Հայաստանյան արդարադատության զոհ դարձած և ավելի քան երկու տարի ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով անազատության մեջ պահվող ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու նախաձեռնությամբ օրերս հանդես են եկել ԱԺ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունները: Նրանք հայտարարել են, որ Տիգրանի գործը մի շարք չափանիշներով համապատասխանում է ԵԽԽՎ-ի սահմանած «քաղբանտարկյալ» տերմինին:
Երկու օր առաջ էլ Հայաստանի մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ և քաղաքացիական ակտիվիստներ դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյին ու ՄԱԿ-ի մի շարք զեկուցողների` կոչ անելով գալ Հայաստան և օգտագործել իրենց լծակը` դադարեցնելու Հայաստանի իշխանությունների ապօրինի գործողությունները: Այդ նամակում խոսք չկա Տիգրան Առաքելյանի մասին: Հայտարարությունը տարածած «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը դա պայմանավորել է նրանով, որ իրենք ՄԱԿ-ի հանձնակատարի և զեկուցողների ուշադրությունը ուզում են հրավիրել վերջին շրջանում տեղի ունեցող ոստիկանական բռնությունների վրա:
«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վարդան Հարությունյանը մեր զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չէ այդ հայտարարությանը և չի ստորագրել: Նա միայն հավելեց, որ միշտ հետևում է Տիգրան Առաքելյանի գործին, նրա դատավարությանն ու բողոքի ակցիաներին:
Հայտարարությանը միացած «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը նույնպես նշեց, որ ինքը, որպես լրագրող և իրավապաշտպան, հետևում է Տիգրան Առաքելյանի գործին:
Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հավաստմամբ` իրենք պատրաստում են Տիգրան Առաքելյանի գործով առանձին հայտարարություն, որը կուղղեն միջազգային կառույցներին: Թե ովքեր, որ կազմակերպությունները կմիանան այդ հայտարարությանը, առայժմ նա դժվարացավ հայտնել:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ