Պարոն դատախազ, ստացա իմ դիմում-բողոքին 24.12.2019 թ. Ձեր կողմից տրված պատասխանը, ուշադիր ընթերցեցի և գտա այն պարզապես ապշեցուցիչ: Ես այն տպավորությունն ստացա, որ Դուք ինքներդ չեք կարդացել ոչ ՀՕԲ տեսուչ Հ. Գասպարյանի շարադրությունը, ոչ էլ իմ դիմում-բողոքը, այլ հանձնարարել եք դրանով զբաղվել Ձեր որևէ աշխատակցի: Ես, իհարկե, կօգտվեմ ՀՀ քրեական դատավարության 290-րդ հոդվածով ինձ ընձեռված իրավունքից, սակայն որոշեցի ևս մեկ անգամ դիմել Ձեզ ներկա ձևաչափով, որպեսզի ընթերցողը նույնպես տեսնի, թե դեռևս ինչպիսի պատասխանատու աշխատակիցներ կան մեր երկրի իրավապահ մարմիններում: Որպեսզի ընթերցողին պարզ լինի ամեն ինչ, համառոտ կներկայացնեմ գործի հանգամանքները, որից հետո կանցնեմ Ձեր պատասխանի քննարկմանը:
2019 թ. փետրվարի 5-ի գիշերվա ժամը մեկին մոտ ես խոհանոցում էի, և լսեցի ջրի թեթևակի խշշոց, թեև ծորակները փակ էին: Բացեցի լվացարանի տակի դռնակը և տեսա, որ ջրի ռետինե խողովակներից մեկի միացման կետից բարակ շիթով ջուր է հոսում հատակին: Անմիջապես տեղեկացրի ամուսնուս, որն աշխատում էր համակարգչի մոտ: Նա եկավ խոհանոց, արագ հայտնաբերեց վթարի տեղը և փակեց այն փականը, որով ջուր էր մատակարարվում այդ խողովակին: Ես արագ հավաքեցի հատակին թափված ջուրը, մոտ 3-ից 4 լիտր, և ժամը մեկ անց կեսի մոտ մեզ մոտ ամեն ինչ կարգին էր:
Առավոտյան ժամը 9-ին մոտ առաջին հարկի հարևան Լարիսա Մովսիսյանը զանգահարեց մեզ (խոսափողը վերցրեց ամուսինս) և հայտարարեց, որ մենք ջուր ենք լցրել նրանց բնակարան և որ նա պետք է դիմի դատարան: Ամուսինս ասաց, որ դա նրա օրինական իրավունքն է: Մի քանի րոպե հետո նա դադարեցրեց մեր բնակարանի ջրամատակարարումը: Այդ մասին ամուսինս հեռախոսով տեղեկացրեց մեր թաղապետ Վ. Վարդանյանին, որն էլ մի քանի րոպե հետո հաղորդեց, որ, հարևանի խոսքերով, մենք նրա բնակարանին հասցրել ենք 100000 դրամի վնաս, և որ այդ գումարը ստանալուց հետո միայն կվերականգնի ջրամատակարարումը:
Մենք անմիջապես հրավիրեցինք մեր թաղի որակյալ վարպետներից մեկին և խնդրեցինք գնալ հարևանի բնակարան, տեսնել, թե ինչպիսի վնաս է հասցվել նրա բնակարանին, և ի՞նչ նյութեր են անհրաժեշտ՝ պատճառված վնասվածքներն անմիջապես վերականգնելու համար: Վարպետը վերադարձավ և հայտնեց, որ իրեն արգելեցին ներս մտնել և հայտարարեցին, որ իրենց ոչ թե նորոգում է պետք, այլ 100000 դրամ: Մենք իրավացիորեն համարեցինք, որ պահանջն անհիմն է, քանի որ նախ՝ վնասի չափը պետք է որոշի փորձագետը և հետո պետք է լինի դատարանի վճիռը (ի դեպ, դատական գործը շարունակվում է, և հաջորդ նիստը նշանակված է սույն թվի փետրվարի 26-ին): Դիմեցինք բոլոր հնարավոր պատկան մարմիններին՝ «Վեոլիա» ջուր, ոստիկանատուն և քաղաքապետարան, սակայն դրանցից ոչ մեկը մատը մատին չխփեց՝ ապօրինաբար ստեղծված դրությունը շտկելու համար:
«Վեոլիա» ջուր ընկերությունը պատսպարվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թիվ 388-Ն (30.11. 2016) որոշմամբ, որի մասին տեղեկություն կա «Իրատես» թերթի անցած տարվա թիվ 26-ում տպագրված հոդվածի 2-րդ մասում:
Ոստիկանության «հանճարեղ» պատասխանը, որը կազմվել է ՀՕԲ տեսուչ Հ. Հ, Գասպարյանի ջանքերով, ոստիկանության պետ Ղ. Գևորգյանի ստորագրությամբ 2019-ի փետրվարի 7-ին մեզ է հանձնել նույն տեսուչը, որը մի քանի անգամ այցելել է մեր բնակարան, ընդ որում առաջին անգամ հենց փետրվարի 5-ի կեսօրից հետո, և համոզվել, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է: Որոշման հիմնական մասը բերում եմ առանց փոփոխության. «քննարկման արդյունքում նյութերը հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ նյութերը եզրակացությամբ թողնվել են անհետևանք»: Իմ կարծիքով սրանից գլուխ կարող են հանել տեսուչն ու նրա պետը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչները մի քանի անգամ եկան-գնացին, համոզվեցին, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է ու այդպես էլ ոչինչ չձեռնարկեցին:
Ստեղծված անելանելի իրավիճակը բարդացրեց եռակի ստենտավորված ամուսնուս առողջական վիճակը. զարկերակային ճնշման բարձրացում, իմունիտետի անկում և, որպես դրա հետևանք, այլ հիվանդությունների սրացում: Տեսնելով այդ, մեր ընտանիքի բարեկամ Ս. Մարտիրոսյանը հանդիպում է թաղապետ Վ. Վարդանյանի հետ, ներկայացնում է իրավիճակը և զգուշացնում, որ եթե ամուսնուս հետ որևէ բան պատահի, ապա ողջ պատասխանատվությունը կընկնի հենց իր՝ Վարդանյանի վրա: Եվ ահա, փետրվարի 15-ի երեկոյան թաղապետը գալիս է մեր բնակարան, տեսնում է ամուսնուս անկողնում պառկած և հայտնում է, որ վերականգնում են բնակարանի ջրամատակարարումը, որպեսզի մենք զգույշ լինենք: Այսպիսով ջրամատակարարումը վերականգնվեց ավելի քան 10 օր հետո, ոչ թե հոժարակամ, այլ այն իրողության գիտակցումից, որ հնարավոր է ենթարկվեն ավելի խիստ պատասխանատվության:
Այժմ անցնեմ Ձեր պատասխանի քննարկմանը, հիմք ընդունելով այն, որ Դուք հաստատել եք ոստիկանության պետի որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
․ Ձեզ ուղղված իմ դիմումում ես մատնանշել եմ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետը, իսկ Դուք Ձեր պատասխանում համառորեն նշում եք նույն հոդվածի 2-րդ կետը: Քանի որ չեմ կասկածում 1-ը 2-ից տարբերելու Ձեր կարողությանը, ուստի մնում է ենթադրել հետևյալը. Դուք դա արել եք միտումնավոր, որպեսզի, հարկ եղած դեպքում, հիմնավորեք Ձեր որոշումը, հայտարարելով՝ քանի որ բռնություն չի կիրառվել, ուրեմն՝ բացակայում է հանցակազմը: Բայց չէ՞ որ դա դիմացինին հիմարացնել է նշանակում: Մի՞թե սա բարոյական է: Դատեք ինքներդ՝ ճիշտ կլինի՞ արդյոք, որ նման մարդը զբաղեցնի դատախոզի պաշտոնը:
․ Հայտնի և անհերքելի ճշմարտություն է այն, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մի այլ քաղաքացու տալ կամ չտալ միայն սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը: Տվյալ դեպքում իմ հարևանը չի կարող հանդիսանալ մատակարարվող ջրի սեփականատեր (չեմ կարծում, որ Դուք կարող եք պնդել հակառակը), ուստի իրավունք չունի լուծելու ինձ ջուր տալու կամ չտալու հարցը: Սակայն նա իրեն իրավունք է վերապահել զրկել ինձ ջրից: Էլ ի՞նչ պետք է աներ նա, որ արարքը համարվեր ինքնիրավչություն: Միգուցե հարցնեք վնասի մասի՞ն: Մի՞թե հնարավոր է հաշվել այն վնասի չափը, որ կրում են 81 և 77 ամյա միայնակ ապրող թոշակառուները, երբ նրանք ավելի քան 10 օր շարունակ զրկվում են խմելու ջրից: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե Դուք ի՞նչ երգ կերգեիք, երբ Ձեր նույն տարիքի հասած ծնողները հայտնվեին նույն իրավիճակում: Եթե իրավունքի հարց է, ապա Դուք պարտավոր եք մտածել և ընդհանրացում անել: Դիցուք շենքը 10-հարկանի է: Տեղի է ունեցել նմանատիպ դեպք.երկրորդ հարկի բնակչի բնակարանից ջուր է հոսել առաջին հարկի բնակչի բնակարան: Պարզ է, որ վերջինս իրավունք չունի փակելու դեպի վեր գնացող ջրի հոսքը (չեմ կարծում, որ Դուք հակառակ կարծիքի լինեք): Կարո՞ղ եք պարզաբանել, թե ինչպես է նա ձեռք բերում այդ իրավունքը, երբ շենքը երկհարկանի է:
․ ՀՕԲ տեսուչ Հ. Գասպարյանը որոշում կայացնելիս հիմք է ընդունել իմ հարևանի հետևյալ հայտարարությունը (մեջբերում եմ առանց փոփոխության). «Լարիսա Մովսիսյանը իր բացատրությամբ հայտնել է, որ իրենց տան լոգարանում առկա ջրագծի վրա դրված փականը նախատեսված է եղել նախագծով, ինքը այն չի տեղադրել և այն ստիպված է եղել փակել 2019 թ. փետրվարի 5-ին, որպեսզի իր տուն ջուր չլցվի, որը տևել է մինչև 2019 թ. փետրվարի 8-ը, նշելով, որ այդ փականի փակ լինելու արդյունքում իր տունը նույնպես զրկվել է ջրամատակարարումից, սակայն ինքը ստիպված է եղել փակել, որպեսզի վթարի պատճառով ավելի մեծ վնաս չհասցվի իր տանը, ինչը հաստատվել է նաև դեպքի վայրի զննության արձանագրությունով»: Այստեղ հարկ եմ համարում մեկնաբանել բերված հայտարարության որոշ մասը (ամբողջի մեկնաբանությունը առկա է Ձեզ ուղղված իմ դիմումում): Պարոն դատախազ, իմ բնակարանի ջրամատակարարումը դադարեցվել է փետրվարի 5-ի առավոտյան: Կարող եք հաշվել, թե իմ բնակարանում ինչքան ջուր պետք է լցված լիներ, որպեսզի նրա բնակարան ջուր հոսեր 72 ժամ շարունակ: Բայց տեսուչը մի քանի անգամ այցելել է մեր բնակարան, հենց փետրվարի 5-ին՝ կեսօրից հետո, փետրվարի 6-ին, 7-ին: Նա ջրի միջով չի քայլել: Հապա ի՞նչ է նա հաստատել տեղի զննության արձանագրությունով (որը պարտավոր էր ցույց տալ ինձ, բայց ցույց չի տվել), հավանաբար, իրեն էլ հասկանալի չէ:
Եվ ահա, հիմք ընդունելով առողջ դատողության շրջանակներում չտեղավորվող, միանգամայն անտրամաբնական, ես կասեի նույնիսկ մազոխիստական հայտարարությունը (իրեն վնաս տալու գնով հարևանին վնաս պատճառելը ոչ այլ ինչ է, եթե ոչ մազոխիզմ), տեսուչ Հ. Գասպարյանը անում է հետևյալ էլ ավելի «հանճարեղ» եզրակացությունը. Լ. Մովսիսյանը «փորձել է ջրամատակարարման դադարեցմամբ կանխել իր տուն ջրի հետագա լցնելու հանգամանքը, ուստի տվյալ պարագայում նյութերում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի առաջին մասի հանցակազմը»:
Պարոն դատախազ, տեսուչ Գասպարյանին (ինչպես նաև նրա պետին) միգուցե կարելի է ներել այն բանի համար, որ նա ի զորու չէ հետևություն անելու իր իսկ եզրակացությունից, միգուցե նա գիշերներն էլ չի բաժանվում իր ծառայողական գլխարկից: Իսկ Դու՞ք: Չէ՞ որ Դուք դատախազ եք և նույնիսկ արդարադատության առաջին աստիճանի խորհրդական: Ինչ խորհուրդներ կարող եք տալ, եթե չեք կարող կամ, որ ավելի վատ է, չեք ուզում հետևություն անել կարդացածից: Հաստատելով քրեական գործի հարուցումը մերժելու ոստիկանության որոշումը, Դուք իրավունք եք տալիս բազմահարկ շենքի յուրաքանչյուր բնակչի՝ ցանկացած պահի իր վերևի հարկի բնակչին զրկել խմելու ջրից, որպեսզի կանխի իր տուն ջրի հետագա լցնելու հանգամանքը (օգտագործել եմ Գասպարյանի շարադրության ոճը): Միգուցե օրենսդրական նախաձեռնությամբ մտնեք Ազգային Ժողով, որպեսզի Ձեր հաստատած այս «հոյակապ» հիմնավորումը օրենքի ուժ ստանա:
Պարոն Մնացականյան, Դուք, որպես դատախազ, պարտավոր էիք ինքներդ անել այս բոլոր քննարկումները և կայացնել արդարացի որոշում: Դուք դա չեք արել, ցանկանալով պաշտպանել Ձեր ստորադասին: Կարծում եմ` դա անաչառ որոշում չէ:
Մեր արարքը՝ հարևանի բնակարանին ոչ դիտավորյալ վնաս պատճառելը, իսկապես, քաղաքացիաիրավական բնույթի է, որի համար ընթանում է դատական գործընթաց: Հարևանի արարքը՝ դիտավորյալ կերպով, իրեն չվերապահված իրավունքով, ինքնագլուխ կերպով կատարված գործողություն է, որը հարևանին պատճառել է էական վնաս ֆիզիկական և հոգեկան տառապանքի տեսքով, քրեորեն պատժելի արարք է:
Իրինա ՌՈՄԱՆՈՎԱ
Հ. Գ. Այս գործի քրեական մասը չէր լինի, եթե ՀՕԲ տեսուչը, որպես իրավապահ մարմնի ներկայացուցիչ, գիտակցեր իր իրավունքներն ու պարտականությունը: Նա հենց փետրվարի 5-ին պետք է պարտադրեր հարևանին բացել ջրի փականը, գալ իմ բնակարան, համոզվեր, որ ջրամատակարարումը նորմալ է, բացակայում է վթարը, գնար հարևանի մոտ, հայտներ, որ վթարը վերացված է և բացատրեր նրան, որ նրա կողմից ջրամատակարարման հետագա դադարեցումը քրեորեն պատժելի արարք է:
Մի՞թե համաձայն չեք: