Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Լավրովը կկշռի ու կգնահատի Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը

Լավրովը կկշռի ու կգնահատի Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը
06.12.2020 | 11:21

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսել է ՀՀ նոր ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ: Սմոլենսկի հրապարակը հաղորդում է, որ «կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարումը և ՀՀ ԱԳ նախարարի դեկտեմբերի 7-ին Մոսկվա աշխատանքային այցը» Նոյեմբերի 21-ին Լավրովն արդեն եղել է Երևանում ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում: ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում Արա Այվազյանի նախորդը՝ Զոհրաբ Մնացականյանը, եռակողմ հայտարարության ստորագրումից որոշ ժամանակ անց հրաժարական տվեց (վարչապետ Նիկոլ Փաշինյանը որակեց «Ես նրան ազատել եմ»): Հրաժարականի պատճառները պաշտոնապես չբացահայտվեցին, թեպետ ՀՀ ԱԳՆ-ն հերքեց վարչապետի հայտարարությունը, որ «Երևանի առաջ խնդիր է դրվել հրաժարվել Շուշիից»:

«Բանակցային գործընթացի ոչ մի փուլում Շուշիից հրաժարվելու հարց չի եղել»՝ հայտարարեց ԱԳՆ-ն, որը հաստատվեց և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցում հեռուստաընկերությանը, որի ժամանակ նա մանրամասնեց պատմեց Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի նախապատրաստման ու ստորագրման մասին: Թերևս այս դեպքում խոսքը պատրվակի մասին էր, որ բացահայտում է Հայաստանի վարչապետի ու ԱԳ նախարարի միջև պրոբլեմների բուն պատճառները: 2018-ին իշխանափոխությունից հետո Երևանում հայտարարեցին այսպես կոչված բազմավեկտոր քաղաքականության ակտիվացման և գործընկեր երկրների հետ հարաբերությունների նոր ձևաչափերի ստեղծման անհրաժեշտության մասին, ներառյալ Ռուսաստանը ու նույնիսկ Թուրքիան: Փաշինյանը որպես արտաքին քաղաքական օրակարգի առանցքային խաղացող ընտրել էր հայկական սփյուռքը: 2019-ի օգոստոսին ելույթ ունենալով Ստեփանակերտում՝ նա ասել էր, որ «2018-ի թավշե հեղափոխությունը կատարվել է ամբողջ հայության մեջ», ընդգծելով իրադարձությո՝ւնների կարևորությունը, որ իբր դուրս են գալիս հանրապետության սահմաններից: Պատահական չէ, որ այն ժամանակ Երևանում սկսվեցին ակտիվ բանավեճեր Ռուսաստանի ու Եվրամիության և ընդհանրապես Արևմուտքի հետ նոր փոխհարաբերությունների կառուցման մասին: ԵՄ-ն ոչ միայն ֆինանսական օգնություն էր ցույց տալիս, այլև տեխնիկական ու խորհրդատվական Փաշինյանի բարեփոխումների քաղաքականությանը: Ավելին՝ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովը բանաձև ընդունեց «Արևելյան գործընկերության» ծրագրի ապագայի մասին և «Եռյակ +2030 ռազմավարությունների», որի շրջանակներում առաջարկվել է ներառել Հայաստանը փոխհարաբերությունների նոր ձևաչափում իբրև Եվրոպայի միակ պետություն, որ 2018-ին հիբրիդային ռեժիմից անցել է ժողովրդավարության: Որոշ հայ փորձագետների գնահատականով՝ այդպես է բնորոշվում ԵՄ նոր ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ՝ որ բարձրացվել է աշխարհաքաղաքական նախագծի մակարդակի: Լեռնային Ղարաբաղի պրոբլեմին տրվել է կիրառական նշանակություն: Դրված նպատակների իրականացման համար ՀՀ ԱԳՆ նախարար նշանակվեց Զոհրաբ Մնացականյանը՝ կադրային դիվանագետ բազմամյա ստաժով, որ Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր ՄԱԿ-ում, լավ գիտեր Եվրոպան և իշխանական շատ կաբինետներում կապեր ուներ, կարողանում է խուսանավել ստորջրյա սուր խութերից: Նա պետք է ապահովեր Հայաստանի սահուն վերակողմնորոշումը դեպի Եվրոպա և ատլանտյան համերաշխությունը ԱՄՆ-ի հետ՝ հնարավորինս առանց բարդությունների Ռուսաստանի հետ՝՝ հարաբերությունները տեղափոխելով «լավատեսական պրագմատիզմի» հարթություն: Գուցե ինչ-որ ժամանակ ինքը՝ Զոհրաբ Մնացականյանը հուշեր գրի՝ փորձելով բացատրել Երևանի նոր քաղաքականության ձախողման պատճառները: Եվ կպատմի՝ ինչպես եղավ, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանը հայտնվեց «հպարտ միայնության մեջ» և Մոսկվայից բացի ոչ ոք աջակցության ու կոնկրետ օգնության ձեռք չմեկնեց: Հենց այդ պատճառով հիմա կարևոր է որոշարկել՝ ի՞նչ արտաքին քաղաքականություն է իրականացնելու Արա Այվազյանը սկզբունքորեն նոր պայմաններում, որ ստեղծվել են տարածաշրջանում ղարաբաղյան պատերազմից և կոնֆլիկտի գոտում ռուս խաղաղապահների հայտնվելուց հետո: Խոշոր հաշվով՝ սա է Մոսկվա նախարարի այցի նպատակը: Ռուսաստանը կողնորոշված է, ինչպես ասել է Լավրովը Երևանում, «պահպանել հրադադարի համաձայնագրի ամբողջականությունը և նրա կատարումը»: Հայաստանի վրա լուրջ ճնշում է գործադրելու Արևմուտքը, որ կռվից հետո որոշել է բռունցքները ճոճել՝ կասկածի տակ դնելով պայմանավորվածությունները՝ տեղափոխելով կամ «ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածության» հարթակ, կամ ինչպես անում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, բացառապես «տարածաշրջանում ռուսական ներկայության ուժեղացման» հարթություն: Պարադոքսն այն է որ Անկարայի ու Մոսկվայի շահերը համընկնում են՝ Թուրքիան, իբրև ՆԱՏՕ-ի անդամ, շահագրգռված չէ, որ «ընդհանուր» ալյանսը գերակա ուժ դառնա Սևծովյան ավազանում, որ անխուսափելիորեն նվազեցնելու է Թուրքիայի ազդեցությունը: Հայաստանը հիշել են և ԱՄՆ-ում: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը հեռախոսել է Արա Այվազյանի հետ՝ քննարկել են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի քաղաքական-դիվանագիտական կարգավորման հարցը: Միաժամանակ ակտիվացել է և Ֆրանսիայի ԱԳՆ-ն, հայտարարություններ է անում Գերմանիան, նույնիսկ՝ Մեծ Բրիտանիան, թեպետ այս երկու երկրները անհրաժեշտ ռեսուրսներ չունեն տարածաշրջանու ակտիվ քաղաքականություն վարելու համար:


Ղարաբաղյան պատերազմի արդյունքները արմատապես փոխեցին ռազմաքաղաքական ուժերի դասավորությունը Անդրկովկասում, որ Հայաստանին թելադրում է նոր արտաքին քաղաքական լուծումներ ընդունելու և նոր իրավիճակում կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը: Լավրովի հանդիպումն Այվազյանի հետ լինելու է հագեցած ու հետաքրքիր: Վաղ թե ուշ գործը բանակցային գործընթացում հասնելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Հայ դիվանագիտությունը շատ ծանրաբեռնված է լինելու:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Այն տպավորությունն է, որ ՀՀ ԱԳ նախարարը կամ պետական քննության է գնալու Սմոլենսկի հրապարակ, որից կտրվելուց հետո բուհից դուրս է մնալու, կամ՝ պիտի հավատարմության երդում տա Լավրովին, որ Արևմուտքի հետ Հայաստանը ունենալու է նույն հարաբերությունները՝ ինչ Ռուսաստանը, իմա՝ հարաբերություններ չի ունենալու: Ամեն ինչ կարող էր և այդպես լինել, եթե Լավրովը ու Ռուսաստանը ընդհանրապես, Հայաստանը համարեին դաշնակից երկիր, ոչ թե դաշնակիցներից մեկը Հարավային Կովկասում, որի հաշվին պարտվելուց հետո մյուս դաշնակիցների հետ հնարավոր ու անհրաժեշտ է հարաբերությունները ջերմացնել: Իսկ օգնության ձեռքի հետ մեկնեին և պատժիչ ձեռքը: Շատ մեծ հարց է, թե ինչու Գերմանիան ու Մեծ Բրիտանիան ռեսուրսներ չունեն տարածաշրջանում իրենց քաղաքականությունը վարելու, միանգամայն հակառակը՝ նրանք այնքան ռեսուրսներ են ներդրել Ադրբեջանի ու Թուրքիայի տնտեսության մեջ, որ շատ կանխատեսելի քաղաքականություն են վարում:


ՀՀ ԱԳ նախարարի այցը Մոսկվա դառնում է գերկարևոր իսկզբանե հարաբերությունները այն հունի մեջ դնելու տեսակետից, որ հետո մի ռուս փորձագետ չգտնվի ու արդեն Արա Այվազյանի մասին չասի, որ գուցե հուշեր գրի ու պատմի՝ ինչու Հայաստանը ձախողվեց: ՀՀ ԱԳ նախարարը պետք է գերդիվանագետ լինի՝ պահպանելու ՀՀ ինքնիշխանություն գոնե այնքան, որ իր սահմանների հարցը ինքը լուծի, ոչ թե Մոսկվայի թույլտվությանը սպասի ու ինքը որոշի իր արտաքին քաղաքականության ուղղությունները: Ֆրանսիան ու ԱՄՆ-ը եղել ու մնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ և ունեն պարտավորություններ, որոնց կատարումը Մոսկվայի հետ չպիտի համաձայնեցվի, ինչպես Մոսկվան իր սեպարատ բանակցությունները Անկարայի ու Բաքվի հետ չհամաձայնեցրեց Փարիզի ու Վաշինգտոնի հետ, ու Նիկոլ Փաշինյանին՝ անկյուն քշելով՝ արգելեց Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցնել եռակողմ հայտարարության տեքստը, որը հնգակողմ լինելու պարագայում հաստատ պահպանելու էր Արցախը ԼՂԻՄ-ի սահմաններում ու չէր ունենալու Էրդողանի աչքն ու ականջը շոյող 9-րդ կետը: Եվ այս ճշմարտությունը, որ գիտեր հեռացած Զոհրաբ Մնացականյանը, պետք է իմանալով Մոսկվա գնա նրան հաջորդած Արա Այվազյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 19912

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ