Մենք դիրքապահ տղաների, հայրենիքը պաշտպանողների կարիք ունենք, Ֆեյսբուքում մեկնաբանություններ գրողների ու խրախուսողների կարիք չունենք՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմից հետո Արցախի ՄԻՊ գրասենյակը փորձել է Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների կողմից իրականացվող ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները ներկայացնել միջազգային հանրությանը։
«Իմ հայտարարությունների հիմնական մասն ուղղված է եղել աշխարհին իրազեկելուն, աշխարհին մեր դիրքորոշումները ներկայացնելուն։ Առայսօր որոշ չափով հույս եմ ունեցել, որ այդ աշխատանքն արդյունավետ է, կարծիք է ձևավորում որոշում կայացնողների մոտ, միջազգային հանրությունում և այդ կարծիքն ինչ-որ մի պահի դառնում է գործողություն։ Այո, շատերը ցավում են մեր զոհերի, մեր տառապանքների համար, բայց սա ուղղակի մարդկայնորեն։ Երբ հարցը հասնում է որոշումներ կայացնելուն, գործողություններին, այդ ժամանակ մարդու իրավունքները էական չեն նրանց համար, էական է քաղաքական, տնտեսական շահերը, բայց ոչ արժեքները։ Հույսներս պետք է դնենք մեր զինվորների վրա, այլապես մենք կկորցնենք ամեն ինչ։ Եկեք հույսներս դնենք մեր ուժերի, եկեք մեր աչքը դրսում չպահենք»,- ասաց Արտակ Բեգլարյանը։