ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Թանգարանային գիշերը» Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում

«Թանգարանային գիշերը» Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում
20.05.2024 | 16:14

Հայոց ցեղասպանության ինստուտուտ-թանգարանը «Թանգարանային գիշեր» միջոցառմանը մասնակցում էր իր մշտական «Պրո-Արմենիա. քեզ համար, Հայաստան» և «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» ժամանակավոր ցուցադրություններով:

Այս տարի Հայոց ցեղասպանության ինստիտուտ- թանգարանում այդ օրվա առթիվ երկու դասախոսություն էր նախատեսված: Օրվա առաջին բանախոս, ՀՑԹԻ-ի Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը ներկայացրեց «Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները. տեղահանություն» վերնագրով, իսկ ՀՑԹԻ-ի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը՝ «Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջումը. ականատես վերապրողների վկայություններ» դասախոսությունը:

Այս անգամ թանգարան էր այցելել նաև ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Ուսանողական գիտական ընկերությունն իր թիմի անդամներով և ղեկավարներով:

Դասախոսություններն անցան նրանց ակտիվ հարցադրումներով, որոնք ստացան բավարար և հետաքրքիր պատասխաններ:

Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ՈՒԳԸ ընդհանուր հարցերի գծով փոխնախագահ Լիանա Գյուրջյանն իր խոսքում ասաց. «Մենք բավականին շատ ենք կազմակերպում նման միջոցառումներ, քանի որ մեր ուսանողությունը հետաքրքրված է այսպիսի կառույցներով, և մենք փորձում ենք ամեն կերպ մեր ուսանողների հետաքրքրությունները բավարարել: Կարող եմ ասել, որ այսպիսի միջոցառումների կազմակերպումից հետո բավականին մեծ աճ և առաջադիմություն ենք նկատում ուսանողների մոտ»:

Ուսանողներից մի քանիսն էլ ասացին, որ, չնայած այն կարծրատիպին, թե երիտասարդությունը այսպիսի կառույցներով և միջոցառումներով հետաքրքրված չէ, իրենք փորձում են հաճախ այցելել նմանատիպ վայրեր, մեկ-երկու անգամն էլ կարող է բավարար լինել մեկ ամսում՝ չմոռանալու մեր մշակույթն ու պատմությունը:

«Ի ուրախություն մեզ, երիտասարդությունը բավականին ակտիվ էր այսօր, հուսանք` մայիսի 18-ը միշտ այսպես լի օր կլինի»,- ասաց այցելուներից մեկը:

«Թանգարանային գիշերն» իրական տոն է թանգարանասերների համար, լավ հնարավորություն է այցելելու տարբեր թանգարաններ` տեսական և գործնական գիտելիքներ ձեռք բերելու:

Նատալի Մինասյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1959

Մեկնաբանություններ