է հրաժարվել Կազանի փաստաթղթից, Կազանից առաջ՝ Սոչիի, Սոչիից առաջ՝ Մոսկվայի, Մոսկվայից առաջ՝ Աստրախանի, Աստրախանից առաջ՝ Սանկտ Պետերբուրգի, և այլն։ Այս շարքը կարելի է շարունակել: Կամ ո՞վ է «հուշտ լինում» եռանախագահող երկրների ղեկավարների մակարդակով արված հայտնի կարևորագույն հինգ հայտարարություններից, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Ադրբեջանը, որն անգամ ընդհանրապես չի ուզում հիշատակել դրանք։
Ո՞վ է խրտնում Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մակարդակով Համբուրգում՝ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում արված վերջին հայտարարությունից՝ Ադրբեջանը: Սա ես ասում եմ ոչ թե համեմատության համար, ես պարզապես փաստեր եմ բերում, որոնք հենց իրենք խոսուն են: Բայց կարծում եմ՝ ակնհայտ է, որ ներքին ինչ-որ դրդապատճառներով Ղարաբաղի հիմնախնդրի շահարկումն ուղղակի վտանգավոր է և անընդունելի:
Հայկական երկրորդ հեռուստաալիք. Կմանրամասնե՞ք ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ ծավալվող իրադարձությունները։ Տեղեկատվություն էր պտտվում, որ այս առնչությամբ Ձեզ Վիեննա են հրավիրել։
Էդվարդ Նալբանդյան. Դուք մի քիչ մեղմ ասացիք, ադրբեջանցիներն ավելի կոպիտ են ասում: Ասում են՝ Հայաստանի արտգործնախարարին «вызвали на ковер»: Երևի այնքան են սովորել, որ իրենց «вызывают на ковер», որ կարծում են, թե մյուսներին էլ կարելի է, ինչպես ասում են, «своим же аршином мерить»: Իրականում, այցելությունը Վիեննա մեր նախաձեռնությունն էր, և իմ առաջարկն էր հանդիպումներ ունենալ Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Կարծում եմ՝ այդ հանդիպումները բավականին կարևոր և կառուցողական հանդիպումներ էին, որոնք անցան փոխըմբռնման մթնոլորտում, իսկ արդյունքներն էլ ակնհայտ դարձան հենց նույն օրը, որովհետև կայացավ Մշտական խորհրդի նիստ, որի ընթացքում նախագահող երկիր Ավստրիան որոշ մանրամասներ ներկայացրեց այս ամբողջ զարգացումների վերաբերյալ։ Ասվեց, որ ադրբեջանական կողմը, չասվեց Ադրբեջանը, ասվեց՝ «մի երկիր», բայց բոլորի համար պարզ էր, թե ում մասին է խոսքը՝ «на воре шапка горит»: Հատկապես որ Ադրբեջանի դեսպանն այնպես դրսևորեց իրեն, որ որևէ մեկը կասկած էլ չուներ, որ դա Ադրբեջանն է, ասաց, որ Ադրբեջանը մտահոգություններ ուներ, որ ԵԱՀԿ գրասենյակը զբաղվում է գործունեությամբ, որը չի համապատասխանում իր մանդատին։ Պատրվակն այն էր, թե իբր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը զբաղվում է, այսպես կոչված, ականազերծման մի ծրագրով, որը հակասում է գրասենյակի մանդատին։ Իրականում ոչ թե ականազերծման ծրագրի մասին է խոսքը, այլ ականազերծման շուրջ իրազեկվածության բարձրացման կրթական մի փոքր ծրագրի։ ԵԱՀԿ-ի համար դա փոքր ծրագիր է, ընդամենը՝ 25 հազար եվրո, 3-4 անձ պետք է այդ ուղղությամբ վերապատրաստվեն։ ԵԱՀԿ-ն ստիպված էր տարածաշրջան ուղարկել մի առաքելություն, որը եկավ այստեղ, մանրակրկիտ ուսումնասիրեց այդ հարցը, վերադարձավ Վիեննա և զեկույց ներկայացրեց՝ եզրակացնելով, որ ադրեջանական պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ԵԱՀԿ գրասենյակը գործում է համապատասխան այն մանդատին, որը հաստատվել և տրվել է ԵԱՀԿ գրասենյակին։ Չնայած դրան՝ Ադրբեջանը շարունակում էր դեմ դուրս գալ: Ադրբեջանը գնաց ավելի հեռուն։ Ասաց, որ այդ գրասենյակը պետք է չզբաղվի որևէ գործունեությամբ, որը վնաս է հասցնում Ադրբեջանի անվտանգությանը։ Այսինքն՝ 17 տարի է՝ այդ գրասենյակը գործել է, չի վտանգել, հիմա հանկարծ սկսեց վտանգել։ ՈՒզում եմ հստակություն մտցնել. խոսքը ոչ թե Հայաստանի գրասենյակի, այլ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի մասին է: Փաստորեն, Ադրբեջանը, դուրս գալով ԵԱՀԿ գրասենյակի դեմ, դուրս է գալիս ԵԱՀԿ-ի դեմ: Քննադատելով այս գրասենյակի գործունեությունը, փաստորեն՝ մեղադրում է ԵԱՀԿ-ին, թե սպառնում է Ադրբեջանի անվտանգությանը: Միաժամանակ, Ադրբեջանը պահանջում էր, որ ԵԱՀԿ գործող նախագահողը դրա մասին հայտարարություն անի։ Ի՞նչ եք կարծում, դա տրամաբանակա՞ն էր:
Ադրբեջանի պնդումները բացահայտ սուտ էին։ Ավստրիայի նախագահությունը Մշտական խորհրդում իր ուրբաթօրյա ելույթի ընթացքում հայտարարեց, որ ԵԱՀԿ-ի թե նախորդ, թե ներկա նախագահողները միանգամայն պաշտպանում են հիշատակված զեկույցի եզրահանգումները։ Եվ կոչ արեցին բոլոր երկրներին աջակցել գրասենյակի գործունեությանը: Եվ ասացին, որ այս պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է դեմ լինել, իսկ դուք գիտեք, որ ԵԱՀԿ-ն այն կառույցներից է, որը գործում է կոնսենսուսի սկզբունքով, այսինքն՝ եթե անգամ մեկ երկիր դեմ է հանդես գալիս, որոշումն ընդունելն անհնար է դառնում: Եվ այդ պատճառով առաջարկվեց ձեռնպահ մնալ այդ ականազերծման ծրագրի իրագործումից։ Իհարկե, դա առաջարկվում էր ոչ թե Հայաստանին, այլ գրասենյակին, որովհետև, նորից եմ ասում, դա Հայաստանը չի անում, այլ՝ գրասենյակը: Այդ ծրագիրը մեր գաղափարը չէր, մեր առաջարկը չէր. իրենցից էր գալիս։ Տրամաբանորեն, ավստրիական նախագահությունն ակնկալում էր, որ Ադրբեջանն այդ պարագայում պատճառ չի ունենա ասելու, որ դեմ է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը: Մենք էլ համաձայնեցինք, ասացինք, որ, այո, թող ձեռնպահ մնան այդ ծրագրի իրականացումից։ Նախագահող երկիրը հատուկ հայտարարություն արեց՝ նշելով, որ բարձր են գնահատում Հայաստանի շատ կառուցողական մոտեցումն այս հարցում: Քանի որ Ադրբեջանի ներկայացուցիչն ընկավ բավական խայտառակ մեկուսացման մեջ, վայնասուն բարձրացրեց՝ ասելով, որ այդ գրասենյակը, այո, վտանգում է Ադրբեջանին՝ առանց գիտակցելու կամ գիտակցելով, որ իր մեղադրանքն ուղղված է հենց ԵԱՀԿ-ի դեմ։
Ի միջի այլոց, դուք երևի գիտեք, որ Ադրբեջանը փակել է ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում։ Եվ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակը միակն է տարածաշրջանում: Ադրբեջանի այս դժգոհությունների իրական պատճառն այն է, որ մեր երկրին միշտ օրինակ են բերում, որ Հայաստանն ընդունում է ԵԱՀԿ-ի միակ գրասենյակը, լավագույն ձևով համագործակցում է այդ գրասենյակի հետ բոլոր հարթություններով, այդ թվում՝ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, ընտրությունների հետ կապված գործընթացները և այլն։ Իսկ ի՞նչ է իրավիճակը Ադրբեջանում. խայտառակություն։ Իրենք իրենց ափսեի մեջ չէին զգում, քանի որ իրենց համար ինչ որ Հայաստանին լավ է, մահ է Ադրբեջանին: Այսպիսի փորձերով հանդես եկան, բայց հայտնվեցին խայտառակ մեկուսացման մեջ:
Ի դեպ, նախագահող երկիրը հայտարարեց նաև, որ մի շարք երկրներ պատրաստակամություն են հայտնել աջակցել ականազերծման հիշատակված այդ ծրագրի իրականացմանը։ Ադրբեջանի ներկայացուցիչն ասաց, որ բոլոր այն երկրները, որոնք կաջակցեն այդ ծրագրի իրականացմանը, ոչ բարեկամական քայլ կդիտարկվի իրենց կողմից: Ի միջի այլոց, Ռուսաստանը, ԱՄՆ- ը, Եվրոպական միությունը, Շվեյցարիան և Կանադան հայտարարեցին, որ աջակցում են ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը Երևանում, բարձր են գնահատում մեր կառուցողական դիրքորոշումը: ԵԱՀԿ գործող նախագահը նաև հատուկ նշեց, որ, երբ ասում էր, որ իրենք առաջարկում են ձեռնպահ մնալ այդ ծրագրից, միաժամանակ ընդգծում է, որ բոլոր այլ ծրագրերը պետք է շարունակեն իրականացվել։ Հիմա Ադրբեջանը, փաստորեն, դուրս է գալիս ոչ միայն այդ մեկ ծրագրի, այլ ամեն ինչի դեմ: Ադրբեջանը պատռեց իր դիմակը, չնայած դիմակ հագնելու կարիք էլ չկար։ Բոլորը հասկանում էին, թե ինչ է տեղի ունենում: Բաքուն մնաց լրիվ մեկուսացման մեջ նաև այս կառույցում։ Չնայած, եթե իրենց լսես, բոլորն իրենց աջակցում են, իրենց կողքին են:
Eurasia Daily. Պարոն նախարար, երկու հարց. ադրբեջանցի լրագրողի հարցին Լավրովի հայտնի պատասխանի վերաբերյալ շատ քննարկումներ են եղել: Կցանկանայի լսել Ձեր կարծիքը: Երկրորդ. խոսեցիք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Քանի որ հարևան երկրի կողմից կա պայմանավորվածությունները չկատարելու «փայլուն փորձ», կցանկանայի իմանալ հայկական կողմի հնարավոր դիրքորոշումը, եթե այդ պայմանավորվածությունները ի վերջո տապալվեն և չկատարվեն, ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի դիրքորոշումը. գնալո՞ւ է բանակցությունների, շարունակելո՞ւ է Ադրբեջանի հետ այս գործընթացը, թե՞ ոչ:

Էդվարդ Նալբանդյան. Կարծում եմ՝ Լավրովը հայտարարություն է արել, և որևէ բան ավելացնելու կարիք չկա: Ադրբեջանը պնդում էր, թե իբրև լրագրողը ինքնագործունեություն է արել, հարցը ինքն է հորինել և այլն: Ադրբեջանի պարագայում սա կասկածելի է: Բայց հարցը նրանում է, որ մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախարարին տրված հարցի էությունը, փաստորեն, կրկնեց Ադրբեջանի դեսպանը Վիեննայում՝ Մշտական խորհրդում իր ելույթի ընթացքում:

Ինչպե՞ս հասկանանք սա: Լավ, լրագրողը հորինել էր, իսկ դեսպա՞նը: Դե դեսպանին էլ կասեն՝ ինքնագործունեությամբ է զբաղվել: Մենք սովորել ենք դրան։ Գիտեք, որ Ադրբեջանն իր դեսպանների միջոցով Վիեննայում, Նյու Յորքում, ՄԱԿ-ում և այլ կառույցներում փորձեր էր կատարում հարցականի տակ դնել Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև 1994-1995 թթ. կնքված եռակողմ, անժամկետ զինադադարի համաձայնագրերը: Եռանախագահները մի քանի անգամ ստիպված էին տեղը դնել Ադրբեջանին՝ ասելով՝ ոչ, այդ համաձայնագրերն անժամկետ են, ուժի մեջ են, և բոլորն անհապաղ պետք է կատարեն դրանք։ Ադրբեջանից ի՞նչ լսեցինք. այն, որ այդ դեսպանները Վիեննայում և Նյու Յորքում ինքնագլուխ են գործել։

Չեմ պատկերացնում որևէ երկրի դեսպան, որ ինքնագլուխ այսպիսի նոտաներ է տարածում ինչ-որ կառույցներում: Հիմա էլ այդ լրագրողի վերաբերյալ են ասում։ Իրենք իրենց ստերի մեջ այնքան են խճճվել, որ չգիտեն՝ ինչպես դուրս գալ այդտեղից։ Իրենց հանրային կարծիքն այնքան են մոլորության մեջ գցել, որ հետո, երբ առաջանում են այսպիսի իրավիճակներ, հայտնվում են իսկապես բավական տխուր և ծիծաղելի իրավիճակում։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին. գիտե՞ք ինչ, առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը խոչընդոտում ու հրաժարվում է: Քիչ առաջ ես մի շարք օրինակներ բերեցի այն բոլոր գագաթնաժողովների, արտգործնախարարների մակարդակով բազմաթիվ հանդիպումների, երբ պայմանավորվածություններ էին ձեռք բերվում, հետո հետքայլ էին անում, հրաժարվում էին:

Բանակցություններին այլընտրանք չկա։ Հայաստանը շարունակում է եռանախագահող երկրների հետ ջանքերը՝ ուղղված հանգուցալուծման այնպիսի տարբերակի ամրագրմանը, որը կապահովի Արցախի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը։ Սա է պատճառը, որ, իհարկե, պետք է շարունակել բանակցությունները։

Դիտվել է՝ 3247

Մեկնաբանություններ