«Իմ քայլը» խմբակցության պատգամավորն առաջարկում է քննիչներին ավելի վաղ «թոշակի ուղարկել»
10.12.2019 | 02:33
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջիկայում պատրաստվում է շրջանառության մեջ դնելու քննչական ապարատի սոցիալական երաշխիքներին վերաբերող օրենքի նախագիծը: «Իրատեսի» հետ զրույցում պարոն Խաչատրյանը մանրամասնեց՝ խոսքը քննիչներին ավելի վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին է: «Նախկինում քննիչները նախատեսվածից շուտ էին կեսաթոշակի գնում՝ համակարգում 20 տարի աշխատելուց հետո: Այժմ ցանկանում ենք վերականգնել այդ դրույթը, ինչը կնպաստի համակարգում պրոֆեսիոնալ ու գործին նվիրված քննիչներ ունենալուն: Նրանք այժմ թոշակի գնում են 63 տարեկանում, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ, օրինակ, Հատուկ քննչական ծառայությունում 45 տարեկանից բարձր քննիչներ առհասարակ չկան: Քննչական ծառայությունում մի քանի տարի աշխատելուց ու պրոֆեսիոնալ դառնալուց հետո մարդիկ դուրս են գալիս ծառայությունից ու փաստաբանությամբ կամ իրավական այլ գործունեությամբ զբաղվում: Քննչական ապարատն էլ, մեխանիկորեն, զրկվում է որակյալ ու պրակտիկ կադրեր ունենալուց»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Պատգամավորն ասաց նաև, որ քննչական կոմիտեին հարցում է արել՝ պարզելու, թե համակարգում ով է ամենատարիքով քննիչը: Թեև դեռևս պատասխան չի ստացել, բայց վստահ է՝ տարիքով քննիչները շատ չեն կամ ընդհանրապես չկան. «Մոտիվացիա չկա, որ որակյալ կադրը մինչև վերջ շարունակի աշխատել համակարգում, բացի այդ, քննչական ծառայությունը ծանրաբեռնված և ռեսուրս պահանջող ծառայություն է: 20 տարի աշխատելուց հետո քննիչը պետք է հնարավորություն ունենա կեսաթոշակի գնալու, դա կմոտիվացնի, որ մարդիկ ձգտեն քննչական մամիններում աշխատելու: Կնպաստի նաև, որ համակարգից կադրերի հոսք չլինի, ընդհանուր որակն էլ մի քանի անգամ կբարձրանա»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ