«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Բանակցություններ, որոնց սպասում էին Բրյուսելում, Վաշինգտոնում, նաև՝ Երևանում

Բանակցություններ, որոնց սպասում էին Բրյուսելում, Վաշինգտոնում, նաև՝ Երևանում
05.09.2023 | 21:01

Սեպտեմբերի 4-ի Պուտին-Էրդողան հանդիպումը լուսաբանվում և մեկնաբանվում է գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցներով: Հանդիպումն անասելի մեծ հետաքրքրություն է առաջացրել, այն կարելի է որակել մեծամասամբ չբացահայտված, պատասխանների փոխարեն հարցեր առաջացնող և ստվերային: Հանդիպումը տևել է երեք ժամ, որից մեկ ու կեսը եղել է հանդիպում թիմերով, իսկ մյուս կեսը՝ նեղ շրջանակով երկու ղեկավարների գաղտնի բանակցություն:

Իմ տպավորությամբ՝ բավականին մեծ ներկայացուցչական թիմով, հանգուցային նախարարներով ժամանելով Սոչի՝ կողմերը պիտի որ ավելի երկար, գուցե և մի քանի փուլով, ըստ ոլորտների, բանակցություններ վարեին, որոնց, շունչները պահած, սպասում էին Բրյուսելում, Վաշինգտոնում և, հասկանալի պատճառներով, նաև՝ Երևանում: Չեմ կարող ասել՝ երեք ժամը շատ է, թե քիչ այսպիսի մակարդակով հանդիպման համար, բայց, իմ դիտարկմամբ, ընդհատված հանդիպման տպավորություն է թողնում: Հայտարարվեց ընդամենը մեկ համաձայնության մասին. Ռուսաստանը մեկ միլիոն տոննա հացահատիկ է տալիս Թուրքիային, որն այստեղ վերածվում է ալյուրի և Քաթարի միջոցներով տեղափոխվում Աֆրիկայի աղքատ երկրներ: Այսքանը, և վերջ: Էրդողանը Թուրքիա այցելելու Պուտինի հրաժարվելուց հետո ամբիցիաներ չցուցաբերեց, գնաց Սոչի, ինչը լրիվ համընկնում է «երկու աթոռի» նստելու նրա դիվանագիտության հետ: Նա արդեն երկար ժամանակ է, որ ցանկալի անձ է և՛ Արևմուտքում, և՛ Մոսկվայում: Արևմտյան լիդերները փաստացիորեն Պուտինի հետ կարողանում են խոսել միայն միջնորդավորված և միայն՝ Էրդողանի միջոցով, մի հանգամանք, որը բարձրացնում է նրա կշիռն ու ազդեցությունը միջազգային հարթակներում: Տեղեկատվության սղությունն ու անկատարությունը հնարավորություն չի տալիս ամբողջապես լուսաբանել Սոչիի ռուս-թուրքական հանդիպման նշանակությունը, որովհետև դրանով է պայմանավորված նաև իրավիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում: Քանի որ առանցքային նշանակություն ունեցող ուկրաինական հակամարտության և հացահատիկային գործարքի հարցերը լուծում չեն գտել, մյուսները ինքնըստինքյան դուրս են մղվել կամ էլ քննարկվել են մակերեսայնորեն: Ինչպես, օրինակ, զարգացումները սիրիական ճակատում: Բայց շատ հետաքրքիր է այն հանգամանքը, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը անմիջապես մեկնել է Թեհրան, որտեղ իր գործընկերոջ հետ վարել է բանակցություններ, ամենայն հավանականությամբ, Սոչիից բերված մեսիջների շուրջ: Հիշարժան է նաև այն, որ Իրանի արտգործնախարարը ելույթում կրկին անթույլատրելի է համարել տարածքային-աշխարհաքաղաքական փոփոխությունները: Իսկ մենք լավ գիտենք, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Անկախ ամեն ինչից, այս անկանխատեսելի և հակասական միջազգային իրադրության պայմաններում Թուրքիայի երկարամյա ղեկավարը աչքի է ընկնում իր դիվանագիտական հմտություններով ու կարողություններով: Անկարայում օգտագործում են օսմանյան և բրիտանական դիվանագիտության լավագույն ավանդույթները:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4617

Մեկնաբանություններ