Այսօր Նախախորհրդարանի անդամներ Վարուժան ԱՎԵՏԻՍՅԱՆԸ և Կարո ԵՂՆՈՒԿՅԱՆԸ «ՈՒրբաթ» ակումբում անդրադարձան վերջին շրջանում երկրում տեղի ունեցող բռնություններին, որոնք մնացել են անպատիժ: «Մենք այդպես էլ չկարողացանք կառուցել անկախ պետություն: Ի՞նչ վիճակի հասանք: Արտաքին տիրապետողներին ձեռնտու էր այս վիճակը, որպեսզի նվազի երկրի դիմադրողականությունը»,-ասաց Վ. Ավետիսյանը: Նրա կարծիքով, Հայաստանի իշխող վերնախավը ամբողջապես բաղկացած է «քրեականացված տարրերից», պետության ղեկին կանգնած են անձեր` օլիգարխներ, որոնք Հայաստանի ներկա վիճակի գլխավոր մեղավորներն են: Բանախոսը նշեց վերջին շրջանում քաղաքացիների նկատմամաբ օլիգարխիայի կողմից կիրառված բոլոր բռնությունների դեպքերը, որոնք մնացել են անպատիժ: Դրանցից են` ծածկած շուկայի հետ կապված բռնությունները, ակցիայի ժամանակ նախախորհրդարանի անդամներին հասցված վնասները, որի ընթացքում վնասվել է Կարո Եղնուկյանի ավտոմեքենան. «Զարմանալի է, երբ մեղավորները ցուցմունք են տվել, խոստովանել են, որ իրենք են արել, բայց նշել են, որ դա որևէ կապ չունի Սամվել Ալեքսանյանի հետ…Պարզապես, մարդիկ երևի առանձնակի ատելությո՞ւն են ունեցել իմ մեքենայի կամ անվադողերի գույնի նկատմամբ»,-հեգնեց Կ. Եղնուկյանը: Նա ասաց, որ բազմաթիվ անգամ ոստիկանությունում հայտարարել է, որ իր նկատմամբ բռնություն է կրառվել, բայց` անօգուտ:
Ինչ վերաբերում է բռնությունների մյուս դեպքերին, օրինակ` Կոմիտաս 5-ի դեպքը, երբ հանցավոր խմբի կողմից հարձաման ենթարկվեց ակտիվիստ Անուշավանը, կամ ոստիկանության պետի տեղակալի կողմից կին-ակտիվիստների նկատմամբ սեռական բնույթի գործողությունների իրականցումը, դարձյալ մնացել են անպատիժ. «Ոստիկանության պետի տեղակալը ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլև` մինչ օրս իր կաբինետում նստած զբաղեցնում է իր պաշտոն»,-ասաց բանախոսը` նշելով, որ անպատիժ են մնացել նաև քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստների նկատմամբ տարբեր ոտնձգություններ կատարած հանցավոր խմբերը:
Կ. Եղնուկյանի խոսքով, ակնհայտ է, որ հանցագործությունները կատարվել են, բայց խնդիրը նրանում է, որ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: «ՀՀ պետական կառավարման համակարգը բռնությամբ ու խաբեությամբ շարժվող հանցավոր կազմակերպություն է, ուստի պետք է նշել, որ մեր երկիրը օկուպացված է, բռնազավթված օտարի կողմից` տեղական հանցավոր խմբերի աջակցությամբ: Մենք չունենք պետական կառավարություն, դա հանցավոր կազմակերպություն է»,-շեշտեց Վ. Ավետիսյանը: Ելքը, վերջինիս համոզմամբ, ազգային ազատագրական պայքարն է: «Բայց ոչ ոքի ցանկալի չէ, որ Հայաստանում արյուն հեղվի, դրա համար նախընտրելի է խաղազ ճանապարհով ինչ-որ բանի հասնել: Պետք է հանցավոր վարչախմբի հեռացմանը հասնել ժողովրդի հավաքական, անհաղթահարելի ուժի գործադրմամբ»,-եզրափակեց նա:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ