Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների վերջին ակորդը «Շարական» անսամբլի համերգն էր, որը տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կենտրոնական գրադարանում։ Այն վարում էր անսամբլի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժիշտը։ Ծրագիրը բաղկացած էր երկու մասից։ Առաջինում բանախոսը ներկայացրեց հայ-ֆրանսիական առնչությունների մասին պատմական մի հակիրճ ակնարկ՝ սկսած 6-րդ դարից, երբ, ըստ Անանիա Շիրակացու, հայ վաճառականները հայտնվել էին Ֆրանսիայում։
Այնուհետև Դանիել Երաժիշտը առանձնացրեց մշակութային, տնտեսական, քաղաքական շրջափուլային իրադարձությունները, որոնք հաջորդում էին միմյանց ընդհուպ մինչև մեր ժամանակները։ Ֆրանսիայում հայերի ներկայության առաջին նշաններ նշվեցին հայ-լատիներեն զրուցագիրքը, հայկական ճարտարապետության ոճով կառուցված Սեն Ժերմեն դը Պրե եկեղեցին (806 թ.) և այլն։
Բանախոսը հիշատակեց այն իրադարձությունները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել երկու ժողովուրդների ճակատագրերի վրա։ Դրանցից են խաչակրաց արշավանքները, Անիի կործանումը, Կիլիկյան թագավորության անկումը և այլն։
Այս ամենի պատճառով էր, որ հայերի արտագաղթի նորանոր հոսանքներ էին առաջանում ու հասնում Ֆրանսիա։ Եվ գնալով խոշորանում էին Մարսելի, Պրովանսի, Փարիզի և այլ հայկական գաղթօջախները։
Դանել Երաժիշտն անդրադարձավ նաև դիվանագիտական անցուդարձին։ 14-րդ դարում Հեթում Պատմիչը հանդիպել էր Կղեմես 5-րդ պապին նրա նստավայր Ավինիոնում ու նվիրել իր «Ծաղիկ Արևելքի պատմության» աշխատությունը։ Աշխարհահռչակ այս գրքում ներկայացված են արևելյան 14 երկրների պատմությունն ու աշխարհագրությունը։ Գրքում հեղինակը, որին Եվրոպայում Հեթում Հայ էին անվանում, նաև կոչ է անում սկսել մի նոր խաչակրաց արշավանք՝ քրիստոնյաներին թաթարներից և այլ զավթիչներից փրկելու համար։ Նույն 14-րդ դարում Կիլիկիայի թագավոր Լևոն 5-րդն է ժամանում Եվրոպա, հանդիպում Ֆրանսիայի և Անգլիայի թագավորների հետ, կոչ անում դադարեցնել պատերազմը և միացյալ ուժերով պայքարել մահմեդականների դեմ, ազատագրել քրիստոնյաներին։
Իր ներածական խոսքում Դանիել Երաժիշտը շեշտը դրել է ավելի շատ գրականության, պոեզիայի, երաժշտության թեմաների վրա։ Հեթում Պատմիչի գրքի առիթով նա մեջբերեց Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ֆրեդերիկ Ֆեյդիի գնահատականը. «Հեթումի պատումը առաջին ֆրանսիական գիրքն է, որը հայի մտքի արգասիքն է»։ Նշվեց նաև, որ Լևոն 5-րդ թագավորը «Ռոլանդի երգը» ֆրանսիական էպոսի գլխավոր հերոսներից է, որ հայի կերպարն արտացոլված է ֆրանսիական գրականության բազում ժանրերում՝ ասքերում, երգերում, ասպետական վեպերում՝ որպես ազնիվ, խիզախ, իմաստուն և այլն։ Բանախոսը վկայեց Պրովանսի տրուբադուրների արվեստի վրա հայ միջնադարյան պոեզիայի ազդեցության փաստը։ Մաեստրոն կարևորեց նաև Ֆրանչեսկո Ռևոլյոյի «Բառգիրք հայոց» հայ-լատիներեն բառարանի հրապարակումը, Ոսկան Վարդապետի (Երևանցու) հիմնած՝ Մարսելի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անվ. տպարանը (17-րդ դ.) Փարիզի Արևելյան լեզուների վարժարանում հայոց լեզվի ամբիոնի հիմնադրումը, Փարիզի Ս. Հովհաննես եկեղեցու կառուցումը (1902) Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ և այլն։ Երաժշտագետը հատուկ կանգ առավ Փարիզում Կոմիտաս Վարդապետի ծավալած բուռն գործունեության վրա՝ համերգներ, դասախոսություններ, ձայնագրություններ, որոնք մեծ հետաքրքրություն և արձագանք առաջացրին ֆրանսիացի երաժշտագետներ Լուի Լալուայի, Պիեռ Օբրիի և այլոց մեջ։ Իսկ 1914 թ. կայացած Համաշխարհային երաժշտական կոնգրեսում Վարդապետի ելույթները բանախոսը համարեց հաղթահանդես։
Ներածական խոսքն ավարտելուց հետո մաեստրոն բեմ հրավիրեց «Շարական» անսամբլը։ Եվ հնչեցին ֆրանսիական երաժշտության նմուշներ։ Դիրիժորը յուրաքանչյուր ստեղծագործությունից առաջ տեղեկություններ էր տալիս հեղինակների, ժանրի, ժամանակաշրջանի մասին, թարգմանում տեքստը և այլն։
Երկերի մի մասը «Շարական» անսամբլն արդեն կատարել է Հայաստանում՝ Ֆրանսիայի դեսպանատան բացմանը։ Դրանցից է Ժան-Բատիստ Բեզարի «Շանսոնը»՝ «Երկնային հարմոնիա» ժողովածուից (1603 թ.)։ «Հետևյալ մեկ տունն էլ բավական է շանսոնի տրամադրությամբ համակվելու համար»,- նշեց բանախոսը.
Գեղուհի՛ս, եթե հոգիդ բռնկված է
Այն անուշ բոցով, որ կմղե մեզ սիրելու,
Գնա՛նք գոհասիրտ դեպի թավիշը կանաչ,
Գնա՛նք, քանզի մեր ջահել գարունն է անցնում։
«Շանսոնը» մատուցվեց Դանիել Երաժշտի անսամբլային մշակմամբ։ Մեներգչուհի Յանա Մովսիսյանի թավշյա, լուսավոր սոպրանոն մերթ պարուրվում էր ֆլեյտայի (Գնել Հարությունյան) արծաթափայլ հնչյուններով, մերթ երգի մեջ ձուլվող կլառնետի (Գրիգոր Հարությունյան) մեղմ մեղեդիով, մերթ ջութակի (Գոհար Դանիելյան) նրբագեղ ռեպլիկներով։ Եվ այս բոլորի հիմքը, միաբանողը դաշնամուրն էր (Թամարա Մովսիսյան)։
Այնուհետև գործիքային անսամբլը կատարեց Ֆիլիբե Լավինիեի (1700-1750) «Տամբուրինը»՝ զվարթ մի ստեղծագործություն, որը նմանակում է «տամբուրին» (ծնծղաներով դափ) նվագարանին։ Մաեստրոն իր դափի նվագով ասես կրակի վրա յուղ լցրեց և պայծառացրեց ստեղծագործության ներկապնակը։
Համերգի անակնկալը Ա. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտ Սիլվի Հովհաննիսյանի ելույթն էր (Ռուզան Հովսեփյանի դաշնամուրային դասարան)։ Նա «մեկ շնչով» ու հստակ նվագեց Լուի Դաքենի (1694-1772) «Կկու» մանրանվագը։
Իսկ օրվա հայտնությունը Արթուր Հոնեգերի (1892-1955) «Ռոմանսն» էր։ Բանն այն է, որ այս երգը գրված է Արշակ Չոպանյանի (1872-1954) բանաստեղծության հիման վրա։ «Ես հատուկ էի ընտրել Հոնեգերի այս երգը՝ որպես հայ-ֆրանսիական հոգևոր բարեկամության լավագույն դրսևորումներից մեկը,- ասաց Դանիել Երաժիշտը,- խորհրդանիշ, ինչպես Շառլ Ազնավուրի, ինչպես մեծ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանի արվեստը»։ Հոնեգերի այդ չքնաղ երգն առաջին անգամ էր հնչում Հայաստանում, և Յանա Մովսիսյանն այն կատարեց պատշաճ մակարդակով։
ՈՒնկնդիրները խանդավառությամբ ընդունեցին «Շարականի» ելույթը, և երգչուհին ծրագրից դուրս, դաշնամուրի մեղմօրոր նվագակցությամբ, կատարեց Սեբաստիան Բախի «Մագնիֆիկատ» կանտատից սի-մինոր արիան, որն արտացոլում է Մարիամ Աստվածածնի հոգեվիճակը՝ Գաբրիել հրեշտակի ավետումից հետո։ Կատարումից առաջ մաեստրոն ընթերցեց այդ հատվածը՝ Ղուկասի ավետարանից. «Իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով, որովհետև նա իր հայացքը դարձրեց իր աղախնի վրա»... Համերգից հետո գրադարանի տնօրենը և վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչ Ռուզաննա Զաքարյանը շնորհակալություն հայտնեցին «Շարական» անսամբլի երաժիշտներին, գեղարվեստական ղեկավարին, որոնք հաճախ են ելույթ ունենում մշակույթի վառ օջախ դարձած գրադարանում և միշտ սիրով ու նվիրումով ունկնդիրներին են փոխանցում արվեստի լույսը։
Գայանե ԱԹԱՆՅԱՆ