Ի՞նչ կլինի, եթե ՍԴ դատավորները հանրաքվեի նախորդ օրը հայտարարեն պաշտոնը թողնելու մասին
11.02.2020 | 03:07
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելուց առաջ իշխանությունը, ըստ երևույթին, մեկ հանգամանք հաշվի չի առել. ի՞նչ է լինելու, եթե նախքան հանրաքվեն սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորները հայտարարեն, որ դադարեցնում են պաշտոնավարումը: «Իրատեսը» հարցն ուղղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ի պատասխան ասացին, որ իրավակարգավորումների մասով այս պահին մեկնաբանություն չեն տալիս: Օրենսդրություն գրողների մտքի ծայրով երևի անցած էլ չի լինի, որ Սահմանադրական դատարանի նախագահին ու դատավորներին հեռացնելու համար օրերից մի օր հանրաքվե է անցկացվելու, ու հենց դա է պատճառը, որ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի «Հանրաքվեի չեղարկման» մասին դրույթներում նմանօրինակ իրավիճակի վերաբերյալ ոչինչ գտնել հնարավոր չէ: Եթե սովորական ընտրությունների դեպքում՝ խորհրդարանական, ՏԻՄ և այլն, օրենքը սահմանում է, որ թեկնածուն ինքնաբացարկ կարող է ներկայացնել ընտրությունից տասն օր առաջ, ապա այս դեպքում որևէ նորմ կամ տրամաբանություն չի գործում: Եթե դատավորները մինչև փետրվարի 27-ն օգտվեն վաղաժամ կենսաթոշակի օրենքից, ապա հանրաքվեն չեղյալ կհայտարարվի: Բայց եթե դրանից հետո ՍԴ դատավորներն ուղղակի հայտարարեն, որ դադարեցնում են պաշտոնավարումը, ապա հանրաքվեն պետք է տեղի ունենա: Իսկ թե ինչ տրամաբանությամբ, պատասխան ոչ ոք չունի:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ