ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Փողոց, որի միակ լապտերը... լուսինն է

Փողոց, որի միակ լապտերը... լուսինն է
08.04.2016 | 09:33

Ինչպես կան տխրահռչակ, անվանարկված մարդիկ, այնպես էլ կան նման... թաղամասեր, որ այդպիսին դառնում են ոչ միայն հին լինելու (քաղաքներն ու թաղամասերն անվերջ վերակառուցվում են և վերափոխվում), այլև անպատասխանատու, անտարբեր, իրենց տեղում չգտնվող իշխանավորների, գերատեսչությունների ղեկավարների վատ աշխատանքի պատճառով։
Այո, Երևան քաղաքի «վատահամբավ» թաղամասերից է Սարի թաղը, որտեղից սարիթաղցիների զգալի մասը փախչել է ուզում։ Դեպքերի բերումով հայտնվեցի այստեղ, և պարզվեց, որ այն «վաստակել» է իր համբավը։ Ամեն ինչ սկսվեց 26-րդ փողոցի բնակիչների բողոքից, երբ առաջարկեցին «Իրատեսի» միջոցով բարձրաձայնել իրենց խնդիրները։ Ամենամեծ հարցը բնակիչների համար փողոցի լուսավորումն է. գերանասյուները կան միայն (ընդ որում, 26-րդ փողոցը Սարի թաղի միակ չլուսավորվող փողոցն է)։ Այնպես որ, մութն ընկնելուց հետո այնտեղ վառվող միակ լապտերը... լուսինն է՝ պարզկա գիշերներին։ Իսկ ամպամած օրերի՞ն։ Դե, նման օրերին էլ օգնության են հասնում ձեռքի լապտերը, պատահականորեն անցնող մեքենայի լուսարձակները, տների պատուհաններից երևացող լույսերը՝ սեփական բնական ստվերին զուգահեռ՝ շների «փայ» դառնալու վախի արհեստական ստվերն ունենալով։ Երկրորդ խնդիրը, որ բարձրացնել ցանկացան ի լուր քաղաքապետարանի համապատասխան բաժնի, տրանսպորտի խնդիրն է։ Ճիշտ է, նախանձելի ճշտապահությամբ, 20 րոպեն մեկ աշխատում է 21 երթուղու շարժակազմը, բայց մինչև ժամը 19-ի սահմանները։ Երեկոյան ժամը 20-ից հետո, նախկին «Ռոսիա» կինոթատրոնի մոտ գտնվող կանգառում հետևյալ պատկերն է. երեք-չորս ուղևոր գումար են հավաքում՝ տաքսի վարձելու և Սարի թաղ բարձրանալու համար (վատ սյուժե չէ զավեշտալի, հումորային հաղորդման համար)։
Հապա շարժակազմի մաշվածությո՞ւնը. մի՞թե կարելի է, հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին, երբ ավտոբուսները կարծես դառնում են «բեզռազմեր»՝ գերծանրաբեռնվածության պատճառով, երթուղի շահագործել՝ վտանգելով և՛ ուղևորների, և՛ վարորդի կյանքը. չէ՞ որ, Աստված մի արասցե, դժբախտ պատահարի դեպքում պատասխանատվության ողջ բեռը կգցեն վարորդի վրա, ոչ թե իր դարն ապրած դխկդխկան ավտոբուսների։ Արժանապատվության և սրտացավության պակաս կա մեր գերատեսչական ոլորտում, պաշտոնյաներից շատերի մեջ։
Չորանում է՝ չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ զորանա,
Միայն կաղին ունենամ,
ՈՒտեմ, պառկեմ, գիրանամ։
Ծանո՞թ տողեր են հայտնի առակից. հանճարեղորեն՝ դիպուկ, ցավալիորեն՝ արդիական։ Իսկ պարտքի զգացո՞ւմը։ Չմոռանանք նաև ամոթի մասին. չէ՞ որ ընտրությունները յոթ սարի հետևում չեն, սարիթաղցիներն էլ՝ ձայնազուրկ։ Նրանց քվեն մուրալու համար որքա՜ն վիզ պիտի ծռվի, որքա՜ն ձեռք պիտի պարզվի, որքա՜ն այտ պիտի կարմրի (եթե ի վիճակի լինի)։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Հ. Գ. Խնդիրների շարքն այսքանով չի սահմանափակվում, բացի այն, որ բնակիչներից մեկը խնդրեց գրել թիվ 167 դպրոցի մասին, երբ հիմնական դպրոցն ավարտելուց հետո աշակերտները չգիտեն ինչ անել։ Ես նկատեցի նաև Համո Սահյանի անունը կրող, բայց նրա մեծությանն անհարիր վիճակում գտնվող թիվ 70 դպրոցի վիճակը. ոչ մի խաղահրապարակ, ժամանցի վայր չկա սարիթաղցի փոքրիկների համար (կա՛մ փողոցում պիտի խաղան, կա՛մ սեփական տան բակում)։
Այնպես որ, ամեն օր Սարի թաղում... հույս են թաղում` մայրաքաղաքին, կենտրոնին հարիր բնակչի կյանքով ապրելու հույսը։

Դիտվել է՝ 17551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ