ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Արթուր Վանեցյանի հարցազրույցը «Ինտերֆաքս»-ին

Արթուր Վանեցյանի հարցազրույցը «Ինտերֆաքս»-ին
11.02.2020 | 02:25

Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ռուսական «Интерфакс» գործակալությանը հարցազրույցում մանրամասներ է պատմել իր ղեկավարելիք կուսակցության մասին: Վանեցյանը նշել է, որ ընդդիմադիր կուսակցության գաղափարախոսության հիմքում ավանդույթներն ու առաջընթացն են լինելու:


«Նոր քաղաքական կուսակցությունը կենտրոնական, աջ կենտրոնական ուղղվածության է լինելու, գաղափարներում ու ծրագրերում ներդաշնակ միահյուսվելու են ավանդույթներն ու առաջընթացը: Այս շրջանում համախոհների և հնարավոր գործընկերների հետ լայն քննարկումներ են ընթանում, միայն դրանց ավարտին մենք կազդարարենք կոնկրետ ծրագրերի մասին և կհրապարակենք առաջիկա գործողությունների ճանապարհային քարտեզը: Նոր քաղաքական ուժը որպես ընդդիմություն է հանդես գալու»,-ասել է Վանեցյանը: Նրա խոսքով` Հայաստանում այս շրջանում շատ խնդիրներ են կուտակվել, որոնք լուծում են պահանջում, իսկ կառավարությունը հեռացել է 2018-ի «թավշյա հեղափոխության» ազդարարած նպատակներից: ԱԱԾ նախկին տնօրենը կարծում է, որ Հայաստանում անցյալին վերադարձ չի լինելու: Միևնույն ժամանակ, Վանեցյանը դեմ է «ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է» քաղաքական կոշտ սահմանազատմանը, որը տարվում է իշխանության կողմից: «Ակնհայտ է, որ այս կարգախոսն այսօր շատ հարմար գործելաոճ է դարձել գործող իշխանության համար, ինչն անթույլատրելի է իրավական պետություն կառուցելու` իշխանության առանձին ճյուղերի գործունեության ու հավասարակշռված քաղաքացիական հասարակություն
ունենալու տեսանկյունից: Այսօրվա Հայաստանում ռադիկալ, ծայրահեղական մոտեցումները, իմ խորին համոզմամբ, տեղ չունեն: «Սև ու սպիտակ» քաղաքական դաշտին կա այլընտրանք, քանի որ աշխարհն իրականում լի է գույներով, դրանց տասնյակ երանգներով, և մենք մտադիր ենք քաղաքական ընդհանուր ներկապնակում մեր տեղն ունենալ», - ասել է Վանեցյանը: Նա նշել է, որ Հայաստանում «թավշյա հեղափոխության» օրերին ու դրանից հետո մարդիկ արդարություն, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում, կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացում էին ակնկալում: «Խոստացան և չարեցին»,- ասել է ԱԱԾ նախկին տնօրենը:


«Հասարակական լայն համախմբման փոխարեն, առանց որի Հայաստանը չի կարող հաղթահարել երկրի ու հասարակության առջև ծառացած մարտահրավերները, մենք ունեցանք նոր ներքին «խրամատներ», բաժանում «սևի» ու «սպիտակի», «հների» ու «նորերի», «համամիտների» և «ոչ այնքան համամիտների», որոնք անողոք պայքարում են միմյանց դեմ` համատարած ատելության մթնոլորտում: Այն, որ այս ամենում անթույլատրելի է ուժային կառույցների ներգրավումը, առանձին թեմա է»,- հայտարարել է Վանեցյանը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մնում է ու կմնա Հայաստանի ռազմավարական գործընկերը, երկու երկրների շահերից է բխում մնալ հուսալի և կանխատեսելի գործընկերներ: Նրա խոսքով` Երևանն ու Մոսկվան պետք է պահպանեն եղբայրական և ռազմավարական հարաբերությունների բազմադարյա պատմությունն ու կուտակված ներուժը և զարգացնեն դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ բազմակողմ ձևաչափերում:
«Հայաստանի իշխանության ղեկին այսօր շատերն են նրանցից, ովքեր ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվ հանդես են եկել հակառուսական դիրքորոշմամբ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, որը Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծ ներկայացնելը: Նրանք հայտարարում էին, որ ԵԱՏՄ-ն սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը: Այսօր այդ նույն մարդիկ առիթ բաց չեն թողնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունն ու կազմակերպության հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունն ընդգծելու համար», - ասել է Վանեցյանը` հավելելով, որ «իրական քաղաքականությունն ու պոպուլիզմն անհամատեղելի են»:


«Շատ կարելի է խոսել բացթողումների և չիրականացած հնարավորությունների մասին, թյուրիմացություններ լինում են նույնիսկ ամենասիրով ընտանիքներում: Բարեբախտաբար, մեր ժողովուրդներին միշտ բավականացրել է հարաբերություններում բոլոր դժվարությունները հաղթահարելու իմաստություն: Համոզված եմ, այժմ էլ կբավականացնի: Անհրաժեշտ է կամք ու իմաստություն, մեր ժողովուրդները դա ունեն: Պետք է ընդգծեմ, որ մեր հարաբերություններն ավելին են, քան առանձին վերցրած քաղաքական գործիչների կամ նույնիսկ քաղաքական ուժերի հարաբերությունները: Այդ հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն և կունենան բազմադարյա ապագա», - նշել է Արթուր Վանեցյանը: Նա հիշեցրել է, որ 2019-ին, երբ հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին, իր և վարչապետի տարաձայնություններն անհաղթահարելի էին դարձել:

Դիտվել է՝ 9658

Մեկնաբանություններ