38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Յանուսի սինդրոմ

Յանուսի սինդրոմ
06.06.2008 | 00:00

Ներքաղաքական խաղի վեկտորը, ճիշտ է, ոչ վերջնական, սակայն քիչ-քիչ պարզորոշվում է. ընդդիմությունը մեկնում է իր ձեռքը, իսկ իշխանությունների կողմից դրան չընդառաջելը կամիկաձեի բարդույթ կլինի:
Հետաքրքիր են վեկտորները նաև իշխանություն-իշխանություն տանդեմում:
Այստեղ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «step by step» տարբերակով: Պարտիաները բաց են: Հերթականն «օմբուդսմեն» օպերացիան էր. այն երեկ խաղարկվում էր ԱԺ-ում` լսումների տեսքով:
Նախ՝ այն մասին, թե ինչու հատկապես հիմա Աղվան Հովսեփյանը հայտնի անեկդոտի հերոսի նման (երբ նստում է տաքսի, թե` քշի Թուրքիա, բա չես ասի` 1915-ին թուրքերը երկու միլիոն հայ են կոտորել) հիշեց, որ կա նման զեկույց և հարկավոր է առարկել դրան: Վերգիլիոս դառած Գևորգ Դանիելյանի ուղեկցությամբ:
Հիմա, որովհետև Աղվան Հովսեփյանը (հասկանալ՝ նաև Ռոբերտ Քոչարյանը) ընկալել է, թե մինչև ուր կարող են հասնել հայաստանյան քաղաքական «զարգացումները»: Ակնհայտ է` այդ զարգացումները քոչարյանական գվարդիային դեղին քարտի տակ են պահում: ՈՒմ` ինչպես:
Սակայն այս ամենում կարևորը բոլորովին այլ է. «օմբուդսմենի շուրջ». իրադարձությունները նախ և առաջ առանձնանում են նրանով, որ մեկնարկ է տրվում մի գործընթացի, որից կախված է` ա) իշխանությունը զարգացման ի՞նչ մոդուլ է ընտրում, բ) կարողանո՞ւմ է կատարել իր խոստումները: Քաղաքացիա-դատաիրավա-դատախազական եռացող այս կաթսայում պայքարի մոդիֆիկացիան ոչ այնքան սեփական իրավասությունների, ազդեցության դաշտի, մունդիրի պատիվն է, որքան հնի ու նորի, իսկ առավել ստույգ` տիպաբանական ընտրության, քաղաքական լեքսիկոնով ձևակերպած` համակարգային փոփոխությունների հարցը:
Կոելյոյի նշանների լեզվից օգտվելով՝ կարող ենք նկատել. երկու կողմում էլ կանգնած են բավականին սիմվոլիկ ներկայացուցիչներ` հնի և նոր մտածողության ներկրումի առումով: Այդ պայքարում Սերժ Սարգսյանը գտնվում է մեջտեղում: Իրականում նա շատ ավելի հնի ներկայացուցիչ կարող է համարվել: Սակայն նրա կյանքի դինամիկան ուսումնասիրող ամեն մեկին հայտնի է. համբերելու կարողությունը նրան օգնում է անվրեպ հաշվել: «Հաշված» Սերժ Սարգսյանը շատ կարևոր կոդ է հայտնաբերել իր համար: Արդեն վաղուց։ Նա հասկացել է` յուրաքանչյուր սերունդ իրենից առանձնացնում է ոմանց, որպեսզի հոգեկան էներգիան ու պրոգրեսը փոխանցեն եկողներին։ Եթե խոչընդոտում ես այդպիսիներին, ապա «խոչընդոտվում» ես ինքդ:
Ասել, որ այս մտայնությունը նրա համար վերջնական կրեդո է, ճիշտ չի լինի, որովհետև նա անմիջապես ազատ չարձակեց ձերբակալված տղերքին, ապա և` հնարավորություն չտվեց Տիգրան Սարգսյանին` հարանման «գաղափարները», ասենք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին կամ ՕԵԿ-ի` քվեարկություններից «հասկացող» և առայժմ դրանով հայտնի նախարարին ցուցանել` որտեղ են ձմեռում նոր մտածողության «խեցգետինները»: Բայց նաև` Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի:
ՈՒ օմբուդսմենյան «զարգացումները» դրա ապացույցն են: Ժամն է օգտվելու Կոելյոյի նշանների լեզվից` ներկայացնելու խաղի կողմերին։ Աղվան Հովսեփյան. անսահման հետաքրքիր տիպաբանություն։ Նրա վրա կարելի է ուսանել մարդկության պատմության ողջ ընթացքը. մարդու ողնաշարի հատակում «քնեած» կունդալինի մեծ դրսևորում` բավականին «գունեղ» անձնավորության տեսքով։ Նրա մեջ բնությունն ուղղակի մարտնչում է միջակության ու մեծ պատկերացումների միջև. շատերն են հիշում ԳԽ-ի սուսիկ-փուսիկ այդ պատգամավորին. դատախազության կարևոր գործերով քննչին, որն աննկատ եկավ ԳԽ, նույնքան աննկատ էլ հեռացավ։ Միակ ոչ աննկատն այն էր, որ աշխատել էր Ղարաբաղում այն օրերին, երբ նախագահ էր դառնում Քոչարյանը, իսկ ԼՂ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը խիստ կասկածելի ու չբացահայտված պայմաններում «ինքնասպանություն» էր գործում: Մի շտապեք հիշել նաև Հենրիկ Խաչատրյանի ինքնասպանությունը, և այն «հանգամանքը», որ վայրկյաններ առաջ նրա սենյակում էր գտնվել պարոն Հովսեփյանը: Հիշենք պարզապես` այդ նա էր, որ «տարավ» Վանոյին: Նախորդ տարի էլ` Հակոբ Հակոբյանին:
Մտածված չենք հիշում 27-ը, որ չասեն` «օմբուդսմենի մասին» քննարկումների էս նեղ մաջալին, երբ դատախազն ինքնապահպանման կենաց-մահու կռիվ է մղում, մենք շահարկում ենք 27-ը:
Բայց հաճույքով արձանագրում ենք, որ Գինեսի գրքում պար գալով հայտնվելու ենթագիտակցական մտասևեռմանը զուգահեռ, ողջ հանրապետությունն այդ առիթով ոտքի կանգնեցնելուն համընթաց` նա սկսել էր Հայաստանը պատել ծառերով. երևի շատ երկրների պրակտիկայում չեն լինի նման հումանիզացված դատախազներ: Ավելին` նա նկարում է և գրում բանաստեղծություններ (բայց ոնց որ Ստալինն էր բանաստեղծություններ գրում, չամաչեցիք` հիշեցիք, որ Հիտլերն էլ ջութակ էր նվագում. որպեսզի շահարկումների մեջ չմեղադրվենք, հատկանշենք, որ նրանք հումանիստներ չէին):
Տիպանական անհետաքրքիր փաստեր են, որ Գառնիկիչն «ունի» հեռուստաընկերություն, ցանկանում էր ստեղծել կուսակցություն, որը մնաց օդում կախված:
Կոնտեքստից դուրս մեկ արձանագրում էլ և անցնում ենք առաջ. երկար մտածելու բան է, որ մեզանում կարևոր ոճրագործությունները զուգահեռվել են խիստ սիմվոլիկ դիպվածներով, դրանք «ոևէ» մեկի մտքի, թե տիեզերակարգի արտահայտություն են, դժվար է ասել. ասենք` կաթողիկոսական ընտրությունների օրը տեղի է ունենում հոկտեմբերի 27. Սոչիի օդանավի պայթյունին հաջորդող օրերին Արթուր Բաղդասարյանի` ԱԺ-ից պաշտոնանկության ծիսակարգն է սկսվում: Իսկ ահա մարտի մեկի զոհերի քառասունքը համընկավ (կամ` համընկեցվեց) Սերժ Սարգսյանի ինագուրացիայի հետ: Մտածելու բան է` ինչո՞ւ: Ինչևէ` անցանք առաջ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում օմբուդսմենի արտահերթ զեկույցը։ Ներկայացնենք վերջինիս քաղաքական էպիկրիզը` չխորանալով բովանդակային մանրամասների մեջ:
ա) Այն առաջին ծիծեռնակն էր, որը հնարավորություն տվեց բաց թողնել մարտիմեկյան լարվածության գոլորշին` արձանագրելով հնարավորինս օբյեկտիվ գնահատական, ինչն էլ ժամանակավոր հրադադարի պետք է տաներ հանրությանն ու ընդդիմությանը, նախ` հոգեբանորեն, ապա` քաղաքական սպասումների առումով: Եվ հետո` միջազգային հանրությունը ևս բավարարում ստացավ այն առումով, որ էս երկրում դեռ մտածող պաշտոնյաներ կան: Այս ամենը, ինչ խոսք, ձեռնտու չէր Քոչարյանին:
բ) Ոչ ուղղակի, այնուհանդերձ, զեկույցը կարդացող ցանկացածի համար հասկանալի դարձավ (իսկ որ այս վեճի, լսումների ընթացքում զեկույցը հնարավորինս տիրաժավորվեց, և դրա նկատմամբ ամենաանտարբեր մարդիկ սկսեցին խոր ուշադրությամբ համակվել, փաստ է), թե ով է մարտի մեկի պատասխանատուն: Սա էր պատճառը, որ Քոչարյանը, որն ապրում է «կաղ բադիկի» իր վերջին օրերը, ասաց այնպիսի միտք, ինչը նորմալ հասարակությունների համար գերագույն նոնսենս կարող էր դառնալ. սահմանադրությամբ նախատեսված` օմբուդսմենի անկախ ինստիտուտի և նրա ղեկավարի մասին ասվեց` «իմ անհաջող կադր» (հիշենք. 27-ից հետո էլ գործը համարվել էր «մի ուչաստկովիի գործ»):
Ասել է` ազդանշանը տրվեց, «հաջողված կադրերը» պետք է հասկանային` այդպես թողնել չի կարելի, խիստ վտանգավոր է:
գ) Իսկ վտանգ իսկապես կար: Եվ եթե գործից ազատվում են պահպանության գնդի պետը, ոստիկանապետը, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել մարտի մեկի դեպքերին, ապա` ի շարունակություն, պետք է «մոնիտորինգի» արժանանար նաև մարտի մեկի դեպքերին «մասնակից», ոստիկաններից ծեծված ժողովրդին բանտերը «լցրած», նրանց վրա «հավուր պատշաճի» գործեր հարուցած, ԵԽԽՎ-ի պահանջների կատարումն իր մասով ձգձգած Քոչարյանի հավատարիմ զինակից Աղվան Հովսեփյանը ևս: Եվ եթե օմբուդսմենի նկրտումներն օրորոցում չխեղդվեն, ապա կառաջանա «անհաջող» կադրերի հսկայական բանակ, ինչը կտորպեդահարի Քոչարյանի վերադարձը` իրենց ևս խաղից հանելով: Իսկ որ Քոչարյանն ամեն ինչ անում է, որպեսզի այդ վերադարձը լինի անխուսափելի, տես Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու մտադրությունը, ինչպես նաև, թե ովքեր են կազմակերպել ԱԺ այս լսումները. շատ «հաջողված կադրեր»` ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը` ի դեմս Քոչարյանի ընտանիքի մերձավորագույն բարեկամ Մխիթար Մնացականյանի և նույնքան մտերիմ, քոչարյանական պալատից դեպ ԱԺ` նման մարշալ-պլանների համար տարհանված Ավետ Ադոնցի եվրաինտեգրման հանձնաժողովի:
Աղվան Հովսեփյանը բավականին ուշ հասկացավ, որ ինչ-որ առումով օմբուդսմենի զեկույցը բազմակի օգտագործման ռումբ է ոչ միայն Քոչարյանի, այլև իր համար:
Իսկ ընդհանուր առմամբ, իշխանական տանդեմի մեջ սկսած պայքարը «step by step» զորեղ գամբիտի է վերածվում: Վերը նշվածներին դեմ հանդիման, հունիսի երեքին «իրավական համակարգում»` քրեական դատարանում ինչ-որ մեկը խիստ հոգացել էր, որ «Ռոբերտո» խանութը թալանածները ողջ դատական պրոցեսի ընթացքում քանիցս կրկնեն, որ իրենք Արտաշատից են, եղել են Սերժ Սարգսյանի վստահված անձինք` ընտրությունների ժամանակ: Հասկանալի է, որ նման «բացթողում» և այն էլ «համակարգային պայքարի», օմբուդսմենի հետ «լսումների» այս փուլում չէր կարող լինել, և այն մի կետից խիստ համակարգվում է. լոկ համեմատության համար ասենք. եթե հիշում եք` երկար ժամանակ 27-ի գլխավոր ոճրագործ Նաիրի Հունանյանը դատարանում բարձրաձայնում էր, որ հայտարարություն ունի անելու, սակայն դրանից հետո ինֆորմացիա տարածվեց, որ անձամբ Աղվան Հովսեփյանն է եղել նրա խցում և բացատրական աշխատանք տարել «երիտասարդի» հետ` լռելու ռեժիմի մասին... ինչպես տեսնում եք` հունիսի երեքից դատախազական համակարգն այլևս արդար է աշխատում:
Այսպիսով, երկգլխանի Յանուսի այս թնջուկը իշխանական տանդեմի համար վեր է ածվել յուրօրինակ մղձավանջի, և չնայած իրենց «հումանիտար» ուղղվածությանը, նրանք չեն կարողանում հասկանալ, որ ընթանում է ընդամենը դիալեկտիկական պայքար, որն այլ ելք, քան հներին դուրս մղելը, չունի: ՈՒստի` իրենք կամ պետք է կարողանան վերատրանսֆորմացվել, բացառապես ներքին մարդու-մտածողի մակարդակում, ինչը հաստատապես Քոչարյանի «հաջողված կադրերին» չի տրվելու (տիեզերակագը հետ չի գնում), կամ` ընդունեն նորերի ճշմարտությունը. որքան շուտ, այնքան` լավ: Ի դեպ, արագահասություն է պահաջվում նաև Սերժ Սարգսյանից: Անցանք առաջ։
դ) Հասկանալի է, օմբուդսմենի զեկույցը. որն ընդամենը խորհրդատվական փաստաթուղթ է, հիմք է հանդիսանալու մարտի մեկի դեպքերի առնչությամբ ստեղծվելիք հանձնաժողվի աշխատանքների համար: Սակայն օմբուդսմենի զեկույցը նույնպես երկգլխանի է. այդ զեկույցը, փաստորեն, հիմք է հանդիսացել և դեռ կհանդիսանա ոչ միայն Պետդեպի զեկույցի, ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի, սպասվելիք նման այլ զեկույցների համար, ուստի լսումների ժամանակ պետք է մի քիչ էլ չափի բերել «առաջադիմականին»` մարդու իրավունքների պաշտպանին, որին իրենց հովանավորության տակ են առել ընդդիմադիրները, միջազգային կառույցները. չպետք է թույլ տալ, որ նա «իրականության զգացողությունը» կորցնի. մտածում են նույնքան «առաջադեմ» իշխանականները՝ խաղի մեջ պահելով «միջին օղակը»:
Արծիվներ-աղավնիներ իշխանական այս պայքարի մեջտեղում է գտնվում արդարադատության նախարարությունը, որն ընդհանրապես Յանուս է. նրա «շեֆը» մի կողմից նշանակվեց նույն Աղվան Հովսեփյանի խնամարկությամբ` ընդդեմ Դավիթ Հարությունյանի, և անդամակցեց ՀՀԿ-ին, ու այսօր համարվում է Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանցից մեկը: Այս սանիտարական միջանցքով էլ կապահովվի անհրաժեշտ «ելումուտը»:
Բոլոր դեպքերում, «օմբուդսմենի շուրջ» օպերացիան կարելի է կայացած համարել. զեկույցի նկատմամբ հանրային ուշադրությունը կայացավ, իր հերթին էլ մի քիչ օմբուդսմենի ինստիտուտը կայացավ, ֆիքսվեց վերջինիս նկատմամբ քոչարյանական պերմանենտ «հալածանքի» պարագան (հիշենք նաև Լարիսա Ալավերդյանին), իսկ որ ամենկարևորն է` Արևմուտքը հասկացավ.
ա) հայոց իշխանությունները իբր կարգին քայլ են անում դեպ ժողովրդավարություն (տես` ողջ նյութը),
բ) դրանով հայկական արտաքաղաքական վեկտորը, Կոսովոյի, Իրաքում սպասվելիք զորակազմի կրկնապատկման ֆոնին, էլի մի քիչ էլ թեքվեց դեպ Արևմուտք:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 8800

Մեկնաբանություններ