Նախ համառոտ պարզաբանում. 2012-ի մայիսին ճանապարհային արագաչափերն արձանագրել էին արագության գերազանցում, ինչի համար ինձ տուգանել էին 50000 դրամով, որը ես վճարել էի 2012-ի հունիսի 26-ին։
Ձեր` 03.06.2013 թ. վճարման կարգադրության կապակցությամբ հայտնում եմ, որ դա անհիմն է, մինչ հիմնավորումը արտահայտում եմ զայրույթս, քանի որ ապօրինի հայցի հիման վրա արձակված կարգադրությունը (վիրավորական խոսքերը չեն վերաբերում դատարանին, դատավորին) ինձ պատճառել է բարոյական մեծ վնաս: Ես տառապում եմ շաքարային դիաբետով, և այդ կարգադրությունը կարդալուց հետո շաքարս մեկեն բարձրացել է, հասնելով մինչև 20-ի: Օրերով փնտրել և պատահաբար գտել եմ այն բարաթը, որով պիտի ապացուցեի իմ անմեղությունը: Ես գիտեմ, որ ապրում եմ անբարո, իրենց պաշտոնին ոչ արժանի պաշտոնյաների երկրում, որոնց համար մարդու առողջությունը, արժանապատվությունը ոչինչ են: Կուզենայի հարցնել այդ թափթփված, ՃՈ վարչական գործունեության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ պարոն Գ. Թանգյանին. եթե ես հանկարծ կորցրած լինեի 1200072508 որոշման հիման վրա ինձ 50000 դրամ վարչական տուգանքի վճարման անդորրագիրը, ինչպես պիտի ապացուցեի դատարանում իմ օրինական քաղաքացի լինելը, իմ անմեղությունը, և թոշակառուս որտեղի՞ց պիտի վճարեր 250000 դրամ վճարման կարգադրությունով արձակված տուգանքը: Միայն անցած տարի Թանգյանի նմաններին կերակրելու համար վճարել եմ մեծ տուգանք: Երևի պարոն Թանգյանը մտածել է, եթե այդքան վճարել է Հովսեփյանը, գուցե վճարման անդորրագրերը պահած չլինի, փորձենք գողանալ նրանից ևս 250000 տուգանքը: Երևի պարոն Թանգյան, քեզ նմանների ախորժակը ուտելիս է բացվում: Բայց այս դեպքում, ինչպես ժողովուրդն է ասում, խիարը (վարունգը քեզ և քեզ նմանների համար մեղմ կլինի) թարս բուսնեց: Պարոն Թանգյան, ինձ սթրեսի մեջ գցելու, առողջությունս քայքայելու, պատճառած բարոյական վնասը ո՞վ պիտի հատուցի: Այդ վնասը ես չեմ պահանջում, քանզի գիտեմ, որ շակալներից այս երկրում հնարավոր չէ ստանալ բարոյական վնասի հատուցում: Բացի դրանից, հնարավոր է, որ վարորդս ժամանակին ինչ-ինչ պատճառներով մուծած չլիներ տուգանքը, ինչո՞ւ որևէ զգուշացում չի ուղարկվել և, բացի այդ, ինչո՞ւ ուղիղ մեկ տարի հետո է հայցը ուղարկվում դատարան: Էլի հարցեր, հարցեր, որ կուզենայի բարձրացնել, սակայն, միևնույն է, մեր երկրում, ինչպես կասեր Դանեմարքայի իշխանը, ինչ-որ բան փտել է: Եվ այդ փտած երկրում պարարտ աճել են քեզ նմանները:
Կից` վճարման կարգադրության պատճենը մեկ օրինակից:
Հարգանքով`
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ