Փաշինանին հրաժարական պարտադրելու ընդդիմության սահմանած վերջնաժամկետն այսօր ավարտվում է։ Ակնհայտ է՝ Փաշինյանն ինքնակամ չի հեռանա, ավելին, նրա մնալու համար շատ ինքնատիպ թեզեր են առաջ քաշվում, որոնք հասարակությանը իբր համոզիչ պիտի թվան։ Իշխանական քարոզչամեքենան մեծ թափ է հաղորդել «հներ» և «նորեր» բաժանմանը։ Առանձնացնենք այն հիմնական դիտարկումները, որոնցով իշխանությունը փորձում է վարչապետի պաշտոնավարումն արդարացնել։
1. Վազգեն Մանուկյանը «հին» ուժերի թեկնածու է։ Նրանց տրամաբանությամբ, նախկին իշխանությունները կամ նրանց հետ առնչված մարդիկ ոչ միայն չպետք է քննադատեն, այլև որևէ թեկնածու առաջադրելու հնարավորություն չպետք է ունենան։ Գուցե այս իշխանությունը հստակ սահմանագծի՞, թե որտեղ է վերջանում «հինը» և սկսվում «նորը», Հայաստանի խղճուկ քաղաքական դաշտում այդ ի՞նչ քաղաքական դերակատարներ կան, որ ոչ մի առնչություն չունեն հների և փաշինյանական թևի հետ։ Այս թեզի ջատագովներն անգամ չեն էլ պատկերացնում, թե իրենց «նորի» մեջ որքան ժամկետանց, քաղաքականապես վարկաբեկված, անգամ «հրեշ» մականուն ունեցող մարդիկ կան։
2. Պատերազմի հետևանքների համար պատասխանատու են նախկիններն իրենց թողած դիվանագիտական ժառանգությամբ, չլիներ դա, այսպիսի խայտառակ և անխուսափելի պարտություն չէր լինի։ Սա ակտիվ շրջանառվող թեզ է։ Նախկինների դիվանագիտությունն ամենևին չարդարացնելով, պիտի հասկանալ, որ ցանկացած դիվանագիտության գնահատականը երևում է արդյունքներով։ Թե ինչ պայմանավորվածություններ, ինչ հայտարարություններ են եղել՝ ժողովրդին հետաքրքիր չէ, որովհետև եղել է հստակ արդյունք, նախորդ տարիներին ոչ մեկը հայրենիք չի հանձնել, ապրել ու շենացել է Արցախը։ Ավելին, նախկինները ոչ մի փաստաթուղթ չեն թողել հաջորդին, որով նա պարտադրված էր հանձնելու հողերը։ Նման պաշտոնական փաստաթուղթ չկա, իսկ բանավոր ինչ են խոսել, պայմանավորվել, դա արդեն երկրորդական է։
3. Ամենաաբսուրդային ու անհեթեթ թեզը. նախորդները գիտեին, որ պետք է Արցախը հանձնել, դրա համար այս իշխանություններին հենց սկզբից անվանում էին «հող հանձնող»։ Նախ՝ Հայաստանի քաղաքական դաշտում դժվար է հիշել մի շրջան, երբ քաղաքական ուժերը միմյանց չեն մեղադրել հող հանձնելու մեջ։ Բայց սա դեռ մի կողմ. քիչ թե շատ վերլուծելու կարողություն ունեցող մարդը, համադրելով տարածաշրջանային զարգացումները, աշխարհաքաղաքական իրավիճակը, կարող էր հասկանալ, որ պատերազմն անխուսափելի է, ավելին, փորձագետները վերջին ամիսներին գրեթե ամենօրյա ռեժիմով գուժում էին, որ Ադրբեջանը պատերազմ է սկսելու։ 2,5 տարվա բանակցային գործընթացները (եթե, իհարկե, դրանք կարելի է բանակցություն որակել), Փաշինյանի հայտարարությունները լավատեսության հիմք չէին տալիս։ Նախ՝ Փաշինյանը երբեք չի ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, «Արցախի իշխանություն» ասելու փոխարեն նա օգտագործում էր՝ «Արցախի ընտրված ներկայացուցիչներ»։ Հիշենք նաև հայտնի թեզը, որ հակամարտության լուծումը պիտի ձեռնտու լինի նաև Ադրբեջանի ժողովրդին։ Անվերջ կարելի է թվել այս կարգի հայտարարությունները, որոնց հետևող մարդն անմիջապես կհասկանար, թե ուր է տանում այս քաղաքականությունը։ Իսկ հետո պիտի ասվեր՝ «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու»։
4. Իշխանության հաջորդ թեզը բազմաշերտ է։ Այսօրվա վարչապետի աթոռի համար պայքարի իմաստն այն է, թե ով է կազմակերպելու արտահերթ ընտրությունները։ Իշխանությունն ասում է, թե Վազգեն Մանուկյանը դա չի կարող անել, քանի որ նրան սատարող «հին» ուժերը կկեղծեն ընտրությունները։ Փաստորեն, հող հանձնող, դավաճան որակվող մարդը կարող է արդար ընտրությունների երաշխավոր լինել, իսկ Վազգեն Մանուկյանը՝ ոչ։ 2,5 տարում մշտապես պառակտման մթնոլորտ ապահովող մարդը կարո՞ղ է արդար ընտրություններ անցկացնել, կարո՞ղ է նորմալ ընտրություն կազմակերպել մի մարդ, որն արդեն 3 տարի է ողջ իրավապահ համակարգը դարձրել է անձնական հավակնությունների գերի։ Ինչպե՞ս է նա հանդարտ ու կայուն մթնոլորտում կազմակերպելու ընտրությունը, երբ հասարակության գերակշիռ հատվածը նրան դավաճան է որակում։
Եթե անգամ այս կարգի հազար ու մի պատճառաբանություններ բերվեն, դրանք առ ոչինչ են ու փշրվում են մեկ հակափաստարկի առաջ. Նիկոլ Փաշինյանը հայրենիք է հանձնել, դրա հետ մեկտեղ՝ մեր սրբությունները, մեզանից խլել է մեր 30-ամյա պայքարի ողջ իմաստը, ամենաթանկ մարդկանց կորուստն արժեզրկել է։ Սա բավարար էր, որ նա վայրկյան առաջ մեզ ազատեր իր ներկայությունից, իսկ նա դեռ հիմնավորումներ է բերում իր մնալու համար ու «մուննաթ» գալիս բոլորի վրա։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ