ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նա եկավ ԱԺ և ասաց, որ մարտի 1-ի իրադարձությունների մեղավորը եղել է... Տիգրան Թորոսյանը

Նա եկավ ԱԺ և ասաց, որ մարտի 1-ի իրադարձությունների մեղավորը եղել է... Տիգրան Թորոսյանը
05.05.2009 | 00:00

ԵՐԲ «ԽՓՈՒՄ ԵՆ» ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ
Աստծո անցած 7 օրը Հայաստանում շատ նման էր բարձր սարից իջնելուն, և երբ թվում էր` արդեն ստորոտում ես, հանկարծ տեսնում ես, որ ավելի բարձր կետում ես, քան ճանապարհի սկզբում...
Շատ հին անեկդոտ կա` համակարգիչը փորձարկելու համար հարցեր են տալիս, մեքենան բոլոր հարցերին պատասխանում է արագ ու ճշգրիտ, այդպես մի քանի օր: ՈՒ երբ արդեն վստահ, որ հասել են կատարելության, հենց այնպես հարցնում են` է, ո՞նց ես, ի՞նչ կա-չկա, գերկատարյալ թվացող համակարգիչը ուղղակի պատասխանների առատությունից ու իրարամերժությունից խափանվում է: Անեկդոտը, իրոք, շատ է հին, բայց կրկնվող ու երևի մշտական...
Ապրիլ-մայիսյան սահուն անցումը շատ նման էր իրադարձությունների այդ առատությանն ու իրարամերժությանը: Ապրիլի 22-ից հետո ընդդիմադիրի կեցվածքին հարմարվող ՀՅԴ-ն շաբաթվա սկզբում դեռ իներցիայով շարունակեց այդ գործընթացը. ապրիլի 27-ին ասուլիսում պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՅԴ-ն անհաղթահարելի տարաձայնությունների պատճառով դուրս է գալիս կոալիցիայից, խորհրդարանում փոխնախագահն ու հանձնաժողովների նախագահները հրաժարական տվեցին, նաև` նախարարները (Սպարտակ Սեյրանյանը նույնիսկ սրամտեց, որ նախարարի փոփոխությամբ բազմապատկման աղյուսակը չի փոխվելու, իսկ Արամայիս Գրիգորյանի մասին էլ ասացին, թե կարող է ՕԵԿ նախարարների ճանապարհով գնալ): Ազգային-հայրենասիրական թմբիրը տևեց մեկ օր, և «Որ մենք հերոս» ներկայացումն ավարտվեց` ընդամենը հաջորդ օրն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մշտական հանձնաժողովների դաշնակցական նախագահներին կոչ արեց (իսկ նա ոչինչ չի անում առանց նախապես համաձայնեցնել-ճշտելու) աշխատանքը շարունակել, և նույնքան արագ պարզվեց, որ արտաքին քաղաքականության ոլորտի «անհաղթահարելի տարաձայնությունները» հնարավոր է հաշտեցնել և համատեղ աշխատել իշխանության հետ` իբր լինելով ընդդիմադիր: Իսկ հիմնավորումն ուղղակի գլուխգործոց էր. Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք միշտ գործում ենք այն տրամաբանությամբ, որ տարբերությունները պետք է մեզ հարստացնեն, այլ ոչ թե իրար դեմ հանեն» (որտե՞ղ էր այդ տրամաբանությունը ապրիլի 22-29-ը): Հավելվեց, որ արտաքին հարվածները չեզոքացնելու համար անհրաժեշտ է ունենալ «ավելի մեծ զինանոց» և անհապաղ բացատրվեց, որ այդ զինանոցը կարող է ձևավորվել, երբ կան տարբեր տեսակետներ ու մոտեցումներ: Շատ հպանցիկ, բայց ակամայից Արմեն Ռուստամյանը նաև բացահայտեց` ինչո՞ւ է իրականում ՀՅԴ-ն իրեն ընդդիմադիր համարելով` մնում իշխանության թևի տակ. «խնդրի հետ կապված բանավեճի արտահայտման համապատասխան դաշտ» ունենալու համար, այսինքն` Արմեն Ռուստամյանը կողմնակիորեն հաստատում է, որ կուսակցությունն ընդդիմություն դառնալով այդ համապատասխան դաշտի հնարավորությունը կորցնելու է, օրինակ` չի բացառվում, որ արգելվեն ՀՅԴ-ի հանրահավաքները, Հյուսիսային պողոտան փակվի նաև դաշնակցականների առաջ, «Երկիր մեդիան» եթերազրկվի, դաշնակցական օլիգարխները հայտնվեն հարկայինի ու դատաիրավական կառույցների բծախնդիր ուշադրության կենտրոնում, որի հետևանքով պարզվի, թե ինչքան գումարներ են շրջանառվում ստվերում, ինչքան են պետությանը «թալանել» (իրականության համապատասխանությունը պարտադիր չէ), նրանցից քանիսը կսնանկանան, քանիսը կլքեն Հայաստանը, քանիսի տներում զենք ու զինամթերք կհայտնաբերվի (ծագումը, օրինական-անօրինականը էական են)։
Իսկ եթե այս ամենն այսպես չլինի, ուրեմն դաշնակցության ընդդիմությունը միֆ է, որ հնարված է ինչ-որ պատճառ-նպատակով և հաշվարկված է միայն նրանց համար, ովքեր 21-րդ դարում հավատում են քաղաքական առասպելի ժանրի կենսունակությանը, ում հիշողությունը նույնպես ընտրովի է, և հիշվում է` ինչ պետք է, մոռացվում` ինչ պետք չէ, մասնավորապես նախընտրական-ընտրական-հետընտրական գործընթացները` դրանց ուղեկցող ելույթների բովանդակությունը և այդ ելույթներին ուղղակիորեն հակասող պահվածքը` իր բացատրությամբ: Այսինքն` իսկապես քաղաքակիրթ մի ընդդիմություն է երևան գալու, որ նոր խոսք է լինելու աշխարհում ընդդիմություն հասկացության պատմության մեջ: Եվ այս ամենը բնավ կապ չունի ցեղասպանության, հարևանների, փակ ու բաց սահմանների, սփյուռքի և հարակից այլ խնդիրների հետ:
...312 հիվանդից 12-ը մահացել են Մեքսիկայում, հիվանդությունն առաջ կոչվում էր խոզի գրիպ, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անբարեհունչ անունը փոխել է` գրիպի տարատեսակն անվանելով A(H1N1): Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ախտի հետ խոզերը, պարզվում է, սերտ կապ չունեն և վիրուսին իրենց անունը տալով` անվանարկվում են ու կորցնում գինը: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում նման հարվածն արդեն շատ խոցելի է դարձնում նրանց։
...Մայիսի 1-ին փոփոխություններ եղան Թուրքիայի կառավարության կազմում` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ի թիվս 6 այլ նախարարների պաշտոնանկել է նաև արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին: Ճիշտ է` մեկ այլ հրամանագրով նրան էկոնոմիկայի նախարար նշանակելով: Թուրքիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել Ահմեդ Դավիդօղլուն` ֆուտբոլային դիվանագիտության մասնագետ: Զարմանալիորեն այս օրերին Երևանում էլ ոմանք պահանջում էին արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը: Բայց հիմնավորումն առավել քան անհիմն էր` խորհրդանշելու համար, որ Հայաստանը պատրաստ է արտաքին քաղաքական կուրսի փոփոխության: Զարմանալի է, թե Նալբանդյանն ի՞նչ գործ ունի այդ արտաքին քաղաքականության ու դրա փոփոխությունների հետ: Ըստ Սահմանադրության, արտաքին քաղաքականության պատասխանատուն երկրի նախագահն է, ուրեմն նախագահն է նաև այդ քաղաքականության փոփոխության պատասխանատուն։ Իսկ որ Նալբանդյանն իրոք կարող է քավության նոխազ դառնալ, հավանականությունը 50։50 է: Նախագահը նրան վստահել և խնդիր է առաջադրել, որի լուծումը նախարարի մեծ անհաջողություն է գնահատվելու, եթե ակնկալված արդյունքը չկա, և նախագահի մեծ հաջողություն է համարվելու, եթե ակնկալված արդյունքը կա: Իսկ ակնկալված արդյունքներն այնքան տարբեր ու հարափոփոխ են լինում: Այնպես որ, Նալբանդյանի հրաժարականի պահանջը որքան անիմաստ, նույնքան տեղին կարող է լինել` նայած արդյունքին: «Ճանապարհային քարտեզը» և՛ նրա մեծագույն հաջողությունը կարող է լինել, և՛ աններելի ձախողումը` նայած ինչ է բովանդակում: Թուրքական լրատվամիջոցների հրապարակումները որքանով են համապատասխանում ճշմարտությանը, հայտնի չէ, հայ դիվանագետներն ասում են` ժամանակին կհրապարակվի: Հարկավ` ի՞նչն է գաղտնիք մնում որ: Նույնիսկ Քենեդու սպանությունը մեկ էլ տեսար բացահայտվեց, ուր մնաց ինչ-որ ճանապարհային քարտեզ: Խնդիրը հենց այդ ժամանակն է` մարդիկ վաղուց չեն հավատում խոստումներին: Եթե ստում է «Սաբահը» կամ ներկայացնում իր համար ցանկալին, ինչո՞ւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կամ որևէ պարբերական ուղղակի չեն հրապարակում` ինչ կա: Մի՞թե շվեյցարական կողմն է առարկում, կամ ևս մի անհայտ, բայց ազդեցիկ կողմ կա, որ դեմ է բացահայտման:
...Լևոն Արոնյանը Նալչիկում հաղթեց շախմատի աշխարհի առաջնության հերթական մրցափուլում: Վլադիմիր Հակոբյանը նույն Նալչիկում գրավեց երկրորդ տեղը։ Արքան մնում է արքա` կյանքում էլ, շախմատում էլ:
...Նա եկավ ԱԺ և ասաց, որ, փաստորեն, մարտի 1-ի իրադարձությունների մեղավորը եղել է... Տիգրան Թորոսյանը. «Չի կարելի թույլ տալ այն ավանդույթի կրկնությունը, երբ Աժ նախագահ էին ծեծում», այսինքն` Ազատության հրապարակի և Ֆրանսիայի դեսպանատան շրջակայքի իրադարձությունների նպատակը... ԱԺ նախագահին ծեծից պաշտպանելն էր: Որքան էլ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում փորձում էր ոչինչ վտանգավոր չասել ու համոզիչ լինել, չէր ստացվում: Չափազանց մեծ էր ճիշտ թվալու ճիգը` համոզիչ լինելու համար: «Մետրոպոլի» գրավումն էլ հաստատ Ձմեռային պալատի գրավումը չէր, ոչ էլ «Վիվասելի» շենքի պաշտպանությունը Բրեստի պաշտպանությունն էր, եթե, իհարկե, նախկին ոստիկանապետը մեկ տարի և մեկ ամիս անց ոչինչ չի շփոթում... Համենայն դեպս` նրան արտոնվել է ասել, որ մարտի 1-ին նախագահի նստավայրում եղել է շտաբ, որը ղեկավարել է այդ օրն իշխանության գործողությունները. առաջ այդ փաստն էլ չէր հաստատվում: Իսկ թե նախագահի նստավայրում ո՛վ կարող էր շտաբը ղեկավարել, ուղղակի հռետորական հարց է, և եթե կան շտաբի գոյությունը հաստատող որոշումները, նաև շտաբի գործողության պլանները, ինչո՞ւ չեն կարող հրապարակվել. չէ՞ որ դա էլ է եղել «ճանապարհային քարտեզ»: «Ճանապարհային քարտեզ»` ինչպես պահպանել իշխանությունը: Հայկ Հարությունյանը շտաբի գոյությունը հիշելով` անդամներին մոռացել է: Ամնեզիան մահացու հիվանդություն չէ, ոչ էլ ցինիզմն է մահացու, որ նախկին ոստիկանապետը մտածի բուժվելու մասին: Նա միանգամայն հանգիստ հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ մարտի 1-ին կրակելու հրաման ոչ մեկը չի տվել. «...դա պատերազմի դաշտ չի, որպեսզի որևիցե հրամանատար հրաման տար կրակել, և ամբողջ զորքը կրակի: Նման բան չի լինում, նման հրաման ոչ մեկը չէր կարող տալ և չի էլ տրվել ո՛չ հանրապետության նախագահի կողմից, ո՛չ իմ կողմից նման բան տեղի չի ունեցել»: Փաստորեն, մարտի 1-ին եղել են 10 ինքնասպան, և ապարդյուն է նրանց սպանության մեջ որևէ մեկին մեղադրել: Քանի որ, ըստ Հայկ Հարությունյանի, եթե կրակ բացելու հրաման լիներ, հազարավոր զոհեր կլինեին: Օրինաչափ է եղել ոստիկանության գործողություններն այդ օրը` նախկին ոստիկանապետն այլ եզրակացության չէր էլ կարող հանգել: Մարդուն չես մեղադրի ինքնապաշտպանության համար... Նրան չմեղադրեցին նաև այն ժամանակ գործող նախագահի հանձնարարականը չկատարելու համար` Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել էր հանրահավաքը չդադարեցնել, իսկ ոստիկանապետը ոչ միայն դադարեցրեց, այլև... Ինչո՞ւ, ուրեմն, նա չպատժվեց նախագահի հանձնարարականը չկատարելու համար, թե՞ չպատժվեց հենց հանձնարարականը կատարելու համար:
...Լավագույն ավանդույթները շարունակվում են` Հայաստանում լրագրող ծեծելը իսկապես ավանդույթ է, նրանց ընտրում են մասնագիտության բերումով` ծեծում են ու անհետանում, ոստիկանությունը նրանց չի գտնվում: Armenia today տեղեկատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի վրա հարձակվել են տան շքամուտքում, ոչ միայն ծեծել, այլև կրակել: Ովքե՞ր, ինչո՞ւ...
...Շաբաթվա բարձրակետը Մայիսի 1-ին էր` տոն, որ չի տոնվում: Աշխատավորների համերաշխության օրը լարված աշխատանքային օր էր հայ ոստիկանների համար. նախ` փակել մայրաքաղաքը` չգիտես ինչու մեքենաներում զենք ու զինամթերք որոնելով, հետո` փակել ու փակ պահել: Եթե իսկապես մեկամսյակ է, քանի՞ տոկոսի հավանականություն կա, որ գաղտնի զենք-զինամթերք պահողներն այն թաքցնում են իրենց մեքենաներում ու հենց հանրահավաքի օրը որոշում են զենքը հասցնել Երևան: Մարդիկ գալիս են խո՞սք լսելու, թե՞ ճակատամարտի: Քանի՞ միավոր զենք առգրավվեց մայիսի 1-ին համերկրային մակարդակով: Որքա՞ն պիտի շարունակվի միտինգների օրը մայրաքաղաք բերող ավտոճանապարհները փակելու, հետո էլ չքմեղանալու անհեթեթ ավանդույթը, հայտնի չէ: Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարի այդ ձևը արգելված պտղի էֆեկտն ունի. անցած մեկ տարին բավարար ժամանակ էր դա հասկանալու: Մայիսի 1-ի հանրահավաքում նրա «Բեկումնային հանգրվան» ելույթը չորս առանցք ուներ` սոցիալ-տնտեսական իրավիճակ, 7 քաղբանտարկյալների գործ, հայ-թուրքական երկխոսություն, Երևանի քաղաքապետի ընտրություն: Առաջին նախագահի խոսքը սովորաբար խնդրո առարկայի վերաբերյալ ժամանակային երեք հարթություններում վերլուծություն-եզրակացություն է, որ տեղ-տեղ դատավճիռ է դառնում, տեղ-տեղ` մարգարեություն, իրականում լինելով... ճանապարհային քարտեզ:
...Freedom House-ը վերստին Հայաստանը համարում է ոչ ազատ երկիր: «Մամուլի ազատություն-2009» զեկույցի համաձայն` Հայաստանը 151-րդ տեղում է: Կազմակերպության գործադիր տնօրեն Ջենիֆեր ՈՒինձորը համարում է, որ լրագրությունը հիմա գոյատևման խնդիր է լուծում` ճնշումների ենթարկվելով ոչ միայն կառավարությունների և ազդեցիկ դերակատարների կողմից, այլև տնտեսական ճգնաժամի հետևանքով:
...«Ճանապարհային քարտեզը» բերեց բեկումնային հանգրվանի, քաղաքական հանրահաշվում առաջադրվեց մի հավասարում, որտեղ, պարզվեց, չկային անհայտներ, ֆուտբոլը համարյա կորցրեց քաղաքական իմաստը, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը պահպանեց իր հզորությունը, սահմանները մնացին նույնը երկրի ներսում ու դրսում... Այսպիսին էր անցած շաբաթն իր յոթ օրերով, որոնք կարող էին, բայց ոչինչ չփոխեցին երկրի ու իր քաղաքացիների կյանքում:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2787

Մեկնաբանություններ