ԱՄՆ-ի 47-րդ նախագահը, երկրորդ անգամ դառնում է Թրամփը։
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ Այդ օրը նա պաշտոնապես կվերադառնա Սպիտակ տուն։
Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, շնորհավորել ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, երաշխավորել իշխանության սահուն և խաղաղ փոխանցումը, ինչպես նաև հայտնել իր ցանկությունը՝ անձամբ մասնակցել Թրամփի ինաուգուրացիային։
Նախագահ ընտրվելու կապակցությամբ Քամալա Հարիսը ևս զանգել և շնորհավորել է Թրամփին։ Վերջինս հրապարակային ելույթում շնորհակություն հայտնելով իր ընտրողներին՝ ընդունեց իր պարտությունը։
Վերջինս իր էլեկտորատին կհիշեցնի, որ ամերիկյան ժողովրդավարության գլխավոր սկզբունքն է ընտրություններում պարտվելիս արդյունքների ընդունումը։
Սա կայացած պետության ընդօրինակելի ցուցիչ է։
Այսպիսով՝ Թրամփի հաղթանակը լեգիտիմ է։
Ինչ վերաբերում է ընտրություններին․
այն, ինչ կատարվեց ԱՄՆ-ում, պարզապես ֆանտաստիկա է։
Ասեմ, թե ինչու:
Ըստ վերջնարդյունքի՝ Թրամփը պաշտոնապես ընտրվեց և՛ ընտրիչների քվեների, և՛ ժողովրդի կողմից ստացված ձայների մեծամասնությամբ (մոտ 6 միլիոնով ավելի ձայն)։
Բացի այդ, հանրապետականները հաղթեցին նաև Սենատի ընտրություններում, իսկ սա նշանակում է, որ Թրամփի նախագահ դառնալով, ԱՄՆ-ի ամբողջ իշխանությունն անցավ հանրապետականներին։
Դեմոկրատները կորցրեցին նաև Սենատի վերահսկողությունը:
Ստորին Պալատը նույնպես վերահսկելու են Հանրապետականները:
Փաստացի Հանրապետականները վերցրեցին իշխանությունը Սենատում ու Կոնգրեսում, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի ողջ իշխանությունը, որոշումների ընդունման ողջ համակարգը անցնում է հանրապետականներին։
Այս ամենի համար է, որ ասում եմ՝ տեղի ունեցածն աննախադեպ իրադարձություն է:
Ընդ որում՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում միայն 2 անգամ է կին թեկնածու առաջադրվել․
2016-ին՝ Հիլարի Քլինթոնը, 2024-ին՝ Քամալա Հարիսը և երկուսին էլ հաղթել է Թրամփը։
Ի դեպ, Թրամփի առաջին հայտարարությունն է․ «Աստված կամեցավ, որ ես ողջ մնամ» և «իմ պաշտոնավարման ընթացքում այլևս պատերազմներ չեն լինի։ Ես դադարեցնելու ու կանխելու եմ դրանք»։
Այժմ Թրամփն ունի մեկ գերխնդիր․
կատարել այն, ինչ հայտարարել էր՝ կանգնեցնել ռուս - ուկրաինական պատերազմը:
Արդյո՞ք Թրամփն ունի «կախարդական փայտիկ»՝ ժամանակը ցույց կտա, բայց այս մասով շատ հետաքրքիր տեղեկություն տարածվեց, որը ժամերի ընթացքում հաստատվեց․
Թրամփի հաղթանակից անմիջապես հետո, ՈՒկրաինայում հայտարարեցին, որ Կիևը դուրս է բերում իր զորքը Ռուսաստանի Կուրսկի շրջանից։
Նախագահ Զելենսկին հայտարարեց, որ Թրամփի հետ ունեցել է հրաշալի հեռախոսազրույց, իսկ Թրամփի թիմն անոնսեց կոնֆլիկտի դադարեցման ու հակամարտության ավարտի մշակված պլանի մասին, որն իր մեջ ներառում է՝
* հակամարտության դադարեցումը շփման գծի ներկայիս վիճակով,
* ՈՒկրաինայի տարածքում ապառազմականացված գոտու ստեղծումը (թե ո՞վ է ապահովելու դրա անվտանգությունը, պարզ չէ, բայց կարծես բացառվել է ամերիկյան զորքերի, ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող այլ կազմակերպությունների կամ ՄԱԿ-ի կոնտինգենտի ներգրավումը),
* սպառազինության մատակարարման դիմաց՝ ՈՒկրաինայի առնվազն 20 տարով ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարումը։
«Համասը» ևս կոչով դիմել է Թրամփին՝ խնդրելով դադարեցնել Իսրայելին կուրորեն աջակցելը, ինչպես նաև ճանաչել Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին կոչ է արել ԵՄ առաջնորդներին Թրամփի հետ քննարկել համատեղ ռազմավարությունը։
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Թուրքիա-ԱՄՆ ապագա համագործակցությունը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ևս շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, ասելով՝ «Այս հաղթանակը շատ էր պետք աշխարհին»։
Սկսած առաջին րոպեից շատերը փորձում են ընդհանուր լեզու և համագործակցության եզրեր գտնել Թրամփի հետ։
Ինչ վերաբերում է մեզ․
մի շարք վերլուծաբան-քաղաքական գործիչներ, իսկ ավելի շուտ քաղաքական վանգաներն ու կոնսպիրոլոգ-պայծառատեսները, անգամ գրազ եկողները մինչև վերջին պահը հայտարարում էին, թե միանշանակ հաղթելու է Քամալա Հարիսը:
Հիմա նույն այդ մարդիկ՝ լացակումած, մանդրաժի ու ողբի ապրումներով, «Մկների ժողովի» պես՝ «մեր վերջն եկել է» լիրիկական զեղումներով, սրտաճմլիկ ու սենտիմենտալ ստատուսներ ու լալահառաչ ողբագրեր են գրում ֆեյսբուքյան էջերում ու հինգ պակաս Հայաստանի կործանման մասին անոնսում։
Այս տեսականին հազար ու մի պատճառ կգտնի, որ չընդունի, թե՛ իր սխալմունքը և թե՛ անհեռատես ու ոչ կոմպետենտ լինելը։
Եվ հետո, հակված են կարծելու, որ որպես հերթական ցնդաբանություն ու էմոցիոնալ սպեկուլյացիա կմոռացվի, կգնա:
Սակայն սա չէ կարևոր։
Հիմա հայ հասարակության մեջ պտտվում է՝ «Հիմա Թրամփի ընտրվելը մեր համար լավ կլինի՞, թե ոչ» հարցադրումը։
Նախ ասեմ, որ «սրա կամ նրա ընտրվելը մեր համար լավ կլինի» եզրույթն ու տրամաբանությամբ հարցադրումները դրանք մանկամիտ, քաղաքականապես սխալ հարցադրումներ են, որոնցից պետք է զերծ մնալ։
Մենք ողորմածության սպասող մուրացիկ չենք, որ հիմա ակնկալում ենք, որ Թրամփը մեզ կարող է օգնել կամ չօգնել։
Փաստ է, որ մենք, ուզենք, թե չուզենք պետք է աշխատենք ցանկացածի հետ ու փորձենք մեր շահերը պաշտպանել, մեր պետության համար նպաստավոր պայմաններ ստեղծել։
Դա է պարտադրում ազգային ու պետական շահը։
Այս առումով, Թրամփի վարչակարգի հետ պետք է աշխատի բարձրակարգ, հմուտ դիվանագետ, ով կկարողանա ճիշտ ներկայացնել Հայաստանն ու Հայաստանի շահերը, համագործակցության ողջ սպեկտորն ու պոտենցիալը։
ԱՄՆ-ում ներկայիս ՀՀ դեսպանը չունի այդ որակները, առավել ևս, որ աչքի է ընկել խիստ դեմոկրատամետ դիրքորոշմամբ։
Թրամփի ճամբարում այդ մասին տեղյակ են, իսկ դա շատ զգայուն հարց է։
Եվ հետո՝ ԱՄՆ-ի պետական շահերն ու ռազմավարությունը չեն փոխվելու նախագահի փոփոխությունով։ Կոնֆլիկտների լուծումը և երկների հետ հարաբերությունների սցենարները անձերով և անձերի քմահաճույքներով ու պատկերացումներով չեն պայմանավորված։
Այսպիսով, արդեն իսկ ստացվում են առաջին տեղեկությունները, թե ինչ է անելու Թրամփը ներքին քաղաքականության ու տնտեսության մեջ։
Իլոն Մասկի գլխավորությամբ ստեղծվելու է հատուկ թիմ, որը զբաղվելու է ամերիկյան ամբողջ պետական ապարատի արդյունավետության ստուգմամբ․ իրականացվելու են փոփոխություններ։
Մեծ է հավանականությունը, որ Պետդեպում և մյուս պետական կառույցներում մեծաթիվ աշխատակիցներ պարզապես կկրճատվեն։
USAID-ին հատկացվող միջոցները շեշտակի կրճատվելու են։ Այդ միջոցները ներդրվելու են ԱՄՆ-ի ներսում։ Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է։
Ի դեպ, սա ուղիղ կերպով ազդելու է նաև Հայաստանի վրա․
այն ՀԿ-ներն ու փորձագետ կոչվածները, որոնք սնվում էին այդ կառույցից, ըստ ամենայնի, կզրկվեն ֆինանսավորումից:
Իսկ արտաքին քաղաքականության մասով, պտտվում է տեղեկություն, որ Ֆլորիդայից հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն պետքարտուղարի պաշտոնում Դոնալդ Թրամփի գլխավոր թեկնածուն է։
Այդ պաշտոնի համար բավականին հետաքրքիր մի թեկնածու, ով գերազանց տիրապետում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, նախկինում խոսել է Ադրբեջանի վարած ոչ կառուցողական քաղաքականության ու սադրիչ գործողությունների դեմ, ինչպես նաև հայտարարել, որ Թուրքիային պետք է զսպել այս տարածաշրջանում։
Տեսնենք՝ ինչպես կստացվի:
Հետևենք զարգացումներին:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ