Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Էրդողանի Թուրքիան մարտահրավեր է նետում իր հարևաններին

Էրդողանի Թուրքիան մարտահրավեր է նետում իր հարևաններին
04.02.2021 | 14:30

Arabnews.com-ը հրապարակել է Թուրքիայի ժամանակակից արտաքին քաղաքականության, թուրք-իսրայելական հարաբերությունների, քրդական հարցերով փորձագետ, դոկտոր Հայ Էյթան Քոհեն Յանարոքակի հոդվածը, որտեղ ներկայացվում է, թե ինչ արտաքին քաղաքականություն է վարում Թուրքիան, ինչ աշխարհաքաղաքական նկրտումներ ունի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան մարտահրավեր է նետում իր հարևաններին` օգտվելով այն արտոնություններից և պաշտպանությանից, որ վայելում է որպես ՆԱՏՕ-ի անդամ: Գաղտնիք չէ, որ վերջին տասնամյակում Էրդողանի իշխանությունը դարձել է ավելի ավտորիտար, հատկապես 2016-ի ձախողված հեղաշրջումից հետո, որն ընդգծել է աշխարհիկ զինված ուժերի և իսլամիստական ռեժիմի միջև հակակրանքը: Այս խնդիրը շրջանցելու նպատակով Էրդողանը զարմանալիորեն հանդուգն ու ցինիկ կերպով ստեղծել է մասնավոր աշխարհազորայինների ցանց, որ բաղկացած է Սիրիայից բերված գրոհայիններից: Նրանց դերն է առաջ տանել Էրդողանի` պաղեստինյան տարածքներից մինչև Սիրիա և Կովկաս ձգվող ու մինչև Քաշմիր հասնող նախկին Օսմանյան կայսրության օրինակով տարածաշրջանում ազդեցությունը վերականգնելու վերաբերյալ հավակնոտ ծրագիրը», - գրում է Յանարոքակը:

Փորձագետի կարծիքով՝ Թուրքիայի կառավարությունն այս կառույցն օգտագործում է ինչպես ներքին բռնաճնշումների, այնպես էլ արտաքին արկածախնդրությունների համար, քանի որ հատկապես էական նշանակություն ունի Մերձավոր Արևելքում կայունության, ժողովրդավարության դեմ պայքարող Թուրքիայի ապագայի համար, քանի որ երկու ոլորտներում էլ դրա ազդեցությունը խիստ բացասական է:
Անդրադառնալով վերջին 5 տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականությանը՝ հեղինակը մանրամասնում է, որ այս ժամանակաշրջանում երկիրը զինված միջամտություններ է սկսել Սիրիայի հյուսիսում և Հյուսիսային Իրաքում, բացի այդ աջակցություն է առաջարկել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորմանը, կռվել է Հունաստանի և Կիպրոսի հետ Միջերկրական ծովի արևելքում, ռազմական աջակցություն է ցուցաբերել Կատարի, Ադրբեջանի և Լիբիայի դաշնակիցներին՝ շատ հաճախ անկայունության ու ավերածությունների գնով: «Բացառությամբ Արևելյան Միջերկրական ծովում ռազմածովային պայքարի՝ նշված բոլոր այս ասպարեզներում Էրդողանի ստեղծած զուգահեռ կառույցը կենսական դեր է խաղացել պետական անվտանգության պաշտոնական ուժերի հետ միասին: Այդ կառույցի հիմնական գործառույթը Թուրքիայի նախագահին մատչելի, կազմակերպված, վերապատրաստված, հեշտությամբ տեղակայվող ու հեշտությամբ օգտագործվող վստահելի օտարերկրյա աշխատուժի տրամադրումն է՝ որպես իշխանության երևակման գործիք»,- մանրամասնում է քաղաքագետը: Յանարոքակը շեշտում է, որ հենվելով այս վստահված անձանց վրա՝ Էրդողանը ձգտում է նվազագույնի հասցնել արտաքին տարածքներում ռազմական արշավների նկատմամբ հասարակական ներքին քննադատությունը:

«Թեև հարևան երկրների, օրինակ` Սիրիայի և Իրաքի պարագայում Էրդողանը կարող էր Թուրքիայի զինված ուժերի մոբիլիզացումն արդարացնել ներքին անվտանգության նկատառումներով, սակայն պատերազմի հեռավոր թատերաբեմ Լիբիայի պարագայում նրա համար ավելի բարդ է համոզել հասարակությանը, որ զինվորներ ուղարկելը ճիշտ որոշում է»,- մանրամասնում է նա:


Ըստ փորձագետի՝ նմանօրինակ համարձակ քայլեր ձեռնարկելով՝ Էրդողանը հստակ ուղերձ է հղում իր ընտրողներին, որ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան վերականգնում է տարածաշրջանային տերության իր արժանի տեղը կայսրության ավանդական ներաշխարհում ազդեցությամբ: «Իսլամիզմի հետ միահյուսված նեոօսմանյան այս արտաքին քաղաքականությունը պայմանավորված է նաև ներքին խնդիրներով: Էրդողանի գործընկերությունը «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, անշուշտ, նրան դրդում է ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել քրդական Սիրիայի ժողովրդավարական միություն կուսակցության և Քրդական աշխատավորական կուսակցության նկատմամբ: Հենց նման ձևով էլ այս ազգայնական քաղաքական դաշինքը բացատրում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը ադրբեջանցիներին՝ Հայաստանի դեմ պայքարում»,- բացատրում է հեղինակը ու մատնանշում, թե ի վերջո որոնք են այս կառույցի բաղադրիչները:


«Ըստ էության, սրանք հարաբերություններ են Էրդողանի և մի խումբ բարձրաստիճան թուրք սպաների միջև, որոնք ազատվել են ծառայությունից իսլամիստական քաղաքականությանը սատարելու համար, բայց հետագայում վերադարձել են գործունեության ոչ պաշտոնական ուղիներով: 76-ամյա գեներալ Ադնան Թանրիվերդին, որ Էրդողանի ազգային անվտանգության խորհրդական է նշանակվել 2016-ի հեղաշրջման փորձից հետո, այդ հարաբերությունների առանցքային դեմքն է»,- շեշտում է հոդվածագիրն ու նկատում՝ Թանրիվերդին, որը հրետանավոր սպայի կրթություն է ստացել, 2012-ին հիմնադրել է SADAT ռազմական խորհրդատվական մասնավոր ընկերությունը՝ 22 այլ նախկին սպաների հետ, որ իսլամիստական գործունեության համար հեռացվել էին բանակից:

«SADAT-ը` միակ մասնավոր պաշտպանական խորհրդատվական ընկերությունը Թուրքիայում, այն մարմինն է, որը պատասխանատու է պետության կողմից անկանոն և պրոքսի-պատերազմի ընդլայնման պրակտիկայի, իսլամիստ զինյալներին մոբիլիզացնելու համար` թուրքական պետության շահերը սպասարկելու նպատակով»,- հավելում է հեղինակը: Նա մատնանշում է՝ Թուրքիայի կողմից օգտագործվող պաշարների պահուստն ամբողջությամբ բաղկացած է Սիրիայից եկած փախստականներից: Նրանք ուղարկվում են պատերազմի տարբեր ճակատներ: Դրանից հետո դրանք օգտագործվում են «որպես թնդանոթի միանգամյա օգտագործման միս»,-գրում է հեղինակը: Նա պնդում է՝ Թուրքիայի կառավարությունը հարաբերություններ է պահպանում հին ռազմական ստորաբաժանումների հետ, ինչպիսին է ուլտրաազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը, որ արգելվել է Ֆրանսիայում, իսկ Գերմանիայում նախատեսում են արգելել:


«Այս գործունեությունը հատկապես զզվելի է, եթե դիտարկենք վերջին տասնամյակում Մերձավոր Արևելքը պատուհասած ալեկոծությունների ֆոնին: Դրա հիմնական հետևանքներից մեկը պետական պաշտոնական կառույցների կտրուկ թուլացումն է, և որոշ դեպքերում նույնիսկ լիակատար անհետացումը: Սիրիայում, Լիբիայում, Լիբանանում և Իրաքում նրանց փոխարինելու է եկել աշխարհազորայինների, անօրինականության և անարխիայի քաոսային իրողությունը: Այս երկրների բնակիչները դարձել են հիմնական զոհերը»,- գրում է Յանարոքակը: Այնուամենայնիվ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄ անդամակցության թեկնածու և, իբր, ԱՄՆ դաշնակից՝ միևնույն ժամանակ լինելով ստեղծված իրավիճակը սատարող և ապակայունացնող հիմնական գործոններից մեկն է: Ամփոփելով հոդվածը՝ հեղինակը շեշտում է, որ այս ամենին պետք է վերջ տրվի:

«Աշխարհազորայինները, ահաբեկչական խմբավորումները և իսլամիստական ծայրահեղականությունը բոլոր այն տարրերն են, որոնք Մերձավոր Արևելքը պետք է հաղթահարի, եթե ցանկանում է հասնել կայունության ու վերականգնվել: Ռազմականացված ցանցը, որ Էրդողանը ստեղծել է SADAT-ի իսլամիստական զինվորականների, հյուսիսային Սիրիայից ծայրահեղականների հետ համատեղ, նման հնարավորությունը խոչընդոտող հիմնական գործոններից մեկն է: Ֆրանսիայում ծայրահեղ ազգայնական, դաժան ու ուլտրաաջ «Գորշ գայլերին» արգելելը լավ սկիզբ է, սակայն արևմտյան կառավարությունները պետք է ավելի վճռական կերպով բարձրացնեն այս հարցը պաշտոնական Անկարայի առջև»,- վստահեցնում է փորձագետը:

Դիտվել է՝ 3244

Մեկնաբանություններ