Պատերազմը մարդկանց կոտորած է, որ իրար չեն ճանաչում՝ հանուն այն մարդկանց շահի, որ ճանաչում են իրար, բայց չեն սպանում:
Պոլ ՎԱԼԵՐԻ
Այսօր դեկտեմբերի 1-ն է՝ մենք չինքնակազմակերպվեցինք ու կորցրինք 21 օր, երբ ԴԵՌ հնարավոր էր իրավիճակ փոխել: Հիմա մնում է հաշտվել պարտության հետ ու ապրել…Հայաստանում ու սփյուռքում չկա որևէ հայ, որ ինքն իրեն հարցրած չլինի՝ ինչու՞ պարտվեցինք: ՈՒնենք 10000 պատասխան՝ մեր անձնականը, ընդհանրական պատասխանը մեկը պիտի լինի՝ «ի՞նչ անել հիմա» հարցին:
Սովորաբար երբ տանը հանգուցյալ կա, խոսում են շշուկով: Մենք աղմկում ենք ու չենք ուզում տեսնել.
1. Հայաստանում ու Արցախում մարդիկ բաժանվել են երկու մասի. նրանք, որ պատերազմում կորուստներ են ունեցել, ու նրանք որ չեն ունեցել, դա է որոշում յուրաքանչյուրի պահվածքը ու բոլորիս դարձնում է ՊՈՂՈՍԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ:
2. Հայաստանում բոլորը կորցրել են ժամանակի զգացողությունը:
3. Շոկը հաղթահարելու տարբեր մեթոդներ կան. մենք ընտրել ենք ազգովին տառապանքից էներգիա ստանալու մեթոդը, որ այլ կերպ կոչվում է սադիզմ:
Հիմա շատ ավելի հեշտ է ասել՝ ինչ չպիտի անենք, քան՝ ինչ պիտի անենք:
Ինչ անելն էլ, չանելն էլ դառնում են ավելորդ, որովհետև դադարել ենք իրար լսել ու չենք ուզում հասկանալ: Մենք ուզում ենք, որ բոլորը միայն մեզ հասկանան, տեսնեն մեր տառապանքը ու տառապեն մեզ նման: Վստահ չեմ, որ ժամանակը բժիշկ է: Ժամանակը կարող է բթացնել ցավը, բայց իրավիճակ չի փոխում: Իրավիճակը պետք է փոխվի՝ ՀՀ գործող իշխանությունը այլևս գործունակ չէ, կորցրել է սուբյեկտայնությունը ու … չի գիտակցում: Ինչպես երկուսուկես տարի չի գիտակցել անելիքները ու տրվել է էյֆորիայի, որ հաղթել է: Իսկ թե ու՞մ է հաղթել՝ հարցը չի էլ ծագել: Նիկոլ Փաշինյանը սկսել է ինքնարդարացման գրառումները ֆեյսբուքում, բոլոր գրառումներից ոչ մեկը չի պատասխանում հարցին՝ ի՞նչ անել հիմա: Երբ այս օրերին ՀՔԾ պետը պարգևատրվում է «Միխթար Գոշ» մեդալով, հարց է ծագում՝ պարտադի՞ր էր Գոշին էլ վարկաբեկել: Երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամից գումարներ են փոխանցվում պետական բյուջեին, ու հիմնադրամի տնօրենը ոչ միայն հրաժարական չի տալիս, այլև չի բացատրում՝ ինչու՞, պետությունը դադարում է գոյություն ունենալ: Երբ առանց փոփոխությունների քննարկվում է 2021-ի պետբյուջեի նախագիծը, որ չի կատարվելու, պետությունը դառնում է ՖԵՅՔԱՊԵՏՈՒԹՈՒՆ: Երբ նորանշանակ ԱԳ նախարարը հայտարարում է, որ պարտվել է բանակը, դիվանագիտությունը չի պարտվել, վաղն էլ կարող է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ ճանաչելով սահմանները, դադարում է ԱԳ նախարար լինել: Երբ էկոնոմիկայի նորանշանակ նախարարը հայտարարում է, որ ՀՀ զարգացման 50 տարվա ծրագիրը ուժի մեջ է, ինքն էլ եկել է 5 տարով ու բացելու է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները, դադարում է էկոնոմիկայի նախարար լինել: Իմա՝ կադրային փոփոխությունները կառավարությունում անիմաստ են, ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ չի փոխվել, նույն պոպուլիզմն է, իրականությունից կտրվածությունը: Փաստը մնում է փաստ, որ թե բանակն է պարտվել, թե դիվանագիտությունը, փաստերի փաստը՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ է պարտվել: Եթե 2016-ի քառօրյայից հետո մինչև հիմա քննարկում էինք՝ պարտությու՞ն էր, թե՞ հաղթանակ, քանի՞ դիրք ու հեկտար կորցրինք, այդ տրամաբանությամբ մինչև դարավերջ քննարկելու ենք 2020-ի 44-օրյան ու՞մ պարտությունն էր: Քացախի պես ներսից քայքայելու ենք մեզ՝ թշնամանալով իրար, դավաճան ու մեղավոր որոնելով: Ճշմարտությունը մեկն է՝ ոչ ոք չէր ուզում դավաճան կոչվել: Այդ պատճառով 1997-ին հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, 2018-ին հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: 1994-ի հաղթանակից հետո մենք միջազգային հանրությանը չկարողացանք ապացուցել մեր իրավացիությունը՝ տեղ հասցնել մեր ճշմարտությունը, որովհետև կոնֆլիկտի կողմերից բացի կոնֆլիկտի մեջ էին նաև տարածաշրջանն իրենց շահերի գոտի համարող պետությունները:
Հիմա ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կլիներ, եթե Կազանում 2011-ին համաձայնագիրը ստորագրվեր, եթե 2020-ին Նիկոլ Փաշինյանը պատերազմի կեսին համաձայներ պատերազմը կանգնեցնել: Ոչ ոք: Կային մադրիդյան սկզբունքները, և կար Լավրովի պլանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սկսում է սեփական կետից: Դա, մեղմ ասած, խելագարություն էր. սեփական կետից սկսելու համար նվազագույնը պետք է ունենար գերժամանակակից ու գերհզոր բանակ, գերտերության աջակցություն ու գերհզոր տնտեսություն, գերգերազանց ժողովրդագրություն: Ոչ մեկը չունենալով՝ պատերազմին ընդառաջ գնալը ի սկզբանե կապիտուլյացիա էր, այդ պատճառով էլ Ադրբեջանը չէր կանգնում հրադադարի ոչ մի պայմանավորվածությունից հետո: Հնարավո՞ր էր խուսափել պատերազմից: Այո, եթե Նիկոլ Փաշինյանը ժամանակին հասկանար, որ ավելի լավ է դավաճան անվանվել առանց զոհերի ու տարածքների կորստի, քան՝ զոհերից ու տարածքների կորստից հետո: Եթե հրաժարական տար օգոստոսին: Եթե հրաժարական տար նոյեմբերի 8-ին: Ինչ հեգնանք է, որ 2018-ի մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ին հանձնեց Շուշին ու Արցախը: Հիմա նրա բոլոր բացատրությունները «Ինչպես չէի ուզում դավաճան դառնալ ու դարձա»՝ թեմայով ազատ շարադրություն են: Բոլոր այդ «շարադրություններին» պատմությունը «անբավարար» է նշանակելու, որովհետև իր պատասխանների որոնումներում նա ելակետ է ունեցել ոչ թե հայրենիքը, ոչ թե պետության շահը, այլ իր անձը: Նրանից առաջ ընտրել են պետությունը, նա ընտրեց իրեն: Սա է ամբողջ պատմությունը: Սերժ Սարգսյանը սխալվեց՝ ասելով «Ես սխալ էի, Նիկոլը՝ ճիշտ», նա շախմատի այս պարտիան ճակատագրի հետ պարտվեց՝ ընտրելով սխալ խաղացողի. Նիկոլը ոչ միայն դիմադրունակ չէր, այլև շախմատի փոխարեն նարդի էր խաղում՝ ապավինելով զառին: Դեռ Էյնշտեյնն է ասել, որ Աստված զառ նետողներին չի ընդունում: Իսկ Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն Հիսուս էր հայտարարում: Հետևանքները….
Մենք պարտվեցինք, որովհետև չունենք դիմադրունակություն: Այսօր էլ չենք դիմադրում, երբ խաղում են մեր ճակատագրի հետ: Մենք չենք դիմադրում կամ չիմանալու-չնկատելու ենք տալիս, երբ Հայաստանի ու Արցախի կառավարումը Մոսկվան վերցրել է իր ձեռքը: Նույնիսկ հասել ենք այն «պայծառակերպության», որ քննարկում ենք՝ չմիանա՞նք Ռուսաստանին: Եվ ում ասես, բայց ոչ մեզ է վերաբերվում, երբ մեր աչքի առաջ փորձ է արվում ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն ձևավորել Արցախի հարցը լուծելու նոր ձևաչափ՝ Անկարա-Մոսկվա-Թեհրան: Դեռ պատերազմի ժամանակ Թեհրանն առաջադրեց կովկասյան պակտ ստորագրել՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ՝ առանց արևմտյան երկրների ներգրավման Անդրկովկասի խնդիրների լուծման մեջ: Փաստացի՝ Արցախի հարցի վերջնական լուծման և խաղաղության շրջանակային համաձայնագրի նոր՝ Իրան-Ռուսաստան-Թուրքիա ձևաչափն առաջ մղելով՝ ելնելով այդ պետությունների տարածաշրջանային շահերից, վերստին անտեսվում է Հայաստանի ու Արցախի շահը: Երբ ՌԴ նախագահը պատերազմի ժամանակ հայտարարում էր, որ ՌԴ դաշնակիցներն են թե Հայաստանը, թե Ադրբեջանը, երբ Թուրքիան կռվում էր Ադրբեջանի հետ՝ փոխադրելով վարձկանների ու զինելով անօդաչուներով, ապահովելով ռազմաքաղաքական ղեկավարությունը, հարձակողական զենքերն ու դիվանագիտական աջակցությունը, երբ Թեհրանը ոչինչ չարեց հայկական շահերի պաշտպանության համար, ավելին՝ դիվանագիտական աջակցություն ապահովեց Ադրբեջանին, ի՞նչ լուծում ենք ստանալու դիվանագիտական դաշտում այդ երկրներից: Ոչ միայն ազատագրված շրջաններն են ընդմիշտ մնալու Ադրբեջանին, այլև ԼՂԻՄ-ի կազմից գրավված ու չգրավված, բայց նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ հանձնված տարածքները, որոնց հետևանքով Արցախը կորցնում է տնտեսությունը վերականգնելու հնարավորությունը, Հայաստանը՝ վտանգում տարածքն ու զարգացման հնարավորությունը: Հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ Հայաստանը հրաժարվում է ինքնիշխանությունից, Արցախը՝ հեռանկարից: Դա հնարավորություն է տալիս, որ Թուրքիան Արցախի տարածքներում վերաբնակեցնի սիրիացի վարձկաններին ու թուրքոմաններին, որովհետև Ադրբեջանում գոյություն չունեն մեկ միլիոն փախստականները, որ իբր պիտի վերադառնային «իրենց տները»: Ռուսաստանը Արցախից տարհանված, հայրենիք կորցրածներին տալու է ռուսական անձնագրեր ու բնակության տանի Աբխազիա: Լինելու է ժողովուրդների ավելի դաժան տեղահանություն, քան Ստալինն է արել: Ստալինը բռնի էր տեղահանում, Պուտինը տեղահանելու է կամավոր ու իբր իրենց շահից ելնելով: Ինչ-որ պահից այլևս հանրաքվեի հարկ չի լինելու. Արցախը հայաթափվելու է, ինչպես Նախիջևանը: Արևմուտքին տարածաշրջանից վտարելը բխում է ոչ միայն Ռուսաստանի ու Թուրքիայի, այլև Իրանի շահից, այդ եռյակի ձևաչափով Արցախի հարցի լուծումը հայկական սուիցիդի տարբերակ է: Համազգային ինքնասպանության տարբերակը կանխելու միակ հնարավորությունը օր առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելն է՝ նա համաձայնելու է ամեն ինչի՝ ինչ Մոսկվան պահանջի: Փաստացի՝ այսօր նրա մնալը ձեռնտու է բոլորին՝ բացի Հայաստանից:
…Իսկ մեզնից ոմանք դեռ ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է կամ լուծելու է հայ ռազմագերիների ու գերիների հարցը, երբ եռակողմ հայտարարության մեջ չի ապահովել փոխանակման ժամկետները: Ոմանք ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը ի զորու է Մոսկվայի կամ Բաքվի հետ լուծել սպանված հայ զինվորների դիերի հանձնումը: Ոմանք ակնկալում են, որ կարող է հաշմված զինվորների աջակցության հարցը լուծել: Ոմանք նույնիսկ ակնկալում են, որ նա կարող էր Սոթքի հարցը կարգավորել կամ գոնե բնակչությանը տեղեկացնել՝ ինչ է եղել ու ինչ է լինելու: ՉԻ ԿԱՐՈՂ: Նիկոլ Փաշինյանը շարունակելու է ինքնարդարացման շարքը, առավելագույնը՝ հընթացս «արդարացնելու է» «Էրատոյի» «հրամանատարին»՝ երբեք չհասկանալով օծյալի և անվանակոչվածի տարբերությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայ մտավորականներն ապացուցեցին, որ կան, ու դա մեծ հույս է, որ հայերիս մեջ մնացել է դիմադրունակության ու արժանապատվության ինչ-որ հենարան: Ինքնակազմակերպվող մտավորականներն են փորձում լուծել ռազմագերիների ու դիերի վերադարձի հարցը, ու նրանք քաղաքականության մեջ չեն մտնում: Իսկ քաղաքականությունը հիմա միայն մեկ խնդիր ունի՝ ջնջել սև ու սպիտակի բաժանումը, հայտարարել համազգային ինքնափրկության ծրագիր: Մենք հիմա մահվան ու պարտության ծրագրի մեջ ենք, որից պետք է դուրս գանք ու կյանքը դարձնենք սկզբունք, նպատակ ու հիմնավորում: Ազգային ինքնամեկուսացումը, որին մեզ մղում են մեր թշնամիներն ու «բարեկամները», ինքնասպանության ծրագրից է, մենք պիտի վերադառնանք ելման դրություն ու սկսենք զրոյից: Մենք պետք է փոխենք Սահմանադրությունը, արտահերթ ընտրություններով իշխանություն ձևավորենք, և այդ ընթացքում տնտեսությունը պահենք ու բանակը հզորացնենք: Որպեսզի ապրենք: Իսկ դրա համար պետք է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ ՁԵՎԱՎՈՐԵԼ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: Ցանկացած հարված հակահարված է հարուցում՝ դա ֆիզիկա է: Մեզ ծնկի են բերել, բայց չեն սպանել: Միասին ոտքի ելնելու ու պետություն սարքելու ժամանակն է: Իրար մեղադրելով ու արդարանալով սոսկ ժամանակ ենք կորցնում: Բացի գերիների վերադարձից, սպանվածների դիերի տունդարձից, նոր սահմանները պահելուց՝ մեզ սպասում է ծանր ձմեռ՝ տնտեսական առումով, մենք ունենք վիրավորներ ու հաշմվածներ, նրանց պահել է պետք, մենք ունենք տնանկներ, նրանց արտագաղթը կանխել է պետք, մենք ունենք ամեն օր կորոնավիրուսից մեռնող 30-40 մարդ: ՈՒնենք Աժ, որ վախենում է ռազմական դրությունը հանել, որ վարչապետի հրաժարականի հարց չբարձրացվի, կառավարություն, որ ապրում է վիրտուալ իրականության մեջ ու ադեկվատ չէ իր վարչապետով հանդերձ: Սա մե՞նք ենք: ՄԵՆՔ չենք: Մենք ԱՊՐԵԼՈՒ ծրագիր պիտի ընտրենք՝ պարտվածները պիտի հեռանան: Ողջ լերուք։