«Անընդհատ ճնշման տակ գտնվող դատավորը որակյալ դատավճիռ չի կարող կայացնել»
22.05.2020 | 01:01
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ ասում է, որ եթե համադրենք դատաիրավական համակարգի շուրջ վերջին երկու տարում տեղի ունեցած դեպքերը, բավական հետաքրքիր պատկեր կստանանք: «Իրատեսի» հետ զրույցում պատգամավորը վերհիշեց դատական համակարգին առնչվող իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն ու գործողությունները:
-Անցած տարի մի քանի անգամ խոսվեց անցումային արդարադատության մասին, ապա վարչապետի հորդորով մարդիկ դատարանները շրջափակեցին, հետո խոսվում էր այն մասին, որ դատական համակարգի ներկայացուցիչների մեծամասնությունը պետք է շորերը հավաքի ու դուրս գա այդ համակարգից, որովհետև թաթախված է կոռուպցիոն գործերում կամ նախկինների շահերի պաշտպանն է,- ասաց պարոն Սիմոնյանը։- Բայց արդեն այս տարի իշխանությունը հայտարարեց, որ նրանց մեծամասնությունը լավն է, ու կարիք չկա դատական համակարգն ամբողջությամբ բարենորոգելու: Այս ամենն ինձ մոտ տպավորություն է ստեղծում, որ իշխանությունն անցած տարի կա՛մ չգիտեր՝ ինչպես աշխատի դատական համակարգի հետ (այն դանդաղ աշխատող համակարգ է ու փոփոխությունները միայն քաղաքական հայտարարություններով չի կարելի պայմանավորել), կա՛մ անցած տարվա հայտարարություններն արվում էին, որ սարսափ ներշնչեն դատավորներին՝ այդ թվում կոռուպցիոն համակարգում թաթախված, որպեսզի նրանք էլ ավելի կամակատար դառնան և ծառայեն նոր իշխանություններին։ Փաստաբանական համայնքն ու դատարանների հետ շփված շատ իրավաբաններ գիտեն այն դատավորներին, որոնք կա՛մ մասնագիտական բավարար գիտելիքներ չունեն, կա՛մ իրականում թաթախված են կոռուպցիոն սկանդալներում, ինչի մասին գիտեն հատուկ մարմինները: ՈՒ եթե հատուկ մարմինները համապատասխան քրեաիրավական հետևանքներ չեն առաջացնում այդ դատավորների նկատմամբ, ապա այստեղ կասկած է առաջանում, որ նրանք հիմա էլ երդում են տվել նոր իշխանություններին, ու նորից շարունակվելու է ոչ անկախ դատավորի ինստիտուտի ճանապարհը: Այսինքն՝ բոլոր քայլերը տանում են նրան, որ դատավորները զրկվում են հույսից, թե երբևէ անկախություն կունենան: ՈՒ կարևոր չէ՝ լավ, թե վատ իշխանությանն են ենթարկվում: Եթե դատավորը ենթարկվեց այլ սուբյեկտի, քան Սահամանդրությունն է, ուրեմն նա դատավոր չէ:
-Իշխանությունը մի կողմից հայտարարում է, թե պետք է «ասֆալտին փռել պատերի տակ վնգստացող դատավորներին, մյուս կողմից՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի բերանով ասում է, թե «անբասիր դատավորները մեծամասնություն են»:
-Երկակի հայտարարությունները, դատավորներին «ասֆալտին փռելը» կամ «վնգստացողներ» անվանելը պայմանավորված է նրանով, որ մեր քաղաքական գործիչները պետական գործիչ չեն, պետական մտածողություն չունեն: Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ կարող են անվանարկել ամբողջ պետական համակարգը կամ պետական ինստիտուտները, ոչնչացնել հարգանքը դատավորի ինստիտուտի նկատմամբ, հետո որոշեն՝ լավ դատավոր է: Բայց եթե նրա նկատմամբ հարգանքն արդեն իսկ ոչնչացված է, ինչքան էլ հետո ասես՝ այս կա այն դատավորը լավն է, միևնույն է, հարգանքը չի վերականգնվելու: Այս ամենի միակ լուծումն այն է, որ քաղաքական գործիչներն իրենց ելույթներում զուսպ լինեն, պետական մտածողություն դրսևորեն ու հասկանան, որ վաղը-մյուս օրը քաղաքական հայտարարությունը հետևանք է թողնելու` դառնալով մի համակարգի փլուզման պատճառ:
-Իշխանությունը նշում է, թե պետք է բարձրացնել դատավորների աշխատավարձը, բայց Ձեր ասածից ստացվում է՝ դա էլ չի կարող հիմք լինել, որ անկախ դատական համակարգ ունենանք: Փաստորեն, առաջին պլան է գալիս քաղաքական կամքի բացակայությունը:
-Այն, որ դատավորների անկախության համար օբյեկտիվ երաշխիքներ պետք է լինեն, նրանց աշխատանքը պաշտպանված պետք է լինի, սոցիալական ու ֆինանսական երաշխիքներ պետք է ունենան, խիստ ծանրաբեռնվածություն չպետք է ունենան, մեծ աշխատակազմ պիտի ունենան, որպեսզի կարողանան արդյունավետ արդարադատություն իրականացնել և այլն, միանշանակ է: Եվ ողջունելի են իշխանության բոլոր այն քայլերը, որ միտված են դատավորներին անկախության երաշխիքներ տրամադրելուն, այդ թվում՝ դատավորների ու նրանց օգնականների թվի ավելացում, աշխատավարձի բարձրացում, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում՝ արբիտրաժ, հաշտարարություն և այլն, որպեսզի դատավորներն օբյեկտիվ միջավայր ունենան անկախ արդարադատություն իրականացնելու համար: Բայց արդարադատությունը, բացի օբյեկտիվ չափանիշներից, ունի նաև սուբյեկտիվ չափանիշներ: Երբ քաղաքական գործիչներն անձնական վերահսկողության տակ են դնում դատավորի գործողությունները կամ ուղղակիորեն չեն ազդում նրա աշխատանքի վրա, բայց դա անում են անուղղակիորեն, օրինակ, հասարակական պարսավանք են գեներացնում դատավորի նկատմամբ ու թույլ չեն տալիս, որ դատավորը ենթարկվի օրենքին ու Սահմանադրությանը, այլ «կուլ գնա» հարյուր կամ հազար քաղաքացու կամքին, դա նշանակում է, որ գործ ունենք սուբյեկտիվ վերահսկողության հետ, պարզապես այդ վերահսկողությունը ոչ թե, օրինակ, հեռախոսային զանգերով է իրականացվում, այլ մի խումբ քաղաքացիների ճնշմամբ: Դատավորն էլ մարդ է, ընտանիք ու երեխա ունի, տեսնում է, որ այդ մի խումբ մարդկանց հաճախ ապօրինի ճնշումը ազդում է իր անձնական ու ընտանեկան կյանքի վրա, մտածում է այնպես անել, ինչպես իշխանությունն է ցանկանում: ՈՒ, փաստորեն, ինչքան էլ անկախության օբյեկտիվ երաշխիքներ ունենա, սուբյեկտիվը հանգեցնում է նրան, որ դատավորը ենթակայի վարքագիծ է դրսևորում:
-Ի՞նչ գնահատական կտաք դատական համակարգին առհասարակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի անդամներին պաշտոնանկ անելն իշխանության համար մնում է օրախնդիր հարց:
-Սահմանադրական դատարանը դատական համակարգի ընդամենը մեկ օղակն է՝ իրավասությունների շատ նեղ շրջանակով: ՈՒշադրությունն ավելի շատ մնացած դատարանների վրա կուզեի հրավիրել, որոնց հետ առնչվում են մեր քաղաքացիները: Խոսքն առաջին ատյանի դատարանի մասին է, որտեղ եթե բարեփոխումներ չլինեն, ապա դատարանի նկատմամբ քաղաքացու վստահությունը չի վերականգնվի: Իշխանություններն այստեղ հապաղում են, բայց ես հույսս չեմ կորցնում, որ վաղ թե ուշ հանգելու են այն մտքին, որ եթե ուզում ենք առողջ պետականություն ու զարգացած պետություն ունենալ, առանց պետականության ողնաշարի՝ դատական իշխանության, նման երկիր չենք կարող ունենալ: Մենք հիմա շատ բարոյական ու առաքինի դատավորներ ունենք, որոնք թե՛ նախորդ, թե՛ այժմյան ռեժիմի պարագայում պատրաստ են մինչև վերջ պաշտպանելու դատավորի պատիվը, ենթարկվելու բացառապես օրենքին ու Սահմանադրությանը: Նրանք առանձին անձանց ո՛չ քաղաքական գործողություններին, ո՛չ սոցիալական ճնշումներին տուրք չեն տալիս: Դատավորի առաքինության երդումը սրտում պահած՝ գնում են մինչև վերջ ու ենթարկվում են պետական շահին: Այսպիսի դատավորների վրա պետք է խարսխվի ամբողջ դատական համակարգը, այսպիսի դատավորները մեզանում, իհարկե, այդքան էլ շատ չեն, բայց կան, ու պետք է խրախուսվի հենց նրանց աշխատանքը: Իսկ եթե խրախուսում եք քաղաքական շահերով առաջնորդվող ու կամակատար դատավորներին, առաքինի դատավորները հիասթափվում են ու գնում մասնավոր ոլորտ: Անձամբ ես շատ եմ զրուցել մեր գործընկերների հետ, որոնք այն ժամանակ էլ, հիմա էլ հաճախ են հիասթափվում իրենց աշխատանքից և ուզում են լքել ոլորտը: Մտածում են՝ հա՛մ նորմալ գումար կվաստակեն, հա՛մ սոցիալական աջակցություն կլինի, հա՛մ էլ այդքան ճնշում չի լինի: Բայց մենք այդ մարդկանց պետք է համոզենք, որ առաքելություն ունեք կատարելու, պետությունը ձեր կարիքն ունի, ու պետք է չնայեք, թե այսօր կամ վաղը ովքեր են իշխանության ղեկին:
-Իշխանությունը երկու տարի անընդմեջ թիրախավորում ու պիտակավորում է դատավորներին: Նիկոլ Փաշինյանը, օրինակ, նրանց «պատերի տակ վնգստացողներ» է անվանում: Քարե նյարդեր են պետք դիմադրելու անվերջանալի անվանարկումներին:
-Միանշանակ ճիշտ եք, թիրախավորումն ազդում է նրանց աշխատանքի ու աշխատանքի որակի վրա, անընդհատ վատ տրամադրություն ունեցող ու ճնշման ներքո գտնվող դատավորը որակյալ դատական ակտեր չի կարող կայացնել: Իսկ եթե նա որակյալ վճիռ չի կայացնում, ամբողջ հասարակությունն է անարդարության զգացում ունենում, ինչը պետական շահից չի բխում: Սա պետք է գիտակցեն քաղաքական գործիչներն ու դառնա՛ն պետական գործիչ, հասկանան՝ դատավորն էլ մարդ է, ռոբոտ չէ, որ ուղեղն անջատի: Ճիշտ է՝ վիրավորանքի պատրաստ լինելն էլ դատավորի խաչն է, ու այդ վիրավորանքները ոչ միայն քաղաքական դաշտից, այլև դատավարության պարտված կողմից են հնչում, բայց եթե վիրավորանքը չի դադարում, շարունակական բնույթ ունի, մարդիկ կարող են հիասթափվել ու դուրս գալ ոլորտից՝ մարելով վերջին հույսը, թե դատական իշխանությունը կառողջանա: Բայց վստահ եմ՝ մեր առաքինի դատավորների հոգու հույսը երբեք չի մարի, ու կհասկանան, որ քաղաքական իշխանությունն անցողիկ է, պետական շահը՝ մնայուն:
Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ