Սրանք ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ՝ կյանքի վերջին օրերին արտաբերած բառերն են, որոնք նա տարավ իր հետ հավերժություն: Արցախն արյան մեջ կրող, բոլոր բջիջներով արցախցի կինը հայրենի հողի խորհուրդն ու առաքելությունն էր պատգամում՝ նույնիսկ ենթագիտակցորեն չհամակերպվելով չքնաղ բնաշխարհը կորցնելու հրեշավոր հեռանկարի հետ: Հազար ողորմի լույսերի մեջ սավառնող նրա անմարմին Հոգուն, որ հաղորդակից չեղավ մեր այսօրվա մարմնեղեն ցավին, լքեց մեղսավոր այս աշխարհը՝ երկնային արքայություն տանելով իր հետ Անկախ Արցախի տեսլականը: Արցախցու անկոտրում կամք ու իմաստնություն ողջերիս՝ այդ տեսլականը իրողություն դարձնելու ոչ դյուրին, բայց անխոտոր ճանապարհին:
Նա կապրի հազարավոր օտարների հուշերում, ովքեր ավելի լավ ճանաչեցին Հայաստանն ու հայերին առաջին տիկին Ռիտա Սարգսյանով
Հայաստանում սուգ է։ Երկիրն ունի անդառնալի կորուստներ։ Ժողովուրդը վշտի մեջ է, հայությունը՝ ողբի և ամոթի։ Հազարավոր օջախներում լույսը մարել է։ Ամեն մեկը, բացի հայրենիքի կորստից և համահայկական ամոթից, ողբում է նաև իր օջախի կորուստը։ Այդ ընտանիքներից մեկը նաև մենք ենք։ Այսօր մահացավ մեր Ռիտան։
Ռիտայի մահվան պաշտոնական պատճառը կորոնավիրուսն է, բժիշկներն ասում են՝ դիմադրողականությունը չբավարարեց, բայց լավ ճանաչելով նրան, ես համոզված եմ՝ նա պարտվեց կորոնավիրուսին, որովհետև սիրտը չդիմացավ։ Ռիտայի սիրտը չդիմացավ տեսնելով այս ամենը՝ համատարած ցավը, ամոթը, քաոսը...
Ռիտան մեզ հետ չէ, բայց նա կապրի հազարավոր այն մանուկների աչքերում ու ժպիտներում, ովքեր նրա նախաձեռնությունների շնորհիվ լույս աշխարհ եկան կամ երկրորդ կյանք ստացան։
Ռիտան մեզ հետ չէ, բայց նա կմնա ռումբերի տակ ապաստարանում ապրածների հուշերում, որտեղ նաև ինքն էր՝ իր մանկահասակ դուստրերի հետ: Նա կապրի հաղթանակած զինվորների ու հրամանատարների հուշերում, որոնց կերակրում էր, երբ ամուսնու հետ տուն էին դառնում ռազմաճակատից:
Մեր Ռիտան կապրի Շուշիի երկնքում, որտեղ կազմակերպում էր աշնանային փառատոներ ու բարեգործական հավաքներ: Նա կապրի հազարավոր օտարների հուշերում, ովքեր ավելի լավ ճանաչեցին Հայաստանն ու հայերին առաջին տիկին Ռիտա Սարգսյանով։
Եվ նա հավերժ կապրի մեր աղոթքներում ու ապագայի ժպտացող հայրենիքում։ Ապագայի, որում տեղ չեն ունենա և, վստահեցնում եմ, չե՛ն լինի դավաճաններն ու ազգադավ հանցագործները։
Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ
Սբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան
Արցախի և Հայաստանի գլխին եկած այս պատուհասը կոտրեց այդ ուժեղ կնոջը
Լուսավոր մարդկանց մասին դժվար է ցավակցական խոսք ասել, մի տեսակ չի ստացվում, մի տեսակ չես պատկերացնում։ Լուսավոր մարդիկ և մահը անհամատեղելի են։ Տիկին Ռիտային ճանաչելու, հետը շփվելու պատիվն եմ ունեցել։
Անասելի հզոր էներգիա ուներ, նախաձեռնում էր և իրականացնում, արագ և սիրով էր անում բոլոր բարեգործական, սոցիալական, մարդասիրական ծրագրերը, ու միշտ շտապում էր, շտապում էր... Հիմա նույնպես շտապեց... Մանկապարտեզների վերանորոգման ծրագիր էր մշակել և անձամբ էր ընտրում ամենավատ վիճակում գտնվող մանկապարտեզները, անձամբ էր հետևում շինարարական աշխատանքներին, անձամբ էր ընտրում երեխաների համար պահարանները, գորգերը, խաղալիքները, ընտրում էր սիրով, ճաշակով, գուրգուրանքով։ ՈՒ յուրաքանչյուր մանկապարտեզի բացումը տոն էր դարձնում, կարող էր պատահաբար, անսպասելի վեր կենալ և գնալ տեսնելու՝ երեխաները ոնց են, ինչ են կերել, ինչ նոր երգ կամ ոտանավոր են սովորել։ Արյունաբանական կենտրոնի բոլոր հիվանդ երեխաներին անձամբ էր ճանաչում, այցելում էր, ծնողների ձեռքը բռնում, աջակցում, զրուցում, գիտեր բոլորի մասին, սիրտը ցավում էր յուրաքանչյուր երեխայի համար։ Նա գթության հրեշտակն էր և ծնողների, և հիվանդ երեխաների համար։ Սրանք միայն փոքրիկ դրվագներն են տիկին Ռիտայի հսկայական գործունեությունից։
Հիմա այդ մանկապարտեզներում պայծառ երեխաներ են թռվռում։ Հիմա հարյուրավոր ընտանիքներում երեխաներ են մեծանում, որ ծնվել են «Արագիլ»-ի աջակցությամբ։
Ցավալի է, երբ գնում են լուսավոր մարդիկ, ցավալի է, ցավակցում եմ նախագահ Սարգսյանին, Սաթենին և Անուշին, փեսաներին և թոռնիկներին, հարազատներին, բոլորիս... Մարդու կորուստը ցավալի է, լավ մարդու, հրաշալի մարդու կորուստը՝ տասնապատիկ ցավալի...
Մարգարիտ ԵՍԱՅԱՆ
ԱԺ նախկին պատգամավոր
Հ. Գ. Մեկ դեպքի մասին ուզում եմ պատմել. վերջին երեք տարիներին երկրում կատարված խառնակությունները շատ էին մտահոգում տիկին Ռիտային, նա ևս հասկանում էր, որ ուրացումների այդ շղթան լավ տեղ չի տանելու, մտահոգ էր Արցախի համար, ավելի հաճախ էր գնում իր հայրենի Արցախ, Ստեփանակերտ։ Մշտապես անձամբ էր գնումներ կատարում մանկատների, ծերանոցների բնակիչների համար, հատկապես՝ տարեմուտի օրերին, նվերներ և սնունդ էր տանում անձամբ, բոլորի հետ մանկանալով, բոլորի հետ հուզվելով և ուրախանալով։ Ահա, մանկատուն հերթական այցից առաջ խանութում, գանձարկղի մոտ հերթում մի կին բռնում է տիկին Ռիտայի թևը, գրկում նրան և թաքուն շշնջում. «Մենք Ձեզ շատ-շատ ենք սիրում, հետ եկեք, մենք Ձեզ կարոտում ենք, էս ինչ եղավ մեր երկրին»։ Տիկին Ռիտան, իրեն բնորոշ անմիջականությամբ շրջվում է և բարձր ասում. «Ի՞նչ եք ասում, բարձր ասեք, ես ձեզ չեմ լսում, բարձր էիք, չէ՞, մերժում, հիմա էլ սիրո և փոշմանելու մասին բարձր ասեք»։ Նա դիմացկուն և ուժեղ կին էր, համոզված եմ, սիրտը չդիմացավ, Արցախի և Հայաստանի գլխին եկած այս պատուհասը կոտրեց այդ ուժեղ կնոջը։