ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Վերաքննիչն էլ վայր դրեց զենքերը

Վերաքննիչն էլ  վայր դրեց զենքերը
30.07.2013 | 11:29

«Արդարության ապահովումը, լինելով պետական և տեղական մարմինների խնդիրը, այդուհանդերձ, դատարանների հիմնական գործառույթն է»:


Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ համարում ծանոթացանք անգամ մեր խառնակ իրականության համար արտառոց մի պատմության. «Սերնդե Սերունդ» ՍՊԸ-ի տնօրեն ՄԿՐՏԻՉ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ դատի է տվել ՄԱԿ-ի գրասենյակին, զի վերջինիս ճնշումների պատճառով դատապարտված է անգործության։ Առայժմ ՀՀ դատական ատյանները, աչք փակելով ՄԱԿ-ի գրասենյակի արարքների վրա, իրենց հերթին կապանքում են հանրապետության քաղաքացու և գործարար մարդու իրավունքները։ Մկրտիչ Գրիգորյանը ճամպրուկներն է կապում, ՌԴ-ում նրան սպասում են, այնտեղ կվաստակի տասնապատիկ ավելի գումար, կվայելի շրջապատի սերն ու հարգանքը` աշխատելով այլ երկրի բարգավաճման համար։ Այս պարագայում նրան մեղադրելը կնմանվի թնդանոթաձգության` ճնճղուկների երամի ուղղությամբ, ընկերները մեծ հաջողությամբ են աշխատում ՌԴ-ում, նրան համոզում էին միանալ իրենց` Հայաստանում հիմնավոր գործարարությամբ զբաղվելու որևէ հեռանկար չտեսնելով։ Մկրտիչը համառեց։ Եվ «վաստակեց» այս ամենը։
ՀՀ-ն 2000-ի փետրվարի 9-ին «խոհեմաբար» վավերացրել է «ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև կառավարությանը ցուցաբերված օժանդակության և նրա հետ համագործակցության մասին» համաձայնագիրը։ Եվ, խնդրեմ, օժանդակում է երկրի կառավարությանը, խոչընդոտում երկրի քաղաքացուն։ Խոչընդոտում է լիիրավ և ինքնաբուխ, քանզի «ՄԱԿ-ի արտոնությունների և անձեռնմխելիության մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ բաժնի համաձայն` ՄԱԿ-ը, նրա գույքը և ակտիվները, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում և ում կողմից են տնօրինվում, պետք է օգտվեն անձեռնմխելիությունից ցանկացած իրավական գործընթացի նկատմամբ, բացի այն դեպքերից, երբ նա ինքն է հրաժարվում իր անձեռնմխելիությունից»։ Եթե ծանոթ չլինեի վերոնշյալի փաստաթղթային ձևակերպումներին, ամենայն վստահությամբ գլխի էի ընկնելու, որ գրվածը մի դրվագ է հոգեբուժարանի սահմանադրությունից, որ օրենքներն ու օրինականությունը գլխիվայր են գործում, համաձայնեցված հոգեկան խանգարում ունեցող հիվանդների մտասևեռումներին։ Ցավոք, ամեն բան իրական աշխարհում է կատարվում, և բնական հարց է ծագում. եթե ՄԱԿ-ի գրասենյակը, պաշտպանված իր զարմանահրաշ իմունիտետով, դիցուք Հանրապետության հրապարակի կենտրոնում կազմակերպի սեռական փոքրամասնությունների մասնակցությամբ թատերախաղեր և այլ հանդեսներ, այսինքն` բիրտ ու անկաշկանդ ոտնահարի երկրի և նրա քաղաքացիների շահերը, դարձյա՞լ անպատիժ է մնալու։ Ամենայն հավանականությամբ։
Իսկ ՄԱԿ-ի գրասենյակը ահա թե ինչ է տեղեկացնում գյումրեցի գործարար Մկրտիչ Գրիգորյանին. «Համաձայն քաղաքացիական աշխատանքների ընդհանուր դրույթների 71 հոդվածի 1-ին կետի` «Տուժող կողմը պետք է անմիջապես, ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում գրավոր տեսքով ներկայացնի իր կողմից հայտնաբերված ենթադրյալ վեճերը կամ հակասությունները։ Չնայած այս պահանջին, Դուք ՄՍԶԾ-ին եք ներկայացնում ձեր բողոքները աշխատանքների ավարտից երեք տարի անց։ Նույնիսկ եթե Ձեր բողոքը ժամանակին ներկայացվեր, այն չի կարող լուծվել «դատական կարգով», ինչպես Դուք եք առաջարկում։ Քաղաքացիական աշխատանքների ընդհանուր դրույթների 71 հոդվածի 2-4 կետերը պարտավորեցնում են կողմերին մասնակցելու խորհրդատվություններին` խնդիրը հաշտությամբ լուծելու ակնկալիքով, բացակայության դեպքում հարցը վերջնական լուծում պետք է ստանա UNCITRAL հաշտեցման ժողովում։ Հիմնվելով վերը նշված հանգամանքների վրա` մենք պնդում ենք, որ ՄԱԶԾ-ն պարտք չէ կապալառուին։ Ցանկացած դեպքում ձեր պահանջը ժամկետանց է»։ Հոխորտա՞նք է։ Անկասկա՛ծ, և բխում է համակարգված անպատժելիությունից, զի մեր հանրապետությունն է քարտ-բլանշը ոսկերիզ սկուտեղով մատուցել վերոնշյալ գրասենյակին։
Այսպիսով, ՄԱԿ-ի գրասենյակի տնտեսական նենգադավի պատճառով «Սերնդե Սերունդ» ՍՊԸ-ն 2012-ի հոկտեմբեր ամսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով ճանաչվում է սնանկ։ Այնինչ, առկա պայմանագրերն ու գործընթացները վստահաբար հիմնավորում են` ՄԱԿ-ի գրասենյակը պարտավոր է վճարել «Սերնդե Սերունդ»-ին շուրջ 21 մլն դրամ։ Սակայն ասպարեզում ամենազոր Կոնվենցիան է` իր ամենաթողության իմունիտետով։ Նման դատաիրավական կախվածության պայմաններում, թերևս, բնական է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը, որը ուժի մեջ է թողնում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի վճիռը։
Մկրտիչ Գրիգորյանը դիմելու է վճռաբեկ դատարան, գրեթե կասկած չունենալով, որ այս լրջախոհ դատական ատյանն էլ է թիկունք կանգնելու ՄԱԿ-ի գրասենյակին։ Հետո արդեն գործը կհասնի ՄԻՊ-ին, այնուհետև Եվրադատարանում կարձանագրվի ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարման հերթական դեպքը։ Գործարար այս մարդը դատաիրավական գործընթաց է սկսել զուտ արժանապատվության զգացումից դրդված, բայց չէ՞ որ ոտնահարվել է և՛ գործարարի, և՛ հանրապետության արժանապատվությունը։ Ըստ էության, այսօր էլ ՀՀ իշխանական և կառավարական վերնախավի ու տարաբնույթ միջազգային կազմակերպությունների միջև (ՄԱԿ, ՄԱՀ, աղանդավորական կենտրոններ և ազատ վարք ու բարքի քարոզիչ հիմնադրամներ) փոխըմբռնումը ներդաշնակության գագաթնակետում է, զի նրանք շահում են երկուստեք, վարկերը բարդվում են գալիք սերունդների ուսերին, միջազգային կոնվենցիաներն ու խարտիաները Հայաստանը հուսալիորեն մղում են «քաղաքակիրթ բարոյազրկության» գիրկը։
Ավարտում եմ հոդվածը` հիշելով չքնաղ, միաժամանակ գուժակոչ մի երկտող անկրկնելի Հովհաննես Գրիգորյանից. «Մնացել է ափիս մեջ նշխարաչափ մի պատառ, ամեն կողմից կրծոտված մեղրաբլիթ... Հայաստան»։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ